Ինչու՞ են Թբիլիսիում դադարեցրել մետրոյի աշխատանքները. քաղաքապետն ընդդեմ մեքենավարների
Հունիսի 3-ին Թբիլիսիի մետրոյի մեքենավարները խոշոր գործադուլ սկսեցին՝ պահանջելով աշխատավարձերի բարձրացում:
Առավոտից փակ են մետրոյի բոլոր կայարանները. ուղևորներին դիմավորում է «մետրոն փակ է. օգտվեք ավտոբուսներից: Երթուղին անվճար է» հայտարարությունը:
Մետրոյի աշխատանքների դադարեցման պատճառով քաղաքում երթևեկությունը դժվարացել է: Ավտոբուսների և երթուղայինների կանգառներում հերթեր են գոյացել: Գերծանրաբեռնվածության պատճառով ավտոբուսները հաճախ կանգառներում չեն կանգնում:
Ինչ են պահանջում մեքենավարները
Թբիլիսիի մետրոն այսօր ունի 250 մեքենավար: Նրանք աշխատում են ժամավճարով: Յուրաքանչյուր մեքենավար աշխատում է հերթափոխով՝ 6-8 ժամ, և մեկ ժամի համար ստանում 6,92 լարի (2,8 դոլար): Մեքենավարները կարծում են, որ հաշվի առնելով իրենց աշխատանքային պայմանները և պատասխանատվությունը՝ դա շատ փոքր գումար է, և պահանջում են իրենց աշխատավարձը բարձրացնել 45%-ով՝ մինչև 10լարի» (մոտ 4 դոլար):
Մեքենավարները աշխատավարձերի բարձրացում են պահանջում արդեն մի քանի ամիս՝ սպառնալով գործադուլ անել: Մայիսի 21-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը բավարարեց Թբիլիսիի տրանսպորտային ընկերության պահանջը և արգելեց մեքենավարներին գործադուլ անել աշխատանքային ժամերին:
Թբիլիսիի քաղաքապետ. մեքենավարներն առանց այն էլ բարձր աշխատավարձ են ստանում մյուսների համեմատ
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն առավոտյան հատուկ ճեպազրույց է ունեցել և հայտարարել, որ մեքենավարների գործադուլը «պարզապես ուղղված է մյուսների կյանքի վատթարացմանը», և քաղաքապետարանը չի պատրաստվում բավարարել նրանց պահանջները:
Կալաձեի գլխավոր փաստարկն այն է, որ «մեքենավարների աշխատավարձը, որը (հարկերը ներառյալ) կազմում է 1400-1800 լարի (560-730 դոլար), զգալիորեն գերազանցում է մանկավարժների, շտապօգնության բժիշկների, ոստիկանության և հրշեջ ծառայության պարեկների աշխատավարձը: (Չնայած որ իրենք՝ մեքենավարները, հակառակն են պնդում)»:
«Ինչու՞ մենք պետք է բարձրացնենք նրանց աշխատավարձը, իսկ մյուսներինը չբարձրացնենք»,- հարցադրում է կատարել քաղաքապետը և լրագրողներին ցույց տվել փաստաթղթեր, որոնցում նշված է մեքենավարների աշխատավարձը:
Կալաձեի խոսքով՝ մեքենավարներն առաջարկել են բարձրացնել իրենց աշխատավարձը երթուղու վճարը թանկացնելու հաշվին:
«Ես՝ որպես Թբիլիսիի քաղաքապետ, թույլ չեմ տա, որպեսզի քաղաքապետարանի կառույցներում աշխատավարձերի ավելացումն իրականացվի վճարների ավելացման կամ սոցիալական սուբսիդիաների կրճատման հաշվին»,- ասել է Կալաձեն:
Որպես իրավիճակից ժամանակավոր դուրս գալու միջոց՝ Կալաձեն խոստացել է ավելացնել երթուղիներում ավտոբուսների թիվը:
Մեքենավարներն ասում են, որ քաղաքապետը ստում է
Թբիլիսիի մետրոյի՝ գործադուլ անող մեքենավարները Netgazeti-ի հետ զրույցում ասում են, որ Կալաձեն մի քանի անգամ հնչեցրել է ոչ ճիշտ տեղեկատվություն՝ նպատակ ունենալով միմյանց հակադրել հանրությանը և մեքենավարներին:
- Առաջին.Մեքենավարների խոսքով՝ իրենք ստանում են մինչև 1150 լարի (մոտ 460 դոլար), և ոչ թե 1400-1600, ինչպես ասել է Կալաձեն:
«Մենք չենք պահանջել 1600 լարի աշխատավարձ: Թող Կալաձեն ստորագրի 1500-ի տակ, և մենք այսօր կդադարեցնենք գործադուլը»,- ասում է «Էրթոբա 2013» մեքենավարների միավորման ղեկավար Ռաթի Կապանաձեն: Նա լրագրողներին ցույց է տվել բանկային քաղվածք, որի համաձայն ինքն իսկապես ստանում է 1150 լարի աշխատավարձ: Ըստ պարբերականի՝ մյուս մեքենավարները ստանում են 1120, 1103 և 1189 լարի:
«Եթե մենք ստանայինք 1800 լարի աշխատավարձ և խնդրեինք այն բարձրացնել 45%-ով, մարդիկ կգժվեին: Մենք պահանջում ենք մեր աշխատավարձը բարձրացնել մինչև 1500 լարի (մոտ 600 դոլար)»,- ասում են մեքենավարները:
- Երկրորդ. Ինչպես ասում են մեքենավարները, «Կալաձեի երկրորդ սուտը» վերաբերում է իրենց պահանջներին: Մեքենավարները պնդում են, որ երբեք չեն պահանջել իրենց աշատավարձը բարձրացնել ուղեվարձի թանկացման հաշվին, և այդ մասին սկսել են խոսել իրենք՝ քաղաքապետարանի և տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները:
«Այս հասարակական փոխադրամիջոցից օգտվում են մեր մերձավորները, ընտանիքների անդամները, ինչպե՞ս մենք կարող էինք պահանջել բարձրացնել ուղեվարձը: Նրանք փորձում են մեզ գժտեցնել հասարակության հետ»,- ասում են մեքենավարները: [այս պահին Թբիլիսիի հասարակական տրանսպորտով 90 րոպեանոց երթուղին արժե 50 թեթրի (մոտ 0,20 դոլար), որի մեջ ներառված են մետրոն և ավտոբուսները]
Նրանց խոսքով՝ համեմատելով մեքենավարների և այլ մասնագիտությունների տեր մարդկանց աշխատավարձերը՝ քաղաքապետարանը փորձում է մարդկանց իրենց դեմ տրամադրել:
«Իրականում մենք պահանջում ենք, որպեսզի բարձրացվեն մեր և մետրոյում աշխատող մյուս մարդկանց աշխատավարձերը, այդ թվում մաքրողներինը, կայարանների հերթապահներինը և այլն: Նրանց մի մասը ստանում է 150, 300 կամ 400 լարի (մոտ 60, 120 և 160 դոլար)»,- ասում են մեքենավարները:
Նախքան գործադուլը՝ JAMnews-ի հետ զրույցում մեքենավարները նշել էին, որ մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատանքային պայմանները հատկապես ծանր են. նրանք կյանքի կեսն անցկացնում են գետնի տակ, որտեղ օդի պակաս կա, աղմուկ, փոշի և ուժեղ տատանումներ: Առողջության համար վտանգավոր են նաև օդում երկաթի խտությունը և էլեկտրամագնիսային ճառագայթման ազդեցությունը: Մեքենավարներն ասում են, որ աշխատանքային ծանր պայմանների պատճառով երբեմն իրենց 60%-ը չի հասնում կենսաթոշակային տարիքի:
Որպես աշխատանքի վարձատրման անհանավաստության օրինակ՝ մեքենավարները բերում են Թբիլիսիի տրանսպորտային ընկերության ղեկավարի աշխատվարձը, որը կազմում է ամսական 10 հազար լարի (մոտ 4000 դոլար):