Ինչո՞ւ է Շուշի քաղաքն այդքան կարևոր հայերի և ադրբեջանցիների համար։ Երկու մեկնաբանություն
Արցախյան երկրորդ պատերազմը, որը սկսվել է 2020 թ-ի սեպտեմբերի 27-ին, ևս մեկ անգամ հաստատել է, թե որքան կարևոր է Շուշի քաղաքը և՛ հայերի, և ադրբեջանցիների համար։
Այժմ, երբ պատերազմը վճռորոշ փուլ է մտնում, քաղաքը կարևոր է որպես ողջ Արցախի պաշտպանության/գրավման ռազմավարական կետ։ Սակայն պատմականորեն այս քաղաքն իրենց «օրրանն» են անվանում երկու ժողովուրդներն էլ։
Երկու փորձագետ՝ Նաիրա Հայրումյանը Ստեփանակերտից և Շահին Ռզաևը Բաքվից, JAMnews-ին պատմել են, թե ինչու։
Քաղաքի ռազմավարական դիրքն Արցախի համար մարտերում
Հայկական կողմից նոյեմբերի 6-ին և 7-ին պաշտոնապես հաստատվել են քաղաքի համար մարտերը։ Սոցցանցերում քաղաքի մատույցներում հրաձգային մարտերի տեսանյութեր են հայտնվել, որոնք արվել և հրապարակվել են հայ զինվորների կողմից։
Կրիտիկական կարևորություն ունի Շուշիի դիրքը։ Դրանով է անցնում «Լաչինի միջանցք» հայտնի ճանապարհը, այն 1990-ականների արցախյան առաջին պատերազմից ի վեր անվանում են «կենաց ճանապարհ» Արցախի համար։
- Արցախ․ ադրբեջանական բանակը մոտեցել է Շուշի բերդաքաղաքին
- «Ռուսաստանի հետ խորհրդակցությունները սկսվել են»․ Հայաստանի վարչապետի խորհրդականը՝ դաշնակցի ռազմական օգնության մասին
- Ադրբեջանում բոյկոտում են բուրգերները, պիցան և շամպունները․ ինչի՞ց է ամեն ինչ սկսվել
Եթե հայկական կողմից հաջող հակահարձակում չիրականացվի, և ադրբեջանական ուժերին հաջողվի փակել Լաչինի միջանցքը, գրավել Շուշին և շարժվել դեպի լեռներ, ապա կփակվի Հայաստանից Արցախ տանող գլխավոր ճանապարհը։
Այդ դեպքում սպառնալիքի տակ կարող է հայտնվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետագա գոյատևումը, որն Ադրբեջանից իր անկախությունն է հռչակել 1991 թ-ի դեպտեմբերի 2-ին։ Այնուհետև արյունալի պատերազմ է սկսվել հայերի և ադրբեջանցիների միջև, որը շարունակվել է մինչև 1994 թ-ը։ ԼՂՀ-ն չի ճանաչվել աշխարհի ոչ մի պետության, այդ թվում՝ Հայաստանի կողմից։
Նաիրա Հայրումյան, Ստեփանակերտ․ «Հայկական արմատները Շուշիից արմատախիլ անել չի լինի»
1992 թ-ի մայիսի 8-ին դադարի պահին ես նկուղից դուրս եկա Ստեփանակերտի իմ շենքի բակ՝ ձու և կանաչի գնելու համար։
Նկուղում էինք 1991 թ-ի սեպտեմբերից։ Այն ժամանակ Ստեփանակերտը հրետակոծվում էր բոլոր կողմերից, սակայն ամենադաժան հրետակոծությունները Շուշիից էին, որը Ստեփանակերտից մոտ կես կիլոմետր ավելի բարձր է։ Շուշիից Ստեփանակերտը կարծես ափիդ մեջ լինի։
Մինչ ես կանաչի էի գնում, հրետակոծությունը վերսկսվեց։ Ուզում էի թաքնվել ապաստարանում, երբ տեսա, թե ինչպես են մուտքից դուրս գալիս հայ ֆիդայիների հնագույն հագուստով տղամարդիկ՝ ոլորած բեղերով, ուսադիրներով, փամփուշտակալներով և ինքնաձիգներով։
Նրանք դուրս եկան՝ ասես 33 դյուցազուն, շատ առնական ինչ-որ բան երգելով։ Ինձ տեսնելով՝ կանգ առան․ «Մի՛ վախեցիր, յուրային ենք, Շուշիի ազատագրումն են սկսում։ Մի՛ թաքնվիր։ Տես, թե ինչպես են մերոնք կրակում»։
Ես վերև նայեցի և հրթիռներ տեսա, որոնք հակառակ ուղղությամբ՝ դեպի Շուշի էին թռչում։ Այդ օրը մերոնք ազատագրեցին Շուշին։
Այդ օրը պատերազմն ինձ համար ավարտվեց։ Ես 10 ամսական որդուս հետ դուրս եկա նկուղից և տուն վերադարձա։
- «Ադրբեջանը մշակութային ինքնավարություն է առաջարկում հայերին՝ նրանց երկրի երեսից ջնջելով»․ հայ քաղաքագետ
- Արգելված կասետային ռումբեր ղարաբաղյան հակամարտության գոտում․ HRW և Amnesty International
- Ի՞նչ է կատարվում Թուրքիայի և Ռուսաստանի միջև․ մեկնաբանություն Բաքվից
Շուշին գլուխն է, և երբ այն կարգին է, ողջ օրգանիզմը ժամացույցի պես աշխատում է։ Շուշիի պատմությունը կարելի է ուսումնասիրել գերեզմանոցներով, դրանք յոթն են և քաղաքի մերձակայքում են։
Մի մարդ կար Հրաչիկ Հարությունյան անունով, Աստված հոգին լուսավորի, նա երկար տարիներ ուսումնասիրում էր Շուշիի գերեզմանոցները՝ հինգ հայկական, մեկ ռուսական և մեկ մահմեդական։ Ինչ ասես, որ չի հայտնաբերել այնտեղ․ և թբիլիսցի հայ իշխանուհու գերեզմանը, և ակնհայտ շվեդական ազգանվամբ ռուս սպայի, և Բազելից մի քարոզչի, և հարուստ հայ վաճառականի գերեզմանը, որի վրա գրված է, թե որքան բան է նա արել Շուշիի համար։
Շուշիում է ծնվել հայ պատմաբան Լեոն, գրող Մուրացանը, հայտնի շատ հայերի նախնիներ, որոնք հպարտությամբ են խոսում այսօր իրենց նախահայրերի՝ Թադևոսյանների ու Ժամկոչյանների մասին։ Նրանք Շուշիում հիվանդանոցներ, ջրատարներ են կառուցել, որոնք գործում են մինչ օրս։
Ստեփանակերտի իմ հարևան տիկին Ռայան պատմում էր, թե ինչպես է իր ընտանիքը 1920 թ-ին փախչել Շուշիից, որտեղ արյունալի ջարդեր են սկսվել։
Նրան՝ հնգամյա աղջնակին, բերել են Գայբալու գյուղ, որը Ստեփանակերտից մի քիչ վերև է։ Սակայն արյունոտ ձեռքն այդ գյուղին էլ է հասել։ Այժմ դատարկ գյուղում 17-րդ դարի հին եկեղեցին է կանգուն, միակը։
Հայկական արմատները Շուշիից արմատախիլ չես անի կամ էլ պետք է դա անել հողի հսկա շերտի հետ միասին՝ Մայկոպից մինչև Արդաբիլ, Բաթումից մինչև Վիեննա։
Շահին Ռզաև, Բաքու․ «Շուշին կարծես Մցխեթը լինի Վրաստանի կամ Կիոտոն՝ Ճապոնիայի համար»
«Առանց Շուշիի չկա Ղարաբաղ, իսկ առանց Ղարաբաղի չկա Ադրբեջան»․ Ադրբեջանի երկար տարիների առաջնորդ Հեյդար Ալիևի այս խոսքերն ամեն դպրոցական գիտի։
Արտասահմանցիները երբեմն զարմանքով հարցնում են․ «Ի՞նչ է նշանակում Շուշին ադրբեջանցիների համար, ինչո՞ւ եք շեշտը հենց դրա վրա դնում, այլ ոչ թե շրջկենտրոն Ստեփանակերտի»։
Իհարկե, Խանքենդին, որը խորհրդային տարիներին Ստեփանակերտ է վերանվանվել, ադրբեջանցիների համար նույնպես ունի կարևորություն, սակայն Շուշին մեզ համար ունի նաև խորհրդանշական, կարելի է ասել, սրբազան նշանակություն։
Ինչպես Մցխեթը՝ Վրաստանի կամ Կիոտոն՝ Ճապոնիայի համար։
Շուշին Թավրիզի հետ մեկտեղ 19-րդ դարի կեսերից եղել է շիա թյուրքերի մշակութային և քաղաքական կենտրոնը, նրանց հետագայում ադրբեջանցիներ են անվանել։
Ոմանք Շուշին «ադրբեջանական մշակույթի օրրան» են անվանում։ Կարելի է, իհարկե, վիճել, թե արդյոք այն «օրրան է», ես, ավելի շուտ, այն համալսարան կանվանեի։
Իր ծաղկման մոտ 200 տարվա ընթացում (մինչև հայ-ադրբեջանական ջարդերի արյունալի իրադարձությունները ХХ դարի սկզբին, որից հետո քաղաքը անկում ապրեց) Շուշին մի վայր էր, որտեղ զարգանում էր պոեզիան, արվեստն ու ճարտարապետությունը։
Հասարակ օրինակ։ Իբրահիմ-Խալիլ ղարաբաղյան երկրորդ խանի վեզիրը բանաստեղծ Վագիֆն էր, որին ընդունված է համարել ժամանակակից գրական ադրբեջաներենի ստեղծող։ Ինչպես Պուշկինին է ընդունված համարել գրական ռուսերենի ստեղծող։
Վագիֆից բացի Շուշիում ապրել և ստեղծագործել են ադրբեջանական մշակույթի այնպիսի հսկաներ, ինչպիսիք են բանաստեղծներ Նաթավանը, Զաքիրը, գրող Հագվերդիևը, կոմպոզիտոր Հաջիբեկովը (ադրբեջանական դասական երաժշտության հիմնադիր, Արևելքում առաջին օպերայի հեղինակը), երգիչներ Բյուլբյուլը, Խան Շուշվեցին և այլոք։
Մշակութային նշանակությունից բացի Շուշին ունեցել է նաև հսկայական քաղաքական ազդեցություն տարածաշրջանի կյանքի վրա։
Դե ֆակտո լինելով իրանական շահերի ստորադասը՝ ղարաբաղյան խաներն, ի դեպ, որոշ հայ մելիքների՝ տեղի իշխանների հետ միասին ավելի ու ավելի շատ ինքնիշխանություն էին ձեռք բերում։
Հենց Շուշին է դիմացել Իրանի շահ Քաջարի առաջին պաշարմանը, հենց այնտեղ է մեծ նվաճողն իր մահը գտել երկրորդ արշավանքից հետո։
Շուշին, Գյանջային զուգահեռ, ադրբեջանական մյուս քաղաքներից ամենաերկարն է դիմադրել խորհրդային իշխանությանը։
Շուշին 1923 թ-ին Ադրբեջանի կազմում ստեղծված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի առաջին մայրաքաղաքն է եղել և գրեթե միշտ՝ հիմնադրման օրվանից մինչև 1992 թ-ի մայիսը, քաղաքում ադրբեջանական բնակչությունը մեծամասնություն է կազմել։
- Կողմնակի հայացք արցախյան հակամարտությանը․ Հայաստանը բաց է թողել կոմպրոմիսի շանսը
- Պատերազմը կանգնեցնելու պահանջով ակցիաներ, քողարկող ցանցեր օպերային բեմում․ տեսանյութ Երևանից
Ես Շուշիում ընդամենը մեկ անգամ եմ եղել՝ 1998 թ-ի օգոստոսի վերջին։ Մենք առաջին ադրբեջանցի լրագրողներն էինք, որոնց հաջողվել էր հրադադարի համաձայնագրից հետո այցելել Լեռնային Ղարաբաղ, և առաջինները, որոնց թույլ էին տվել Շուշիում լինել։
Տեսածս այն ժամանակ ինձ ցնցեց, կարելի է ասել, հոգեբանական ցնցում առաջացրեց։ Տեղյակ լինելով Շուշիի և դրա մերձակայքի բնության աննկարագրելի գեղեցկության մասին, ես տեսա պատերազմի հետևանքով ավերված քաղաք, ավերակներ։
Ամենաշատն ինձ ցնցեց Գյովհար Աղայի վերին մզկիթի տեսքը ներսից, թեև ես կրոնից հեռու մարդ եմ։ Այցի կազմակերպիչները փորձել էին կարգի բերել այն, դա երևում էր, սակայն ինքնաձիգի կրակոցների հետքեր էին մնացել պատերին, որոնց վրա Ղուրանի սուրահներ էին։
20 տարի անց այդ մզկիթը Լեռնային Ղարաբաղի չճանաչված իշխանությունները որոշեցին վերականգնել, սակայն նոր պատերազմը կրկին փոխեց բոլոր պլանները։