Ի՞նչ սպասել Նավալնի-նախագահից
1750 մարդ արդեն երրրոդ օրն է՝ նստած է Ռուսաստանի 182 քաղաքների նախնական կալանքի խցերում:
Նրանք «նոր» կալանավորներ են. ձերբակալվել են կիրակի՝ հունիսի 11-ին, ողջ երկրի տարածքում կայացած բողոքի զանգվածային ակցիայի ժամանակ:
Մարդիկ բողոքում էին ներկայիս նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության դեմ: Այս և նախորդ ելույթների կազմակերպիչն Ալեքսեյ Նավալնին էր՝ Կոռուպցիայի դեմ ռուսական ֆոնդի ղեկավարն ու Ռուսաստանում և աշխարհում ամենահայտնի անձանցից մեկը:
Կես տարի առաջ Նավալնին հայտարարել է, որ մասնակցելու է 2018թ-ի նախագահական ընտրություններին: Իսկ ընդամենը մի քանի տարի առաջ այդ մարդու մասին գիտեր միայն մարդկանց փոքր խմբաքանակ Մոսկվայի լիբերալ շրջանակներում: Ոչ միանշանակ մարդ, լիբերալ՝ ազգայնական հայացքներով:
Ո՞վ է Ալեքսեյ Նավալնին: JAMnews-ի տեսաբանը Մոսկվայում պատմում է:
Ալեքսեյ Նավալնին մարտի 26-ի ցույցին ձերբակալվելու ժամանակ: Լուսանկարը՝ Ալեքսեյ Աբանինի, RTVi
Ընդհանուր տեղեկատվություն
Ալեքսեյ Նավալնին ծնվել է 1976թ-ի հունիսի 4-ին Մոսկվայի շրջանի Բուտին գյուղում, զինվորականի ընտանիքում: Այժմ Նավալնիի ծնողները զբաղվում են բիզնեսով, «Որթագործության Կոբյակովյան ֆաբրիկայի» սեփականատերն են: Ալեքսեյ Նավալնին երկու բարձրագույն կրթություն ունի՝ իրավաբանական և տնտեսական: Ապրում է կնոջ և երկու երեխաների հետ Մոսկվայի հեռավոր Մարյինո շրջանի երեք սենյականոց բնակարանում:
Նրա եղբայրը՝ Օլեգը, իր պատիժն է կրում յուրացումների մասին գործով, որով նա դատապարտվել է Ալեքսեյ Նավալնիի հետ միասին, վերջինս պայմանական ազատազրկման է դատապարտվել: Շատ փորձագետներ և արտասահմանյան լրատվամիջոցների մեծ մասն այդ գործը շինծու և քաղաքականապես մոտիվացված է համարում:
Ալեքսեյ Նավալնին կնոջ՝ Յուլյայի և որդու՝ Զախարի հետ: Լուսանկարը՝ Եվգենի Ֆելդմանի
Նավալնին որպես ազգայնական
Ալեքսեյ Նավալնին քաղաքականություն է մտել 2000թ-ին՝ անդամագրվելով «Յաբլոկո» կուսակցությանը: Սակայն 2007թ-ին վտարվել է կուսակցությունից «կուսակցությանը քաղաքական վնաս հասցնելու, մասնավորապես, ազգայնական գործունեության համար» ձևակերպմամբ:
2006թ-ին, այնուհետև՝ 2008թ-ին Ալեքսեյ Նավալնին ազգայնական «Ռուսական երթերի» մասնակից էր: Ժամանակին նա բացմիցս իրեն հենց այդպես էլ անվանել է՝ «նորմալ ռուս ազգայնական»:
Այն տարիների իր բլոգի գրառումներում կարելի է Հյուսիսային Կովկասի բնակչության մասին այսպիսի արտահայտություններ գտնել.
«Մենք չենք կարող նորմալ ապրել ազգերի հետ, երբ այդ ազգերը հայտարարում են, որ ուզում են ապրել որպես կենդանիներ»:
Հայրենիքի պաշտպանի օրը տեղափոխելու և այն փետրվարի 23-ին (1944թ-ին այդ օրը սկսվել է չեչենների և ինգուշների արտաքսումը, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ են մահացել) չնշելու չեչեն ղեկավարության խնդրանքի մասին Նավալնին գրել է.
«Արդեն, անկեղծ ասած, հոգնեցրել են [չեչեն] հանրության այդ ներկայացուցիչները: Մեկ նրանց տուր նավթի բոլոր եկամուտները, մեկ փոխանցումներն ավելացրու, մեկ ինչ-որ ֆիլմեր նրանց դուր չեն գալիս: Ահա թաթարները: Շատ ավելի մեծ իրավունքներ ունեն հավակնություններ ունենալու: Բայց իրենց կարգին են պահում»:
«Յաբլոկո» կուսակցությունից հեռացվելուց կես տարի առաջ՝ 2007թ-ի հունիսին, Ալեքսեյ Նավալնին դարձել է «ԺՈՂՈՎՈՒՐԴ ազգային ռուսական ազատագրական շարժման» համանախագահ: Երեք համանախագահներից երկրորդը Զախար Պրիլեպինն էր՝ ռուս գրող, որն այժմ Ուկրաինայի տարածքում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության (Ուկրաինան միջազգային հանրության աջակցությամբ պնդում է, որ դա Ուկրաինայի տարածքն է, այնտեղ պարբերանար շարունակվում են մարտական գործողություններ) ղեկավարի խորհրդականն է:
«Ժողովուրդ» շարժումը մանիֆեստ էր հրապարակել, որում այսպիսի կետ կար. «Ռուսաստանը պետք է ճանաչի այն երկրների ինքնիշխանությունն ու ինքնորոշման իրավունքը, որոնք մեր պատմական դաշնակիցներն են, մասնավորապես, Մերձդնեստրի, Աբխազիայի և Հարավային Օսիայի»: 2017թ-ի հունիսի 9-ին «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նավալնին հայտարարել է, որ Աբխազիան երկար տարիներ անկախ է եղել Վրաստանից և այդպիսին է մնում նաև այսօր:
Նավալնին «Հանուն արդար ընտրությունների» ցույցին: Լուսանկարը՝ Անտոն Տուշինի /Ridus.ru
Նավալնին որպես Ռուսաստանում կոռուպցիայի դեմ գլխավոր պայքարող: 2008թ-ին Նավալնին դատական գործընթացի մեջ էր «Տրանսնեֆտ» և «Ռոսնեֆտ» խոշորագույն ռուսական պետական ընկերությունների հետ:
Նավալնին հատուկ այդ ընկերությունների արժեթղթեր էր գնել, որպեսզի իրեն հասանելի լինեն նրանց հաշվետվությունները և հետևեր, թե ինչպես են ծախսվում գումարները:
Իր հետազոտությունների արդյունքները քաղաքական գործիչը սկսել է հրապարակել LiveJournal-ի իր բլոգում: 2011թ-ին Նավալնին խորհրդարանի ընտրությունների կեղծիքների դեմ բողոքի ակցիաների առաջնորդներից մեկն է եղել:
Օլեգ և Ալեքսեյ Նավալնիները մեղադրական վճռի հրապարակումից հետո: Լուսանկարը՝ Արտյոմ Կորոտաևի /ՏԱՍՍ/ Scanpix / LETA
Նավալնին որպես քաղաքական գործիչ
Մոսկվայում 2011-2013թթ-ի ցույցերից հետո, որոնք կազմակերպվել են Նավալնիի ակտիվ մասնակցությամբ, նրա համբավը կտրուկ աճել է:
Ռուսական «Լևադա-կենտրոնի» տվյալներով՝ 2011թ-ի գարնանը քաղաքական գործչի մասին իմացել է ռուսների 6%-ը, մեկ տարի անց՝ 25%-ը: Այդ նույն ժամանակ՝ 2011թ-ին, հայտնվեց Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը, որն ավելի ուշ դարձավ Նավալնիի առավել մասշտաբային նախագիծը: 2013թ-ին Ալեքսեյ Նավալնին դարձավ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու:
Նա մեծ նախընտրական արշավ նախաձեռնեց. ամեն օր հանդիպումներ էր անցկացնում տարբեր շրջանների բնակիչների հետ, կամավորների էր ներգրավում, ստիկերներ էր բաժանում և ագիտացիոն ապստառներ տեղադրում:
Արդյունքում՝ նա ընտրություններին հավաքեց ձայների 27%-ը և պարտվեց միայն Սերգեյ Սոբյանինին՝ Մոսկվայի գործող քաղաքապետին, որի ֆինանսական և ագիտացիոն հնարավորությունները շատ ավելի մեծ են: 2016թ-ի դեկտեմբերի 13-ին՝ գալիք ընտրություններից գրեթե կես տարվի առաջ, Նավալնին հայտարարեց, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Ռուսաստանի նախագահական ընտրություններում:
Տեսաուղերձից հետո, որում նա հաղորդում էր այդ մասին, մեծ արշավ սկսվեց 300 հազար ստորագրություն հավաքելու, որոնք անհրաժեշտ էին ընտրություններին որպես ապակուսակցական մասնակցելու համար: Արդեն ապրիլին Նավալնիի շարժմանն անդամակցելու պատրաստ մարդկանց թիվը հասավ 300 հազարի: Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամն այդ ընթացքում սկսեց ակտիվորեն հետաքննություն անցկացնել կաշառակեր պաշտոնյաների մասին:
Երկու ամենաաղմկահարույց հետաքննությունները «Չայկա» և «Նա ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմերն էին, որոնք պատմում են կոռուպցիոն սխեմաների մասին, որոնց ետևում կանգնած են համապատասխանաբար ՌԴ դատախազ Յուրի Չայկան և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Այն բանից հետո, երբ Նավալնին չստացավ իշխանությունների արձագանքը «Նա ձեզ համար Դիմոն չէ» ֆիլմին, քաղաքական գործիչը մարդկանց կոչ արեց դուրս գալ բողոքի ակցիաների վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի պահանջով:
2017թ-ի մարտի 26-ին Տվերյան փողոց դուրս եկավ, ըստ կազմակերպիչների, 25-30 հազար մարդ: Հիմնականում դրանք երիտասարդներ էին՝ ուսանողներ և բարձր դասարանների աշակերտներ, որոնք նախկինում նման ակցիաներին չէին երևացել:
Մոտ հազար մարդ էր այդ օրը ձերբակալվել ոստիկանության կողմից: Երթն ամենազանգվածային չարտոնված բողոքի ակցիան էր ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ: Մոսկվայից զատ երթեր և ցույցեր կայացան նաև Ռուսաստանի 81 քաղաքներում:
Զախար Պրիլեպինն ու Ալեքսեյ Նավալնին «Ժողովուրդ» շարժման մամուլի ասուլիսին: Լուսանկարը՝ Գրիգորի Սոբչենկո/Կոմերսանտ
Ալեքսեյ Նավալնիի նախընտրական ծրագիրը դեռևս հրապարակված չէ: Այն կհրապարակվի այն ժամանակ և եթե Նավալնիին գրանցեն որպես Ռուսաստանի նախագահի թեկնածուի: Մինչ այդ նրա կայքում կարելի է դրա բազային թեզիսները գտնել:
Դրանցից մեկն այսպես է հնչում. «Ռուսաստանին Միջին Ասիայի և Անդրկովկասի երկրների հետ վիզային ռեժիմ է պետք: Աշխատանքային միգրանտները պետք է գան աշխատանքային վիզաներով, այլ ոչ թե առանց վերահսկողության, ինչպես հիմա»:
Նավալնին նաև պնդում է, որ Ռուսատսանին «ձեռնտու է բարեկեցիկ եվրոպական երկրների հետ քաղաքական և տնտեսական մերձեցումը»: