Կարծիք. «Մշիբզիա» ֆլեշմոբը նման է Վրաստանից աբխազներին հասցեագրված ռախաթ-լոխումի
Վրացի լրագրող գործընկերներս հարցնում են. ինչպե՞ս է Աբխազիայում արձագանքը վրացական ֆլեշմոբին: Ով չգիտի, ասեմ, որ խոսքը գնում է տեսանյութի մասին, որտեղ 8 հազար մարդ՝ ոմանք մենակ, ոմանք խմբերով, ձեռքներին պահելով «Մշիբզիա» գրառմամբ ցուցանակ, ողջունում են աբխազներին:
Խոստովանեմ՝ երբ ինձ առաջին անգամ այդ մասին հարցրին, ես ոչինչ չգիտեի այդ ակցիայի վերաբերյալ: Հետո արդեն հատուկ փորփրեցի սոցցանցերում և խմբերից մեկում գտա այդ տեսանյութը: Գեղեցիկ պատրաստած ու լավ մոնտաժած պատկերը ոչ մեկին անտարբեր չի թողնի: Եթե իհարկե չիմանաս ենթատեքստը:
Ես այժմ նույնիսկ քսան տարվա վաղեմության վրաց-աբխազական պատերազմի մասին չեմ խոսում: Թվում է, դրա մասին աբխազները դատապարտված են միշտ հիշել: Քանի որ ազգի համար այդ մսաղացում զոհված 4 տոկոս բնակչությունը՝ հիմնականում երիտասարդությունը, կարծես մարդու անդամահատած վերջույթ լինի. ինչ պրոթեզ էլ դնեն, միևնույն է, զգում ես սեփական ֆիզիկական անլիարժեքությունը, հետևաբար, հիշում ես այդ մասին:
Ես այսօրվա մասին եմ խոսում: Այո, Վրաստանն այսօր մեզ չի սպանում և նույնիսկ չի սպառնում սպանել: Մտրակը, որն Էդուարդ Շեվարդնաձեից ժառանգեց Միխայիլ Սահակաշվիլին, Իվանիշվիլիի վրացի երազողները փոխարինեցին բլիթով:
Այժմ մեր քաղաքացիներից ոմանց անվճար բուժվում են թբիլիսյան հիվանդանոցներում, և նրանց նույնսիկ չեն ստիպում վրացական կամ այսպես կոչված «չեզոք» անձնագիր ստանալ (ի դեպ, Գալի շրջանի մեգրելները զուրկ են նման հնարավորությունից): Սա թերևս ամենաաշխատող նախագիծն է:
Բնականաբար, երբ հարազատդ անբուժելի հիվանդ է, իսկ թանկ վիրահատության համար գումար չկա, նույնիսկ սատանային կդիմես օգնության համար:
Մնացած բլիթները, եթե դա առողջությանը չի վերաբերում, պարզապես չեն ազդում: Այդպես էլ փոխանցեք հաշտեցման նախարար Պաատա Զաքարեիշվիլիին:
Օրինակ, վրաց-աբխազական Ինգուր գետի սահմանին ամայի տարածքում սուպերմարկետ են սարքել: Երևի Թբիլիսիում ինչ-որ մեկը որոշել է, որ աբխազները սովից մեռնում են, և նրանց համար տեղ է պետք ընտրել, որտեղ նրանք կարող են մի բան գնել: Սակայն եթե իրոք մեռնեին, ապա հազիվ թե ուժերը կհերիքեր սողալ մինչև այդ նպարեղենային դրախտ:
Սակայն սեփական երկրում տիրող իրավիճակի հանդեպ իմ ողջ քննադատական վերաբերմունքով հանդերձ փաստում եմ. Աբխազիայում ոչ մի սով էլ չկա: Ավելին, մեր ժողովուրդը կուշտ է, և որոշ տեղերում նույնիսկ՝ շատ կուշտ: Արտադանքի հետ կապված, ինչպես նաև հարևան Վրաստանում, մեզ մոտ վիճակը լավ չէ, բայց մթերային խանութներն այնքան են, որ կարող ենք նաև Փենջաբին ապրանք վաճառել, և կարևոր չէ՝ հնդկական թե պակիստանյան:
Վերջերս ծանոթներիցս մեկն, ով աշխատում է ազդեցիկ միջազգային կազմակերպությունում, որոշեց ստուգել այդ թանկարժեք խայծի արդյունավետությունը. իր աշխատողներին հանձնարարեց այդ խանութի մոտ հերթապահություն սահմանել և հաշվել հաճախորդների թիվը: Արդյունքում՝ ողջ օրվա ընթացքում ընդամենը 14 հոգի հավաքվեց: Միջինում՝ ժամում մեկ հաճախորդ:
Մանուշ տատը, ումից թարմ կաթ եմ գնում, հաստատ ավելի շատ հաճախորդ ունի, քան Իգուրի ճոխ խայծը: Արդյունքը, հաշվի առնելով նախագծի վրա ծախսված գումարը, մեղմ ասած տպավորիչ չէ:
Մի խոսքով, սահմանի սուպերմարկետը կամ վրացի հարկատուի, կամ արևմտյան դոնորների՝ բացահայտորեն քամուն տված փող է: Երրորդ տարբերակ չկա, քանի որ ոչ մի բիզնեսմեն, նույնիսկ ոչ այնքան խելամիտ, նման «փայլուն» միտք չէր հղանա:
Այժմ երազողները հավանաբար, սուպերմարկետի հետ կապված միտքը մոռանալու համար, նոր պատրանք են ստեղծել իրենց համար: Իբր աբխազներն անհամբեր սպասում են, թե երբ է Վրաստանը Շենգենյան գոտու երկրների հետ առանց վիզայի ռեժիմ հաստատելու: Իհարկե, որպեսզի ամբոխով հասնեն Թբիլիսի, վրացական քաղաքացիություն և դրա հետ մեկտեղ անձնագիր ստանան և միանգամից մոտակա չվերթով Թբիլիսիի օդանավակայանից մեկնեն Բեռլին, Լոնդոն և Փարիզ:
Չգիտեմ, միգուցե վրացի պաշտոնյաներից մեկը կկարդա գրածս և, հավատալով, ժամանակին կառավարությանը կհասցնի այն միտքը, որ պետք չէ շտապել անձնագրերի տրման նոր բաժանմունքներ բացել, դրանց համար նոր աշխատակիցներ ընդունել, փաստաթղթերի բլանկեր տպել: Թբիլսիի օդանավակայանն էլ չարժե վերակառուցել այն հույսով, որ աբխազների հաշվին ուղևորահոսքը կաճի:
Աբխազները վրացական քաղաքացիություն չեն ստանա, նույնիսկ չեմ բացատրի, թե ինչու: Դա այնքան ակնհայտ է, որքան աբխազների հանդեպ վրացիների ներկայիս սերը: Այս ողջ լոխումը, որը Վրաստանից հասցեագրված է աբխազներին՝ երգերի, պարերի ու ֆլեշմոբերի ուղեկցությամբ, աբխազների իրավունքները հարգելու հետ որևէ կապ չունի:
Այդ ամբողջ քծնանքն իմ ժողովրդի առջև, նրան ափից կերակրելու բոլոր փորձերը միայն մեկ նպատակ ունեն՝ կենդանի, թե անկենդան մեզ Վրաստան քարշ տալու՝ բնականաբար՝ տարածքի հետ մեկտեղ: Այստեղ ոչ մի անկեղծություն չկա, գոյություն ունի միայն հաշվարկ:
Այդ ֆլեշմոբին զուգահեռ Վրաստանին ԱԳՆ-ն խորը բավականության զգացումով հայտարարեց, որ Թբիլիսին թույլ չի տվել Հռոմում Աբխազիայի մշակութային կենտրոն ստեղծել: Խոսքը դիվանագիտական ներկայացուցչության մասին չէ, այլ ընդամենը մշակութային կենտրոնի:
Հետպատերազմյան տարիներին Վրաստանի կողմից նման դեմարշների մի քանի հատոր կհավաքվի: Նույնսիկ մանկական պարային համույթների ելույթներն են արգելվում նման բանսարկությունների պատճառով:
Իսկ դուք, միամտորեն ժպտալով, մեզ ողջունում եք աբխազերենով՝ ի պատասխան ակնկալելով «գամարջոբա՞» լսել: Թե՞ մենք խանդավանքով ձեր գիրկը պետք է ընկնենք:
Շնորհակալություն, մենք կարծես միմյանց արդեն հրաժեշտ ենք տվել: Ոչ մի անգամ ժողովրդի անունից չեմ խոսել, բայց այս անգամ հազիվ թե սխալվեմ:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ
23.06.2016