Գրաքննության փո՞րձ․ ՀՀ-ում մտադիր են խրախուսել «Իրական Հայաստանի» գաղափարների տարածումը
«Իրական Հայաստանի» գաղափարների խրախուսում
Պատմականից իրական Հայաստանի անցում կատարելու մասին Նիկոլ Փաշինյանի թեզի ֆոնին ՀՀ-ում հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ, որը ենթադրում է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շուրջ նոր բովանդակության ստեղծման խրախուսում։ Նախագիծը կոչվում է «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակվության» հայեցակարգ։ Դրա համաձայն՝ պետությունը կարող է, օրինակ՝ առանձին դրամաշնորհային ծրագրերի միջոցով խրախուսել այդ գաղափարներին անդրադարձող ներկայացումների, գրական ստեղծագործությունների, համերգների և այլ մշակութային արտադրանքի ստեղծումը։
Գաղափարների շարքում առաջինը խաղաղությունն է։ Նշվում է, որ խաղաղության խոսույթը պետք է ներառի աջակցության ծրագրեր համատեղ (ենթադրաբար՝ ադրբեջանցի գործիչների հետ) նախաձեռնություններին՝ համատեղ կինոարտադրության, փառատոնների, ցանկացած այլ ձևաչափով։
«Պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերը պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, ուղղված լինեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը»,- ասված է նախագծում։
Մշակույթի մի շարք գործիչներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից շրջանառվող այս հայցեկարգը գնահատում են որպես գրաքննության փորձ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերքել է այդ մեղադրանքները։
«Մենք չենք պատրաստվում որևէ բան վերահսկել։ Հայաստանը ինչպես եղել է, կա և կշարունակի մնալ ժողովրդավարական պետություն։ Եվ այդ պետության մեջ բոլորը իրենց մտքերը, կարծիքներն արտահայտելու հնարավորություն կունենան։ Պատկերացրեք, ՀՀ քաղաքացիները նույնիսկ ազատ են նայել հյուսիս, հարավ, արևելք կամ արևմուտք և տեսնել այն, ինչ ուզում են տեսնել»,- հայտարարել է նա։
Նախորդ շաբաթվա վերջին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Բյուրական, դիտել «Ցանկապատ» ներկայացումն ու դերասաններին ներկայացրել «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը»։ Փաշինյանը զուգահեռներ էր անցկացրել այսօրվա իրականության հետ, նշել, որ ցանկապատը ոչ թե պետք է քանդել (ինչպես ներկայացման մեջ), այլ կառուցել։ Դերասաններին էլ հորդորել էր «գնալ Կիրանց և տեսնել՝ ոնց է դրվում ցանկապատ և կառուցվում Հայաստան»։ Տեսանյութի տարածումից հետո մշակույթի մի շարք գործիչներ անընդունելի էին համարել տեղի ունեցածն ու վարչապետին մեղադրել գրաքննության փորձի մեջ։
- «Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը տեսանելի է, բայց երաշխավորված չէ»․ Թոմաս դը Վաալ
- «Պայմանագիրը ենթադրում է՝ Բաքուն պետք է հրաժարվի «Արևմտյան Ադրբեջան» թեզից»․ կարծիք Երևանից
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
- «Պատմական գագաթնաժողով»․ Երևանն ու Բաքուն Թրամփի միջնորդությամբ փաստաթղթեր ստորագրեցին
Ո՞ր գաղափարների տարածումն է խրախուսելու պետությունը
Հայեցակարգի նախագծում «Իրական Հայաստանը» ներկայացվում է որպես «քաղաքական և իրավական տարածություն», որը հայտարարված, հռչակված և ճանաչված է իբրև Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով պարփակված տարածություն։
Նշվում է, որ Իրական Հայաստանի գեղագիտությունը պետք է կառուցվի հետևյալ գաղափարների շուրջ՝
- խաղաղություն,
- հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով,
- արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն,
- հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մասնակցություն,
- հանրային խոսույթում, արվեստում և մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն․ բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի և հնարավորությունների ստեղծում,
- անընդհատ (ինքնա)կրթություն և ստեղծագործ աշխատանք,
- գեղագիտության միջավայրայնացում՝ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում և արվեստի ստեղծագործություններում, այլև քաղաքաշինական միջավայրում:
Փաստաթղթի համաձայն՝ սրանք այն գաղափարներն են, որոնք «նպաստում են ՀՀ-ի զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին»։
«Պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի այս գաղափարների շեշտադրմանը, գեղագիտական տարբեր ձևերի միջոցով դրանց ընդգծմանը և տարածմանը»,- ասված է նախագծում։
«Իրական Հայաստանի» բովանդակությունը ՀՀ-ում և միջազգային հարթակներում
Կառավարությունը նախատեսում է իրականացնել՝
- շարքեր ըստ տարբեր ոլորտների՝ Իրական Հայաստանի գեղագիտությունը․ երաժշտություն, Իրական Հայաստանի գեղագիտությունը․ կերպարվեստ և այլն,
- առանձին դրամաշնորհային ծրագրեր, որոնք, օրինակ՝ կխրախուսեն Իրական Հայաստանի գաղափարներին անդրադարձող ներկայացումների, գրական ստեղծագործությունների, համերգների ստեղծումը,
- Հայաստանի մշակութային օրերի անցկացման, տարբեր խմբերի և կառույցների հյուրախաղային գործունեության շրջանակներում թեմաների և բովանդակության ընտրություն՝ Իրական Հայաստանի գեղագիտության շրջանակներում։
«Այսօր ստեղծվող մշակույթի փաստագրման կարիք կա»․ Փաշինյան
Լրագրողները վարչապետ Փաշինյանից հետաքրքրվել են՝ ո՞վ և ինչպե՞ս է վերահսկելու բովանդակությունը, ի՞նչ չափորոշիչներով, արդյո՞ք տեղի ունեցողը գրաքննություն չէ։
Նիկոլ Փաշինյանը հերքել է գրաքննություն մտցնելու մասին մեղադրանքները, բովանդակության վերահսկման վերաբերյալ հարցին կոնկրետ պատասխան չի տվել։ Նշել է միայն, որ կառավարությունը չի պատրաստվում վերահսել որևէ բան, պարզապես իրականացնում է «շատ կարևոր, կենսական» անհրաժեշտության քաղաքականություն․
«Ուզում ենք, որպեսզի այսօր Հայաստանում ապրող մարդկանց մշակույթը ձևակերպվի, մշակվի և դառնա, այդ թվում՝ մեր մշակութային կյանքի մի մաս։ Մենք մեզ հարց ենք տալիս՝ այսօր ՀՀ-ում ապրող մարդիկ մշակույթ ստեղծո՞ւմ են, թե՞ չեն ստեղծում։ Այնպիսի մշակույթ, որը կապված է իրենց առօրյայի հետ։ Եթե ստեղծում են, արդյո՞ք այդ մշակույթի մեջ կան արժեքավոր նմուշներ»։
Օրինակ է բերել ազգային խոհանոցը։ Փաշինյանի փոխանցմամբ՝ դեռևս 2018 թ․-ին հանձնարարել է հայտնաբերել կատալոգներում դեռևս չներառված ճաշատեսակներ, մշակել դրանց բաղադրատոմսերն ու պահպանել՝ որպես «մշակութային ժառանգության մաս»։ Կարծում է՝ փաստագրման կարիք կա նաև երաժշտության, պարի և այլ ճյուղերի դեպքում, որպեսզի ապագա սերուդնենրը «լրացուցիչ ջանք և ժամանակ չգործադրեն դրանք կտոր-կտոր հավաքելու համար, մի մասն էլ կորսվի»։
«Խոսքը այսօրվա Հայաստանում ստեղծվող մշակույթը փաստագրելու և հետագա սերունդներին փոխանցելու մասին է։ Իհարկե, նաև այսօրվա բեմերում, պատկերասրահներում, թանգարաններում ներկայացնելու մասին է և համապատասխան մշակութային բովանդակություն ստեղծելու մասին է»,- ամփոփել է Փաշինյանը։
Մեկնաբանություններ
Լրատվամիջոցները փորձել են պարզել հայեցակարգի մասին մշակույթի գործիչների տեսակետը։ Մեծ մասը քննադատել է կառավարության նախագիծը:
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն «Ազատությանն» ասել է․
«Ես հիշեցի Թուրքմենիայի լուսահոգի նախագահ Սափարմուրատ Նիյազով Թուրքմենբաշիի «Ռուխնամա» գիրքը, որը, ըստ էության, փորձ էր դիրեկտիվների միջոցով կանոնակարգելու թուրքմեն ժողովրդի կենսակերպը, ինքնությունը: Ես տեսնում եմ մի հռչակագիր, որը դառնալու է Նիկոլ Փաշինյանի պարապ վախտի խաղալիքը»:
Վավերագրող ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը 168․аm-ի հետ զրույցում նշել է․
«Եթե գրաքննությունն ինչ-որ գաղափարախոսության շուրջ է տեղի ունենում, այստեղ մի անձի շուրջ է տեղի ունենում։ Օրինակ՝ եթե խոսենք սովետական գրաքննության մասին, ապա այն սոցիալիզմի, կոմունիզմի գաղափարախոսության շուրջ էր, իսկ այս պարագայում մենք գործ ունենք մի մարդու հետ, որը բոլորին ուզում է սարքել իր նման։
Մենք տեսանք, որ մամուլի ասուլիսում նա ասաց՝ կառավարությունը ես եմ։ Այս պարագայում նաև ասում է՝ գեղագիտությունը ես եմ։ Ու սրանով, փաստորեն, պետք է սկսեն գրաքննել, մարգինալացնել, ասպարեզից դուրս մղել այն արվեստի գործերը, որոնք վերաբերում են իրական Հայաստանին՝ մեր իրական Հայաստանին»։
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Factor TV-ի եթերում նկատել է․
«Վրեժը վատ բան է, թույլի հատկությունն է։ Մասնավորն ինչ ուզում է, կարող է անել, բայց պետությունը կարող է չհովանավորել պատերազմի, վրեժի և բռնության քարոզը։ Կարծում եմ՝ սա շատ բնական է»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Իրական Հայաստանի» գաղափարների խրախուսում