Ինչպես Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն
Հայաստանի ԿԸՀ տվյալներով, դեկտեմբերի 6-ին կայացած սահամանադրական հանրաքվեին մասնակցել է երկրի ընտրողների կեսից ավելին (50,51%), և երկրի հիմնական օրենքում փոփոխություններ մտցնելուն կողմ է քվեարկել 63,35%-ը: Դա նշանակում է, որ Հայաստանը քվեարկել է կիսանախագահական համակարգից խորհրդարանականին անցնելու օգտին:
JAMnews-ն արդեն հաղորդել էր, որ հանրաքվեի ընթացքում լրագրողները բազմաթիվ խախտումներ են արձանագրել, և հայկական լրատվամիջոցներն դրանց մասին հայտնել են քվեարկությանը զուգահեռ: Ավելի ուշ քվեարկության ընթացքի մասին հայտարարությամբ հանդես եկան ինչպես տեղական, այնպես էլ հրավիրված դիտորդները:
Սկզբում դրականի մասին
«Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեն, որը ենթադրում է անցում խորհրդարանական կառավարման համակարգին, անցկացվեց ազատ ու բաց մթնոլորտում, առաքելության ներկայացուցիչները որևէ խախտում չեն արձանագրել», — հայտարարել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդան:
Նրա խոսքով, «քվեարկությունն անցել է Հայաստանի Ընտրական օրենսգրքին համաձայն: Ամեն ինչ ընթացել է օրենքի շրջանակում և հանգիստ: Առաքելության կարծիքով, հանրաքվեն անցկացվել է ազատ ու բաց մթնոլորտում, պետական իշխանության մարմինները քաղաքացիներին ազատ կամքի արտահայտման հնարավորություն տվեցին»:
ԱՊՀ դիտորդների առաքելության կարծիքը կտրականապես չի համընկնում այլ դիտորդական առաքելությունների կարծիքի հետ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը կարծում է, որ ԿԸՀ տվյալներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Կազմակերպության ղեկավար Արթուր Սաքունցը հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին Հայաստանում գրանցվել են խախտումների բոլոր տեսակները, ադ թվում՝ լցոնումներ, դիտորդների ու լրագրողների վրա աննախադեպ ճնշում, այլ ընտրողների փոխարեն քվեարկություն, ընտրողներին մի ընտրատեղամասից մյուսը քվեարկելու համար տեղափոխելը, ընտրատեղամասերի անդամների կաշառումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» քվեարկության ընթացքում արձանագրված խախտումների իր ցուցակն է ներկայացնում՝ ընտրակաշառքների բաժանում, քվեարկության գաղտնիության խախտում, դիտորդների աշխատանքի խոչընդոտում, այլ քաղաքացիների փոխարեն քվեարկում և նույնիսկ ուժի կիրառում: «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոննիսյանի կարծիքով, խախտումները զանգվածային էին ու կարող էին ազդել հանրաքվեի արդյունքների վրա:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ներկայացուցիչները հայտարարեցին, որ հանրաքվեի օրվա ողջ ընթացքում դիտորդների հանդեպ ֆիզիկական բռնություն է կիրառվել, ինչպես նաև արձանագրվել են լցոնումներ ու ճնշումներ լրագրողների հանդեպ:
Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վետելանդը հայտարարել է. «Հանրաքվեի կեղծված արդյունքները չեն արտահայտում հայ ժողովրդի ազատ կամքը և չպետք է լեգիտիմ համարվեն»:
Մեկնաբանություններ մամուլում
«168 ժամ» օրաթերթ. «Կիրակի օրը կայացած հանրաքվեի արդյունքում սահմանադրական փոփոխությունների նախագիծը «ջախջախիչ» հաղթանակ տարավ՝ ստանալով 63 տոկոսից ավելի «Այո» քվեներ: Նախագծին դեմ էին քվեարկել քվեարկության մասնակցածների «ընդամենը» 32.3 տոկոսը: «Այո»-ի հաղթանակը «ջախջախիչ» էր՝ բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով, քանի որ կիրակի օրն իշխանությունը ջախջախեց արդար ընտրությունների վերաբերյալ բոլոր իր խոստումներն ու միամիտ սպասումները՝ կիրառելով ընտրակեղծարարության շատ ավելի կատարելագործված, հղկված մեթոդներ, քան նախորդ բոլոր ընտրություններում՝ միասին վերցրած»: