«Իրանն ու Հայաստանը նույնական դիրքորոշում ունեն»․ ՀՀ-ում Իրանի դեսպանի հայտարարությունները
Իրանը՝ ԵՄ դիտորդների և ՀՀ-ԱՄՆ գործակցության մասին
Հայաստանի իշխանություններն իրանական կողմին հավաստիացրել են, որ Եվրամիության դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանին կայունություն պահպանելու և լարվածությունը կանխելու նպատակ ունի, ինչը Թեհրանի համար հասկանալի է։ Նախօրեին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ նման արձանագրում է արել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին և հիշեցրել, որ առաքելությունն իր բնույթով ռազմական չէ։
Ասուլիսի ընթացքում Սոբհանին անդրադարձել է ոչ միայն ԵՄ դիտորդների ներկայությանը, այլև հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը։ Դեսպանը հերթական անգամ խոսել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին և շեշտել, որ այդ հարցում Թեհրանի և Երևանի դիրքորոշումները նույնական են։
«Զանգեզուրի միջանցքը» [արտատարածքային ճանապարհ] վնաս է և՛ Իրանին, և՛ Հայաստանին»,- ասել է նա։
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի գնահատմամբ՝ ասոլիսի ընթացքում հնչած գնահատականները կարելի է սենսացիոն որակել։ Ասում է՝ «որոշ շրջանակների կողմից կառուցված ապատեղեկատվության բուրգն ուղղակի փլուզվեց»։
- «ՀՀ-Իրան սահմանային անցակետից ռուսների դուրսբերումը կարմիր գիծ չէ ՌԴ համար»․ կարծիքներ
- «Էներգակիրների մասով լուրջ պոտենցիալ կա»․ փորձագետը՝ ՀՀ-Իրան տնտեսական կապերի մասին
- «ՀՀ և Իրանի շահերը շաղկապված են, Թեհրանի քաղաքականությունը չի փոխվի»․ դեսպան
- Իրանի նախագահի մահը կդառնա՞ ցնցումների առիթ․ կարծիքներ Երևանից
«Հարգում ենք ՀՀ կառավարության՝ քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշումը»
ՀՀ-ում Իրանի դեսպանից լրագրողները հետաքրքրվել են՝ ի՞նչ դիրքորոշում ունի Իրանը Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության, ինչպես նաև հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ։ Ի պատասխան Սոբհանին վստահեցրել է՝ Երևանի դիրքորոշումները հասկանալի են Իրանի համար, հարգանքով են վերաբերվում ՀՀ կառավարության կողմից սեփական քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու դիրքորոշմանը․
«ՀՀ իշխանությունները մեզ հայտնել են, որ ԵՄ ու եվրոպական մի շարք երկրների հետ Հայաստանի հարաբերությունները կարող են նաև լավ հնարավորություններ ստեղծել հայ-իրանական փոխգործակցության համար»։
Դեսպանի խոսքով՝ եթե Հայաստանին հաջողվի ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնել և այդ հանգամանքն օգտագործել ի նպաստ հայ-իրանական հարաբերությունների խթանման, ապա Իրանը դրական կգնահատի այդ ջանքերը։
Սոբհանին շեշտել է՝ Հայաստանի իշխանությունները հավաստիացրել են, որ ԱՄՆ հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթը «չի հակասում ՀՀ-Իրան հարաբերություններին»։
Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն ընդգծել է, որ չի ձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք կվնասեն Իրանի շահերին կամ երկկողմ հարաբերություններին․
«Մեզ միշտ հաջողվել է Իրանի և Հայաստանի միջև հարաբերություններն ամեն կողմից եկող ճնշումների ազդեցությունից հեռու պահել»։
Կարևորել է այն հանգամանքը, որ ՀՀ և Իրանի իշխանությունների միջև փոխադարձ ըմբռնում և ընկալում կա տվյալ հարցի շուրջ և հավելել․
«Մենք ունենք այն համոզմունքը, որ երկկողմ հարաբերություններն օգտագործվում են ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։
Ըստ նրա՝ փոխադարձ ըմբռնումն օգնում է համատեղ կառավարել զարգացումներն ու ավելի առաջ մղել հարաբերությունները։
«Դեմ ենք սահմանների փոփոխությանը, նաև միջազգային վերահսկողությանը»
Խոսելով տարածաշրջանի հաղորդակցությունների բացման մասին՝ դեսպանը շեշտել է՝ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգմամբ․
«Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է, որ այս հարցում կանգնած է ՀՀ կողքին։ Մենք Հայաստանի հետ այս հարցում տարաձայնություն չունենք և միատեսակ ենք մտածում»։
Լրագրողները նկատել են՝ ՌԴ-ն կարծես թե դեմ չէ միջանցքային տրամաբանությանը։ Ի պատասխան Մեհդի Սոբհանին շեշտել է՝ այս հարցում այլ երկրների նկատառումները հաշվի չեն առնում․
«Մենք հստակորեն և՛ Ռուսաստանին, և՛ մյուս երկրներին հայտնել ենք մեր դիրքորոշումը։ Մենք դեմ ենք միջանցքային տրամաբանությանը, դեմ ենք որևէ ճանապարհի, որը կլինի միջազգային վերահսկողության ներքո, դեմ ենք նրան, ինչը կբերի սահմանների փոփոխության»։
Դեսպանը նկատել է՝ որոշ երկրներ փորձում են կասկած առաջացնել, թե Իրանն այս հարցում իր դիրքորոշումներից նահանջել է։ Ընդգծել է՝ հարցը շաղկապված է երկրի անվտանգությանն ու հավելել՝ այդ հարցում հաստատակամ են։
«Համեմատեք մյուս երկրների դիրքորոշումները մեր դիրքորոշման հետ։ Եթե դրանք չեն համընկնի, ուրեմն մենք այդ երկրի հետ տարաձայնություններ ունենք։ Մեզ համար առաջնահերթը մեր երկրի շահերն են»,- ասել է Սոբհանին։
Շեշտել է՝ Թեհրանը կտրականապես դեմ է տարածաշրջանային խնդիրների լուծման համար ուժի կիրառմանը, կողմնակից է դիվանագիտական ճանապարհով խնդիրները կարգավորելուն։
Լրագրողները հարցրել են՝ ի՞նչ քայլերի կդիմի Իրանը, եթե հատվեն նրա կողմից առաջ քաշված կարմիր գծերը և Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։
«Մենք կգործադրենք մեր ողջ ջանքերը, ինչպես նաև Ադրբեջանի ու այլ երկրների հետ մեր հարաբերությունները, որպեսզի կովկասյան տարածաշրջանը չմտնի նոր լարվածության փուլ։ Ճանապարհ բացելու հարցում ուժի կիրառումը որևէ բացատրություն չունի»,- շեշտել է նա։
Դեսպանի կարծիքով՝ չպետք է թերագնահատել ՀՀ պաշտպանական կարողությունները։ Ասում է՝ եթե երկրի նկատմամբ ագրեսիա իրականացվի, Հայաստանն ի զորու կլինի պաշտպանել իրեն։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը 1inTV-ի եթերում նշել է․
«ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի ասուլիսը կարելի է սենսացիոն համարել, իսկ որոշ շրջանակների համար էլ ողբերգական, ահա թե ինչու։ Որովհետև պարոն Սոբհանին պաշտոնական Թեհրանի տեսակետները հայտնեց ՀՀ համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։
Պարզվեց այն, ինչ հակառակն էր այն պնդումների, որոնցով հանդես էին գալիս ռուսական և պրոռուսական շրջանակները։ Խոսքը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայի, ԵՄ դիտորդների ներկայության, Հայաստանի եվրաինտեգրմանն ուղղված քայլերի վերաբերյալ Իրանի դիրքորոշումների մասին է։
Նա ներկայացրեց նաև Իրանի դիրքորոշումները՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» և ՀՀ վրա ռուս-ադրբեջանական ճնշումների հետ, ֆիքսեց մի քանի բան։ Առաջին՝ Իրանն այդ ամենի հետ կապ չունի, երկրորդ՝ համախոհ չէ, և երրորդ՝ ուղղակի դեմ է դրան և նույնական դիրքորոշում ունի Հայաստանի հետ»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրանը՝ ԵՄ դիտորդների և ՀՀ-ԱՄՆ գործակցության մասին