Վրաստանում «գործակալների մասին» օրենքը հաստատվեց․ ո՞ւմ վրա է տարածվելու
Ի՞նչ է նախատեսում օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մայիսի 28-ին Վրաստանի խորհրդարանը հաղթահարեց նախագահի վետոն, նորից քվեարկություն անցկացվեց։ 84 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանը հաստատեց «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը։ Այժմ դրա իրականացումն արդեն տեխնիկական ընթացակարգ է։
● Եռօրյա ժամկետում օրինագիծը կներկայացվի Վրաստանի նախագահի ստորագրմանը։
● Նախագահը պետք է օրինագիծը ստորագրի ընդունվելուց հետո հինգ օրվա ընթացքում։ Զուրաբիշվիլին չի պատրաստվում դա անել։ Ուստի հինգ օրից օրենքը կհրապարակվի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ։
● Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական մարմնում հրապարակվելու օրվան հաջորդող 15-րդ օրը։
● Ստորագրումից հետո 60 օրվա ընթացքում Արդարադատության նախարարությունը և հանրային ռեեստրի ազգային գործակալությունը պետք է ստեղծեն «օտար տերությունների շահերը սպասարկող կազմակերպությունների» ռեեստր։
● Երբ ռեեստրը պատրաստ լինի, «օտարերկրյա գործակալների» ռեեստրում գրանցումը պարտադիր կդառնա Վրաստանում գործող ոչ կառավարական կազմակերպությունների և առցանց լրատվամիջոցների զգալի մասի համար (նրանց, որոնց տարեկան ֆինանսավորման ավելի քան 20 տոկոսն արտերկրից է):
● «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի համաձայն՝ կազմակերպությունը պետք է հայտարարագիրը ռեեստրում մուտքագրի կամավոր։ Եթե կազմակերպությունը համապատասխանում է «օտար տերությունների շահերը սպասարկելու» «չափանիշներին», ապա օրենքի հրապարակման 60-րդ օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում պետք է ներկայացնի հայտ՝ խնդրելով իրենց գրանցել որպես «օտար տերությունների շահերը սպասարկող կազմակերպություն»։ Երկու աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը կտրամադրվի մուտք դեպի համապատասխան կայք, ինչից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը պետք է էլեկտրոնային եղանակով հայտարարագիր ներկայացնի։
● Որպես «օտար տերությունների շահերը սպասարկող կառույց» գրանցվելու էլեկտրոնային հայտ ներկայացնելիս կազմակերպությունը պետք է ներկայացնի ֆինանսական փաստաթղթեր և նույնականացնող տեղեկատվություն՝ հասցե, կայք, նախորդ տարվա ընթացքում ստացած դրամական միջոցներ և գույքային եկամուտներ: Պետք է բացատրել նախորդ տարում ծախսված գումարի աղբյուրը, չափը և նպատակը։
● Հանրային ռեեստրի ազգային գործակալությունը ունի 30 աշխատանքային օր՝ ստուգելու, թե արդյոք հայտարագիրը «ճիշտ և ամբողջությամբ է լրացված» և գրանցելու դրա հեղինակին՝ որպես «օտար տերությունների շահերը սպասարկող կառույց»: Այս տեղեկատվությունը հասանելի է հանրությանը:
● Ստուգում-գրանցման փուլում կա մի հետաքրքիր մանրամասն, որ վերաբերում է ֆիզիկական անձանց։ Դիմումի ուսումնասիրման և ստուգման գործընթացում Արդարադատության նախարարության ներկայացուցիչն իրավունք ունի հարցումներ կատարել և տեղեկություններ հավաքել ֆիզիկական անձանց մասին, ովքեր կապ ունեն հայտարարագիր ներկայացնող կազմակերպության հետ: Սա ներառում է հատուկ տեղեկատվություն (քաղաքական կարծիքներ, էթնիկ պատկանելություն, կրոնական համոզմունքներ, առողջական տվյալներ, գենետիկ տվյալներ, որոնք մշակվում են անհատի եզակի նույնականացման համար, տեղեկություններ սեռական կյանքի մասին): Օրենքով ֆիզիկական անձինք պարտավոր են անհապաղ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը: Եթե անհատն այդ տվյալները չներկայացնի, նրան սպառնում է 5000 լարիի [մոտ 1800 դոլար] տուգանք։ Մեկ ամսվա ընթացքում նման տուգանք կարող է նշանակվել մի քանի անգամ, քանի որ օրենքը սահմանափակումներ չի նախատեսում։
● Ի՞նչ անել, եթե կազմակերպությունը հրաժարվում է կամավոր գրանցվել որպես օտարերկրյա գործակալ: Այս դեպքում նա կտուգանվի 25 հազար լարիով [մոտ 9 հազար դոլար]։ Շատերը կարծում են, որ այս տուգանքը որոշ ժամանակով «կփրկի» կազմակերպությանը «օտարերկրյա գործակալ» պիտակից, սակայն դա այդպես չէ։ Տուգանքը վճարելուց հետո պետությունն ինքը կգրանցի կազմակերպությունը «օտարերկրյա գործակալների ռեեստրում»։ Այսինքն՝ կազմակերպությունը ստիպված կլինի տուգանք վճարել, բայց միևնույն է՝ կգրանցվի որպես «գործակալ»։
● Որպես գործակալ հարկադիր գրանցումից հետո կազմակերպությունը պարտավոր է ներկայացնել ֆինանսական հայտարարագիր: Եթե կազմակերպությունը խախտի այս պահանջը և չհամագործակցի պետության հետ, կտուգանվի լրացուցիչ 10000 լարիով [մոտ 3,6 հազար դոլար]։ Պետությունը կարող է ստուգել կազմակերպությանը նաև հաջորդ ամիս, և եթե նորից «անհնազանդություն» հայտնաբերի, կտուգանի 20 հազար լարիով։ Այդ նույն պատճառով պետությունը կարող է կազմակերպությանը 20 հազար լարիով տուգանել յուրաքանչյուր ամիս։
● Եթե կազմակերպությունը չի հայտարարագրել իրեն, ինչպե՞ս պետությունը իմանա, որ այն ներառված է «գործակալների ռեեստրում»: Այստեղ օրենքը նախատեսում է ևս մեկ հետաքրքիր մանրամասն՝ մատնման մեխանիզմ։ Յուրաքանչյուր ոք կարող է գրավոր հայտնել պետությանը «օտարերկրյա գործակալի» առկայության մասին։
- Ինչպե՞ս է աշխարհը տեսնում վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին. կարծիք
- «Վերջին նախազգուշացումն էր». վրացի վերլուծաբանները՝ Օ’Բրայենի այցի մասին
- «Մեզ հետ շանտաժի լեզվով են խոսում». Վրաստանի արձագանքը ԱՄՆ-ի առաջարկին
- «Ռուսական օրենքը Վրաստանի անտուն կենդանիներին առանց օգնության կթողնի». ՀԿ-ներ
Ապրիլի սկզբին Վրաստանում սկսվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի դեմ։ Չնայած Արևմուտքի համառ կոչերին և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կոշտ եզրակացությանը՝ իշխանություններն ընդունեցին օրենքը։
Մայիսի 23-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հրապարակում արեց որոշման մասին և ասաց, որ «Վրաստանում ժողովրդավարությունը խարխլելու համար կհայտարարի վիզային սահմանափակումների քաղաքականություն և կիրականացնի ԱՄՆ-Վրաստան համագործակցության համապարփակ վերանայում»:
Վաշինգտոնի որոշման համաձայն՝ վիզային սահմանափակումներ կտարածվեն նաև «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների ու նրանց ընտանիքի անդամների վրա։ Առայժմ կոնկրետ անձանց անուններ չեն նշվում։ Բացի այդ, Վաշինգտոնն ասում է, որ ԱՄՆ-ը կվերանայի Վրաստանի հետ համագործակցությունը։
Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո Եվրամիությունը պատրաստվում է նաև պատասխան միջոցներ ձեռնարկել։ Մինչ այս եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները բազմիցս նշում էին, որ օրենքը Վրաստանը հեռացնում է Եվրամիությունից։