Ինչպես երջանկանցնել կենդանիներին
Առավոտյան ժամը 09։00 է և Երևանի կենդանաբանական այգու 86 աշխատակիցների հետ մտնում ենք այգի, սակայն ոչ կենդանիներին խնամելու կամ նրանց առողջական վիճակը ստուգելու համար: Ընդամենը հետաքրքրասիրություն է՝ ինչպես է նորացած այգին արթնանում և իր օրն անցկացնում։
Այգու անցյալն ու ներկան
Երևանի կենդանաբանական այգու ստեղծման գաղափարն իրականություն դարձավ 1940թ-ին։ Սկզբնական շրջանում կենդանաբանական այգում միայն 2 տասնյակ կենդանիներ ու թռչուններ էին բնակվում 3 հեկտար տարածության վրա։
Այսօր էլ Երևանի կենդանաբանական այգին ամենամեծերից չէ, բայց արդեն ունի 34 հա տարածք։ Տարածքի կեսից ավելին դեռևս ազատ է և սպասում է ճիշտ նախագծված ԱԶԱՏավանդակ դառնալու իր հերթին։
Այստեղ բնակվում են 133 տեսակ կենդանի, ընդհանուր առմամբ 930 գլուխ։ Դրանց թվում են 18 տեսակ գիշատիչներ, 40-ից ավելի տեսակ թռչուններ, մոտ 30 տեսակ ձկներ, մի երկու տասնյակ սողունների, մի այդքան էլ սմբակավորների տեսակներ, կան բոլորի կողմից սիրված պրիմատներ, տարատեսակ կռծողներ, ընդամենը 3 ձեռնաթևավոր ու մի կնճիթավոր՝ Գրանդ փիղը:
Երևանի կենդանաբանական այգի մուտք գործելիս ունենք երկու ուղղություն, մեկը ցույց է տալիս այգու ներկան, մյուսը՝ նրա անցյալ վիճակը։
Մեզանից աջ
Աջի վրա Սևագլուխ սկյուռակապիկներն են։ Նրանք համարվում են պրիմատների ընտանիքի ամենախելացի ներկայացուցիչները. Այս կապիկների ուղեղի տեսակարար կշիռը գերազանցում է մարմնի քաշը։ Նրանք անչափ չարաճճի են, միաժամանակ՝ շատ մարդամոտ։ Այս կենդանատեսակի պահման ձևից երևում է, թե այգին ինչպիսի էվոլյուցիա է ապրել վերջին շրջանում։
Սկյուռակապիկները առաջ են քաշում այգու ԱԶԱՏավանդակ գաղափարը։ Ըստ էության նրանք ազատության և միևնույն ժամանակ անազատության մեջ են գտնվում։ Վանդակներ չկան, սակայն իրենց շուրջբոլորը ջուր է։ Սա նշանակում է, որ սկյուռակապիկների փախչելու հավանականությունը հավասարվում է զրոյի՝ նրանք վախենում են ջրից։
Մեզանից ձախ
Սկյուռակապիկների ԱԶԱՏավանդակի հանդիպակաց ուղղությամբ կարելի է տեսնել վանդակից այն կողմ գտնվող Գառնանգղին։ Նրա վանդակը դեռ 40-ականների կառույց է։ Այգու շինությունների մի մասի կառուցմանը մասնակցել են նաև 2-րդ համաշխարհայինի ռազմագերիները։
Չնայած, որ Գառնանգղը բնակվում է վանդակում, այնուամենայնիվ աշխատակիցները կարողացան առանձին անկյուն ստեղծել նրա համար, ինչի շնորհիվ մեծ նվաճում գրանցվեց. կենդանին, որը չէր ձվադրել 2000 թվականից ի վեր, 2 ճուտիկ ունեցավ։
Այգու վերանորոգման աշխատանքները
2011 թվականից կենդանաբանական այգում սկսվել են վերակառուցման և բարեփոխման աշխատանքներ: Դրանք ֆինասավորվել են տարբեր աղբյուրներից, այդ թվում այգու հիմնական գործընկեր՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող բնապահպանական ծրագրերի շրջանակում:
2013-ից Երևանի կենդանաբանական այգում մեկնարկել է բարեկարգման նոր բազմափուլ ծրագիր, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի ֆինասավորմամբ: Մինչև վերանորոգումը այգու ողջ տարածքից միայն 7 հա-ն էր կենդանաբնակ և օգտագործելի։
«Այգին Երևանի քաղաքապետարանի ենթակա կառույց է ու շատ կարևոր է, որ այս վերափոխման թիվ մեկ գործընկերը հենց Երևանի քաղաքապետարանն է, որը այգու արտասահմանցի գործընկերենրի հետ միասին մշակում և իրականացնում է այգու բարեփոխման երկարաժամկետ ծրագիրը»,- ասում է Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:
Ըստ էության վերանորոգումների որոշակի մասը չի երևում, քանի որ այգում իրականացվել են, առաջին հերթին, հիմնանորոգումներ՝ սկսած կոյուղուց։ Ինչպես ասում է Ռուբեն Խաչատրյանը. «Եվրոպական կենդանաբանական այգիների և ակվարիումների ասոցիացիայի լիարժեք անդամ դառնալու համար դեռևս լուրջ աշխատանքներ է անհրաժեշտ իրականացնել»։
Բարեփոխումներ. այգու նոր չափորոշիչները
Բարեփոխումներից գլխավորը համարվում է ԱԶԱՏավանդակի կառուցումը։ Եթե սկյուռակապիկների պարագայում «վանդակ» է հանդիսաում ջուրը, ապա որոշ դեպքերում՝ էլեկտրական լարումը։ Որոշ սմբակավոր կենդանատեսակներ շրջապատված են փայտե ճաղերով, և հարց է առաջանում՝ ինչու՞ չեն փախչում։ Պատասխանը՝ լուսանկարում։
Բացի դրանից, շատ կենդանիներ գտնվում են ապակու այն կողմում, որը կրկին կոտրում է վանդակի կարծրատիպը։
Բարեփոխումների ցանկում է նաև կենդանիների չիպավորումը։ Այն հնարավորություն է տալիս իմանալ կենդանու սեռը, տարիքը, հիվանդությունները, այն ողջ կարևոր տեղեկատվությունը, որը կարող է անհրաժեշտ լինել նաև նրան բնակության այլ վայր տեղափոխելու դեպքում։ Փաստորեն, կենդանին իր հետ կրում է իր «կենսագրությունը»։
Բարեփոխումներից հետո կենդանաբանական այգին դարձել է Երևանի այն քիչ հանրային կառույցներից մեկը, որն ունի ներառական խաղահրապարակ։ Ըստ էության, այգին ամբողջովին ներառական է, քանի որ յուրաքանչյուր ոք հեշտությամբ կարող է այցելել այգին, քայլել ողջ տարածքով առանց խոչընդոտների։ Բացի դրանից, այգում կա ձիարշավարան, որը շաբաթական մի քանի անգամ իրականացնում է հիպոթերապիա հաշմանդամություն ունեցողների համար։
Այգու կարևոր նվաճումներից է նաև այն, որ այժմ այստեղ կա սեփական կենդանաբուժական կլինիկա: Այն ոչ միայն սպասարկում է այգու կենդանիներին, այլ նաև այգուց դուրս բոլոր բուժօգնության կարիք ունեցող կենդանիներին, ընդ որում՝ բացառապես անվճար։
Կենդանաբուժական կլինիկա
Այգու գլխավոր կենդանաբույժ Հարություն Հովհաննիսյանն ամեն առավոտ ստուգում է կենդանիների առողջական վիճակը։ Արդեն մոտավորապես 5 տարի է, ինչ աշխատում է այստեղ և այս ընթացքում բազմաթիվ վիրահատություններ է կատարել։
Իր համար ամենահիշարժանը եղնիկի վիրահատությունն էր, որը գրիժա ուներ ու միևնույն ժամանակ հղի էր։ Կենդանու անկման վտանգ էր առաջացել։ Կենդանաբույժը ազատավանդակի ներսում իրականացրեց վիրահատությունը՝ պտուղը հեռացվեց, կենդանին ապրեց։
«Կենդանին իր պահվածքով շատ լավ ցույց է տալիս, թե ինչպիսին է իր առողջական վիճակը: Պարզ օրինակ. եթե կենդանին խմբից առանձնանում է, կարող է նշանակել, որ նա իրեն լավ չի զգում»,- ասում է կենդանաբույժը։
Այժմ կենդանաբույժների աշխատանքը դյուրացել է՝ կան խնամքի համար անհրաժեշտ պայմաններ. վիրահատարաններ, հեռահար թմրեցման համար նախատեսված ներարկիչներ, գազային թմրեցման սարք, բազմաթիվ այլ գործիքներ, որոնց մասին նախկինում այստեղ կարող էին միայն երազել։
Մեզ թույլ տվեցին տեսնել, թե ինչպես են կենդանաբույժները խնամում եղեգնակատվին և սև մանգաղաթևին։
Բունկա փիղն ու նրա ընկեր Գևորգը
Գրիգորյան Գևորգը սմբակավորների բաժնի պատասխանատուն է, այժմ աշխատում է Կրտսեր Գրանդ փղի հետ. մշակում մաշկը, ոտքերը, վարժեցնում է ու շրթհարմոն նվագել սովորեցնում։ Արդեն 22 տարի է, ինչ աշխատում է կենդանաբանական այգում, 8 տարվա ընթացքում 3 փիղ է խնամել։
«Փիղը շատ խելացի կենդանի է, նա մեր տղան է, նա մեզ է սիրում, հարգում, մենք էլ՝ իրեն»,- ասում է Գևորգը։
Փղին կանչելիս նրան Բունկա է անվանում, ոչ թե Գրանդ: Կենդանին եկել է Վրաստանից, Բունկան՝ նրա հին անունն է, փիղն այդ անունով է իրեն ճանաչում։
Գևորգը ժպիտով է պատմում, թե ինչպես է դեկտեմբերի 30-ին, տարվա վերջին աշխատանքային օրը նշում իր սիրելի Բունկայի ծննդյան օրը՝ ձմեռային ճյուղեր ու մրգեր է բերում, անտառի նման շրջակայք ստեղծում, որ կենդանին առավել երջանիկ զգա իրեն այդ օրը։
«Մեր տղային աղջիկ է անհրաժեշտ, որ միայնակ չլինի, այժմ նրա հոգեբանական աշխարհը շատ խառն է»,- մտահոգվում է Գևորգը։
Մասնագիտական համագործակցություն
Այգու բոլոր աշխատակիցները որոշակի փորձառություն են ստացել ու ստանում իրենց արտերկրի գործընկեր կառույցների, հատկապես Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու մասնագետներից: Փորձի փոխանակումը ժամանակ առ ժամանակ տեղի է ունենում առօրյա համատեղ աշխատանքի ընթացքում՝ փոխայցելություների շնորհիվ։
Իսկ վիրտուալ համագործակցությունն՝ անընդհատ է։ Կենդանիների հետ կապված ցանկացած խնդրի շուրջ տեղի մասնագետները ստանում են փորձառու գործընկերների խորհրդատվությունը, միասին քննարկում և ընտրում դրանց լուծման լավագույն տարբերակները:
Համերաշխ կեցություն
Կան տարածքներ, որտեղ բնակվում են միանգամից մի քանի կենդանատեսակներ։ Ասում են, փոքր ընտանեկան վեճեր այդ դեպքերում լինում են։ Օրինակ, չարաճճի սկյուռակապիկներն իրենց ԱԶԱՏավանդակը կիսում են կարապների հետ ու ժամանակ առ ժամանակ փորձում են գողանալ կարապների ձվերը…
Իսկ օրինակ, սպիտակագլուխ անգղները բնակվում են ճագարների հետ: Եվ, որքան էլ զարմանալի թվա, դա ճագարների համար վտանգավոր չէ՝ անգղները սնվում են միայն լեշերով։
Սպասման ցուցակ
Բարեփոխվող այգու մի որոշակի հատված դեռ «վանդակավոր» է, որոշ կենդանիներ՝ դեռ ոչ հարմարավետ պայմաններում։ Աֆրիկյան առյուծի վանդակը չափազանց նեղ է: Կապիկներն էլ այգու այն բնակիչներից են, որոնք ամառ, թե ձմեռ նույն պայմաններում են ապրում, ի տարբերություն կատվային լեմուրների, որոնք ունեն և տաքացվող ձմեռանոցներ և հարմարավետ ամառանոցներ։
Բայց, միևնույն է, չկա այցելու, որ չգնա ծանոթանալու նեղ պայմաններում բնակվող առյուծի ու վագրերի հետ։
Կարևորը, արդեն մշակվել է նախագիծ, թե ինչ տեսք է ունենալու այգին հետագա տարիներին, և աշխատանքներն անշեղորեն իրականացվում են։
Հրապապարկվել է՝ 11.06.2016