Ինչի՞ համար ադրբեջանցի վիդեոբլոգերը երկու տարվա ազատազրկման դատապարտվեց
Հայտնի ադրբեջանցի վիդեոբլոգեր Մեհման Հուսեյնովը երկու տարվա ազատազրկման է դատապարտվել զրպրատության համար:
«Թուրան» գործակալության ղեկավար Մեհման Ալիևը հայտարարել է, որ Մեհման Հուսեյնովի կալանքն ու դատավճիռն, ըստ ամենայնի, կապված է նրա վերջին տեսանյութի հետ, որում նա հարցում է անցկացրել հետևյալ թեմայով՝ «Արդյո՞ք ձեր կնոջը ձեր տեղակալը կնշանակեիք, եթե բաձրաստիճան պաշտոն ունենայիք»: Նկատի ունի այն, որ վերջերս Իլհամ Ալիևն իր կնոջը փոխնախագահ է նշանակել: Իսկ այդ թեման Ադրբեջանում չգրված տաբու է:
Մեհման Հուսեյնովը սրընթաց հայտնիություն ձեռք բերեց 6 տարի առաջ, երբ սկսեց մերկացնող, երբեմն էլ՝ սադրիչ տեսանյութեր նկարահանել: Դրանցից մեկը նկարահանվել է Բաքվի կենտրոնում՝ «Նիզամի» կինոթատրոնի մոտ, որտեղ ստվերում թաքնվող ոստիկաններն օրինախախտների տեսքով «որսի» էին սպասում, որոնք փողոցն անցնում են երթևեկելի հատվածով և չեն օգտվում ստորգետնյա անցումով: Մեհմանը մոտենում էր անցորդներին և խնդրում կանոնները չխախտել: Մի քանի րոպե անց մոտենում են ոստիկաններն ու քշում Մեհմանին՝ չկասկածելով, որ իրենց նկարահանում են:
Միաժամանակ Հուսեյնովը «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» արդեն փակված իրավապաշտպան կազմակերպության անդամ էր: 2014թ-ի ամռանը քաղաքական հետապնդումների ամենաթեժ պահին ինստիտուտում խուզարկություն անցկացվեց, առգրավվեցին սարքավորումներն, իսկ տարածքները փակվեցին: Ինչպես դրանից առաջ, այնպես էլ դրանից հետո Մեհմանին ոստիկանությունը պարբերաբար ձերբակալում էր: Իսկ երկու տարի առաջ վերցրել են նրա անձը հաստատող փաստաթուղթը:
Բացի այդ, Մեհման Հուսեյնովը հայտնի իրավապաշտպան Էմին Հուսեյնովի եղբայրն է, որը երկրից արտագաղթել է և այժմ սահմանից այն կողմ սուր քննադատության է ենթարկում ադրբեջանական իշխանություններին:
Վերջին մեկուկես տարում Մեհմանն ապրում էր ընկերների մոտ: Հունվարի 9-ին հերթական կալանքի ժամանակ նրան ծեծել են, նվաստացրել և այդ ամենը հեռախոսով ձայնագրել: Հաջորդ օրը նրան դատարան են տարել և տուգանել ոստիկանությանը չենթարկվելու համար՝ ժամանակակից Ադրբեջանի համար ավանդական ձևակերպում:
Երբ Մեհմանը սկսել է պատմել կտտանքների մասին և անուններ տալ, Նասիմանի շրջանի ոստիկանության պետ Մուսա Մուսաևը բլոգերին դատի է տվել՝ մեղադրելով զրպարտության համար: Եվ արդեն մարտի 3-ին Մեհմանին դատապարտել են երկու տարվա ազատազրկման և կալանավորել դատարանի դահլիճում:
Փաստաբան Էլչին Սադիղովը պատմել է, որ դա իր կյանքում եղած ամենասրընթաց դատն էր: Մեծապես խախտվել են ընթացակարգային նորմեր, դատարանը հրաժարվել է կանչել կալանավորման վկաներին և քննել կտտանքների փաստերն ու փորձաքննության արդյունքները հետաքննելու գլխավոր դատախազության մերժումը: Իսկ փորձաքննություն եղել է, այն կապտուկներ և սալջարդեր է գրանցել: Սակայն ինչպես նշել են ոստիկանության վկաները, «նա ինքն է ընկել»:
Պատմում է փաստաբան Էլչին Սադիղովը. «Դատը սկսվել է ժամը 12-ին և տևել ընդամենը մեկուկես ժամ, այդ ընթացքում ելույթ է ունեցել միայն մեղադրող կողմը, որից հետո անմիջապես դատավճիռն է հրապարակվել: Մեր բողոքներից ոչ մեկը չի քննվել, մեզ թույլ չեն տվել պատրաստվել պաշտպանությանը: Չնայած մենք այդքան արագ վճռի չէինք սպասում, սակայն Մեհմանը իրեն քաջաբար է պահել»:
Սոցցանցերում, որտեղ գտնվում է Մեհմանի հիմնական լսարանը, նրա կալանքը վրդովմունքով ընկալվեց, տասնյակ օգտատերեր նրա լուսանկարը իրենց գլխավոր նկարը դարձրին: Հետաքրքիր է, որ այլ արձագանք նույնպես եղավ: «Նա շատերին է զրպարտել: Այդպես էր պետք նրան», — գրում է ոմն Լաման Ասկերովան:
Բռնաճնշումների ենթարկված բլոգերներին և լրագրողներին քննադատելն ադրբեջանական սոցցանցերի բարի ավանդույթն է, ընդ որում, փաստարկները տատանվում են դատախազի դիրքորոշման հետ լիակատար համաձայնությունից մինչև «նա ուզում է քաղաքական ապաստան ստանալ»: Մեհմանի դեպքում որոշակի շրջանակներում նրա մասին խոսում էին, որ «նա իշխանությունների գրպանի ընդդիմադիրն է», այդ պատճառով էլ մինչև հիմա ազատության մեջ է՝ չնայած իր բոլոր սադրանքներին:
Կալանավորումից մեկ օր անց Քաղաքացիական համերաշխություն կուսակցության շտաբ-բնակարանում հանդիպել են ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ և լրագրողներ: Ընդհանուր մոտ 90 մարդ էր հավաքվել: Ժողովին քննարկվել է, թե ինչ անել այսուհետ և ինչպես օգնել բլոգերին:
«Մենք բոլորս գիտեինք, որ Մեհմանը վաղ թե ուշ ճաղերի ետևում է հայտնվելու, — ասում է հայտնի հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլը՝ նախկին քաղբանտարկյալը: — Եվ այսօր մեր խնդիրն այն է, որ ցույց տանք այդ ռազմավարության ողջ անարդյունավետությունը: Հետևաբար, անհրաժեշտ է, որ Մեհմանի տեղը, մինչ նա նստած է, զբաղեցնեն այլ լրագրողներ և բլոգերներ: Դա և՛ նրան, և՛ այլ քաղբանտարկյալներին պաշտպանելու լավագույն միջոցն է»:
Մեհման Հուսեյնովը ամենահայտնի բլոգերներից մեկն է, հնարավոր է նաև, ամենահայտնի բլոգերն է երկրում: Ֆեյսբուքում նա 104 հազար բաժանորդ ունի, իսկ իր տեսանյութերը հրապարակում է Քորոց անվանումով էջում: «Հրապարակում է», քանի որ էջը շարունակելու է գործել նրա կալանքից հետո ևս: Հարցը միայն այն է՝ արդյոք նրա հետնորդները կկարողանան մերկացնող տեսանյութերն այդքան տարածված դարձնել: