«Ադրբեջանը հայտնվել է փակուղում»․ Հայաստանի ԱԺ խոսնակը՝ ԼՂ շրջափակման մասին
Իրավիճակը շրջափակված Լեռնային Ղարաբաղում
Չնայած միջազգային հանրության կոչերին և Հաագայի դատարանի ընդունած որոշմանը՝ ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստները շարունակում են փակ պահել Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Փետրվարի 25-ին մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, թե ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ Ստեփանակերտը հերքեց դրանք։
Հայաստանի խորհրդարանի խոսնակի դիտարկմամբ՝ ԼՂ-ի հայերը շատ են տուժել, բայց «քաղաքական առումով փակուղում է հայտնվել Ադրբեջանը»։
Դեկտեմբերի 12-ից որպես բնապահպան ակտիվիստ ներկայացող ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը։ Պահանջում են տարածքի հանքավայրերի մոնիթորինգ և հանդիպում ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարի հետ։ Բացի այդ, պարբերաբար նոր պահանջներ են ներկայացնում։ Մասնավորապես, արտգործնախարար Բայրամովը վերջերս դժգոհել էր, թե՝ «Երևանը մերժել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին անցակետեր տեղակայելու առաջարկը»։
Ավելի վաղ Երևանը հայտարարել էր՝ «հայկական կողմի համար անընդունելի է Լաչինի միջանցքի պայմանների վերաբանակցումը»։ Պայմաններ ասելով՝ ԱԳ նախարար Միրզոյանը նկատի ունի 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը։ Փետրվարի 28-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում անուղղակիորեն համաձայնել է հայկական կողմի դիրքորոշման հետ՝ նշելով, որ «նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում անցակետերի ստեղծում»։
Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրումն անընդունելի է համարում նաև Ստեփանակերտը։ Նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի բնորոշմամբ՝ դա լինելու է «առևանգման և ձերբակալման անցակետ»։
Ի՞նչ իրավիճակ է շրջափակված Արցախում․ վերջին տեղեկություններն՝ ամփոփ
«Ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին»
«Միջազգային առումով՝ բավականին մեծ հաջողություններ ենք գրանցում և շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատել: Իմ գնահատմամբ՝ Լաչինի միջանցքի փակումն ավելի մեծ վնաս պատճառեց Ադրբեջանին, քան Հայաստանին և Արցախին՝ քաղաքական առումով»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի խոսնակը հիշեցրել է՝ Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքի վերաբերյալ, քանի որ արդեն իսկ գոյություն ունի «բանակցված և ստորագրված փաստաթուղթ՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը»։
Անդրադառնալով օրեր առաջ Արդարադատության միջազգային (Հաագայի) դատարանի ընդունած որոշմանը՝ Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանն այդ որոշումը «մաքսիմալ օգտագործելու է միջազգային բոլոր ատյաններում» ու հավելել, որ լինելու են նաև այլ որոշումներ։
Փետրվարի 22-ին Հաագայի դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Դատարանը եզրակացրեց, որ Ադրբեջանը պարտավոր է «իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»։
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել ևս 8 բուժառու
Պլանային վիրահատություններն Արցախում դեռևս դադարեցված են։ Այդ պատճառով մոտ 730 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով իր առողջական խնդիրները լուծելու հնարավորությունից։
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ են տեղափոխվել ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 8 բուժառուներ։
Արցախի առողջապահական գերատեսչության հաղորդմամբ՝ մինչ օրս բուժօգնություն ստանալու համար ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 135 բուժառու։
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասված է հաղորդագրությունում։
Արցախում հիվանդացության աճ է նկատվում
Շրջափակման պայմաններում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Արցախում աճել են մի շարք հիվանդությունների ու բարդությունների ցուցանիշները։ Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ սրտի իշեմիկ հիվանդության աճ է գրանցվել՝ 58%-ով, գլխուղեղի կաթվածի՝ 36%-ով, ծննդաբերական բարդություններն ավելացել են 11.6%-ով:
Նշվում է, որ 2022 թ․-ի համեմատ՝ 25%-ով աճել են աղիքային անանցելիության պատճառով վիրահատական միջամտությունների դեպքերը, ինչը կարող է պայմանավորված լինել սննդում բջջանքի սղությամբ: Բացի այդ, գազամատակարարման պարբերական ընդհատումներով ու թերի վերականգնմամբ պայմանավորված՝ արձանագրվել է շմոլ գազից թունավորման 30 դեպք։
Նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ինչպես չափահասների, այնպես էլ երեխաների շրջանում արձանագրվել է նյարդային ու հոգեբանական խնդիրների աճ․
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նյարդաբանի ու հոգեբանի մոտ երեխաների այցերն աճել են 46%-ով, իսկ չափահասների դեպքում՝ 47%-ով»։
Հումանիտար այլ հետևանքների մասին
Նախքան Լաչինի միջանցքի արգելափակումը ամեն օր Հայաստանից ԼՂ էր մատակարարվում 400 տոննա ապրանք։ Ներկա պահին տարածք մուտք են գործում միայն ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի մեքենաները՝ Արցախ հասցնելով կենսական նշանակության ապրանքների անհամեմատ ավելի փոքր քանակ։
Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով ԼՂ-ում աշխատանքը կորցրել է առնվազն 5100 մարդ։ Շրջափակման պայմաններում աշխատելու անհնարինության պատճառով 755 տնտեսվարող սուբյեկտ (ընդհանուրի 17,7%-ը) կասեցրել է գործունեությունը, մյուսները գործում են մասնակի ծավալով կամ պետական աջակցությամբ։
300 նոր կյանք
Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ շրջափակման պայմաններում Արցախում ծնվել է 300 երեխա․
«Ադրբեջանական կողմի ահաբեկչական վարքագծի պատճառով նորածին երեխաներն ու նրանց մայրիկներն ամեն օր առերեսվում են լուրջ խնդիրների հետ՝ կապված մանկական սննդի, տակդիրների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ պարագաների պակասի հետ»։
Դասապրոցեսը վերսկսվել է
Գազամատակարարման վերականգնումից հետո փետրվարի 20-ին Արցախի ուսումնական հաստատությունները վերսկսեցին աշխատանքը։ Դասապրոցեսը շրջափակումից ի վեր մի քանի անգամ դադարեցվել էր՝ պայմանավորված Ադրբեջանի կողմից գազամատակարարման մասնակի կամ ամբողջական ընդհատումներով։
Նույն իրավիճակն էր նաև մանկապարտեզներում, որտեղ նույնպես ներկա պահին դասապրոցեսը վերականգնված է։
«Ռուսական կողմն է շարունակում աշխատել միջանցքի բացման ուղղությամբ»
Այս մասին հայաստանյան լրատվամիջոցներին ասել է Արցախի նախագահի խոսնակը։
«Այս պահի դրությամբ որևէ նորություն չունենք: Արցախյան կողմի դիրքորոշումը մեկն է՝ միջանցքը սահմանված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, և այն պետք է գործի այդ հայտարարության համաձայն»,- նշել է Լուսինե Ավանեսյանը։
Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականի հաջորդ օրը՝ փետրվարի 24-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հանդիպում էր կազմակերպել Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների միջև։ Ստեփանակերտի փոխանցմամբ՝ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումները վերականգնելուց բացի քննարկվել էր նաև ԼՂ-ի շրջափակման վերացման հարցը։ Դեռևս կարգավորվել է միայն գազի խնդիրը։ Բարձրավոլտ գծի վերանորոգման պայմանավորվածությունը մնում է անկատար։
Թե կողմերն ինչ են պայմանավորվել Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ՝ մինչ այս պահը չի հաղորդվել։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրավիճակը շրջափակված Լեռնային Ղարաբաղում