«Հունգարիայի բախտը բերել է, որ ունի նման հեռատես առաջնորդ»․ Վրաստանի վարչապետ
Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը Բուդապեշտում
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ելույթ է ունեցել Բուդապեշտում անցկացվող Պահպանողական քաղաքական գործողությունների ամենամյա համաժողովի ընթացքում, որն անվանում են նաև «հակաԼԳԲՏ ֆորում»: Նա ասել է, որ հունգար ժողովրդի բախտը բերել է, որ ունի «նման իմաստուն ու հեռատես» առաջնորդ։ «Ճշմարտությանը հակադրվող ուժերը փորձում են իրենց նպատակներին հասնել ԼԳԲՏ քարոզչության օգնությամբ»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։
«Ինչպե՞ս։ Հենց ավանդական ընտանեկան արժեքների ոչնչացման և կեղծ ազատության կոչերի միջոցով, օրինակ՝ ԼԳԲՏ քարոզչությամբ և ծնողներին շրջանցելով երեխաների սեռի փոփոխությունը օրենսդրորեն սահմանելու փորձերով, պարտադրելով, այսպես կոչված, «նորարարություններ», որոնք պետք է մարդկանց պոկեն իրենց արմատներից, ընտանիքից, ավանդույթներից, մշակույթից ու պատմությունից։ Հեշտ է կառավարել մարդուն, ով մոռացել է իր պատմությունը, իր հավատքը։ Ուստի նման դժվարին ժամանակներում ավանդական, քրիստոնեական, ընտանեկան, պահպանողական արժեքներն են մեր հիմնական զենքն ու հենասյունը»,- ասել է վարչապետը։
Իր իսկ պարզաբանմամբ՝ Վրաստանն ամեն ինչ անում է խաղաղության համար.
«Հիսուս Քրիստոս Ավետարանում ասում է՝ երանի խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ են կոչվում։ Այս դժվարին պահին, չնայած բազմաթիվ սադրանքներին և ապակայունացման փորձերին, մեզ հաջողվեց ապահովել խաղաղություն մեր երկրում»։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ ոչ ոք չպետք է սահմանափակի իր շահերը ուրիշների շահերի հաշվին. «Մենք հարգում ենք մեր յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները և դա ապացուցում ենք մեր գործողություններով»։
«Մենք ընդունեցինք «Խտրականության դեմ» օրենքը, որը խստորեն պաշտպանում է մեր քաղաքացիների սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները։ Սակայն մենք պաշտպանում ենք նաև մեծամասնության իրավունքները, որոնց համար ընտանիքը տղամարդու և կնոջ միություն է։ Որտեղ կինը մայրն է, իսկ տղամարդը՝ հայրը։ Մենք պաշտպանում ենք մեր բնակչության բացարձակ մեծամասնության իրավունքները, մեծամասնության, որը պաշտպանել է իմ նախաձեռնությունը 2014 թվականին, ինչի հիման վրա մեր քաղաքական կուսակցությունն ավելի ուշ սահմանադրություն մտցրեց ամուսնության սահմանումը՝ որպես տղամարդու և կնոջ միություն»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով՝ վրացական հասարակության ճնշող մեծամասնությունը կիսում է ավանդական պահպանողական ընտանեկան արժեքները։ Այդ արժեքները պարզապես անցյալի ժառանգություն չեն։ Ըստ Ղարիբաշվիլիի՝ դրանք կենդանի ներկան են, միջավայր, որտեղ «մենք մեծացել ենք և ցանկանում ենք մեծացնել մեր երեխաներին».
«Ես չորս երեխաների հայր եմ և վրացի ծնողների մեծ մասի հետ միասին ցանկանում եմ ապագա սերունդներին դաստիարակել քրիստոնեության վրա հիմնված եզակի արժեքներով՝ այնպես, ինչպես մեզ դաստիարակել են մեր ծնողները։ Ուստի մենք պաշտպանելու ենք յուրաքանչյուրի իրավունքները։ Բայց ինչպես մենք թույլ չենք տա բռնություն փոքրամասնության նկատմամբ, այնպես էլ թույլ չենք տա փոքրամասնության կողմից բռնություն մեծամասնության նկատմամբ»։
Ինչպես վարչապետն է ասում, ավանդույթին հավատարիմ մնալը չի նշանակում, որ պետք է հրաժարվել նորացումից, «բայց գիտենք, որ չարը հաճախ գալիս է նորացման անվան տակ»։ Նրա խոսքով՝ այդպես է եղել ինչպես ֆաշիզմի դեպքում, այնպես էլ պատմության մեջ բազմաթիվ անգամներ։
«Մեր հայրապետն ասաց, որ ոչ ոք ստրկության անվան տակ չի պայքարում ազատության համար։ Ոչ ոք չի հակադրվում ճշմարտությանը՝ հանուն ստի, ինչպես նաև հանուն կեղծ ճշմարտության»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Իրակլի Ղարիբաշվիլին նաև շնորհակալություն է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին.
«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել վարչապետ Օրբանին՝ այս ջանքերը բարձր գնահատելու և շարունակական աջակցության համար։
Դալլասում իր ելույթի ժամանակ վարչապետ Օրբանը կատակեց, որ Հունգարիան իրականում գերտերություն չէ, և Վրաստանը՝ ավելի փոքր երկիր, երբեք չի ձգտել դառնալ այդպիսին։ Բայց մենք դեռ ունենք գերհզոր ուժ։ Այդ ուժը հավատքն է, մեր ընտանիքներն ու մեր ավանդույթներն են, որոնք հավերժական ու համամարդկային արժեքներ են։ Միասնության միջոցով է, որ մենք կարող ենք դիմակայել այն չարին, որը գալիս է կեղծ ազատության անվան տակ»:
- Վրաստանից արտահանվող մեքենաների մեծ մասը գնում է Ադրբեջան և Հայաստան
- Հայ-ադրբեջանական բանակցություններ Վաշինգտոնում. կշարունակվե՞ն Մոսկվայում
- ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է Վրաստանին վճարել շուրջ 130 մլն եվրո
Ապրիլի 27-ին պաշտոնական կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ Հունգարիայում անցկացված «հակաԼԳԲՏ ֆորումի» բանախոսների թվում է եղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Associated Press-ի փոխանցմամբ՝ ամերիկացի պահպանողականների համաժողովը Եվրոպայում անցկացվում էր երկրորդ անգամ, այս տարի դրա կարգախոսն էր՝ «Միասին ուժ ենք»։ Ինչպես նշում է կազմակերպությունը, համաժողովի առանցքը «լիբերալների մղձավանջն է՝ ազգային ուժերի միջազգային դաշինքը»։
Ինչպես պարբերականը գրել էր դեռևս հունվարին, Եվրոպայում Հունգարիան հիմնականում մեկուսացված է աջ պոպուլիստական կառավարության պատճառով և համախոհներ է փնտրում երկրից դուրս։
Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովը (CPAC), որը կազմակերպել էր Ամերիկյան պահպանողական միությունը, առաջին անգամ անցկացվել է 1974 թվականին։ Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է նաև տարբեր երկրներում։ Արդեն երկրորդ տարին է, ինչ Հունգարիան հյուրընկալում է համաժողովը:
Հունգարիայի կառավարությունը, որը համարվում է ԵՄ ամենառուսամետ և պոպուլիստական կառավարությունը, և Վրաստանի կառավարությունը չեն թաքցնում իրենց համակրանքը միմյանց քաղաքականության նկատմամբ։ 2022 թվականի հոկտեմբերին Վիկտոր Օրբանն իր վրացի գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիին անվանել էր «քչերի մեջ մեծ քաղաքական գործիչ», ով «վերադարձել է», իսկ Վրաստանի վարչապետը նշել էր, որ Վրաստանի կառավարությունը բազմաթիվ օրինակներ է վերցրել Հունգարիայից և կիսվել նրանց հաջողված բարեփոխումներով։
Իրակլի Ղարիբաշվիլիի ելույթը Բուդապեշտում