Ինչպե՞ս հաղթահարել հետպատերազմական սթրեսը․ աջակցության պետական ծրագրի մասին
Վերջին չորս ամիսներին Հայաստանում իրականացվում է հոգեբանական աջակցության պետական ծրագիր պատերազմի մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների համար։
Մինչ օրս հոգեբանի ծառայությունից օգտվել է շուրջ 1150 շահառու, անցկացվել է ավելի քան 6200 սեանս։
Հոգեբանական վերականգնման ծառայությունների մատուցման ծրագրի կառավարիչ Արտակ Գրիգորյանի փոխանցմամբ՝ 60-ից ավելի հոգեբաններ են աշխատում պատերազմական գործողությունների մասնակիցների ու նրանց ընտանիքի անդամների, զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև պատերազմի արդյունքում տեղահանված անձանց հետ։
«Հոգեբաններն աշխատում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում՝ շարժական խմբերով։ Ակտիվ աշխատանք են տանում», — մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ եթե տեմպերը պահպանվեն, մինչև տարեվերջ ևս 300-350 շահառու կունենան, սեանսների թիվը կհասնի 9500-ի։ Իրականացված միջոցառումներն ու բյուջեն, սակայն, ծրագրի կառավարիչը բավարար չի համարում։ Ասում է՝ շահառուներն ավելի շատ են․
«Կարծում եմ՝ ծրագիրը պետք է ունենա շարունակականություն, որպեսզի մենք կարողանանք աշխատանքները բարեհաջող շարունակել նաև հաջորդ տարվա ընթացքում»։
Գրիգորյանի կարծիքը կիսում է նաև ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։
«Ծրագիրը տրամաբանական չի լինի այստեղ կանգնեցնել նաև այն պատճառով, որ տրավմայի խորը դեպքեր կան, որտեղ ընդամենը 8 հանդիպումը բավարար չէ։ Ինքս այսօր ավարտել եմ մի քաղաքացու հետ աշխատանքը՝ նկատելով, որ դեռևս խնդիրներ կան, պետք է շարունակել», — նշում է Գասպարյանը։
44-օրյա պատերազմում հերոսացածների, պատերազմի մասնակիցների թվի համեմատ պետական ֆինանսավորմամբ իրականացվող հոգեբանական աջակցության ծրագրի շահառուների թիվը փոքր է։ Հոգեբան Խաչատուր Գասպարյանն ասում է՝ պատճառներից մեկը հոգեբանական ծառայությունից օգտվելու մշակույթի բացակայությունն է:
«Պատճառներից մեկը այդ խարանի զգացումն է, որ մարդիկ ունեն հոգեբանին դիմելու հետ կապված, բայց կան նաև մի շարք այլ պատճառներ, օրինակ՝ գիտությունը փաստում է, որ երբեմն տրավման պատահում է մեկ օր, բայց նրա հակազդեցությունն այցելում է ամիսներ կամ տարիներ անց», — նշել է Գասպարյանն ու հավելել, որ հիմա գտնվում ենք հենց այն փուլում, երբ տրավմաները սկսում են ակտիվանալ։
Ուշադրության դժվարություններ, տրամադրության փոփոխականություն, տագնապայնություն, անքնություն․ հոգեբանը թվարկում է այն բոլոր նշանները, որոնց առկայությունը վկայում է, որ պատերազմով անցած անձը կամ նրա հարազատն ունի հոգեբանական աջակցության կարիք։ Խաչատուր Գասպարյանը հորդորում է անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմել մասնագետի [թեժ գիծ՝ 060 834 777]:
«Գիտական փաստ է այն, որ եթե տրավմայի հետ համապատասխան աշխատանք չի տարվում, այդ տրավմաները վերածվում են վարքի ապակառուցողական ձևերի, ինչպիսին են ալկոհոլիզմը, խաղամոլությունը և ագրեսիվ վարքի տարաբնույթ դրսևորումները», — ընդգծում է հոգեբանը։
Հոգեբանական աջակցության պետական ծրագիրը համակարգում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ ծրագրի բյուջեն 100 մլն դրամ է, գործադիրն այն հաստատել է այս տարվա փետրվարին։ Մայիսի վերջից ծրագիրն արդեն գործում է։
Անդրանիկ Հակոբյանը ծրագրի երկարաձգումը հնարավոր է համարում։ Ասում է՝ ամեն բան պարզ կլինի, երբ դեկտեմբերին ամփոփեն արդյունքներն ու ներկայացնեն կառավարությանը։ Նաև հիշեցնում է, որ այս ծրագրից բացի հոգեբանական խորհրդատվություն են մատուցում ինչպես ԱԻՆ-ը, այնպես էլ պաշտպանության նախարարությունը։