Իմ մանկության երկաթգիծը, որը կյանքի փակ ճանապարհների լուռ խորհրդանիշ է ու վկա
Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղին շարունակում է փակ մնալ, դրա հետ մեկտեղ՝ հայերի և թուրքերի, ինչպես նաև ադրբեջանցիների միջև կապի, հաղորդակցության հնարավորությունները։ Հայ լրագրող Ալեքսանդր Մարտիրոսյանն իր բլոգում անդրադառնում է այն փաստին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը փակել է նաև այլ ճանապարհներ՝ դժվարացնելով հայ-ադրբեջանական հակամարտության լուծումը։
«Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթգիծը Գյումրիում անցնում է մեր շենքի կողքով։ Զուգահեռ այլ երկաթգծեր ևս կան՝ դեպի Երևան և այլուր։
Հիշում եմ, երբ փոքր էի, այդ երկաթգծով գնացքներ էին անցնում՝ մեծ կոնտեյներներով։ Օրական երեք-չորս անգամ՝ առավոտյան, ցերեկը և երեկոյան՝ վեցի կողմերը։ Երբեմն կոչնակի ձայնը լսվում էր ուշ երեկոյան և ավելի հաճախ՝ վաղ առավոտյան։
Իմ ամենասիրելի զբաղմունքն ու օրվա պարտքն էր՝ հեռվից գնացքի ձայնը լսելիս, վազել պատշգամբ ու հաշվել վագոնների քանակը։ Գրեթե երբեք չէր հաջողվում ճիշտ հաշվել, ու ամեն անգամ ինքս ինձ խոստանում էի, որ հաջորդ անգամ ավելի լավ կհաշվեմ, ավելի ուշադիր։
Մեր տունը երկրորդ հարկում է ու ծառերը խանգարում էին հաշիվը ճիշտ պահելու համար։ Մի փոքրիկ լուսանցք ունեի, որ կարողանայի տարբերակել մի վագոնի սկիզբը՝ մյուսի վերջից, բայց միևնույն է, չէր ստացվում։
Բայց արդեն երկար ժամանակ է, ինչ այդ երկաթգիծը չի աշխատում։ Փակ է։ Փակ է, ինչպես հարևան երկրների հետ հարաբերություններն ու կառավարությունների և ժողովուրդների երկխոսությունը։
Չնայած բազմաթիվ փորձերին՝ վերջին պատերազմը (2020) անհասկանալի ժամանակով հետաձգեց այդ հնարավոր երկխոսությունն ու համակեցության մասին մտքերը։
Ինչի՞ համար եմ սա պատմում։ Տնտեսությունը, այսինքն փոխշահավետ համագործակցությունը, պետությունների համար միշտ գործակցության մեծագույն հենք է հանդիսացել, չնայած պատմական անջնջելի ու ցավալի իրողությունների։
Զուգահեռ այդ ամենին՝ թշնամանքը հայ և թուրք ժողովուրդների, հայերի և ադրբեջանցիների մեջ, որ թվացյալ սառել էր, գնալով խորանում ու խորանում է սեփական և հարևան երկրների իշխանությունների, բարձր պաշտոնյաների ռազմատենչ նկրտումների ու ամբիցիաների պատճառով։ Երևի սա էլ տարածաշրջանի բախտն է։ Չգիտեմ։
Մեզանից շատերի՝ հայերիս համար, Ադրբեջանի հետ հակամարտությունը պատմության ամենաողբերգական էջերից մեկի՝ 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության շարունակությունն է»։
Էթնիկ հայերի ջարդը տեղի է ունեցել Օսմանյան Թուրքիայում 1915թ.։ Մինչ այդ Օսմանյան կայսրության տարածքում ապրում էր մոտ երկուսուկես միլիոն հայ։ Սպանությունների և զանգվածային տեղահանությունների արդյունքում նրանց կեսից ավելին մահացել է։ Հայաստանը և մի շարք արևմտյան երկրներ ու կազմակերպություններ պաշտոնապես ճանաչում են այդ իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Թուրքիան կտրականապես մերժում է նման ձեւակերպումը։
1915-ի ցեղասպանությունից անցել է հարյուրամյակից ավելի, բայց մենք այդպես էլ չենք հասկացել՝ ինչ ենք մենք ուզում այս աշխարհից ու ինքներս մեզանից, որտեղ ենք սխալ հաշվարկ արել ու չենք կարողանում կողմնորոշվել․ արդյո՞ք մեզ պետք է աշխարհի ճանաչումը մեկ դար անց, ո՞րն է այդ ճանաչման իմաստը, եթե ճանաչումը կրում է քաղաքական և ոչ թե մարդասիրական, մշակութային ու քաղաքակրթական բնույթ։
Ասեմ ավելին՝ քաղաքական դրդապատճառներով նման թեմաների շահարկումը, ներառյալ ճանաչումը, կարծում եմ, շատերի համար ուղղակի վիրավորական է։
Թերևս ինձ համար ամենակարևոր հարցը մեկը ինքնաճանաչումն է։ Սեփական իրական պատմության ճանաչում, աշխարհի ճանաչում՝ ինքդ քո մեջ, քեզ համար։ Կարևոր է մարդակենտրոն մտածողությունն ու կույր հավատացյալի և կեղծ բարեպաշտի կերպարից դուրս գալը, փառասիրության սղումը, նոր կյանքի կառուցումը։
Մենք բոլորս արժանի ենք մեր կյանքն ապրելու անհոգ։
Կանգնած եմ Գյումրիի մեր տանը, ու մտքերիս տարափը հանգիստ չի տալիս։ Փակ ճանապարհները զրկում են մեզ ընտրության հնարավորությունից։
Բաց լինելը գուցե մեզ օգնի, որ կարողանանք տարբերակել տնտեսական շահը հասարակականից, քաղաքականությունը՝ ցեղասպանությունից, մարդասիրությունը՝ մարդատյացությունից։
Արևելքից Արևմուտք տանող ճանապարհը անցնում է ոչ միայն մեր տան մոտով։ Այն անցնում է մեզանից յուրաքանչյուրի սրտերով։
Նայում եմ երկաթգծին ու մտածում, որ 44-օրյա պատերազմը փակել է եղած ճանապարհները՝ դրանք բացելու փոխարեն։ Եվ այդ ճանապարհները դատարկ ու լուռ են այսօր։
Իմ մանկության երկաթգիծը կյանքի փակ ճանապարհների լուռ խորհրդանիշն է ու վկան, որն ինձ կուղեկցի հավերժ՝ հուշելով բաց լինելու ու լռությունը կոտրելու կարևորության մասին։
Արևելքից արևմուտք և արևմուտքից արևելք ընթացող վագոնների աղմուկն ավելի կարևոր է, քան լռությունը»: