Ինգուր/ի ՀԷԿ [վրացական և աբխազական գրելաձև — խմբ.] երկու շաբաթով դադարեցրել է աշխատանքը: Այս ժամանակն անհրաժեշտ է էներգետիկներին կայանի հետազոտության և հետագա վերականգնողական գործողությունների պլանավորման համար:
Այս ՀԷԿ-ը բացառիկ օբյեկտ է. այն տեղակայված է հակամարտության գոտում և վրաց-աբխազական միակ համատեղ նախագիծն է: Կողմերը համատեղ են կառավարում ՀԷԿ-ը և կիսում արտադրվող էլեկտրաէներգիան:
«Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը դերիվացիոն թունելի մոնիթորինգի իրականացման համար: Աշխատանքները կշարունակվեն մինչև մարտի սկիզբ», — նշել է Աբխազիայի ՉեռնոմորԷներգո էներգետիկ ընկերության ղեկավար Ասլան Բասարիան: Վրացական և աբխազական կողմերի միջև համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի վերջին:
«Այս պահին ռուսական, աբխազական և վրացական էներգետիկների համագործակցության շրջանակներում որոշում է կայացվել Ռուսաստանի Դաշնության կողմից Սալխինո-Պսոու գծով 200 ՄՎտ չափով էլեկտրաէներգիայի ստացման մասին: Բացի այդ, վրացական կողմը կապահովագրի մեզ, քանի որ առկա է երկկողմանի հետաքրքրվածություն վերանորոգման աշխատանքների իրականացման հարցում, որպեսզի էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորույթյունը ավելանա», — Apsnypress լրատվական գործակալության հետ զրույցում նշել է Բասարիան:
Այս կապակցությամբ Վրաստանի էներգետիկայի նախարարության կողմից արված հայտարարության մեջ նշվում է, որ «ՀԷԿ-ի աշխատանքի դադարեցման ժամանակահատվածում Աբխազիային էլեկտրաէներգիա կմատակարարի հիմնականում ռուսական էներգահամակարգը, իսկ դեֆիցիտը, որը այս ժամանակահատվածում մասամբ պայմանավորված է Աբխազիայի տարածքում սպառման մակարդակի աճով, կլրացնի Վրաստանի էներգահամակարգն իր աղբյուրներով»:
Ինգուրի ՀԷԿ-ը դադարեցրել է աշխատանքը փետրվարի 19-ին: Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է, որ ՀԷԿ-ի ամբողջական վերականգնումը նախատեսված է 2018 թ-ին: Ըստ Ասլան Բասարիայի՝ «միայն մոնիթորինգից հետո հնարավոր կլինի պատասխանել հարցին, թե 2018 թ-ի մինչև որ ժամանակահատվածն է դադարեցվելու էլեկտրաէներգիայի արտադրությունը»:
Աբխազիան գրեթե ամբողջությամբ կախված է Ինգուրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից: Կայանի 270-մետրանոց բետոնե ամբարտակը գտնվում է Թբիլիսիի կողմից վերահսկվող տարածքում, իսկ հինգ գեներատորներն՝ Աբխազիայի Գալի շրջանում: Ըստ Թբիլիսիի և Սուխումի միջև ոչ պաշտոնական համաձայնության՝ ՀԷԿ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի 40%-ը սպառում է Աբխազիան, իսկ 60%-ը՝ Վրաստանը: