Իբրահիմ Չկադուա, Սուխում
Աշխարհն ամեն տարի ավելի փոքր ու փոխկախյալ է դառնում: Երբ Սահարայի ավազե փոթորիկները երբեմն Աբխազիա են հասնում, և առավոտյան Սուխումը թեթևակի դեղին է դառնում, հասկանում ես, որ հեռավոր Աֆրիկան այնքան էլ հեռավոր չէ: Էլ չեմ խոսում Սիրիայի մասին, որտեղ ընթացող պատերազմը հայրենիք բերեց մաջահիրների սերունդներին՝ ամբողջացնելով Կովկասյան պատերազմի պատմական շղթան:
Հուլիսի 31-ին Ֆազիլ Իսկանդերի մահվան լուրը լրատվամիջոցներն աշխարհին հասցրին հաշված րոպեների ընթացքում՝ Աբխազիան դարձնելով կրկին ոչ պակաս հիշատակվող, քան ԱՄՆ, Ռուսաստանը կամ Թուրքիան:
Չնայած որ մեզ՝ աբխազներիս համար, սա տխուր լուր է, սակայն նշանակալից է: Աբխազիան իր պատմության ընթացքում հիմնականում ինչ-որ մի կայսրության ծայրամաս, իսկ միջին դարերում՝ նույնիսկ թագավորություն է եղել: Խորհրդային կայսրությունում մեր կարգավիճակը կայուն նվազում էր, և ի վերջո միութենական հանրապետությունից Աբխազիան վերածվեց ավտոնոմիայի, որտեղ բնիկները կազմում էին 17 %:
Եվ հենց այդ ժամանակ ծնվեց Իսկանդերի Աբխազիան: Քեռի Սանդրոն, Ներքին Չեգեմի ճանապարհին Ստալինին հանդիպելով, Ֆազիլի հանճարի հաշվին փոխեց ոչ միայն համաշխարհային պատմությունն, այլ նաև Աբխազիայի ճակատագիրը: Այն դարձավ գրականության լիիրավ անդամ: Այդ երկիրը համաշխարհային գրականությունը ճանաչեց միանգամից ու անվերապահորեն, առանց շրջափակումների ու պատժամիջոցների:
60-70-ական թվականներին հազիվ թե աբխազներից որևէ մեկը ենթադրեր, որ երբևէ ԽՍՀՄ-ը կփլուզվի, իսկ մենք երկընտրանքի առջև կկանգնենք՝ չքանալ երկրի երեսից կամ, հաղթելով պատերազմը, դառնալ պետություն: Իսկ Իսկանդերի Աբխազիան այն ժամանակ արդեն ներդաշնակության կղզյակ էր՝ իր բարոյական օրենքներով ու նահապետական բարքերով:
Այդ երկիրը ուտոպիա էր թվում, հեռացող մի բան: Սակայն անկախ ու ինքնաբավ Աբխազիայի մոդելն ամբողջությամբ արտահայտվեց 92-93թթ-ին: Պատերազմի հետևանքով կարող էր անհետանալ ոչ միայն աբխազների Աբազիան, այլ նաև իսկանդերյան Աբխազիան, իսկ դա աշխարհի համար կրկնակի և անփոխարինելի կորուստ կլիներ:
Իսկանդերը գրում էր ռուսերեն՝ մտածելով աբխազերեն, և դա նույնպես իրերի ներկայիս դասավորությունն է արտացոլում և՛ քաղաքականությունում, և՛ մշակութային պատկանելիությունում: Ֆազիլն իր կյանքով ու ստեղծագործական ուղով, իսկ այժմ՝ ցավոք նաև հեռանալով ապացուցեց, որ կարելի է պատկանել տարբեր մշակույթների ու ժողովուրդների՝ միաժամանակ հարստացնելով դրանք: Պարզվեց, որ կարելի է աբխազ ծնվել, գրել ռուսերեն և հասկանալի ու սիրված լինել ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից:
Նա մեզ մի Աբխազիա թողեց, որը կլինի մինչև ժամանակների ավարտը, քանի դեռ գոյություն ունի աշխարհի գրական քարտեզը: Եվ մեզ մնաց իրական Աբխազիա, որը նույնպես պետք է պահպանել աշխարհի քարտեզում և սերունդների համար:
Այսօր բոլորը խոսում են բազմամշակութայնության ու գլոբալիզացիայի վնասակարության մասին: Սակայն կա Իսկանդերի օրինակը, ում արժեքներն ունիվերսալ են, միաժամանակ՝ խորապես ազգային: Նրա դեղատոմսերը երբեմն միամիտ են թվում, սակայն անսահման իմաստուն են:
Իր հարցազրույցներից մեկում Իսկանդերն ասել է.
“Չարը չես կարող արմատախիլ անել… միգուցե հնարավոր է միայն կրոնական իմաստով, Ահեղ դատաստանին… սակայն նորմալ մարդկային կյանքում դրա դեմ պայքարել է պետք… Չարի դուրս մղումը անկասկած բոլոր դարաշրջանների և ժամանակների խնդիրն է: Եվ մենք երջանիկ ենք, որ Չարի դեմ պայքարի անվերջ շղթայում մի օղակ ենք…:
Ֆազիլ Իսկանդերը թերևս այդ շղթայի մեր ժամանակների լավագույն օղակներից էր:
Հոդվածում հնչած կարծիքներն արտահայտում են հեղինակի տերմինաբանությունն ու հայացքները և պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության կարծիքի հետ:
Հրապարակվել է 05.08.2016