Ինչ հարց չէին կարող շրջանցել հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի նախագահները
Հայաստանի և Վրաստանի նախագահները հանդիպման ժամանակ չէին կարող չխոսել Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով Ռուսաստան ապրանքների փոխադրման հնարավորության մասին: Հայաստանյան փորձագետները կարծում են, որ Վրաստանում պաշտոնական այցով գտնվող Սերժ Սարգսյանի և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի միջև քննարկվող հարցերից է եղել նաև այս մեկը, թեև դրա մասին նրանք հրապարակային չեն արտահայտվել:
Վերջին օրերին հայկական մեդիան գրում էր մի պայմանագրի մասին, որը կնքվել է Վրաստանում և որը ենթադրում է Հարավային Օսիայի տարածքով դեպի Ռուսաստան ապրանքների փոխադրում իրականացնելու հնարավորություն: Այն կնքվել է Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ: Պայմանագրի մեջ նշվում է. դա հնարավոր կլինի միայն, երբ Ռուսաստանի և Վրաստանի սահմանում՝ Կազբեգ-Վերին Լարս ավտոճանապարհին, ֆորս-մաժորային իրավիճակ ստեղծվի:
Հայկական մեդիան մեջբերում էր նաև Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքը.
«Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները, որոնք օգտագործում են մեր երկրի տարանցիկ ներուժը, կարող են օգտվել այդ միջանցքից` ֆորս-մաժորային իրավիճակում: Բայց կրկնում եմ, սա ընդամենը միակողմանի ստորագրում է: Մենք շարունակում ենք բանակցել, քանի որ Ռուսաստանի կողմից առաջադրված որոշ պայմաններ մեզ համար անընդունելի են»:
Որպեսզի պայմանագիրը գործի, Ռուսաստանն էլ պետք է պայմանագիր կնքի Շվեյցարիայի մոնիթորինգային SGS ընկերության հետ:
Հայաստանի փորձագետների խոսքով, եթե բոլոր կողմերը համաձայնության գան, հնարավորություն կստեղծվի նաև Հայաստան-Ռուսաստան երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման համար:
Վրաստանի տարածքով է իրականացվում Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 80 տոկոսը: Եվ Հայաստանից դեպի Ռուսաստան ցամաքային միակ ճանապարհն այժմ Կազբեգ-Վերին Լարսն է, որը եղանակային վատ պայմանների պատճառով պարբերաբար փակվում է:
Հայկական արտադրանքներով լցված բեռները օրեր շարունակ չեն կարողանում հատել Լարսի սահմանային անցակետը, ինչի հետևանքով ապրանքը փչանում է:
«Լարսին այլընտրանք գտնելու հարցը հեռանկարային լուծում է ստանում Հայաստանի համար: Հայաստանը կարող է առարկայական օգուտներ ունենալ, եթե արտահանումներ իրականացնի Հարավային Օսիայի և Աբխազիայի ճանապարհով, որովհետև, ինչպես հայտնի է, Լարսում հերթեր են կուտակվում, գործարարները դժգոհում են, որ օրեր շարունակ ստիպված են լինում կանգնել անցակետում, և ապրանքը լավագույն դեպքում ուշացած է հասնում Ռուսաստան:
Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ Հայաստանը կարող է օգտվել այս ճանապարհից: Թե ինչ ծավալով և ինչ ձևաչափով՝ կքննարկվի, կհամաձայնեցվի: Եթե նման հայտարարություն է արվել, ապա առնվազն բանավոր կարգով դրան համաձայնել են բոլորը»,- ասել է վրացագետ Ալիկ Էրոյանցը:
Տնտեսագետների խոսքով՝ դեպի Ռուսաստան տանող այլընտրանքային ճանապարհը 80 կիլոմետրով երկար է այսօր գործողից, բայց այն ապահով է, քանի որ բարենպաստ եղանակային գոտում է:
Նրանք հիշեցնում են նաև, որ 2016թ.-ի ձմռանը, երբ Լարսի անցակետը շուրջ 10 օր փակ էր, կրկին երևաց Հայաստանի տնտեսական խոցելիությունը, որովհետև ապրանքների գները թանկացան, փոքր ու միջին բիզնեսը տուժեց:
Ի դեպ, հայաստանյան քաղաքական շրջանակները պատահական չեն համարում, որ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած այցից անմիջապես հետո կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու: