Ինչպես են Երկիրը հսկում Աբաստումանիում
Դաբա Աբուստամանիից 5 կմ հեռավորության, ծովի մակարդակից 1700մ բարձրության, Կանոբիլի լեռան վրա տեղակայված է մեծ ճերմակ շենքը՝ կլոր գմբեթով:
Ամեն գիշեր գմբեթը բացվում է, այդտեղից դուրս է գալի մեծ մետաղական, տեղ-տեղ ժանգոտած սարքավորումը և իր ապակե աչքը հառում աստղերին:
Դա Աբաստումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանն է, որը կառուցվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, բացառիկ գիտական կենտրոն է, որն աստիճանաբար կորցնում է իր գործառույթները:
Այս տարի լրանում է աստղադիտարանի 85 տարին: Հոբելյանն այդ օբյեկտը դիմավորում է հարուստ պատմությամբ և խախտված ենթակառուցվածքով
—
«Անամպ երկի՜նք». ահա արդեն 42 տարի է՝ այսպիսի մաղթանքով է Շոթա Ինասարիձեի կինն ամեն օր, ավելի ճիշտ՝ գիշեր, նրան աշխատանքի ճանապարհում:
Շոթան տաք է հագնվում, կոճկում է բաճկոնը, վզին փաթաթում տաք շարֆը, չի մոռանում ձեռնոցների մասին և ձնապատ ճանապարհով ուղևորվում է աշխատանքի:
«Այսօր մինուս 7 է, իսկ ես ողջ գիշեր դեռ պետք է բաց երկնքի տակ անցկացնեմ», — ասում է նա:
Շոթան Աբաստումանիի աստղադիտարանի ավագ գիտաշխատողն է: Նրա աշխատանքային օրը սկսվում է 20:00-ին և ավարտվում արևածագին՝ առավոտյան 5-6-ին:
Այժմ նա հետևում է վախենալի աստերոիդներից մեկին, որը սպառնում է Երկրին:
«Ամեն րոպե ես պետք է օկուլյարին նայեմ, որպեսզի օբյեկտը տեսադաշտիցս բաց չթողնեմ, այլ կերպ հնարավոր չէ, ոչինչ չի ստացվի», — բացատրում է Շոթան՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով աստղադիտարանում մեր ուղեկցորդը լինելու:
Կշռաքարերով ժամացույց, նախորդ հարյուրամյակի գիտական մամուլ և միակ աշխատանքային աստղադիտակ
Աստղադիտարանը 33 հա մակերեսով տարածքում է տեղակայված: Նախկինում այս վայրն առանձին քաղաքի էր նման. տասնյակ գիտական, բնակելի և տեխնիկական շենքերում մարդիկ էին աշխատում, հետազոտություններ անցկացնում, ապրում: Աբաստումանիի աստղադիտարանը Խորհրդային Միության առաջին լեռնային աստղադիտարնն էր:
Այդ շենքերն այժմ էլ իրենց տեղում են, սակայն դրանց մեծ մասը փակվել է, դռներին ժանգոտ կողպեքներ են, ապակիները կոտրված են կամ ճաքած, դռները ճռնչում են վաղուց չյուղված ծղխնիների պատճառով, պատերից պոկվել-թափվել է ներկը, առաստաղից պոկվել է ծեփամածիկը:
Մտնում ենք կլոր գմբեթով գլխավոր շենք:
Պատին յուրաքանչյուր սենյակի մոտ հին ցուցանակներ են՝ վրացերեն-ռուսերեն գրառումներով: Կարդում ենք. «70 սմ-ոց մենիսկային աստղադիտակ»: Տառատեսակը, որով արված է վրացերեն գրառումը, շատ հին է, այն օգտագործվել է նախորդ դարի ամսագրերում:
Թե ինչպես է սկսվել Աբաստումանիի պատմությունը
Աբաստումանիի աստղադիտարանի ստեղծման պատմությունը կապված է ռուս կայսր Ալեքսանդր Երրորդի որդու՝ Գեորգի Ռոմանովի անվան հետ (1871-1899 թթ.):
19-րդ դարի 90-ական թվականներին տուբերկուլյոզով հիվանդ Գեորգի Ռոմանովը տեղափոխվել է Աբաստումանի: Նա և հետը եկած ընկերը՝ ասղագետ Սերգեյ Գլազենապը, աստղերն էին ուսումնասիրում 9.5 սանտիմետրանոց ոսնյակներով փոքր ռեֆրակտորային աստղադիտակով:
Ավելի ուշ, երբ հրապարակվել է Գլազենապի աշխատությունները, պարզվել է, որ, չնայած ցածր լուսավորությանը, նրա ստացած տվյալներն այն ժամանակվա ամենալավ տվյալներն էին, ինչը պայմանավորված էր Աբաստումանիի առանձնահատուկ կլիմայով, թափանցիկ երկնքով:
Հենց Գլազենապի դիտարկումներն են առիթ դարձել Աբաստումանիում աստղադիտարան կառուցելու համար:
«Աբաստումանիում դիտարկումներ անելու պայմաններն այնքան լավն էին, որ ես ամբողջությամբ տրվեցի աշխատանքին: Բոլոր գիշերներն անցկացրել եմ՝ հետևելով աստղերին, իսկ ցերեկը հաշվարկում էի կրկնակի աստղերի ուղեծրերի տարրերը: Այդ աշխատանքը տարվա ընթացքում չէր ընդհատվում, և միայն մեկ տարի անց վերադարձա Պետերբուրգ: Աբաստումանին լքում էի՝ ցավը սրտումս, որովհետև միայն այնտեղ այդքան արգասաբեր կարող է աշխատել աստղագետը», — գրել է Գլազենապը, որն այդ ընթացքում դիտարկել է 610 աստղ:
Ավելի ուշ, Վրասական ԽՍՀ ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ, 1932թ-ի փետրվարի 8-ին հիմնվել է Աբաստումանիի աստղաֆիզիկական աստղադիտարանը, որի տնօրեն է նշանակվել 24-ամյա գիտնական Եվգենի Խարաձեն:
«Եվրոպացի աստղագետները հաճախ զարմանքը չեն թաքցնում մեր օպերատորական վահանակը տեսնելիս. չեն կարող հասկանալ, թե ինչպես ենք այսքան կոճակներից գլուխ հանում: Ժամանակակից օպերատորական սենյակներում բոլոր գործողությունները մի քանի կոճակի միջոցով են արվում», — ասում է Շոթա Ինասարիձեն՝ ցույց տալով հսկայական սարքավորումը, որի վրա իրոք միլիոնավոր կոճակներ կան:
Սենյակները լիքն են հին ժամանակաչափերով. պատին Լուսնի՝ 1979թ-ին Մոսկվայի «Պրոսվեշչենիե» հրատարակչության թողարկած քարտեզն է և Պրահայում 1959թ-ին հրատարակված Հյուսիսային երկնքի քարտեզը, սեղանին՝ փոշոտ գիտական ամսագրեր և աստղագիտական օրացույցներ: «1996թ., Սանկտ Պետերբուրգ», գրված է դեղնած ամսագրի վրա, որը դրված է գլխավոր աստղադիտակի օպերատորական սենյակի սեղանին: Դրանում, բացատրում է Շոթան, ներկայացված են աստղերի կոորդինատներն ու մոլորակների ուղեգծերը. «Սա փաստացի տեղեկատու է աստղագետի համար: Նախկինում բաժանորդագրվում էինք և ստանում էինք այն: Այժմ գիտական գրականություն չենք կարող դուրս գրել»:
Աբաստումանիի աստղադիտարանն այն հազվագյուտ օբյեկտներից մեկն է, որն 90-ականներին ԽՍՀՄ փլուզումից հետո չի դադարեցրել իր գործունեությունը: Շոթա Ինասարիձեն ակնհայտ հպարտանում է այդ փաստով:
Շոթայի աշխատանքային սենյակը տաքացվում է էլեկտրատաքացուցիչով: Ժամանակակից իրերից այստեղ միայն լափթոփն է, որտեղ աշխատակիցը մուտք է անում գիշերային հետազոտության արդյունքում ստացված տեղեկատվությունը և մշակում է այն, ինչպես նաև էլեկտրական թեյնիկը, որն օգնում է ցուրտ գիշերներին տաք թեյ ունենալ:
Հակառակ պատին յուրքանչյուր կես ժամը մեկ խփում է փայտե ժամացույցը, որը նախորդ դարի 60-ականներին է արտադրվել: Շոթան ժամի զարկի ժամանակ հանում է հաստ շրջանակով ակնոցը, մաքրում այն և, նկարելով, փորձում մեզ բացատրել, թե ինչով են այժմ զբաղվում աստղադիտարանում:
Պատից կախված կշռաքարերով ժամացույցի անսպասելի և հանդիսավոր զարկը, հին լամպն ու դեղին, քերծվածքներով փայտյա սեղանն էլ ավելի են հեռացնում տիեզերքը և տեղափոխում են 19-րդ դար, երբ Աբաստումանիում հյուրընկալվել էր ռուս կայսր Ալեքսանդր Երրորդի որդի Գեորգին:
Եվգենի Խարաձեն՝ առաջին տնօրենը
1990թ-ին աստղադիտարանին շնորհվեց դրա առաջին տնօրենի՝ վրացի գիտնական Եվգենի Խարաձեի անունը: Չնայած հետո, երբ 2007թ-ին աստղադիտարանը փոխանցվեց Իլիայի անվան Թբիլիսիի համալսարանին, աստղադիտարանի պաշտոնական անվանումից Խարաձեի անունն անհետացավ, և այն կրկին սկսեց անվանվել պարզապես Աբաստումանիի աստղաֆիզիկական աստղադիտարան:
Եվգենի Խարաձեի հետքերն աստղադիտարանում ամենուր են: Նրա գրասենյակը լցված է նրա իրերով, աստղադիտարանի թանգարանում դա գլխավոր արժեքներից մեկն է:
Աստղադիտարանի տասն աստղադիտակներից այսօր միայն մեկն է աշխատում: Հետազոտությունները հիմնականում անցկացվում են 75 սանտիմետրանոց աստղադիտակով, որն այստեղ տեղադրվել է 1975թ-ից:
«Այդ աստղադիտակից մենք բոլորս՝ դիտարկումներով զբաղվողներս, ենք կախված», — բացատրում է Շոթան և պատմում այդ հին մետաղական սարքավորման պատմությունը:
«Սա պատմական աստղադիտակ է: 1970թ-ին Ռոլանդ Կիլաձեն դրա միջոցով մշակել է արհեստական արբանյակներին հետևելու մեթոդիկա: Այսօր ողջ աշխարհը շարունակում է օգտվել նրա մեթոդիկայից արհեստական արբանյակներին հետևելիս», — ասում է գիտնականը:
Աստղադիտարանում ավելի հզոր 125 սանտիմետրանոց աստղադիտակ էլ կա, սակայն արդեն 6 տարի է, ինչ այն փչացել է: Շոթան ասում է, որ վերանորոգման համար 220 հազար եվրո է անհրաժեշտ:
«Իմ գործընկերները պատրաստ են այն անվճար սարքել, սակայն դետալներ են պետք: Դրանց համար գումար չկա: Անհրաժեշտ գումար չի գտնվել ոչ պետությունում, ոչ էլ Իլիայի համալսարանում», — պատմում է Շոթան:
«Մենք նամակ ենք գրել Վրաստանի կրթության և գիտության նախարարություն, որտեղ հաղորդել ենք, որ աստղադիտարանի տեխնիկան հնացել է, արդիականացում է անհրաժեշտ և խնդրել ենք օգնել 125սմ-ոց աստղադիտակը վերանորոգել կամ նոր ու ժամանակակից ձեռք բերել: Մեզ աջակցեցին արտասահմանցի գործընկերները: Հուսով ենք, որ արդյունքի կհասնենք», — հեռախոսով տված հարցազրույցում հաստատում է աստղադիտարանի տնօրեն, Իլիայի պետհամալսարանի պրոֆեսոր Մայա Թոդուան:
Այն շենքում, որտեղ տեղադրված է աստղադիտակը, ամեն ինչ փոշով է ծածկված: Մի կողմում հատակին տարաներ են դրված, որոնցում տանիքից կաթող անձրևաջրերն են հավաքվում: Մյուս կողմում ցելոֆանով փաթաթած ինչ-որ սարքեր են, որոնք, նույնիսկ հպանցիկ հայացքով, վաղուց չեն միացրել: Սենյակում այնքան ցուրտ է, որ 5 րոպեից խոսելու ունակությունը կորցնում ես:
«Երբեմն մինուս 17-ի պայմաններում ստիպված ես լինում ողջ գիշեր աստղադիտակի մոտ անցկացնել: Ընդ որում հատուկ հագուստ չկա ցրտին դիմանալու համար: Մի անգամ նույնիսկ ոտքերս ցրտահարվեցին», — հիշում է Շոթան:
Վտանգավոր աստերոիդներ
«Մենք համաշխարհային ցանցի անդամ ենք, և 2012թ-ից հետևում ենք Երկրին մոտեցող աստերոիդներին: Դրանց դիտարկումն իրականացվում է ՄԱԿ համաշխարհային նախագծի շրջանակում 1992թ-ից ի վեր աշխարհի բոլոր աստղադիտարանների կողմից», — պատմում է Շոթան:
Հետազոտողը մեզ ծանոթացնում է իր բացահայտումներին. պարզվում է, որ Ապոֆիս աստերոիդը, որն, ըստ կանխատեսումների, պետք է մոտենար Երկրին 2029թ-ին, սկսել է հակառակ ուղղությամբ շարժվել.
«2014թ-ի փետրվարի 13-ին, 14-ին, 15-ին ես տեսա, թե ինչպես նա շրջադարձ կատարեց և սկսեց հեռանալ: Այժմ մենք 50 տարով երաշխավորված ենք նրա հետ բախումից: Տվյալները Փարիզ ուղարկեցինք, և հաստատվեց, որ Ապոֆիզը մեզ չի սպառնում»:
Սակայն վտանգավոր երկնային մարմիններ էլի կան.
«Երկրի շուրջ բազմաթիվ աստերոիդներ կան, որոնց հետագիծն անհրաժեշտ է իմանալ: Այժմ հետևում ենք մեկ կիլոմետրից ավել տրամագիծ ունեցող աստերոիդներին, դրանց 96%-ն արդեն գրանցված է: Հարց է առաջանում. այդ ամենը լավ է, սակայն ի՞նչ մենք կարող ենք դրան հակադրել, եթե մի բան լինի: Բանն այն է, որ հնարավոր բախման մասին մենք նախապես կիմանանք՝ մոտ երեք ամիս առաջ: Եթե պարզվի, որ բախումն անխուսափելի է, ապա անհրաժեշտ է նման օբյեկտի ուղղությամբ հրթիռներ արձակել կամ դրանց վրա սարքավորումներ ուղարկել կամ ռեակտիվ շարժիչներ տեղադրել ալիքի հարվածը շեղելու համար: Այսինքն հսկում ենք մայր Երկիրը:
Աբաստումանիում աստղերը չեն առկայծում
Այն վայրի կլիման, որտեղ պետք է աստղադիտարան կառուցվի, նախապես է ուսումնասիրվում: Անհրաժեշտ է, որպեսզի այն համապատասխանի մի քանի կարևոր նախապայմանի. տարվա մեջ առավելագույն անամպ գիշերներ, մեծ քաղաքներից հեռու լինելը, քանի որ արտանետումներն ու փողոցային լուսավորությունը «փչացնում են» երկինքը, հանգիստ առանց քամու մթնոլորտ, երկնքի թափանցիկություն և, որ ամենակարևորն է, աստղերը չպետք է առկայծեն: Աբաստումանին համապատասխանում է այդ բոլոր պայմաններին: Օրինակ, Թբիլիսիի երկինքը «փչացած է» արտանետումներով, և աստղերի ուղարկած լույսը մեզ է հասնում առկայծելով:
Երկրի հսկման գործին Շոթա Ինասարիձեն նախորդ տարի 252 գիշեր է հատկացրել.
«Բացառված է, որ մաքուր երկնքի ժամանակ ես տանը լինեմ: Աստղագետները տարբեր չափով մի քիչ ցնդած են լինում, նորմալ մարդը գիշերը պառկում-քնում է, իսկ մենք վեր ենք կենում և գնում: Պետք է սիրել այս գործը, եթե չսիրես, չես անի, չես ձգի»:
Շոթա անվան հետ դեռև ընդամենը մեկ բացահայտում է կապված, որն արվել է երիտասարդ տարիքում. 1980թ-ին նա նոր աստղ է հայտնաբերել, որն այսօր նրա անունով է կոչվում: Շոթան ասում է, որ նա դեռ շատ անելիքներ ունի:
Անդրանիկը
Էքսկուրսիան շարունակում ենք օպտիկայի և տեխնիկայի լաբորատորիայում: Նոր ներկած կարմիր մետաղական դռան ետևը մեզ կրկին նախորդ դարն է դիմավորում:
Անդրանիկ Համբարձումյանը լաբորատորիայում աշխատում է 1965թ-ից: Նրա պարտականությունների մեջ մտնում է աստղադիտակի մասերի պատրաստումը, ֆիլտրերի և հայելիների նորացումն ու նախապատրաստումը: Առանց նրա գիտնականները չեն կարող աշխատել:
Անդրանիկը հպարտանում է նրանով, որ աշխատում է Ալեքսանդր Մայերի՝ օպտիկայի և ճշգրիտ մեխանիկայի լաբորատորիայի առաջին ղեկավարի կաբինետում:
Աշխատանքային օպտիկա-մեխանիկական սեյակ մտնելիս աչքի է ընկնում սև-սպիտակ անկյունը. խորհրդային հեռախոս, աստղադիտակների մանրակերտներ, ջերմաչափ, գործիքներ և հազար ու մի մանրուք՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է աստղադիտակ պատրաստելու համար: Պատից կախված ազդը ռուսերենով հաղորդում է, որ սեպտեմբերի 27-ին կինոթատրոնում կկայանա «Հրաշալի յոթնյակի» ցուցադրությունը:
«Այս լուսանկարն արվել է 1980թ-ին Սիբիրում, երբ ես Արևի խավարման ուսումնասիրման համար կազմակերպած գիտարշավի էի մեկնել», — պատմում է Անդրանիկը: Գիտարշավին նա մասնակցել է որպես օպտիկայի և մեխանիկայի մասնագետ:
Այն ժամանակ նա հեշտ էր դիմակայում Սիբիրի կլիմային, սակայն այժմ Աբաստումանիում ցրտաշունչ ձմռեներին դիմակայելու համար սենյակում փայտի վառարան է վառում: Նա նույնպես հատուկ հագուստ չունի, վառարանի ջերմությունը չի հերքում, և նա աշխատում է՝ առանց տաք բաճկոնը հանելու: Աշխատանքային ընդմիջմանը ծաղիկներն է ջրում. մոխրագույն լաբորատորիայում միակ գունեղ բանը ծաղկող «դեկտեմբերն» է:
«Աստղադիտարանը և ընտաիքս է, և տունս: Ողջ կյանքս այստեղ եմ անցկացրել», — ասում է Անդրանիկը, և, նստելով խոշորացույցի մոտ, սկսում աշխատել: Աշխատակիցների մեկը սեղանին է դնում աստղադիտակի պատրաստած դետալը, որը մի քանի օր առաջ է շարքից դուրս եկել: Երկու օրվա ընթացքում դետալը տեղը կդրվի, և Շոթան կկարողանա շարունակել աշխատանքը:
Ո՞վ է Վրաստանում աստղագիտույթուն սովորում
«Իմ ուսանողներն, օրինակ, նախընտրում են բանկում աշխատել, որտեղ աշխատավարձը 800-1000 լարի է, այլ ոչ թե աստղադիտարանում, որտեղ աշխատավարձերը սկսվում են 300 լարիից: Ամենաբարձր աշխատավարձը ես եմ ստանում՝ 900 լարի», — ասում է Շոթան: Աստղադիտարանի աշխատանքին զուգահեռ նա դասավանդում է Սամցխե-Ջավախեթիի համալսարանում.
«Այսօր երիտասարդությունն այնքան էլ չի հետաքրքրվում աստղագիտությամբ: Եթե այդպես շարունակվի, մոտ 10 տարի անց աստղադիտարանը կդադարի գոյություն ունենալ»:
Սամցխե-Ջավախեթիի համալսարանը միակ բուհն է, որտեղ աստղագիտության մագիստրատուրա և դոկտորանտուրա կա: Ուսանողները քիչ չեն, սակայն մեծ մասն աստղագիտությանը լուրջ չի վերաբերվում.
«Աստղագիտությունն այն ուղղություններից է, որոնք որպես առաջնահերթություն են հայտարարվել, և ուսման վարձը ֆինանսավորում է պետությունը: Դրանով է բացատրվում ուսանողների ընտրությունը: Ընդունվում են տնտեսագիտական ֆակուլտետ, մագիստրատուրա են անցնում աստղագիտություն ուղղությամբ, այնուհետև աշխատում են բանկերում: Այդ դեպքում ինչո՞ւ ստիպել պետությանը փող ծախսել, եթե այդ գործը քեզ չի հետաքրքրում: Չնայած որ հասկանում եմ ուսանողների պահվածքը»:
Գիտնականը կարծում է, որ գլխավոր խնդիրը պետության մոտեցումն է: Նրա կարծիքով՝ երկիրն այնուամենայնիվ ոչ բավականաչափ է գիտակցում աստղադիտարանի գոյության կարևորության աստիճանը, ոլորտը բավականաչափ զարգացած չէ և դա ազդում է երիտասարդության ընկալման վրա:
«Աստղագիտություն այսօր դպրոցներում էլ, համալսարանների մեծ մասում էլ չեն ուսումնասիրում: Նույնիսկ աստղադիտարանին նայելիս հասկանում ես, թե ինչպես է այս ոլորտին վերաբերվում պետությունը: Դա բնականաբար ազդեցություն է ունենում նաև երիտասարդության վրա»:
«Ես հնարավորություն ուների մագիստրոսի դիպլոմ ստանալու և հետաքրքիր մասնագիտություն ուսումնասիրելու, որը հեռանկարներ ունի», — ասում է Թիկո Կուլջանիշվիլին, որը 2014թ-ին ավարտել է Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մագիստրատուրան:
Նրա տասը համակուրսեցիների մեծ մասն աշխատանքի պատճառով բաց էին թողնում լեկցիաները:
Նա ինքն աշխատում է ոչ կառավարական հատվածում, աստղագիտությունում իրեն դեռ չի փորձել:
«Մտածել եմ աստղադիտարանում աշխատելու մասին, սակայն գիտե՞ք, թե ինչ վատ պայմաններ են այնտեղ: Իսկ աստղերին հետևելը երևի հետաքրքիր է»:
Վրաստանի 194 բուհից աստղագիտություն է դասավանդվում միայն երեքում՝ Իլիայի համալսարանում, Թբիլիսիի պետական համալսարանում և Սամցխե-Ջավախեթիի պետհամալսարանում: Բակալավրիատ և մագիստրատուրա (ֆիզիկա և աստղագիտություն ուղղվածությամբ) կա միայն Իլիայի համալսարանում, դոկտորանտուրան՝ բոլոր երեքում:
Տվյալ պահին Իլիայի համալսարանում 15 դոկտորանտ կա, Պետհամալսարանում՝ 2, Սամցխե-Ջավախեթիի համալսարանում՝ 7:
Դպրոցներում աստղագիտությունը որպես պարտադիր առարկա հանվել է: Կրթության նախարարությունում բացատրում են, որ 2011-2016թթ-ի ազգային ուսումնական պլանի համաձայն՝ աստղագիտությունն ընտրովի առարկա է, և դրա ուսուցում հնարավոր է 10-րդ դասարանում, եթե աշակերտների մեծ մասը ցանկանա. «Չնայած որ չի կարելի ասել, որ դպրոցներում ընդհանրապես աստղագիտություն չեն անցնում, որոշակի քանակով այդ առարկայից գիտելիքներ են պարունակում ֆիզիկան և աշխարհագրությունը, որոնք դասավանդվում են ցածր դասարաններում»:
Վրաստանի 2085 դպրոցներից քանիսի ուսանողներն են որոշել աստղագիտություն ուսումնասիրել, հայտնի չէ: Նախարարությունում ասում են, որ այդ հարցն ուսումնասիրման կարիք ունի:
Աստղագիտության սիրահարները
Թեմո Կուչաձեն մասնագիտությամբ պատմաբան է, սակայն վերջին ժամանակներս տարված է աստղագիտությամբ: Ինքն իրեն սիրողական աստղագետ է անվանում:
15 տարեկանում հորեղբայրն իրեն «Տիեզերք» հանրագիտարանն է նվիրել, և նրանք միասին սիրողական աստղադիտակով հետևել են երկնքին: Հետագայում նա չի կարողացել հրաժարվել այդ հետաքրքրությունից:
2014թ-ին նա ֆեյսբուքում հիմնել է Աստղագիտության սիրահարների ակումբ: Այսօր ակումբը 8748 անդամ ունի, որոնցից հազարն՝ ակտիվ.
«Մեզ մոտ և պարզապես հետաքրքրվողներ, և պրոֆեսիոնալներ կան: Խմբում քննարկումներ են անցկացվում, հարցեր ենք բարձրացնում, հետաքրքիր նյութեր ենք տարածում: Զբաղվում ենք աստղագիտության տարածմամբ»:
Խմբի անդամները, աստղադիտակներով զինված, պարբերաբար փոքրիկ պրակտիկաներ են կազմակերպում:
Նախորդ տարի Թբիլիսիի Վակեի այգում մասշտաբային միջոցառում էին անցկացրել. «Մի քանի աստղադիտակ էինք տեղադրել, և մարդիկ բոլորովին անվճար կարող էին հետևել երկնքին: Մոտ 300 մարդ էր եկել: Հետաքրքրություն կա, սակայն սիրողական մակարդակում: Վրաստանում ոչ ոք ռիսկ չի անում աստղագիտությունը որպես մասնագիտություն ընտրել. անհեռանկար է»:
Թեմոյի ստեղծած ֆեյսբուքյան խումբը միակը չէ: Սոցցանցում մի քանի նման սիրողական խմբեր կան:
Վերակենդանացում և աստղազբոսաշրջություն
Ի՞նչը կօգնի վերակենդանացնել տիեզերքի հանդեպ մարող հետաքրքրությունը:
Այս հարցին և պրոֆեսիոնալները, և պարզապես հետաքրքրվողները մեկ պատասխան ունեն՝ պետության աջակցությունը, որը միանգամից մի քանի ուղղություն է նախատեսում, և աստղադիտարանի վերակենդանացմամբ միայն հնարավոր չէ սահմանափակվել:
2017թ-ին Շրջանային զարգացման երրորդ նախագծի (RDP-3) շրջանակում աստղադիտարանի վերակենդանացում է նախատեսվում: Նախագծի իրականացումը դրված է Զարգացման մունիցիպալ հիմնադրամի վրա: Տենդերային փաստաթղթերի համաձայն՝ աստղադիտարանում պլանավորված է մեծ աստղադիտակի շենքի վերականգնում; գլխավոր նախագծային շենքին և բնակելի համալիրին հարող կենտրոնական տարածքի բարեկարգում; ճոպանուղու վերականգնում; ավտոկայանատեղիների և այլ ենթակառուցվածքների կարգավորում: Ինչպես ասում են հիմնադրամում՝ դեռևս հայտնի չէ, թե որքան գումար է ծախսվելու վերականգնման վրա, տվյալ փուլում մանրամասները դեռ պարզ չեն: Հայտնի է միայն, որ աշխատանքները պետք է սկսվեն այս տարի և ավարտվեն 2018թ-ի փետրվարին:
Վրաստանի կառավարության և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող նախագծի նպատակը գործի ոչ այնքան գիտական կողմին է վերաբերում, որքան զբոսաշրջության զարգացմանը:
«Նախագծում չի ներառվել հենց աստղադիտակի արդիականացումը, քանի որ Համաշխարհային բանկը ֆինանսավորում է միայն ենթակառուցվածքների վերականգնումը, և գիտությանն աջակցություն չի նախատեսվում: Դրա համար մեզ պետք կլինի պետական ֆինանսավորում», — ասում է Իլիայի համալսարանի պրոֆեսոր Մայա Թոդուան:
Աստղազբոսաշրջությունն այսօր տարածված է Աբաստումանիում: Աստղադիտարանում էքսկուրսավար կա, որն էքսկուրսիաներ է անցկացնում զբոսաշրջիկների համար: Այստեղ կարելի է աստղերին նայել աստղադիտակով:
Եթե Google որոնողական համակարգում անգլերենով կամ ռուսերենով «Աբաստումանիի աստղադիտարան» հավաքես, բազմաթիվ զբոսաշրջային բլոգներ կգտնես, որոնք այդ օբյեկտն այցելելու խորհուրդներ են պարունակում:
Շոթա Ինասարիձեին սրտով չէ նոր նախագիծը:
«Զբոսաշրջությունը լավ է, սակայն աստղադիտարանը չէ՞ որ զբոսաշրջային ուղի չէ: Աստղադիտարանը գիտական հաստատություն է: Եթե այստեղ տեռասներ և դիսկոտեկներ սարքեն և սկսեն երգել-պարել, ինչպե՞ս պետք է դիտարկումներ անցկացնել: Դա չեն հասկանում: Գիտության աջակցության հետ այդ նախագիծը ոչ մի ընդհանրություն չունի», — ասում է նա:
Նրա խոսքով, վերջին ժամանակներս Ախալցխայում վերականգնած Ռաբաթ ամրոցի լուսավորությունն ու Աբաստումանիի վրա օդային մայրուղիների ավելացումն առանց այդ էլ աշխատանքում խոչընդոտներ է առաջացրել, իսկ նոր նախագծի ազդեցության տակ, վախեր կան, որ աշխատանքային պայմաններն էլ ավելի կվատանան:
Նոր նախագծով կառավարությունը նախատեսում է ավելացնել զբոսաշրջային հոսքը, ինչը շրջանին լրացուցիչ եկամուտ կբերի:
«Եթե 3 մետր տրամագծով մեկ աստղադիտակ լիներ, Վրաստանի մասին ողջ աշխարհն ամեն գիշեր կլսեր, շատ բաներ հնարավոր կլիներ իրագործել, և դա մեր երկրին ավելի շատ գիտելիք, և ավելի շատ փող կբերեր: Երազում եմ այդ մասին», — ասում է Շոթան:
Մթնում է: Շոթան կողպումը է աշխատասենյակը, մեզ ճանապարհում և պտուտակաձև սանդուղքով բարձրանում 75սմ-ոց աստղադիտակի սենյակ բարձրանում հսկիչ կետում ևս մեկ ցուրտ գիշեր անցկացնելու:
* Տեքստի հեղինակ՝ Նինո Նարիմանիշվիլի, «Սամխրետիս կարիբչե» թերթի աշխատակից