Ինչպես Ռուսաստանի մաս կազմել
Հարավային Օսիայում աղմուկ է բարձրացել՝ նվազագույնը սոցցանցերում: Վեճի առարկան նախագահ Լեոնիդ Թիբիլովի նախաձեռնությունն է, որը ենթադրում է Սահմանադրությունում փոփոխություններ մտցնել, մասնավորապես, 10-րդ հոդվածում: Այդ փոփոխությունները հաստատելու դեպքում Հարավային Օսիայի նախագահն իրավունք կունենա միանձնյա դիմելու Ռուսաստանին Հարավային Օսիան ՌԴ կազմում որպես առանձին սուբյեկտ ներառելու համար:
Պուտինը տատանվում է
2006թ.-ի ապրիլին Թիբիլովը մամուլի ասուլիսին հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է այն հարցերը, թե ինչու Մոսկվան չդիտարկի Հարավային Օսիայի անդամակցումը Ռուսաստանին:
«Այս հարցը մենք քննարկել ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և եկել ենք այն եզրակացության, որ սա ներհարավօսական հարց է: Այս հարցը իրավական ըմբռնման կարիք ունի և դրա իրագործման համար անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Հարավային Օսիայի Սահմանադրությունում, որոնց վերաբերյալ էլ հանրաքվե կանցկացվի», — ասել է Թիբիլովը:
Նախագահի կարծիքով, եթե Հարավային Օսիայի առաջնորդը իրավունք ստանա դիմելու ՌԴ նախագահին միացյան միութենական մարմին ստեղծելու առաջարկով, «մենք Ռուսաստանին կազատենք քաղաքական ռիսկերից, որոնք կարող են առաջանալ ուղղակիորեն ՌԴ կազմ ներառվելիս»:
Լեոնիդ Թիբիլովը վստահորեն ասաց, որ հանրաքվեն անցկացվելու է մոտ ապագայում՝ «ոչ թե մեկ կամ երկու տարի հետո, այլ ավելի շուտ, նույնիսկ կես տարուց շուտ»:
Երկու շաբաթ անց՝ ապրիլի 14-ին, ուղիղ հեռարձակման ժամանակ Վլադիմիր Պուտինն ուղղեց իր հարավօսական գործընկերոջը:
«Հարավային Օսիայի ղեկավարի հետ մենք նման բան չենք քննարկել: Նա ասաց, որ Հարավային Օսիայի ժողովուրդն ուզում է նման հանրաքվե անցկացնել… Մեզ հարավօսական ժողովրդի շահերից զատ ոչինիչ չի կարող հետ պահել: Սակայն դեռ չգիտենք, թե ինչն է լինելու այդ հանրաքվեի հիմքը, ինչպես են ձևակերպվելու հարցերը, դրանից կախված արդեն կսկսենք հետագայի մասին մտածել»:
Ցանկալի է, բայց ոչ պարտադիր
Մոտ մեկ շաբաթ անց՝ ապրիլի 20-ին Թիբիլովի վարչակազմը երկու հարց է հրապարակել, որոնք պետք է ներկայացվեն պլեբիսցիտին.
• «Համաձա՞յն եք արդյոք լրամշակել Սահմանադրության 10-րդ հոդվածը»;
• «Համաձա՞յն եք արդյոք դիմել Ռուսաստանի ղեկավարությանը Հարավային Օսիան ՌԴ կազմում ներառելու համար»:
Սահմանադրության 10-րդ հոդվածն առաջարկվում է լրամշակել հետևյալ կերպ.
«1992թ. հունվարի 19-ին անցկացրած համաժողովրդական քվեարկության (հանրաքվեի) արդյունքների հիման վրա Հարավային Օսիայի Հանրապետության նախագահը Հարավային Օսիայի Հանրապետության խորհրդարանի համաձայնությամբ իրավունք ունի դիմելու Ռուսաստանի Դաշնությանը՝ առաջարկելով ընդգրկել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնության կազմում որպես ՌԴ նոր սուբյեկտ և ՌԴ հետ կնքել համաձայնագիր Հարավային Օսիայի Հանարպետությունը ՌԴ կազմում որպես նոր սուբյեկտ ներառելու մասին»:
Ներկա պահին հոդվածում ասվում է. «Հարավային Օսիայի հանրապետությունն իրավունք ունի միություն կազմելու այլ պետությունների հետ և միության մարմիններին փոխանցել իր իրավասությունների մի մասը»:
Հանրաքվեի արդյունքները Մոսկվային չեն կարող ստիպել որևէ որոշում ընդունել, քանի որ այն Սահմանադրության փոփոխման ներքին հարց է: Լեոնիդ Թիբիլովի վարչակազմը կարծում է, որ «նման միջոցն իրավական հիմքեր է տալիս Հարավային Օսիայի Հանրապետության՝ ՌԴ կազմ մտնելու ընթացակարգի մեկնարկի համար… նույնիսկ ինչ-որ ժամանակ անց»:
Պայքար մոնոպոլիայի համար
Նախագահի նախաձեռնության քննադատությունը սպասեցնել չտվեց: Հարավային Օսիայի սոցցանցերում հայտարարեցին, որ Սահմանադրությունն առանց այդ էլ հանրապետության իշխանություններին թույլ է տալիս ստեղծել միութենական մարմին կամ միավորում, այդ թվում նաև՝ փոխանցել իրավասությունների մի մասը: Այդ պատճառով էլ Թիբիլովի պլանները միայն հանրաքվեի թեման մոնոպոլիզացնելն և միանձնյա օս ժողովրդի ճակատագիրը որոշելն է:
Նախագահի գլխավոր ընդդիմախոսը խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովն է, ով 2012-ից բարձրաձայնում է իր ստեղծած «Միացյալ Օսիա» կուսակցության միջոցով ՌԴ կազմ մտնելու գաղափարը, ոչ իրավաչափ համարեց ոչ թե հանրաքվեն, այլ հարցերի ձևակերպումները: Բիբիլովի կարծիքով, հանրաքվեն պետք է անցկացնել ՌԴ կազմ մտնելու հարցով հենց:
«Ոչ որպես Հարավային Օսիայի քաղաքացի, ոչ որպես խորհրդարանի խոսնակ ես չեմ տեսնում և չեմ ընդունում այլ ուղի, քան հանրաքվեն է, որին մարդկանց հարցնելու են, համաձայն են մտնել Ռուսաստանի կազմ, թե ոչ… Միայն ժողովուրդը կարող է որոշել՝ երբ դիմել ռուսաստանի ղեկավարությանը նման կարևոր հարցով», — հայտարարել է նա:
Քաղաքագետ, «Ինտելեկտուալ ռեսուրսներ» տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Կոստա Ձուգաևը նույնպես կարծում է, որ նախևառաջ պետք է հասկանալ, որքանով է միութենական մարմին ստեղծելու գաղափարը համապատասխանում Հարավային Օսիայի շահերին.
«Ես մնում եմ իմ կարծիքին, և կարծում եմ, որ քաղաքացիների ճնշող մեծամասնության կարծիքն է սա. հանրաքվեն պետք է անցկացվի Ռուսաստանի կազմ մտնելու պարզ և ուղղակի հարցի վերաբերյալ: Իսկ ստացված արդյունքը թող սպասի իր «հնարավորությունների պատուհանին»»:
Ձուգաևի կարծիքով, պետք է հասկանալ՝ արդյո՞ք Ռուսաստանի հետ միացյալ միութենական մարմին ստեղծելու հնարավորություն կա գործող Սահմանադրության հիման վրա, թե պետք է փոփոխություններ մտցնել:
«Ամեն ինչ շատ ծավալուն է թվում: Հարավային Օսիան պետք է մտնի Ռուսաստանի կազմ, այլ ոչ թե ինչ-որ վերազգային մարմիններ ստեղծի: Այդպես էլ պետք է գործել: Կիսատ-պռատ որոշումների ժամանակներն անցնում են», — կարծում է Կոստա Ձուգաևը:
Թվում է, թե Հարավային Օսիայի որևէ քաղաքական ուժի մոտ հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հստակ գաղափարների բացակայության պարագայում Ռուսաստանի ինտեգրացիայի հարցը անկյունաքարային կլինի և խորհրդարանական, և նախագահական ընտրություններին, որոնց մեկ տարի է մնացել:
• Հարավային Օսիայի՝ Ռուսաստանի կազմ մտնելու բանավեճը ներկայիս իշխանությունները նախաձեռնում են ոչ առաջին անգամ: Երկրի նախագահ Լեոնիդ Թիբիլովն իր գործունեությունը սկսել է Ռուսաստանի կազմ մտնելու մասին հայտարարություններով. «Եթե Հարավային Օսիան իր քաղաքացիների որոշմամբ միանա Ռուսաստանին և տեղի ունենա օսերի վերամիավորում, իմ նախագահական առաքելությունը կատարված կհամարեմ»:
• Խորհրդարանի խոսնակ և «Միացյալ Օսիա» կուսակցության առաջնորդ Անատոլի Բիբիլովը 2014-ի սկզբին հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր Ռուսաստանի կազմում Հյուսիսային և Հարավային Օսիայի վերամիավորման վերաբերյալ հանրաքվե անցկացնել: 2014թ. խորհրդարանական ընտրություններին «Միացյալ Օսիա» կուսակցությունը կարողացավ հավաքել ձայների մեծամասնությունը հենց այդ նախընտրական կարգախոսների շնորհիվ:
• Միաժամանակ Ցխինվալի իշխանություններն առաջարկում էին ինտեգրացիայի այլ տարբերակներ ևս, որոնք հակասում էին ուղղակիորեն մուտք գործելուն: Հարավօսական ղեկավարությունը ցանկություն էր արտահայտում ԵՏՄ, Մաքսային միությանն անդամակցելու և ՌԴ կազմում Հյուսիսային Օսիայի հետ միավորվելու:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 03.05.2016