«Չպետք է թույլ տալ, որ Բաքուն օգտագործի Իրան-Իսրայել սրացումը»․ կարծիք Երևանից
Իրան-Իսրայել սրացում. ի՞նչ ռիսկեր կան ՀՀ-ի համար
Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական միջուկային և ռազմական օբյեկտներին, որոնք տեղակայված են իսլամական հանրապետության տարբեր հատվածներում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է եղել գործողության մասին։ Վաշինգտոնը, սակայն, պնդում է՝ այն եղել է միակողմանի, Նահանգները ներգրավված չի եղել։
Սպանվել են միջուկային ոլորտի առաջատար գիտնականներ և բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ Հոսեյն Սալամին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի հարձակումը։
Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին մասնակցող Փաշինյանը հայտարարել է՝ «դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք տարածաշրջանում» և հավելել՝ «մենք շատ մտահոգ ենք»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ կասկածից վեր է, որ Իսրայելը չէր գնա նման հարվածի, եթե չունենար ԱՄՆ-ի՝ առնվազն լռելյայն հավանությունը։
«Կա էսկալացիայի ծավալման մեծ վտանգ։ Եթե Իրանի և Իսրայելի միջև մեծ պատերազմ բռնկվի, ապա ԱՄՆ ներգրավման հավանականությունը բավական բարձր կլինի։ Տեսնենք՝ ինչպիսին կլինեն զարգացումները, էսկալացիայի մասշտաբը»,- նկատում է նա։
Բադալյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար գլխավոր ռիսկն այն է, որ Ադրբեջանը կփորձի օգտվել ստեղծված անկայուն իրավիճակից և ուժի կիրառմամբ ՀՀ-ից արտատարածքային ճանապարհ՝ «Զանգեզուրի միջանցք» ստանալ, հարց, որը կարմիր գիծ է նաև Թեհրանի համար։ JAMnews-ի հետ զրույցում քաղաքական մեկնաբանն ասել է՝ Հայաստանը պետք է դիվանագիտական աշխատանք տանի տարբեր դերակատարների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Չինաստանի հետ։
«ՀՀ համար լավագույն լուծումներ չկան։ Շահերի բազմազանությունը պետք է օգտագործել վատագույն լուծումներ թույլ չտալու համար»,- արձանագրել է նա։
Հայաստանի դիրքորոշումը, քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքը
- Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակ է բացվել․ կզսպի՞ Բաքվի նկրտումները
- 2024 թ․-ին Բաքուն ավելի քան 2 մլրդ դոլարի զենք է գնել․ նոր ագրեսիայի՞ է պատրաստվում
- «Ապաշրջափակման Երևանի առաջարկը մերժելու հիմքեր չկան»․ Փաշինյան
- «Բաքվի նպատակը լոգիստիկ հարցերը քաղաքական ճնշման գործիքի վերածելն է»․ կարծիք
«Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորապես մտահոգիչ է»
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»: Կառույցը խորապես մտահոգիչ է համարել Իրանի դեմ «միակողմանի հարձակումը»։
«Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ [ԱՄՆ-Իրան բանակցությունները նախանշված են հունիսի 15-ին]՝ այն վտանգում է խաղաղությանն ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,- ասված է ԱԳՆ-ի X-ի գրառման մեջ։
Անվտանգության խորհրդի քարտուղարի գնահատմամբ՝ տեղի ունեցածը ոչ միայն սպառնալիք է Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար, այլև խնդիր Հայաստանի համար։
«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն ՀՀ-ում, այլև տարածաշրջանում։ ՀՀ-ն շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերել»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքը
ԱՄՆ-Իրան բանակցություններին հարվածելու փորձ
«Եթե կիրառվում է այս մասշտաբի ուժ, ապա Իրանը պարտադրված է պատասխան հարված հասցնել։
Չեմ կարծում, որ այսպիսի հարվածով հնարավոր է Իրանին ստիպել բանակցային գործընթացում [ԱՄՆ-Իրան] գնալ ինչ-որ զիջումների։ Դա շատ ավելի կդժվարացնի այդ մեխանիզմը։ Առնվազն հիմա Իրանը մի բան է պարտադրված՝ պահել իր դեմքն ու հասցնել պատասխան հարված, ցույց տալ, որ Իսրայելը չի կարող իր հետ վարվել այդպես։
Ավելի հավանական է, որ հենց այսպես փորձ արվեց հարվածել բանակցային գործընթացին և տապալել այն։ Գիտենք, որ այդ գործընթացի դեմ դիրքավորված տարբեր ուժերը՝ ոչ միայն Իսրայելում, այլև նույնիսկ Արևմուտքում, բավականին շատ էին և զորեղ։ Նրանք ամենատարբեր ձևերով փորձում էին Թրամփին բերել ուժային տարբերակին հավանություն տալուն։ Թրամփը դրան դիմադրում էր, դա նկատելի էր։ Շաբաթներ առաջ պաշտոնանկ արվեց նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցը, որը ըստ ամերիկյան մամուլի արտահոսքերի՝ չափազանց ակտիվ լոբբինգ էր արել Իսրայելի ուժային մոտեցումները։
Անկասկած, Իսրայելի այսօրինակ հարվածը ոչ միայն զուտ ռազմական, այլև քաղաքական բովանդակության մասշտաբով, աննախադեպ էր։ Հետևաբար, ենթադրելու է աննախադեպ մասշտաբի արձագանք։ Ինչպիսի՞ն կլինի այս մասշտաբը․ կախված է շատ տարբեր գործոններից։ Այդուհանդերձ, կարծում եմ՝ Թրամփի շահերից չի բխում զանգվածային և մասշտաբային պատերազմը Մերձավոր Արևելքում»։
Իսրայելը լեգիտիմացրեց Իրանի միջուկային իրավունքը
«Հավանական եմ համարում, որ Իսրայելի նպատակը մասշտաբային պատերազմ հրահրելն է։ Այդտեղ է Իսրայելը լինելու կենսունակ, հատկապես այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հեղափոխական զարգացումների ֆոնին, որտեղ Իսրայելի դերը կարող է նվազել։
Իր դերը պահելու համար Իսրայելի առանցքային գործիքը ուժային գործոնն է։ Հիմա Իսրայելը փորձում է այդ գործոնը խաղարկել մերձավորարևելյան նոր ճարտարապետության մեջ իր տեղն ու դերը առնվազն պահպանելու, եթե ոչ ավելացնելու համար։ Կասկած չկա, որ Նեթանյահուն փորձելու է այդ հանգամանքն օգտագործել առավելագույնս։ Նրա ոչ միայն քաղաքական, այլև անձնական ապագան կախված է դրանից․ եթե նրա քաղաքական դիրքերը թուլանան, նա ընդհուպ կարող է հայտնվել ազատազրկման մեջ՝ կոռուպցիայի հետ կապված գործերով։
Ավելորդ է խոսել ավելի գլոբալ մակարդակի մասին։ ՌԴ-ն Իրանի հետ ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր։ Այդտեղ ռազմական փոխօգնության պայմաններ չկան, բայց համապարփակ պայմանագիր է, որը ենթադրում է միջուկային ոլորտում շատ սերտ գործակցություն։ Այն նաև որոշակի քաղաքական, իմիջային պարտավորություններ է առաջացնելու հենց ՌԴ-ի համար։
Ինչպե՞ս կսպասարկի Մոսկվան այդ պարտավորությունները։ Չինաստանն ինչպիսի՞ դիրքավորում կունենա։ Նաև արաբական երկրների հարցն է այստեղ։ Սաուդյան Արաբիան, որը մի քանի տարի առաջ Իրանի հետ դիմակայության մեջ էր, այսօր հայտարարել է, որ եղբայրական պետության հանդեպ Իսրայելի հարվածը դատապարտում է։
Չենք կարող բացառել, որ այս զարգացումը բերի Մերձավոր Արևելքում անվտանգային ճարտարապետության նոր կարգի ձևավորման գործընթացի արագացում և նույնիսկ որոշակի լուծումներ։ Երբ կա քաղաքական լուծումների կարիք, բայց չկան քաղաքական ճանապարհով դրան հասնելու հնարավորություններ, միջոց է դառնում ռազմական գործիքը։
Կարող են խթանվել այդ գործիքի կիրառման նախադրյալներ․ անմիջական մասնակիցների միջոցով լուծվեն այլ շահառուների առնչվող հարցեր։ Իսրայելի այս հարվածը փաստորեն Իրանին առավել լեգիտիմացնում է միջազգային առումով և կարծես թե ստեղծում լեգիտիմ նախադրյալներ, որպեսզի Իրանը խոսի իր միջուկային իրավունքի մասին»։
Պետք է Բաքվին զերծ պահել «պղտոր ջրում ձուկ որսալու» գայթակղությունից
«Հայաստանի համար գլխավոր ռիսկն, իհարկե, այն է, որ Ադրբեջանը չփորձի օգտվել իրավիճակից, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալու համար։ Առավել ևս, որ գիտենք ադրբեջանա-իսրայելական կապերը։ Իսրայելն այդ կապերը խորացրել է առավելապես այն նկատառումով, որ եթե Իրանի հետ լինեն ինչ-որ խնդիրներ, ինքն օգտագործի Ադրբեջանը Իրանին թիկունքային հարված հասցնելու համար։
Ցավոք սրտի, ամբողջապես կառավարել այդ ռիսկերը Հայաստանը չի կարող։ Իհարկե, ՀՀ-ն ունի անելիքներ՝ աշխատել տարածաշրջանային և արտատարածաշրջանային երկրների հետ, դիվանագիտական անհրաժեշտ աշխատանք տանել ամբողջ ծավալով, իրենից հասանելիք առավելագույնն անել այստեղ իրավիճակը կառավարելի պահելու համար։
Պետք է հուսալ և ակնկալել, որ Կովկասի կայունությամբ շահագրգռված ուժերն, այդուհանդերձ, կկարողանան ապահովել այդ կայունությունն ու Ադրբեջանին զերծ պահել «պղտոր ջրում ձուկ որսալու» գայթակղությունից։ Ոչ ամեն ինչ, բայց շատ բան կախված կլինի ՀՀ դիվանագիտական աշխատանքից»։
Ուժի կիրառմամբ «միջանցքի» բացումն ընդունելի կլինի՞ Արևմուտքի համար
«Արևմուտքից, իհարկե, հնչել են հայտարարություններ, որ ուժի կիրառումն անթույլատրելի է։ Ուժի բացառման մասին հայտարարություններ Արևմուտքից և ոչ միայն Արևմուտքից հնչում էին նաև արցախյան [Լեռնային Ղարաբաղի հակամարտության] հարցի առնչությամբ։ Սակայն ուժը կիրառվեց: Iսկ այն երկրները, որոնք հայտարարում էին՝ չկա ռազմական լուծում, ընդունեցին այդ լուծումը։ Հետևաբար, հայտարարությունները, որ «ուժի կիրառմամբ միջանցք չպետք է բացվի» և այլն, այնքան էլ միարժեք գնահատականի ենթակա չեն։
Պետք է առաջնորդվել մոտիվներով։ Եթե արևմտյան որևէ խոշոր խաղացողի համար այդ ճանապարհը բացելն անհրաժեշտ է, ապա որևէ մեկը դեմ չի լինի, որպեսզի այդ խնդիրը լուծվի ռազմական ճանապարհով։ Հատկապես, եթե այդ ռազմական ճանապարհն այսպիսի՝ պղտոր ջրի վիճակներում կարող է լինել, երբ, կոպիտ ասած, շունը տիրոջը չի ճանաչում, որևէ մեկն ուղիղ պատասխանատվություն չի ունենա, ընդամենը պոստ ֆակտում կարձանագրվի, որ հիմա արդեն նոր իրավիճակ է, նոր ստատուս-քվո։
Երբ Իրանը դեմ է արտահայտվում [«միջանցքին»], հասկանում ենք՝ դեմ է ոչ թե ուժի կիրառմանը, այլ ընդհանրապես այդտեղ միջանցքային տրամաբանությամբ որևէ ռեժիմի։ Սա է Թեհրանի դեմ լինելու առանցքային մոտիվը։ Արևմուտքից հնչող հայտարարությունների պարագայում պետք է առանցքային մոտիվը փնտրենք հետևյալ տարբերակով՝ ճանապարհի պահանջարկ կա՞, թե՞՝ չկա։
Վերջին ամիսներին Եվրամիությունը բավականին ինտենսիվ է աշխատում այս թեմայի ուղղությամբ։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ապրիլի սկզբին Ուզբեկստանում ԵՄ-Կենտրոնական Ասիա համաժողովին հայտարարել էր՝ տրանսկասպիական տրանսպորտային միջանցքը պետք է անցնի անխոչընդոտ սահմաններով։
Ի՞նչ է նշանակում անխոչընդոտ սահմաններ, ի՞նչ է պատկերացնում ԵՄ-ն դա ասելով։ Ի՞նչ են քննարկել Ադրբեջանի, Հայաստանի հետ»։
Հայաստանի ռազմավարական դաշնակից ԱՄՆ դիրքորոշումն ապաշրջափակման վերաբերյալ
«Ինձ հայտնի չէ՝ ինչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները։ Ի տարբերություն դեմոկրատների՝ նոր վարչակազմը չի արտահայտվել այս թեմայով։ Դեմոկրատական վարչակազմը շատ հստակ հայտարարում էր, որ «Միջին միջանցք» կառուցելն իրենց համար ռազմավարական առաջնահերթություն է, շատ հստակ նշում էին երթուղին՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա։
Հասկանում ենք, որ այստեղ Իրանի և Ռուսաստանի միջև քաղաքական պատնեշ ձևավորելու հարցն է, ինչի մասին ևս դեմոկրատական վարչակազմը շատ բաց խոսում էր։
Հանրապետական վարչակազմն այս թեմային առայժմ չի անդրադարձել, չգիտենք՝ ինչ պատկերացումներ ունեն, ինչ աստիճանի հետաքրքրություն ունեն թեմայի առնչությամբ։ Եթե չունեն, կարող են նաև հետաքրքրություն չցուցաբերել ռազմական էսկալացիայի ռիսկերի առումով։ Այն գուցե իրենց համար ավելի շատ հնարավորություններ առաջ բերի, օրինակ՝ ՌԴ-ի և Իրանի հետ խոսակցության առումով, քան հակառակը։ Բավականին բարդ իրավիճակի հետ գործ ունենք։ Միարժեք գնահատելը դժվար է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Իրան-Իսրայել սրացում. ի՞նչ ռիսկեր կան ՀՀ-ի համար