Ինչի՞ համար է դատապարտվել Վրաստանի գլխավոր ընդդիմադիր հեռուստաալիքի ղեկավարը
Վրաստանում դատապարտվել է ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի ղեկավարը
Մայիսի 16-ին Թբիլիսիում՝ հենց դատարանի դահլիճում ձերբակալվել է Վրաստանի ամենահայտնի ընդդիմադիր հեռուստաալիքի՝ «Մտավարիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան։ Նա դատապարտվել է երեք տարի վեց ամիս ազատազրկման: Նա մեղադրվում է ծառայողական մեքենան ընտանեկան կարիքների համար օգտագործելու մեջ։
Անկախ փորձագետները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու քաղաքական գործիչները կարծում են, որ Գվարամիայի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի:
ԱՄՆ դեսպանատունը կտրուկ գնահատական է տվել դատարանի որոշմանը. «Մենք տեսնում ենք ընտրովի հետաքննությունների և դատական հետապնդումների անհանգստացնող պրակտիկա այն անձանց նկատմամբ, ովքեր ընդդիմանում են ներկայիս կառավարությանը»,- հայտարարել է դեսպանատունը:
Ինչո՞ւմ է մեղադրվում Նիկա Գվարամիան
Մեղադրանքի բոլոր դրվագները վերաբերում են Գվարամիայի՝ հայտնի ընդդիմադիր «Ռուսթավի-2» հեռուստաալիքի տնօրեն աշխատած ժամանակահատվածին՝ 2014-2019 թթ.-ին:
Մեղադրանքի համաձայն՝ «Ռուսթավի 2»-ի գործադիր տնօրենի պաշտոնում եղած ժամանակ Գվարամիան յուրացրել է սեփականության իրավունքներ, կեղծել փաստաթղթեր, փողերի լվացում արել և զբաղվել կոմերցիոն կաշառակերությամբ:
Մասնավորապես, ըստ դատախազության, Գվարամիան անբարեխղճորեն է իրացրել հեռուստաալիքում կոմերցիոն գովազդ տեղադրելու իրավունքը։ Ենթադրվում է, որ նա իրավունքները զեղչված գնով վաճառել է «Ինտեր Մեդիա Պլյուս» ՍՊԸ-ին, ինչի դիմաց «Even» ընկերությունից ստացել է երկու բնակարան։ Այնուհետեւ, ըստ մեղադրանքի, վաճառել է այդ բնակարանները՝ այդպիսով փողերի լվացում իրականացնելով:
Դատախազության տվյալներով՝ այս ամենի համար Գվարամիան օգտագործել է կեղծ փաստաթղթեր, դրոշմակնիք, կնիք և ձևաթղթեր։
Դատարանը Գվարամիային մեղավոր է ճանաչել երկու դրվագներով
Մեղադրանքի առաջին դրվագում ասվում է, որ 2015 թվականին Գվարամիան անարդարացիորեն է վարվել ալիքում գովազդի տեղադրման իրավունքի հետ:
Ընկերության ֆինանսական տնօրեն Կախա Դամենիայի հետ նրանք վատնել են 6 763 509 լարի [մոտ 3 մլն դոլար]։ Այս դրվագի համար Գվարամիան և Դամենիան տուգանվել են 50,000 լարիով [մոտ 16,000 դոլար]՝ հօգուտ բյուջեի։
Դատական գործի մեկ այլ դրվագ անվանում են «ավտոմոբիլային»: Դրա էությունը հետևյալն է՝
Գվարամիան և նրա ընտանիքն օգտագործել են այն մեքենան, որը պատկանում էր «Ռուսթավի 2»-ին։ Մեքենան գնահատվել է 76 հազար եվրո։ Այն գրանցված է եղել «Պրոեսկո Մեդիա» ՍՊԸ-ում, ալիքին է տրամադրվել գովազդային ժամանակի օգտագործման դիմաց։
«Նրա մեղքը հաստատող որևէ ապացույց չկա». իրավապաշտպանների և փաստաբանների գնահատականները
Գվարամիային ձերբակալել են հենց դատարանի դահլիճում։ Մինչ իրեն բանտ կուղարկեին Գվարամիան հասցրել է ֆեյսբուքյան վերջին գրառումն անել ու ոգևորել իր աջակիցներին.
«Պարզապես մնացեք «Մտավարիի» հետ և մեզ հետ միասին հասեք ազատությանը: Ամեն ինչ լավ է լինելու»,- գրել է նա։
Վրաստանում գործող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև անկախ իրավաբաններն ու փորձագետները, որոնք ուսումնասիրել և հետևել են Գվարամիայի գործին, ասում են, որ նրա մեղավորության որևէ ապացույց չկա:
Նրանք պնդում են, որ Գվարամիան դատապարտվել է իր կառավարչական որոշումների համար, և որ դա քաղաքական որոշում է.
«Դատարանը կատարել է քաղաքական պատվեր՝ պատժելով քննադատաբար տրամադրված հեռուստատեսության ղեկավարին», — ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» հայտարարության մեջ։ Կազմակերպությունը մեկ տարի ուսումնասիրել է Գվարամիայի գործը և եզրակացրել, որ «նրա դեմ ներկայացված մեղադրանքների մեծ մասը կապված է 2015 թվականին նրա կայացրած որոշումների հետ»։
«Արդարադատության համակարգի օգտագործումը լրատվամիջոցներին գրաքննելու և վախեցնելու համար վտանգավոր ազդանշան է ուղարկում նաև քննադատող մյուս լրագրողներին: Սա շարունակությունն է այն քաղաքական հալածանքների, որոնք պետությունը տարիներ շարունակ իրականացրել է իր հակառակորդների դեմ»,- ասվում է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի հայտարարության մեջ:
Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիան իր հայտարարության մեջ ընդգծում է, որ որոշումը, որի համար Գվարամիային դատի են տվել, համաձայնեցվել է ձեռնարկության սեփականատիրոջ (այսինքն՝ «Ռուսթավի 2»-ի ներկայիս տնօրենի) հետ:
Լոմջարիան հայտնել է, որ իր գրասենյակն ուսումնասիրել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, մայրցամաքային եվրոպական և վրացական դատարանների նմանատիպ գործեր: Եվ չի հայտնաբերվել գեթ մի դեպք, որում սահմանված կլիներ ոչ միայն քրեական, այլ նույնիսկ կորպորատիվ պատասխանատվություն:
Մեկ այլ հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպություն՝ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, նույնպես նշում է, որ Գվարամիայի դատավճիռը «իրավական առումով խնդրահարույց է, կասկածելի հանգամանքներով և քաղաքական դրդապատճառներով».
Գվարամիան իշխանությունների նկատմամբ քննադատական խմբագրական քաղաքականություն վարող ալիքի հեռարձակման գլխավոր տնօրենն է, ինչպես նաև «Մտավարիի» բաժնետոմսերի 51 տոկոսի սեփականատերը: Ուստի այս գործը կարելի է համարել դատարանի վճիռ նաև հեռուստաալիքի համար։
Գվարամիայի ձերբակալությունից հետո ընդդիմությունը, քաղաքացիական հասարակությունը և լրատվամիջոցները սկսեցին քննարկել գործողությունների ծրագիր։ Սպասվում է, որ այն կհրապարակվի մոտ ապագայում:
Քաղաքական գործիչների գնահատականները, և ինչ ճակատագիր է սպասում Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հայտին
Քաղաքական գործիչներն ու փորձագետները հատուկ ուշադրություն են դարձնում այն փաստին, որ ընդդիմադիր հայտնի հեռուստաալիքի տնօրենի ձերբակալությունը համընկել է ԵՄ-ին Վրաստանի անդամակցության հայտի քննարկման ժամանակաշրջանի հետ։
«Լելո» կուսակցության առաջնորդ Մամուկա Խազարաձեն կարծում է, որ Գվարամիայի ձերբակալությունն ուղղակի սպառնալիք է Վրաստանի եվրոպական ընտրության համար:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարժվում է դեպի Ռուսաստան:
«Մեր ռազմավարական գործընկերները մեզ անընդհատ կոչ են անում դադարեցնել բևեռացումը և քաղաքական էսկալացիան։ Եվ այսօրվա անարդար որոշումն իրավիճակը փակուղի է տանում»,- ասել է Խազարաձեն:
«Երկիրը թանկ է վճարելու սրա համար։ Եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանը հայտնի է դառնում քաղբանտարկյալների թվի աճով։ Այս ամենը համարժեք արձագանք կստանա մեր արևմտյան գործընկերների կողմից»,- ասել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան։
Ընդդիմադիր «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգա Բոկերիան Նիկա Գվարամիայի ձերբակալությունը դիտարկում է որպես օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի կողմից ավտորիտարիզմի աճի և ուժի ցուցադրման նշան.
«Քանի դեռ նրանք իշխանության են, երկիրը շարժվում է ազատության հակառակ՝ ավտորիտարիզմի ուղղությամբ, Պուտինի օլիգարխիկ ռեժիմի ճանապարհով»։
«Իվանիշվիլին վախենում է, որ Արևմուտքը պատժամիջոցներ կկիրառի իր դեմ, և ինքը կկարողանա Գվարամիային օգտագործել որպես քաղբանտարկյալ՝ Արևմուտքի հետ «առևտրի» համար»,- կարծում է «Ռազմավարություն Աղմաշենեբելի» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեն:
Գվարամիայի ձերբակալության նպատակն է շարքից հանել առաջատար ընդդիմադիր ալիքը, քանի որ «վերնախավը ցանկանում է երկար ժամանակ մնալ իշխանության ղեկին»: Նման տեսակետ է հայտնել «Գիրչի-ավելի շատ ազատություն» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն.
«Իշխանություններին կկանգնեցնեն միայն մեծ թվով զայրացած մարդիկ, որոնք դուրս կգան փողոց»։
Ի՞նչ են ասում արեւմտյան գործընկերները
«Այս որոշումը խաթարում է Վրաստանի հավատարմությունը օրենքի գերակայությանը և ընդգծում է երկրում անկախ և անաչառ դատական համակարգի ստեղծման հիմնարար նշանակությունը»,- ասված է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
Դեսպանատունն ընդգծում է, որ այս գործը «հենց սկզբից հարցեր է առաջացրել»։ Հայտարարության մեջ բաց տեքստով ասվում է, որ «ընտրովի հետաքննություններ ու քրեական հետապնդումներ են իրականացվում գործող իշխանությանը ընդդիմադիր դիրքերից նայող անձանց նկատմամբ», ինչը «տագնապալի է»։
«Գվարամիան կալանավորվել է այն պահին, երբ Վրաստանը աննախադեպ հնարավորություն ուներ խորացնելու իր եվրաատլանտյան ինտեգրումը»։
Այս մասին ասվում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում հրապարակված գրառման մեջ։
Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնակատար Քլեր Օլբլեսը հայտարարել է, որ հիասթափված է Նիկա Գվարամիայի ձերբակալությունից։
«Մեծ Բրիտանիան պաշտպանում է ազատ լրագրությունը: Առանց ազատ լրատվամիջոցների քաղաքացիները չեն կարողանա իրացնել իրենց ժողովրդավարական իրավունքները»,- ասված է Օլբլեսի հայտարարության մեջ: