«Ռիկոշետ» Հայաստանի վրա․ ինչպե՞ս կտուժի տնտեսությունը Ուկրաինայի պատերազմի հետևանքով
2022 թ․-ին Հայաստանն ակնկալում էր ամբողջությամբ հաղթահարել կորոնավիրուսային համաճարակի բացասական հետևանքները և ապահովել առնվազն 5 տոկոսով ավելի տնտեսական աճ, քան նախորդ տարի։ Այդ մասին վկայում էին ինչպես կառավարության, այնպես էլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների նախնական կանխատեսումները։ Սակայն Ուկրաինայի պատերազմը և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները փոխեցին ամեն ինչ։
Այժմ միջազգային հեղինակավոր ֆինանսական կառույցներն ու վարկանիշային գործակալությունները վերանայում են աշխարհի երկրների տնտեսությունների աճի նախնական կանխատեսումները։ Հայաստանում դրանք արդեն իսկ կտրուկ նվազել են։ Մանրամասն վերլուծություն՝ ինչո՞վ է դա բացատրվում:
Ի՞նչ հույսեր կարող է ունենալ Երևանը հիմա
Fitch վարկանիշային գործակալությունը առաջինը կտրուկ նվազեցրեց Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` ի սկզբանե նշված 5,3%-ը փոխարինելով 1,3%-ով։ Եվ ահա թե ինչպես է կառույցը բացատրել իր եզրակացությունը.
«Ուկրաինայի հակամարտության հետ կապված սահմանափակումները և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեզ ստիպել են կտրուկ վերանայել 2022 թվականի մեր կանխատեսումը՝ աճից նվազման, քանի որ արտահանման աճը (հատկապես դեպի Ռուսաստան) կանգ է առել և տրանսֆերտները (հետևաբար տնային տնտեսությունների սպառումը) նվազում են»:
Միաժամանակ Fitch-ի վերլուծաբանները կանխատեսում են, որ 2023 թվականին Հայաստանի տնտեսության աճը կկազմի 4,2 տոկոս։ Գործակալությունը նաև բերում է որոշ վիճակագրական տվյալներ, որոնք ուղղակիորեն վկայում են ՌԴ տնտեսական իրավիճակից Հայաստանի որոշակի կախվածության մասին։ Այսպես, 2021 թ․-ի դրությամբ՝ Ռուսաստանին բաժին է ընկել ապրանքների արտահանման 28%-ը, ներմուծման 37%-ը և զբոսաշրջային այցելությունների, օտարերկրյա ուղղակի ներդրումների և Հայաստան կատարվող դրամական փոխանցումների 40%-ը։
Fitch-ից հետո Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը վերանայել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամը։
«Չնայած Հայաստանի վրա գործընթացների ազդեցության չափի վերաբերյալ զգալի անորոշություն կա, քանի որ իրավիճակը դեռ զարգանում է, մեր նախնական գնահատմամբ՝ 2022 թ․-ին հանրապետության տնտեսությունն ամեն դեպքում կաճի։ Բայց այդ աճը կկազմի մոտ 1,5%, ինչը շատ ավելի ցածր է, քան մինչ այս սպասվում էր»։
Ավելի վաղ ԱՄՀ-ն այս տարվա համար կանխատեսել էր 5,25% աճ։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով Հայաստանի տնտեսության խոցելիության մեջ վստահ են ոչ միայն միջազգային ֆինանսական և վերլուծական կառույցները։ ՀՀ կենտրոնական բանկը նույնպես վերանայել է ի սկզբանե հայտարարված թվերը։ Ուկրաինական իրադարձությունների ֆոնին Կենտրոնական բանկը նվազեցրեց իր կանխատեսումը 5,3%-ից մինչև 1,6%, բացի այդ, հերթական անգամ բարձրացրեց հիմնական տոկոսադրույքը՝ գնաճը զսպելու համար։ Այն արդեն հասել է 9,25%-ի։
Արտահանում ռուբլու ցածր փոխարժեքով
Հայաստանի տնտեսությունը, չնայած բավականին լավ ներքին դիվերսիֆիկացմանը, արտաքին շուկաների առումով հիմնականում կապված է Ռուսաստանի հետ։ Հյուսիսային հարևանին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման գրեթե մեկ երրորդը, և այս ցուցանիշը տարիների ընթացքում չի նվազում։ Հատկանշական է, որ հայկական բիզնեսը Ռուսաստան է արտահանում ոչ թե հանքարդյունաբերության արտադրանք, ինչպես Չինաստանի դեպքում, այլ մշակող արդյունաբերության ողջ սպեկտրը։ Դրանք են պահածոները, թեթև արդյունաբերության արտադրանքը, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքները։
Տարբերությունն ավելի հասկանալի դարձնելու համար պետք է հաշվի առնել, որ նույն պղինձը, որն առաջինն է Հայաստանի արտահանման ապրանքների ցանկում, վաճառվում է բորսայական գներով։ Իսկ դրանք վերջին շրջանում պահպանում են բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշները։
Ինչ վերաբերում է սպառողական ապրանքներին, ապա ռուբլու փոխարժեքի ցանկացած տատանում ազդում է ռուսական խանութներում հայկական ապրանքների մրցունակության վրա, քանի որ այդ ապրանքների դիմաց վճարումները կատարվում են դոլարով։ Իսկ հայ արտադրողների հյութը, որը պատերազմից առաջ արժեր 2 դոլար (150 ռուբլի՝ մինչպատերազմական փոխարժեքով), ռազմական գործողությունների սկսվելուց հետո Ռուսաստանում արդեն շատ ավելի թանկ էր (պատահում էր, որ մեկ դոլարն արժեր 120 ռուբլի)։
«Ռուսական ռուբլու 10 տոկոս արժեզրկումը նշանակում է, որ ռուսական խանութների դարակներում հայկական ապրանքները մեկ օրում կթանկանան 10 տոկոսով։ Սա իր հերթին հանգեցնում է որոշակի շուկաների կորստի կամ վաճառքի ծավալների կրճատման։ Եթե անցած տարիներին Հայաստանից Ռուսաստան արտահանման 20 տոկոսից ավելի աճ ենք ունեցել, ապա այս տարի դժվար կլինի նույն դինամիկան ապահովել»,- կարծում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վիճակագրության ամբիոնի վարիչ Արմեն Քթոյանը։
Այսպիսով, Ռուսաստանում հայկական ապրանքները դառնում են պակաս մրցունակ, ինչը չի կարող չազդել առաքումների ծավալի վրա։ Իսկ դա նշանակում է ավելի ցածր ծավալներ տեղական արտադրողների համար, որոնց համար չափազանց դժվար կլինի ավելորդ ծավալներն ուղղորդել այլ շուկաներ: Բավական է նշել, որ 2021 թ․-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը դրամական արտահայտությամբ ռեկորդային է եղել՝ 842 մլն դոլար, ինչը 24,5 տոկոսով ավելի է 2020 թ․-ի համեմատ։
Էլ ինչի՞ վրա կազդի ռուբլու ցածր փոխարժեքը
Որքան էլ Հայաստանի համար ցավալի լինի, բայց երկիրը շարունակում է կախված մնալ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից։ Տրանսֆերտների հոսքերը վերջին տարիներին, այդ թվում՝ Ղրիմի իրադարձություններից հետո նվազել են այնպես, ինչպես միգրանտների թիվը, ովքեր ամեն տարի մեկնում են սեզոնային աշխատանքի: Սակայն գրեթե 1 միլիարդ դոլար ընդհանուր գումարը, որը Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել անցյալ տարի, դեռևս կարևոր կետ է Հայաստանի տնտեսության համար։
«Մինչև 2014 թվականը մենք Ռուսաստանից տարեկան ստանում էինք առնվազն 1,5 միլիարդ դոլար։ 2015 թ․-ից այս ցուցանիշը կտրուկ նվազել է։ 2015-2021 թթ․ ֆիզիկական անձինք Հայաստան են փոխանցել ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիարդ դոլար»,- ասում է Արմեն Քթոյանը։
Ռուբլու արժեզրկումը այս ցուցանիշի վրա կազդի ոչ միայն փոխարժեքի տարբերությունների առումով։ Այս հանգամանքը, փաստորեն, անօգուտ է դարձնում հազարավոր միգրանտների մեկնումը Ռուսաստան։ Եթե նախկինում նրանք ամսական պայմանական 60 հազար ռուբլի էին վաստակում, որից առնվազն 50-ը տուն էին ուղարկում, ապա հիմա դժվար է պատկերացնել, որ կկարողանան ավելին վաստակել։ Իսկ ռուբլու ցածր փոխարժեքն այս գումարն աննշան է դարձնում անգամ հայաստանյան աշխատավարձերի չափորոշիչներով։
Ռուբլու փոխարժեքն այժմ գտնվում է շեղումների փուլում, այսինքն՝ դրա վրա ազդում է ցանկացած դրական կամ բացասական նորություն։ Սակայն միջնաժամկետ հեռանկարում դժվար է պատկերացնել, որ ռուսական արժույթը կվերադառնա գոնե 2022 թ․-ի փետրվարի կեսերի ցուցանիշին։ Ուստի հայ աշխատանքային միգրանտներից ոմանք կհրաժարվեն Ռուսաստան մեկնելու մտքից, իսկ մյուսները ավելի քիչ գումար կուղարկեն տուն, ինչն ուղղակիորեն կազդի հազարավոր ընտանիքների գնողունակության վրա։
Հայաստանի տնտեսության վրա ազդող գործոնները
Շատ գործոններ անուղղակիորեն կազդեն Հայաստանի տնտեսության ցուցանիշների վրա։ Դրանցից գլխավորներից է Ռուսաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վատթարացումը։ Պարզ ասած՝ պատժամիջոցների պատճառով ռուսաստանցիները քիչ փող կունենան, հետևաբար՝ ավելի քիչ կծախսեն։ Սա ևս հարվածելու է ռուսական խանութների հայկական ապրանքների վաճառքին։
Մյուս կարևոր գործոնը ներդրումներն են։ Ռուսաստանն այստեղ առաջատարն է նաև ուղղակի ներդրումների առումով։ Առաջիկա տարիների համար Հայաստանի կառավարությունը հայտարարել է ռուսական կապիտալի մասնակցությամբ մի շարք խոշոր նախագծերի իրականացման մասին, այդ թվում՝ նոր ատոմակայանի և պղնձի վերամշակման գործարանի։ Քիչ հավանական է, որ ռուսական բիզնեսը կարողանա կամ ցանկանա բազմամիլիարդանոց ներդրումներ կատարել ներկայիս և առաջիկա հզոր ճնշման պայմաններում:
Հիմնական հարցը, որից, ըստ էության, այժմ կախված է Հայաստանի տնտեսության կորուստների ծավալը, այն է, թե որքան կտևի ուկրաինական ճգնաժամը։ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը և գործընկերները Ռուսաստանի դեմ սահմանում են նոր պատժամիջոցներ, որոնք, ի թիվս այլ բաների, ուղղված են արդյունաբերության որոշ ոլորտների։ Այս ամենն այս կամ այն կերպ ազդում է Հայաստանի վրա։
«Սա ավելի սուր իրավիճակ է, քան այն, ինչ 2014 թվականին էր [Ղրիմի իրադարձությունները և Դոնբասի պատերազմը – JAMnews]։ Իհարկե, այս ամենը բացասական հետևանքների կհանգեցնի տնտեսական հեռանկարների և ռուբլու փոխարժեքի առումով։ Սակայն երկարաժամկետ հեռանկարում՝ հակամարտությունը կարգավորելուց հետո այս ցնցումը որոշակիորեն կփոխհատուցվի»,- նկատում է տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։
Դրական նորություն Հայաստանի տնտեսության համար
Ուկրաինական ճգնաժամը և դրա հետևանքները ընդհանուր առմամբ ընդգծված բացասական հետևանքներ են թողնում Հայաստանի տնտեսության վրա։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի դեմ պատժամիջոցները հանգեցրել են հազարավոր երիտասարդ ռուս մասնագետների հեռանալուն: Նրանց զգալի մասը եկել է Հայաստան։ Պաշտոնական տվյալներ դեռ չկան, բայց արդեն մի քանի շաբաթ է՝ Երևանի բոլոր հյուրանոցները լեփ-լեցուն են, դժվար է վարձով բնակարան գտնել։
Ընկերություններ են տեղափոխվում Հայաստան։ Էկոնոմիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ Ուկրաինայում ռազմական գործողությունների երեք շաբաթների ընթացքում Հայաստանում բացվել է շուրջ 250 նոր ֆիրմա, մոտ 900 մարդ դարձել է անհատ ձեռներեց։ Նոր ձեռնարկությունների առյուծի բաժինը բաժին է ընկնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։
Եվ սա դեռևս համարվում է դրական գործոն, քանի որ ՏՏ-ն Հայաստանում ավանդաբար զարգացած ոլորտ է, տարեկան աճը կազմում է 20-30 տոկոս։ Միևնույն ժամանակ, փորձագետները մշտապես խոսում են երկրի ներսում որակյալ կադրերի պակասի և հինգից վեց անգամ ավելի շատ աշխատուժի անհրաժեշտության մասին, քան այժմ առկա է։
Ամեն դեպքում Հայաստանի տնտեսությունն ու բիզնեսը ստիպված կլինեն աշխատել նոր պայմաններում։ Կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ակնկալվում են զգալի վնասներ, որոնք ակնհայտորեն կազդեն տնտեսական աճի տոկոսի վրա։ Երկարաժամկետ հեռանկարում Երևանը պետք է դիվերսիֆիկացնի իր արտահանման շուկաները և խելամտորեն ընդունի արտագաղթած ռուսական կապիտալը։