Ի՞նչ ցույց տվեցին նախագահական ընտրությունները Վրաստանում և ինչու պարտվեց իշխանամետ թեկնածուն
ԿԸՀ-ն հաշվել է բոլոր ընտրատեղամասերի քվեաթերթիկները: Իշխանամետ թեկնածուն ոչ թե չի կարողացել ընտրություններում հաղթել առաջին իսկ փուլում, այլ, քիչ էր մնացել, պարտվեր իր գլխավոր ընդդիմադիր մրցակցին. Զուրաբիշվիլիի և Վաշաձեի արդյունքների տարբերությունը 1%-ից պակաս էր (Զուրաբիշվիլի՝ 38.64%, Վաշաձե՝ 37.74%):
Ինչպե՞ս են նախագահական ընտրությունների արդյունքները գնահատում քաղաքագետները:
__________
Գիա Նոդիա, քաղաքագետ, Խաղաղության, ժողովրդավարության և զարգացման Կովկասի ինստիտուտի ղեկավար
Ո՞րն է ընտրությունների գլխավոր արդյունքը
Առաջին. հաստատվեց, որ իշխանություններին կարելի է հաղթել ընտրությունների միջոցով: Վրաստանում իշխանության ուժը մեծ մասամբ հիմնված է սեփական անպարտելիության պատրանքի վրա: Ընտրություններում վերջնական հաղթանակ չի տարվել, սակայն իշխանություններն արդեն պարտվել են: Եթե ընդդիմությունը չկարողանա գործը հաղթական ավարտին հասցնել, դա բացառապես նրա սեփական մեղքը կլինի:
Երկրորդ. ևս մեկ անգամ պարտվեց «երրորդ ուժի» ֆետիշը, այսինքն՝ այն կարծիքը, որ քանի դեռ երրորդ ուժ չի ձևավորվել, «Վրացական երազանքին» հնարավոր չէ հաղթել: «Ազգային շարժման» շարքերից դուրս եկած երեք թեկնածու ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 50% ձայն (դա, բնականաբար չի նշանակում, որ այդ երեք ուժերը համախմբվելու դեպքում կհաղթեին իշխանամետ թեկնածուին առաջին իսկ փուլում. այդպես չի լինում):
Ինչո՞ւ իշխանությունները պարտվեցին
Եթե կատարվածին նայենք իշխանության դիրքերից, ապա պարտության պատճառներից մեկը Բիձինա Իվանիշվիլիի որոշումն էր: Նա ընտրեց բացարձակ անադեկվատ մի թեկնածուի, ընդ որում՝ հակառակ իր իսկ կուսակցության ցանկության: Դրանից հետո առաջնորդի հանդեպ նրա կողմնակիցների հավատը կարող է սասանվել: Ստացվում է, որ ճիշտ էր Զաքարիա Կուցնաշվիլին [մեծամասնության պատգամավորը, որը դեմ էր Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությանը — JAMnews], իսկ Բիձինան սխալվեց:
• Այն ամենն, ինչ պետք է իմանալ Վրաստանում նախագահական ընտրությունների մասին
• Ո՞վ է Սալոմե Զուրաբիշվիլին. Վրաստանի իշխող կուսակցության առաջին լուրջ ձախողումը
• Ի՞նչ ասաց Վրաստանը կառավարող մարդը
Ընդդիմությունը հաղթե՞լ է ընտրություններում, թե՞, այնուամենայնիվ, ոչ: Բնականաբար, սա շատ կարևոր հաղթանակ է
Բնականաբար, սա Միխեիլ Սաակաշվիլիի անձնական շատ կարևոր հաղթանակն է. Գրիգոլ Վաշաձեն նրա դրածոն է: Հաստատվեց, որ վրացական քաղաքական մշակույթը չի փոխվել. բողոքի ձայներն անցնում են ամենաարմատական ընդդիմությանը: «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունն, իր հերթին, թերևս վճռորոշ դեր խաղաց:
Կանխատեսում
Ընդդիմադիր նախագահի՝ իշխանության գալն իշխանափոխություն չի նշանակում. ամեն ինչ կորոշվի խորհրդարանական ընտրություններում [Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2020թ-ին — JAMnews]:
Ընդդիմությունն ի վիճակի է հաղթելու հաջորդ ընտրություններում ևս, սակայն դրանք այլ ընտրություններ են: Չեմ կարծում, որ «Ազգային շարժումը» կարողանա իր ուժերով հաղթել ընտրություններում: Ներկայիս երկրորդ փուլը պետք է ընդդիմության համագործակցության դպրոց լինի խորհրդարանական ընտրություններում հետագա հաջողության համար:
____________
Հրապարակախոս, Իլյայի համալսարանի պրոֆեսոր Զաալ Անդրոնիկաշվիլի
Ի՞նչ ցույց տվեցին ընտրությունները
Երկու գլխավոր միտում նկատվեց:
Առաջին. անհրաժեշտ է պահպանել նախագահի ուղիղ համաժողովրդական ընտրությունները: Կայացած ընտրություններն ակնհայտորեն ցույց տվեցին, թե որքան կարևոր է, որ նախագահին ժողովուրդն ընտրի, այլ ոչ թե ինչ-որ ոչ թափանցիկ կոլեգիա: Երկրում, ժողովրդավարական ինստիտուտները դեռ թույլ են, ընտրությունները հաճախ միակուսակցական (կամ միանձնյա) կառավարման հանդեպ ընտրողների վերաբերմունքի արտահայտման միակ գործիքն են [սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ սրանք վերջին նախագահական ընտրություններն են, երբ բնակչությունը նախագահ էր ընտրում ուղիղ քվեարկությամբ: 2023թ-ին նախագահը կընտրվի կոլեգիայի կողմից — JAMnews]:
Երկրորդ. բնակչությունը նախկինի պես «դեմ» է քվեարկում. վրացի ընտրողների մեծ մասը չունի կուսակցություն և թեկնածու, որոնք կպաշտպանեն նրա շահերը: Այդպիսի ընտրողները ստիպված են բողոքի քվեարկությամբ հավասարակշռել միակուսակցական կառավարումը (որը վաղ թե ուշ անպայման բռնապետության ուղին է բռնում): Նման դեպքում նշանակություն չունի ոչ կուսակցական ծրագիրը, ոչ քաղաքական գործչի անձը, դա վթարային ռեժիմ է, որի ժամանակ ընտրողների խնդիրը ժողովրդավարական նվազագույնը պահպանելն է լինում:
Վրացի ընտրողների 60%-ը չունի իր շահերը ներկայացնող քաղաքական ուժ և ստիպված է բողոքի ձայն տալ կամ իր ձևով «պատժել» կառավարությանը:
2012թ-ին ընտրողները պատժեցին «Միասնական ազգային շարժմանն», իսկ այսօր, կարծես պատժում են «Վրացական երազանքին»: