Ինքնաթիռը խոցել են Ուկրաինայի ռուսամետ ուժերը
Joint Investigation Team միջազգային քննչական խումբը կասկածներ չունի, որ հենց Ռուսաստանից բերված «Բուկ» հրթիռային համակարգի միջոցով է 2014թ-ի հուլիսի 17-ին Ուկրաինայի օդային տարածքում խոցվել «Բոինգ» ՄՆ17 ուղևորատար ինքնաթիռը: Այն ժամանակ զոհվել էր 298 մարդ:
Այդ մասին խմբի ներկայացուցիչները հայտարարել են Հաագայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որին նրանք ներկայացրել են երկամյա քննության արդյունքները:
Մոսկվան անմիջապես արձագանքել է Joint Investigation Team-ի հայտարարությանը, նշելով, որ հետաքննությունն ուղեկցվել է չափազանց մեծ չարաշահումներով ու չստուգված տեղեկատվությամբ: «Ընդունելու կամ հերքելու ոչինչ չկա: Նախևառաջ… դա նախնական եզրակացություններ են, մենք նախկինի պես պետք է շարունակենք հետաքննությունը: Ցավոք, մենք որևէ ապացույց չենք տեսել», — Բի-Բի-Սի-ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Քննչական խումբը սակայն հայտարարել է, որ միասնական վարկածի է հանգել և հայտնաբերել «Բուկի» տեղաշարժվելու երթուղին, ինչպես նաև աղետին մասնակցություն ունեցած անձանց:
Հակիրճ ներկայացնում ենք նախաքննության գլխավոր փաստերը (կազմված է Գրոմադսկի Թի-Վի-ի հրապարակման հիման վրա):
Դա ինքնաթիռի դիտավորյալ ոչնչացում է
Քննիչների միջազգային խումբը հերքել է ահաբեկչական ակտի կամ տեխնիկական բնույթի անսարքությունների հավանականությունը, որոնք կարող էին հանգեցնել մալայզիական «Բոինգի» կործանմանը:
«Քննիչները բացառել են երկու սցենար՝ տեխնիկական անսարքությունն ու ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչությունը», — նշել է Նիդերլանդների գլխավոր դատախազ և քննության համակարգող Ֆրեդ Վեստերբեկեն:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ՄՆ17-ի վթարի պահին մոտակայքում որևէ այլ թռչող սարք չի եղել:
Ինչպես է աշխատում «Բուկ» զենիթահրթիռային համակարգը
«Բուկը» ռուսական էր
Քննչական խումբը պարզել է, որ ինքնաթիռը խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համակարգից արձակած 9Մ38 սերիայի հրթիռով, որը Դոնբասի տարածք էր բերվել Ռուսաստանի Դաշնությունից, այնուհետև ողբերգությունից հետո հետ է ուղարկվել «Volvo սպիտակ բեռնատարով»: Ականատեսները, լուսանկարներն ու տեսանյութերը հաստատում են, որ այն ուղեկցում էր մի քանի այլ մեքենա և «զինվորական համազգեստով զինված մարդիկ»:
Վայրը, որտեղից կրակել են, ԴԺՀ-ի զինյալների կողմից վերահսկվող տարածք է
«Բուկ» զենիթահրթիռային համակարգի հրթիռը, որով խոցվել է «Բոինգ» ՄՆ17-ը, արձակվել է Դոնեցկի շրջանի Պերվոմայսկոյե գյուղի տարածքից, որը վերահսկում են ռուսամետ զինյալները:
«Հստակ վայրի մասին. մենք կարող ենք եզրակացություն անել, որ դա… մոտ 600 քառակուսի մետր մակերեսով դաշտ է՝ ծառերով շրջապատված: Հրթիռն արձակելիս այդ տարածքը վերահսկվել է ռուսամետ զինյալների կողմից», — հայտարարել է Նիդերլանդների ոստիկանության հետաքննությունների դեպարտամենտի ղեկավար Գիլբերտ Պաուլիսենը:
«Բուկը» բերման երթուղու և այն տարաքծի վերականգնումը, որտեղից կրակել են:
100 կասկածյալ
Միջազգային համատեղ քննչական խումբը հետաքննության ընթացքում պարզել է հանցագործությանը մասնակից 100 անձանց անունները:
«Այժմ 100 կասկածյալ կամ անձինք կան, որոնք այս կամ այն կերպ կարող են կապված լինել խոցված «Բոինգի» կամ հրթիռային համակարգի տեղափոխման հետ: Մենք նույնականացրել ենք նրանց ինքնությունը, այդ մարդիկ կառավարել են «Բուկը» կամ մասնակից են դրա տեղափոխմանը դեպի հրթիռի արձակման վայր», — հայտարարել է Նիդերլանդների ազգային դատախազության ղեկավար Ֆրեդերիկ Վեստերբեկեն:
Մեղավորների անունները դեռևս չեն նշվում
Միջազգային համատեղ քննչական խումբը դեռևս չի կարող որևէ հայտարարություն անել ՄՆ17 ուղևորատար ինքնաթիռի աղետին Ռուսաստանի կամ դրա քաղաքացիների մասնկացության մասին:
«Ավելին, քան այն, որ «Բուկը» բերվել է Ռուսաստանից և վերադարձվել այնտեղ, մենք չենք կարող հայտարարել: Մենք չենք կարող որևէ հայտարարություն անել Ռուսաստանի՝ որպես երկրի կամ Ռուսաստանի քաղաքացիների մասնակցության վերաբերյալ», — հայտարարել է Վեստերբեկեն:
Գործը դեռևս դատարան չի ուղարկվել
Դեռ վաղ է որոշել դատական ատյանը, որը կդիտարկի քննության նյութերը:
«Եթե մենք անենք այն, ինչ անհրաժեշտ է, ապա վստահ ենք, որ դա կվերածվի դատաքննության, և համապատասխան դատավճիռ կկայացվի…: Աշխատանքը տարվում է բոլոր հետաքրքրված երկրների կողմից, և քննությունը ներառում է լավագույն մասնագետներին», — հայտարարել է Վեստերբեկեն:
Հրապարակվել է 30.09.2016