Ինչո՞ւ «Վրացական երազանքին» դուր չեն գալիս ինքնակառավարում ունեցող քաղաքները
Այսօր Վրաստանում ինքնակառավարում ունեցող 12 քաղաք կա. այստեղ բնակչությունն ինքն է քաղաքապետ ընտրում, չնայած, հնարավոր է, որ այդ քաղաքների թիվն ապագայում կրճատվի մինչև 5-ը:
Իշխանությունները մտադիր են ինքնակառավարում ունեցող 12 քաղաքներից 7-ին զրկել ինքնակառավարումից:
Օրինագիծ դեռևս չկա, սակայն տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունում համապատասխան թեմատիկ քննարկում է վարվում:
Ինքնակառավարում ունեցող քաղաքի կարգավիճակից կարող են զրկվել Զուգդիդին, Օզուրգեթին, Գորին, Թելավին, Ախալցխան, Մծխեթան և Ամբրոլաուրին:
Իշխանություններն այդպիսի քայլը բացատրում են ֆինանսական ծախսերը կրճատելու անհրաժեշտությամբ: Վարչական ծախսերը նվազագույնը կրկնակի կկրճատվեն, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների պահպանման վրա հարկ չի լինի բյուջեից գումար ծախսել, կարծում են իշխանությունները:
Ինքնակառավարում ունեցող քաղաքների քանակի կրճատմանը կտրականապես դեմ են ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք համարում են, որ այդ միջոցը, հնարավոր է, և թեթևացնի բյուջեի ճնշումը, սակայն երկիրն ավելի շատ բան կկորցնի ժողովրդավարական զարգացման առումով:
«Ինքնակառավարում ունեցող քաղաքների կրճատումը միանշանակ հետքայլ է ինչպես ինքնակառավարման բարեփոխման, այնպես էլ երկրի ընդհանուր զարգացման առումով», — ասված է 120 ոչ կառավարական կազմակերպությունների հայտարարությունում:
Հետաքրքիր է, որ ինքնակառավարում ունեցող քաղաքի կարգավիճակ բնակավայրերը ստացել են 2014թ-ին՝ «Վրացական երազանքի» իշխանության գալուց հետո:
Դեռևս նախքան 2012թ-ի ընտրություններում «Վրացական երազանքի» հաղթանակը կուսակցությունը քննադատում էր Միխայիլ Սահակաշվիլիին չափազանց խիստ կենտրոնացման համար և խոստանում էր ինքնակառավարման բարեփոխումն այնպես իրականացնել, որ շրջանները կենտրոնից ավելի շատ անկախություն ունենան:
Այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է 2013թ-ին, երբ վրացական կառավարությունը հաստատել է «Ապակենտրոնացման և ինքնակառավարման զարգացման ռազմավարության հիմնական սկզբունքները», իսկ 2014թ-ին Վրաստանի խորհրդարանը «Ինքնակառավարման օրենսգիրք» է ընդունել:
Բարեփոխումների առաջին փուլում ինքնակառավարում ունեցող քաղաքների թիվն ավելացվեց: Այդ քաղաքների բնակիչներն իրենք էին քաղաքապետ և գամգեբելի (ադմինիստրացիայի ղեկավար) ընտրում անմիջական ընտրություններում:
Ինքնակառավարում ունեցող քաղաքներում սեփական եկամուտ, բյուջե և տեղական բնակչությանը հաշվետու իշխանություն հայտնվեց:
Չնայած այդ բարեփոխմանն՝ այնուամենայնիվ կենտրոնի հանդեպ պահանջներ էին առաջ քաշվում, որոնց իմաստն այն էր, որ շրջաններն իրական ինքնակառավարում չունեն, իսկ իշխանությունը շարունակում է կոպտորեն խառնվել նրանց գործերին: Այսօր, թվում է, «Վրացական երազանքը» պատրաստ է ետ կանգնել այդ ոլորտում իրենց խոստումներից:
Ընդդիմությունն ու փորձագետների մի մասն այդ նախաձեռնությունը կապում է տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրությունների հետ, որոնք կկայանան այս տարվա հոկտեմբերին:
«Ազգային շարժումը» պնդում է, որ հենց դա է գլխավոր պատճառը, որ իշխանությունն ուզում է 7 քաղաքների զրկել ինքնակառավարումից, քանի որ եթե ընտրություններ անցկացվեն, այդ քաղաքներում իշխանությունը կպարտի:
«Իշխանություններին անմիջական ընտրություններ պետք չեն, քանի որ դրանք զրկվել են բնակչության վստահությունից», — ասում է «Ազգային շարժման» անդամ Ռոման Գոցիրիձեն:
Տեղական ինքնակառավարման ոլորտի մասնագետ Դավիթ Լոսաբերիձեն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ, հնարավոր է, տեղական ինքնակառավարման մարմինների պահպանման ծախսերի կրճատման փոխարեն կենտրոնն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, վարչական ծախսերի ավելացում ունենա: Հետևաբար, «Վրացական երազանքի» խոստացած ապակենտրոնացման բարեփոխման շարունակությունը հակառակ ուղղությունն է ստացել:
«Քաղաքացիական մշակույթի միջազգային կենտրոնի» ղեկավար Կոտե Կանդելակին հրաժարվում է հասկանալ, թե ինչպես հանուն ծախսերի կրճատման կարելի է վերադառնալ կենտրոնացման:
«Ընդհանուր առմամբ, ժողովրդավարական ինստիտուտները թանկ հաճույք են, սակայն դրանց հաշվին տնտեսելն արդարացված չէ: Չնչին տնտեսում թույլատրվում է, սակայն անգամ դա կարող է անդառնալի հետևանքներ ունենալ», — հայտարարել է Կոտե Կանդելակին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում: