Ինչպե՞ս ներել սեփական հորդ
Ադրբեջանում կանանց 43%-ն ընտանեկան բռնության է ենթարկվել, պնդում է The Advocates for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը
Մի անգամ Ամերիկայում Ֆիդանի ընկերները հաշիշով շոկոլադ են հյուրասիրել։ Սկզբից նրա մոտ թուլության զգացում է եղել։ Հետո գլխում երաժշտություն է սկսվել։ Եվ, ի վերջո, պատրանքներ են հայտնվել։ Դրանք շատ էին, սակայն հիշվել է հատկապես մեկը․ իբր նա մոր փորում էր։ Ֆիդանն ուզում է հավատալ, որ դա պարզապես պատրանք չէր, այլ ենթագիտակցության խորքերից եկած հիշողություն։ Քանի որ նրա առաջին գիտակցված հիշողությունն այսպիսին է․
«Մայրս պատուհանի մոտ կանգնած է՝ գրկին եղբայրս։ Նրա դիմաց կանգնած է կատաղած հայրս՝ դանակը ձեռքին։
Քանի՞ տարեկան էի ես այն ժամանակ։ Երե՞ք։ Չգիտեմ։ Հիշում եմ միայն գեղեցիկ կնոջը՝ սարսափն աչքերում, հորս մեջքը։ Հասարակ լամպը կախված էր առաստաղից և թույլ լուսավորում էր նեղ ննջարանը, որը նման էր խորհրդային գնացքների վագոնի։
Դա իմ աշխարհն էր։ Միակ աշխարհը, որն ինձ հայտնի էր այն ժամանակ։ Մշտական ծեծ ու մորս աչքերը։
Ճիշտ է, հիշում եմ նաև կարմրացրած հացը։ Հին թուջե թավան, հացի կտորները, ձվով լի ափսեն, խորհրդային կարագը (դեղին, բարակ թղթով փաթաթված) և տապակվող հացի բույրը։
Բացի այդ, հիշում եմ նաև ձյունը։ Հայրս աշխատանքի էր գնում և չէր կարողանում դուռը բացել, որովհետև ինձնից բարձր ձյուն էր նստել։ Իմ կյանքի ամենաառաջին «մեծ» ձյունը։
Երբ հայրս սկսում էր ծեծել մորս, ընկնում էի հատակին և գրկում նրա ոտքերը, որ նա մորս բաց թողնի։ Դա, կարծես, ազդում էր։ Հայրս հանգստանում էր։
Նա հաճախ էր մորս ծեծում։ Եվ եղբորս։ Ինձ մատով չէր դիպչում։ Ես սովորել էի նրա համար «կատարյալ» լինել՝ չարություն չանել, չխաղալ, լռել։ Մորս ու եղբորս օրինակով հասկացել էի, թե ինչն է նրան նյարդայնացնում և ափերից հանում։ Բացի այդ, ես սովորել էի «կարդալ» նրա էմոցիաներն ու տրամադրությունն՝ ըստ դեմքի արտահայտության։ Ես զգում էի, թե երբ է «փոթորիկ» բարձրանալու, և փորձում էի եղբորս հայացքով հասկացնել, որ հիմա սկսվելու է։ Սակայն նա իմ ակնարկները չէր հասկանում, և տուժում էր։ Այդպես ես սովորեցի մեղքի զգացում ունենալ։
Հորս ցանկությամբ ես երաժշտությամբ և շախմատով էի զբաղվում։ Ես ուզում էի նրա համար լավը լինել, շատ էի ձգտում։ Շախմատում մարզվելու այսպիսի հնարք կա․ նստում ես մեջքով դեպի տախտակը, և քեզ նկարագրում են ֆիգուրների դասավորությունը։ Կույր խաղի պես մի բան է։ Ես այդպես նստում էի հյուրանոցի հատակին։ Հայրս կողքս էր՝ շախմատային խնդիրների ձեռնարկը ձեռքը։ Հիշում եմ այդ հին գրքի հոտը։ Ես միշտ գտնում էի ճիշտ պատասխանը։ Ոչ թե որ սիրում էի շախմատն, այլ պարզապես վախենում էի նրան հիասթափեցնել։
Առաջին անգամ նա ինձ վրա ձեռք բարձրացրեց, երբ վեց տարեկան էի։
Եղբայրս մեր հարևանի տղային մեր տուն էր հրավիրել խաղալու։ Ծնողներս տանը չէին։ Երբ հայրս վերադարձավ, շատ սիրալիր ձևով հարևանին տուն ուղարկեց (նա միշտ ահավանական սիրալիր էր ուրիշների ներկայությամբ)։ Եվ ես հասկացա, որ հիմա սկսվելու է։ Չէ՞ որ, երբ նա տանը չէր, ասել էր, որ ոչ ոքի ներս չթողնենք։
Նա ինձ կարճ ասաց․ «Դանակը գազին դիր»։
Մինչև այդ օրը նման կերպ պատժվում էր եղբայրս։ Ինձ հետ դա պետք է առաջին անգամ տեղի ունենար։ Ես գնացի խոհանոց։ Պահարանից հանեցի դանակը։ Գիտեի, թե որն է պետք հանել։ Այնտեղ հատուկ դանակ կար այդ «արարողության» համար՝ երկար ու նեղ։
Միացրի գազը։ Դանակը դրեցի վրան։ Նայում էի կրակին ու մտածում, որ չեմ ուզում, որ մայրս հիմա գա ու փրկի մեզ։ Որովհետև նրան էլ կծեծի։ Մամա՛, խնդրում եմ, դեռ մի՛ արի։
Ձմեռ էր։ Ես տաք զուգագուլպա էի հագել։ Նստեցի հյուրասենյակի բազմոցին։ Նա ասաց․ «Հանիր զուգագուլպաներդ»։ Ես հանեցի (հիշում եմ՝ դրանք միշտ արագ պատռվում էին գիրությանս պատճառով)։
Ձեռքերս ծնկներիս դրեցի, աչքերս փակեցի։ Մայրի՛կ, խնդրում եմ, դեռ մի արի։
Նա խոհանոցից բերեց շիկացած դանակը։ Եվ սկսեց դրանով ձեռքերս դաղել։ Հետո ոտքերս։Ես լռում էի։ Աչքերս բացեցի և տեսա, թե ինչպես է եղբայրս փորձում պահարանի վրա բարձրանալ։ «Այ քեզ հիմա՜ր, — մտածեցի, — կարծես սարդ-մարդը լինի»։
Չեմ հիշում, թե արդյոք ցավ էի զգում։ Հիշում եմ, թե ինչպես էր նա դիմացս նստել ծնկների վրա՝ դանակը ձեռքը, և նայում էր աչքերիս։ Ես էլ նրան էի նայում, և աչքերս ժպտում էին։ Ինձ համար շատ կարևոր էր չլացել, չպարտվել նրան։
Բայց արցունքներն, այնուամենայնիվ, սկսեցին հոսել։ Գուցե ցավից, գուցե վիրավորանքից։
Երկրորդ անգամ դա տեղի ունեցավ, երբ 16 տարեկան էի։ Ընկերուհուս հետ համերգ էի գնացել, հետո որոշեցինք պաղպաղակ ուտել։
Երբ տուն վերադարձա, պարզվեց, որ ինձ արդեն սկսել են փնտրել։
Ես հյուրասենյակի մեջտեղը կանգնած էի։ Հենց ջահի տակ։ Առաստաղից կախված էր գեղեցիկ հին ջահ՝ ութ «մոմով»։ Սակայն ես մինչև այսօր չեմ հասկանում, թե ինչու էր այդ տանը միշտ լույսի պակաս զգացվում։
Ես արդեն հասցրել էի տնային շորերս հագնել՝ հանելով հարևան Օլյայից վարձույթով վերցված զգեստը։ Նա դիմացս էր կանգնած։
Նա հարցրեց, թե որտեղ էի։ Ես պատասխանեցի։ Նա ապտակեց ինձ։ Ես մտածում էի, թե, ճիշտ ասելով, կխուսափեմ պատժից։ Սակայն երբ նա ինձ հարվածեց, ես պայթեցի, սկսեցի բղավել և նրան բռունցքներով հարվածել․
— Ես քեզ ճշմարտությունն ասացի։ Ի՞նչ իրավունք ունես։ Մենք ուղղակի պաղպաղակ էինք ուտում։
Մոտս հիսթերիա սկսվեց։ Ոչ թե որովհետև ապտակն ուժեղ էր, այլ որ այն անարդար էր։
Երրորդ անգամը տեղի ունեցավ, երբ ես գրեթե 26 տարեկան էի։ Մորս հետ հյուրասենյակում ենք, ֆիլմ ենք դիտում։ Արդեն մոտ ութ տարի է, նա մորս վրա ձեռք չի բարձրացրել այն բանից հետո, երբ մզկիթում, ձեռքը դնելով Ղուրանի վրա, երդվել է էլ նման բան չանել։ Երդվել է, որ մորս հետ վերադարձնի, երբ նա տնից փախչել էր՝ կոտրած քթով ու գլխի ճաքով։
Այս անգամ նա սկսեց վիրավորել կրտսեր քրոջս, իսկ մայրս նրան պաշտպանեց։ Հանկարծ նա ձեռքը տարավ-բերեց ու բռունցքով մորս գլխին հարվածեց։ Այն մասին, որտեղ ճաք կար։
Չեմ հիշում, թե ինչպես եմ բազմոցից վեր թռել ու հարձակվել վրան։ Հայհոյում էի, կծում, ծեծում։ Նա մազերիցս բռնեց և սկսեց ոտքով հարվածել որովայնիս։ Ողբայրս փորձում էր մեզ բաժանել։ Հանկարծ հայրս սեղանից վերցրեց ծանր ճենապակե մոխրամանն ու ցանկացավ նետել իմ ուղղությամբ։ Ես բղավեցի․ «Խփի՛ր, զզվանք, խփի՛ր։ Դատի եմ տալու քեզ»։ Նա մոխրամանը հետ դրեց տեղը։ Երբեմն կարոտում եմ իմ այն հանդգնությունը։
Կարոտում եմ նաև գրքերը։ Սովորելով հետևել նրա յուրաքանչյուր խոսքին, ես գրեթե դադարեցի խոսել, և անընդհատ կարդում էի։ Հիշում եմ, թե փոքր տարիքում ինչպես էի բազմոցին պառկած գիրք կարդում՝ Աստրիդ Լինդգրենի «Կարլսոնը, Պեպին և մյուսները» և անհասկանալի բառերի նշանակությունը մորիցս հարցնում, որը խոհանոցում աշխարհի ամենահամեղ կարտոֆիլով կարկանդակն էր պատրաստում։ Այդ կարկանդակները մինչ օրս կարոտում եմ։
19 տարեկանում, երբ դեռ համալսարանում էի սովորում, աշխատանքի տեղավորվեցի և աստիճանաբար սկսեցի շատ մեծ գումարներ վաստակել։ Տասը տարում կարողացա բնակարանի փող հավաքել և սկսեցի ծնողներիցս անջատ ապրել։
Հիմա 39 տարեկան եմ։ Երկու անգամ «փախչել եմ պսակադրությունից»․ փեսացուներին մերժել եմ վերջին պահին։ Պարբերաբար մորս տանում եմ այն վայրեր, որտեղ նա միշտ ցանկացել էր լինել։ Նրա հետ արդեն եղել ենք Վատիկանի թանգարաններում, Լացի պատի մոտ, Շղթայակապ կամրջի վրա։ Ցանկում մնացել է Էրմիտաժը, եգիպտական բուրգերն ու էլի շատ բաներ։
Մայրս ու հայրս ապրում են նույն վայրում՝ մեր նախկին բնակարանում, որտեղ հյուրասենյակում կախված է հին ջահը։ Հայրս ծերացել է։ Այցելում եմ նրանց շաբաթը մի –երկու անգամ։
Տարիներ շարունակ մի երազ էի տեսնում, որում հայրս խեղդում է մորս, ես կողքն եմ, բայց չեմ կարողանում ձայն հանել, մատս անգամ շարժել։ Մի անգամ համացանցում մի գիրք գտա, որտեղ գրված էր, թե ինչպես ներել ծնողներին։ Կարծես, դրանցից մեկն ինձ օգնեց։ Ես շատ բան գիտեի հորս մանկությունից, այդ պատճառով էլ դժվար չէր նրան փոքր պատկերացնել։ Ես պատկերացրի, թե ես ու նա մի սենյակում ենք, և ես տեսնում եմ, թե ինչպես է նրա հայրը նվաստացնում և ծեծում նրան։ Մտովի մոտեցա այդ փոքր լացող տղային և գրկեցի։ Ոչ ոտքերից»։