Ինգուշիայում ուժայիններին դատում են կտտանքների համար
Ինգուշիայում դատական գործընթաց է գնում, որն աննախադեպ է Ռուսաստանի համար: Ձերբակալվածների հանդեպ բռնության համար դատում են Էքստրեմիզմի հակազդման կենտրոնի (ԷՀԿ) նախկին ղեկավար 45-ամյա Տիմուր Խամխոևին և նրա 6 ենթականերին:
Հաջորդ շաբաթվանից դատն անցկացվելու է ամենօրյա ռեժիմով: Այն խոստանում է լինել սկանդալային և ծանր: Դատից երկու օր առաջ դատախազի հանդեպ մահափորձ է կատարվել, որն այդ գորոծով մեղադրող կողմն է ներկայացնում. առավոտյան անհայտ անձինք նրա տան բակ նռնակ են գցել, ծանր վիրավորում է ստացել անվտանգության աշխատակիցն, իսկ դատախազը չի տուժել:
Ռուսաստանի Քրեական օրենսգրքում կտտանքների սահմանում չկա, այդ պատճառով էլ գլխավոր հոդվածը, որի վրա հիմնվում է մեղադրող կողմը, 286-րդ հոդվածն է՝ «Պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ բռնության կիրառմամբ»
Կավկազսկի ուզելի ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Խամխոևին կալանավորել են 2017թ-ի դեկտեմբերին դրամաշորթության համար. քննիչները պարզել են, որ նա և Ինգուշիայի ԱԴԾ աշխատակից Մուստաֆա Ցորոևը մեկ միլիոն ռուբլու դրամաշորթություն են իրականացրել ադրբեջանցի գործարար Ամալ Նազարովից:
Գործարարն ԱԴԾ դիմում էր ներկայացրել, որը, որքան էլ զարմանալի լինի, ոգևորությամբ հանձն է առել հետաքննել գործը: Մեկը մյուսի հետևից գործում սկսել են կտտանքների հետ կապված դրվագներ հայտնվել: Առանցքային դեպքերից մեկը 50-ամյա Մագոմեդ Դոլիևի դեպքն է:
2016թ-ի հունիսի 11-ին ինգուշական Սունժա քաղաքում անհայտ անձինք բանկի մասնաճյուղ էին կողոպտել: Այդ բանկում որպես գանձապահ էր աշխատում Դոլիևի կինը՝ Մարեմը, որին հարցաքննության էին հրավիրել ոստիկանության քաղաքային բաժանմունք:
«Նրանք գլխիս սև տոպրակ հագցրին, վերևից ամբողջությամբ փաթաթեցին կպչուն ժապավենով՝ օդի համար մի փոքր անց թողնելով, — այսպես էր հետագայում Մարեմը նկարագրում հարցաքննության մեթոդները: — Սկզբում ծեծում էին այնտեղ: Հետո տարան ԷՀԿ: Այնտեղ նստեցրին աթոռին, ձեռքերս կապեցին կպչուն ժապավենով: Գլխիս ծանր ինչ-որ բանով հարվածում էին: Ձեռքերիս մատներին լարեր էին հագցնում և հոսանք թողնում, փորիս էլեկտրաշոկեր են մոտեցրել: Պահանջում էին խոստովանել կողոպուտի մեղքը»:
Մարեմի հետ միաժամանակ ձերբակալել են նրա ամուսնուն: Նրան տարել են «Է» կենտրոն, խոշտանգել՝ պահանջելով խոստովանել բանկի կողոպուտը: Դոլիևին խեղդել են, ծեծել և հոսանքով խոշտանգել: Մարեմը հարևան սենյակում է եղել, և նրան ստիպել են լսել ամուսնու ճիչերը: Խոշտանգումների հետևանքով նույն օրվա երեկոյան Մագոմեդ Դոլիևը մահացել է հենց ԷՀԿ շենքում: Ծեծված Մարեմին տուն են թողել՝ հրամայելով լռել:
Որպես Դոլիևի մահվան պատճառ նշվել է սրտի կաթվածը: Սակայն հարազատները միանգամից հանրային կերպով մեղադրել են ԷՀԿ աշխատակիցներին սպանության համար: Այնուամենայնիվ, ոչ Մարեմի ցուցմունքները, որը մանրամասն նկարագրել է կտտանքներն ու մատնացույց արել Թիմուր Խամխոևին և այլ մասնակիցներին, ոչ բժշկական վկայությունը, որը գրանցել էր կնոջ մարմնի վրա հոսանքի հետքերը, ոչ ազգականների դիմումները դատախազություն ոչ մի արդյունք չեն տվել: Ռուսաստանում այդպիսի դեպքերի առթիվ քրեական գործ հարուցելը շատ բարդ է, իսկ եթե այնուամենայնիվ հաջողվի, ապա գործը հարուցվում է ոչ թե մարդկանց դեմ, որոնց մատնացույց է անում զոհն, այլ «չպարզված անձանց» դեմ:
Տուժածներից շատերն ու այդ գործով վկաները կտտանքների համար մեղադրում են ոչ միայն նրանց, ովքեր այժմ նստած են մեղադրյալի աթոռին: Նրանք նշում են ոստիկանության մի շարք այլ աշխատակիցների անուններ ևս, որոնք, սակայն, գործում ներգրավված չեն նույնիսկ որպես կասկածյալ: