Ի՞նչ ստացան և չստացան Հայաստանն ու Ադրբեջանը՝ ըստ նոր համաձայնագրի, և ինչպե՞ս են բացվելու ճանապարհները
Եռակողմ համաձայնագիրը, որը Մոսկվայում ստորագրել են հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները, սկսում է Հարավային Կովկասի տրանսպորտային ուղիների բացման գործընթաց, որոնք ղարաբաղյան հակամարտության պատճառով փակ են արդեն ավելի քան 30 տարի։ Սա շահեկան է բոլոր երեք երկրների, ինչպես նաև Թուրքիայի համար։
Վերլուծություն՝ երկու ուղղությամբ․
- Ինչպե՞ս են առաջացել տրանսպորտային փակուղիները Հարավային Կովկասում, և ինչպե՞ս դրանք կարող են բացվել։
- Ռազմագերիների խնդիրն ու Արցախում ռուսական նոր ռազմաբազայի փաստացի ստեղծման սպառնալիքը․ ի՞նչ չկա նոր համաձայնագրում, բայց շատ կարևոր է Հայաստանի և Ադրբեջանի համար։
- Հայաստանն ու Ադրբեջանը կկապեն տրանսպորտային միջանցքներ․ մոսկովյան հանդիպման արդյունքները
- Ռուսաստանը նպատակ ունի ռազմաբազա ստեղծել Ադրբեջանում․ մեկնաբանություն Բաքվից
- Հայաստան-Ադրբեջան․ «նոր հին սահման», ինչո՞ւ են այդքան խնդիրներ առաջանում սահմանագծման ժամանակ
- Մոսկվա-Սուխում/ի-Թբիլիսի-Երևան
Ինչպե՞ս են առաջացել տրանսպորտային փակուղիները Հարավային Կովկասում, և ինչպե՞ս դրանք կարող են բացվել
Մոսկվայում կայացած հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել երեք երկրների փոխվարչապետների գլխավորությամբ աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը զբաղվելու է «տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաարգելափակմամբ»։
Խոսքը երկու հիմնական ուղղությունների մասին է։
1.
Միջանցք՝ Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի դրա անկլավ Նախիջևան, այնուհետև՝ Թուրքիա (կամ Վրաստան)։ Ճանապարհը պետք է անցնի Հայաստանի Սյունիքի մարզի տարածքով (քարտեզի վրա նշված է կարմիր գույնով)։
2.
Երևանից դեպի Սյունիք երկաթուղի, որն անցնելու է Ադրբեջանի՝ Նախիջևանի տարածքով և հասնելու է Ռուսաստան։ Առանձին ճյուղը կմիացնի նաև Հայաստանն Իրանին (քարտեզի վրա երկու ճյուղերն էլ մանուշակագույն են)։
Երկու երթուղիներն էլ՝ թե՛ ավտոմոբիլային, թե՛ երկաթուղային, ակտիվորեն օգաշտագործվում էին խորհրդային տարիներին։ Սակայն երկուսն էլ ամբողջությամբ փակվեցին 1990-ականների սկզբից, երբ սկսվեց ղարաբաղյան պատերազմը։
Այս տրանսպորտային ուղիների փակումից տուժեցին ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև Ռուսաստանն ու Թուրքիան։
Շուտով, ղարաբաղյան հակամարտության մեկնարկից հետո, սկսվեց վրաց-աբխազականը, և փակվեց նաև երկրորդ հիմնական երկաթուղային/ավտոմոբիլային ճանապարհը Հարավային Կովկասում։ Հայաստանը կորցրեց հարմար ելքը դեպի Ռուսաստան՝ իր գլխավոր դաշնակից։ Ռուսաստանն ու Թուրքիան կորցրին տարանցիկ երկաթուղային երթուղուց օգտվելու հնարավորությունը։
Որպես հետևանք՝ վերջին 30 տարում Հայաստանից երկաթուղին գործում է միայն մինչև Թբիլիսի։ Իսկ Ռուսաստանից ապրանքը կարող է փոխադրվել միայն Վրաստանի Ռազմավրացական ճանապարհով, որը տանում է դեպի Վլադիկավկազ։ Այդ ճանապարհը, սակայն, նեղ է ու անհեռանկար, բացի այդ, հաճախ երկար ժամանակով փակվում է ձմռանը ձյան և տարվա ցանկացած եղանակին սողանցքների պատճառով։
Հայաստանն Իրանի հետ լավ առևտրային հարաբերություններ ունի։ Սակայն այստեղ էլ դրանց զարգացմանը խոչընդոտում է տրանսպորտային խնդիրը․ երկու երկրները կապում է միայն մեկ բարդ լեռնային ճանապարհ։
Եզրակացություն․
Նոր համաձայնագիրը լուծում է բոլոր չորս շահագրգիռ կողմերի տնտեսական խնդիրները։
- Ադրբեջանը ստանում է ճանապարհ դեպի իր ինքնավարություն՝ Նախիջևան, և Թուրքիա։
- Հայաստանի համար բացվում են հարմար երկաթուղային ճանապարհներ դեպի Ռուսաստան և Իրան։
- Ռուսաստնն ու Թուրքիան ստանում են տարանցիկ երթուղի երկու երկրների համար կարևոր Հարավային Կովկասի տարածքով։
Արդեն ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ, և այն գլխավորելու են երեք երկրների փոխվարչապետները։ Հայտարարվել է, որ ենթակառուցվածքների զարգացման հստակ առաջարկներ են ներկայացվելու ամենասեղմ ժամկետներում։
Սակայն, այնուամենայնիվ, այս նախագիծը հազիվ թե կարելի է իրականանալի համարել մոտ ապագայում։ Դրա իրականացման համար անհրաժեշտ է ոչ միայն վերականգնել ժամանակի և պատերազմների ընթացքում մեծապես տուժած ճանապարհները։ Պետք է նաև քաղաքական և հանրային աջակցություն Հայաստանում և Ադրբեջանում, իսկ դա հազիվ թե լինի մոտ ապագայում։
Առանձին խնդիր է այն, որ նոր համաձայնագրից դուրս են մնացել Երևանի և Բաքվի քաղաքական պահանջները, առանց որոնց դժվար է պատկերացնել համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը։
- «Արյուն, քրտինք, արցունքներ և կոմպետենտ կառավարում»․ ճգնաժամից Հայաստանի ելքի բանաձևը՝ քաղաքագետից
- Հայաստանի 62 քաղաքացի Ադրբեջանում. ռազմագերինե՞ր, թե՞ դիվերսանտներ
- Մեղրիով՝ Նախիջևան ճանապարհ․ Հայաստանը տարածքնե՞ր է հանձնում, թե՞ ապաշրջափակվում
Ռազմագերիների խնդիրը ու Արցախում ռուսական նոր ռազմաբազայի փաստացի ստեղծման սպառնալիք․ ի՞նչ չկա նոր համաձայնագրում
Մոսկովյան հանդիպիումից առաջ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում էր, թե ինչ հարցեր պետք է դառնան բանակցությունների առարկա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուզում էր Ադրբեջանից հայ ռազմագերիների վերադարձի մասին պայմանավորվածություն ձեռք բերել։ Ենթադրաբար, խոսքը 62 զինվորականների մասին է, և խնդիրն այն է, որ Բաքուն նրանց դիվերսանտ է համարում, որոնք պետք է կանգնեն դատարանի առաջ։ Հայաստանի համար նաև կարևոր և ցավոտ է Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավիճակի հարցը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, ըստ ամենայնի, ցանկանում է լուծել ռուս խաղաղապահների հետ կապված խնդիրները։ Փորձագետներն ու սոցցանցերն ակտիվորեն քննադատում են նրանց շատ գործողություններ, որոնք դուրս են նրանց լիազորությունների շրջանակից։
Սակայն երբ Պուտինը ճեպազրույցի ժամանակ ամփոփում էր բանակցությունների արդյունքները, նա նույնիսկ չհիշատակեց ոչ ռազմագերիների, ոչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրները։ Խաղաղապահների վերաբերյալ Պուտինը բացառապես դրական գնահատականներ հնչեցրեց, և նրան այդ հարցում սատարեցին և՛ Ալիևը, և՛ Փաշինյանը։
Տարածաշրջանի հետպատերազմյան զարգացումն, այսպիսով, հիմնված է լինելու միայն երկաթուղային և ավտոմոբիլային երթևեկության վերականգնումից ստացած ընդհանուր տնտեսական շահի վրա։
Եվ եթե Ադրբեջանում մեծ է քննադատությունը, բայց, ընդհանուր առմամբ, և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը սատարում են նախագահի գործելակերպը, ապա Հայաստանում գրեթե ողջ քաղաքական վերնախավը, այդ թվում՝ նախագահն, ու հասարակության զգալի մասը կտրականապես դեմ է վարչապետին և նրա հրաժարականն է պահանջում։
2021 թ-ին Հայաստանում կարող են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվել, որոնք, համապատասխանաբար, կարող են իշխանության բերել այլ առաջնորդների։