Ինչպե՞ս են պատրաստվում Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուները լուծել բնապահպանական խնդիրները
Հոկտեմբերի 21-ին Թբիլիսիում նոր քաղաքապետ կընտրեն: Նախընտրական քարոզարշավի նորարարություններից մեկն այն է դարձել, որ քաղաքապետի բոլոր թեկնածուներն իրենց նախընտրական ծրագրերում ուշադրությունը սևեռում են բնապահպանական խնդիրների, քաղաքի կանաչապատման և օդի աղտոտման վրա: Ոչ նախագահական, որ խորհրդարանական կամ տեղական ընտրություններում բնապահպանական թեմաներն առաջնահերթ չեն եղել. նախընտրական քարոզարշավներում տվյալ հարցի մասշտաբային ներառումը նորություն է Վրաստանում, որն օբյեկտիվ պատճառներ ունի:
Կանաչապատ ծածկույթի կրճատումը, անկանոն ավտոմոբիլային երթևեկությունը, ցածր որակի վառելիքը, առանց սանիտարական նորմերի պահպանության շինարարությունը հանգեցնում են նրան, որ Թբիլիսիում օրեսօր ավելի վտանգավոր է դառնում ապրել օդի աղտոտման պատճառով:
Վերջին տարիներին առաջին անգամ քաղաքական կուսակցությունները տեղական ինքնակառավարման մարմինների 2017թ-ի ընտրություններից առաջ հասարակական պատվեր զգացին. NDI-ի 2017թ-ի հուլիսի հաշվետվության համաձայն՝ թբիլիսցիների 44%-ը շրջակա միջավայրի աղտոտումը մեծ խնդիր է համարում, 23%-ը կարևոր է համարում կանաչապատումն ու այգիների պահպանումը: Բնապահպանության ազգային գործակալության տվյալներով՝ Թբիլիսիում օդի անալիզն ի հայտ է բերել ազոտի դիօքսիդի և այլ վտանգավոր նյութերի կրիտիկական բարձր մակարդակ:
Օդի աղտոտման հիմնական պատճառները կանաչ ծածկույթի ոչնչացումն է, ինչպես նաև հին ու անսարք մեքենաների արտանետումները:
2017թ-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ քաղաքապետի գրեթե բոլոր թեկնածուներն իրենց ծրարգերում ներառել են Թբիլիսիի բնապահպանական խնդիրները լուծելու խոստումներ: Ի՞նչ պլաններ ունեն նրանք այդ հաշվով:
Մենք ուսումնասիրել ենք ամենավարկանիշային 4 թեկնածուների խոստումները:
Կախա Կալաձե՝ «Վրացական երազանք»
Իշխող կուսակցության թեկնածու Կախա Կալաձեն ասում է, որ բնապահպանությունն իր համար առաջնահերթ ուղղություն է:
Կալաձեի կարծիքով՝ Թբիլիսիում շրջակա միջավայրն ամենաշատն աղտոտում են տրանսպորտն ու շինարարները:
«Կարևոր է նաև պահպանել այգիները, հանգստի գոտիները, դրանց զարգացումը: Անհրաժեշտ է քաղաքի բնապահպանական զարգացման միասնական մոտեցում, որպեսզի այն իրոք կյանքով լի լինի», — հայտարարել է Կախա Կալաձեն՝ ներկայացնելով իր նախընտրական ծրագիրը:
Նա կարծում է, որ բնապահպանական իրավիճակը բարելավելու համար անհրաժեշտ է վերականգնել ավտոմեքենաների անպայման տեխզննումը, թարմացնել մունիցիպալ ավտոպարկը, խթանել էլեկտրամոբիլների շահագործումը, զարգացնել ճոպանուղիները:
Զաալ Ուդումաշվիլի՝ «Ազգային շարժում»
Այս թեկնածուն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում իր հաղթանակի դեպքում խոստանում է բնապահպանական ծառայության ղեկավարի բաց ընտրություններ անցկացնել: Նա խոստանում է, որ նախկին ձիարշավարանի տարածքը կանաչ գոտու կվերածի:
«Կգնենք նախկին ձիարշավարանի տարածքն այնտեղ կենտրոնական այգի կառուցելու համար: Նոր այգիներ կկառուցենք նախկին կենդանաբանական այգու և Օրթաչալայի «կառավարական քաղաքի» տարածքում: Կբարեկարգենք և կկանաչապատենք պուրակներն ու բակերը: Բաց ռեժիմով հանրային կերպով կընտրենք շրջակա միջավայրի պահպանության ծառայության ղեկավարին», — ասում է «Ազգային շարժման» քաղաքապետի թեկնածուն:
Կալաձեի պես Ուդումաշվիլին նույնպես կարծում է, որ մայրաքաղաքում բնապահպանական խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ է վերականգնել տեխզննումը, սակայն պլանավորում է դա փուլ առ փուլ անել:
«Քաղաքում պետք է անպայման երթևեկեն սարքին ավտոմեքենաներ: Երևի թե այդ հարցին չի կարելի կոշտ մոտեցում ցուցաբերել: Բոլոր այն չափանիշները, որոնք ընդունված են Եվրամիությունում, մենք մի օրում չենք ներդնի, պետք է հաշվի առնել վարորդների մեծամասնության սոցիալական դրությունը: Երևի պետք է փուլ առ փուլ գործել, ինչը վերջնական ադյունքում կբերի նրան, որ քաղաքում կսկսեն երթևեկել սարքին մեքենաներ: Չի կարելի թույլ տալ, որպեսզի փողոցում ավտոմեքենաներ երթևեկեն, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդու առողջությանը», — հայտարարել է Ուդումաշվիլին:
Էլենե Խոշտարիա՝ «Եվրոպական Վրաստան»
«Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածու Էլենե Խոշտարիան գլխավոր շեշտը դնում է հանգստյան գոտիների ստեղծման և կանաչ ծածկի վերականգնման վրա: Ուդումաշվիլիի պես նա խոստանում է իր հաղթանակի դեպքում Թբիլիսիում կենտրոնական այգի կառուցել:
«Կենտրոնական այգուց բացի մենք անպայման պետք է հանգստյան գոտիներ ստեղծենք, վերականգնենք քաղաքի կանաչ ծածկույթը: Օրինակ, Ավչալայում ես տեսել եմ մեղվաբույծների զարմանալի ավան: Այնտեղ ամեն ինչ չորանում է, պետք է հոգածություն ցուցաբերել, և այդ վայրը կվերածվի հիանալի հանգստյան գոտու: Նույնն էլ՝ Խուդադովյան անտառը: Ինչպես նաև դենդրոպարկը: Կան բազմաթիվ վայրեր, որոնք խնամք են պահանջում, որտեղ պետք է զարգացնել ենթակառուցվածքը, մարդիկ պետք է հնարավորություն ունենան հասնելու այնտեղ: Այդ պլաններն իրագործելով՝ մենք կսկսենք ապրել մի քաղաքում, որում տեղ չի լինի «շունչս կտրվում է» կամ «օդ չկա» արտահայտությունների համար: Թբիլիսին կարելի է վերածել մի քաղաքի, որտեղ թոշակառուները լաց չեն լինի, մարդիկ աշխատանք կունենան, իսկ օդը մաքուր կլինի», — ասում է Էլենե Խոշտարիան:
Ալեկո Էլիսաշվիլի՝ անկախ թեկնածու
Թբիլիսիի քաղաքապետի անկախ թեկնածու Ալեկո Էլիսաշվիլին բնապահպանական իրավիճակն «աղետալի» է անվանում և խնդրի լուծման համար առաջարկում է նոր արմատական միջոցներ: Հաղթանակի դեպքում նա խոստանում է քառապատկել կանաչապատ տարածքների մակերեսը:
«Օդի աղտոտման 90%-ն առաջանում է տեխնիկապես անսարք մեքենաների, հանրային տրանսպորտի արտանետումներից, ծծմբի դիօքսիդի պարունակությունը եռակի գերազանցում է թույլատրելի նորմը: Որպես հետևանք սարսափելի կերպով հաճախակի են դարձել օնկոլոգիական հիվանդությունները: Աղտոտման և արտանետումների դեմ պայքարի համար անհրաժեշտ է, որպեսզի քաղաքում գործի սարքին տրանսպորտ: Կանաչապատումը հաշվարկվում է մեկ բնակչին բաժին ընկնող քառակուսի մետրով, այլ ոչ թե հատով: 80-ականներին մեկ թբիլիսցուն բաժին էր ընկնում 12 քառակուսի մետր կանաչ տարածք: Այսօր այդ ցուցանիշը նվազել է մինչև 3 քառակուսի մետրից պակաս», — ասում է Ալեկո Էլիսաշվիլինի և ընդգծում, որ ընտրություններում հաղթանակ տանելու պարագայում նա կքառապատկի կանաչ ծածկույթի մակերեսը:
Մյուս թեկնածուների պես Էլիսաշվլին էլ է կարծում, որ անհրաժեշտ է խստացնել շինարարական նորմերը:
«Լիովին իրական է 4 տարվա ընթացքում 100 հազարով կրճատել մեքենաների քանակը: Դա նշանակում է, որ ածխաթթու գազի քանակը կկրճատվի 450 հազար տոննայով, ինչն իրոք փրկություն կլինի Թբիլիսիի համար: Հաղթանակի դեպքում ես չեմ պատրաստվում իրականացնել ծրագրեր, որոնք հաշվարկված են 4 տարվա կամ մեկ ընտրական ցիկլի համար: Քաղաքը պետք է ունենա զարգացման 20-ամյա պլան, որում նախատեսված կլինի մեքենաների քանակի կրճատում մինչև նվազագույն ցուցանիշ և էլեկտրատրանսպորտի զարգացման խթանում», – ասում է Էլիսաշվիլին:
* Օգտագործվել են լուսանկարներ Թբիլիսիի քաղաքապետի թեկնածուների ֆեյսբուքյան պաշտոնական էջերից