Ի՞նչ սպասել Թրամփ-Պուտին հանդիպումից: Եվ ի՞նչ չսպասել
Այսօր Հելսինկիում կկայանա ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների առաջին լիարժեք հանդիպումը, որոնք մինչ այս շփվել են միայն կարճ ժամանակով՝ միջազգային ֆորումների ժամանակ: Ի՞նչ են աշխարհում սպասում նրանց շփումից:
Ֆինների սպասումն ավարտվեց
Ֆինլանդիայի մայրաքաղաքի բնակիչները, որոնք իրենց քաղաքում պետք է ընդունեն երկու նախագահներին, այդ կապակցությամբ բազմաթիվ անհարմարություններ են զգում: Պատճառն ավնտանգության աննախադեպ միջոցներն են: Ընդ որում, դրանք, ըստ ամենայնի, կապված են Վլադիմիր Պուտինի Հելսինկի ժամանելու հետ:
Այսպես, օրինակ, Ֆինլանդիայի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում պատուհան չբացել նախագահական ավտոշարասյանը հետևելու համար, որպեսզի անվտանգության աշխատակիցները պատահաբար նրանց դիպուկահարների տեղ չդնեն: Բացի այդ, դեպի հանդիպման վայր՝ նախագահական պալատ, տանող երթուղում առկա բոլոր մտոցները (լյուկերը) եռակցվում են:
Հելսինկիի բնակիչների համար անվտանգության նման միջոցառումները կարող են էկզոտիկ թվալ, սակայն բոլոր ռուսական քաղաքների բնակիչները, որտեղ եղել է Վլադիմիր Պուտինը, գիտեն, որ դա սովորական ընթացակարգ է:
Ռուսաստան. ծայրահեղ զսպվածություն կանխատեսումներում
Բանակցությունների նախաշեմին Մոսկվայում մամուլի ասուլիս էր հրավիրել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Գագաթնաժողովի արդյունքների նրա կանխատեսումներն ապշեցնում են իրենց զսպվածությամբ:
Ուշակովի խոսքով՝ օրակարգը «լայն բնույթ է կրում և ներառում է տարբեր հարցեր, որոնց շուրջ կողմերը կարող են համագործակցել»: Նման աղոտ ձևակերպումը նշանակում է, որ ԱՄՆ և Ռուսաստանի հարաբերություններում առկա սուր հարցերի՝ Սիրիայի, Դոնբասի պատերազմի, Ղրիմի բռնակցման, ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի միջամտության և դրան հետևած պատժամիջոցների վերաբերյալ ոչ մի հստակ պայմանավորվածություններ նախապես չկան:
Այս ենթադրությունը հաստատում է նաև այն, որ, ըստ Ռուսաստանի նախագահի օգնականի, Թրամփի և Պուտինի համատեղ ասուլիս բանակցություններից հետո պլանավորված չէ:
ԱՄՆ. հետախուզության մտավախությունները
Ամերիկյան լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրում այն հանգամանքի վրա, որ գագաթնաժողովի ընթացքում պլանավորված է երկու նախագահների տետ-ա-տետ շփումը միայն թարգմանիչների մասնակցությամբ: Հաշվի առնելով Թրամփի հասցեին հնչող բազմաթիվ մեղադրանքները, թե նրա կապերը Ռուսաստանի հետ վաղուց են գործում և ոչ հանրային բնույթ են կրում, դա մտավախումներ է առաջացնում:
Գագաթնաժողովից անմիջապես առաջ, օրինակ, Financial Times թերթը հետաքննություն էր հրապարակել, որից հետևում էր, որ Թրամփի բիզնես-նախագծերը ֆինանսավորվել են ռուսական ծագման քրեական փողերով:
Հնարավոր է, որ հենց այդ մտավախությունների հետ է կապված այն, որ Հելսինկիում կայանալիք բանակցությունների նախաշեմին ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարները Ռուսաստանին կտրուկ քննադատության էին արժանացրել 2016թ-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու կապակցությամբ: Մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Գլխավոր հետախուզական վարչության Գլխավոր շտաբի 12 սպայի:
Եվրոպա. սակարկության մտավախություն
Եվրոպական երկրների մտահոգությունն, առաջին հերթին, կապված է Ռուսաստանի և ԱՄՆ միջև սակարկության առարկա չդառնալու հետ:
Մի կողմից, պատժամիջոցների պայմաններում Վլադիմիր Պուտինի համար շատ կարևոր է պառակտում մտցնել ԱՄՆ և Եվրամիության միջև և օգտագործել նրանց միջև հակասությունները:
Մյուս կողմից, Եվրոպա այցելության ընթացքում նախագահ Թրամփը բավականին թափանցիկ ակնարկեց, թե ինչն է իր համար գլխավոր նպատակներից մեկը: Նա դաշնակիցներին համոզում էր հրաժարվել ռուսական գազի նոր գնումներից՝ դրանով իսկ ազատելով այդ հսկայական շուկան ԱՄՆ հեղուկ գազի մատակարարման համար:
Շոուի մտավախություն
Եվ ամերիկյան, և եվրոպական լրատվամիջոցներում կարծիք էր հնչում, որ Հելսինկիի գագաթնաժողովը կարող է պարզապես փիար-ակցիա լինել:
Վլադիմիր Պուտինին այն պետք է իր շրջապատին ցույց տալու, թե ինքը հաղթահարել է միջազգային մեկուսակցումն ու շարունակում է ազդեցիկ խաղացող մնալ:
Դոնալդ Թրամփն ուզում է ցույց տալ, թե հաջողության է հասնում միջազգային հարթակում, որտեղ իրեն մեղադրում են փորձի բացակայության և իմպուլսիվության համար:
Որպես օրինակ դիտորդները բերում են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Թրամփի բանակցությունները. կենտրոնացված փիար և ոչ մի հստակ արդյունք: