Ի՞նչ կտա ԵԽԽՎ ընդունած բանաձևը Հայաստանին։ Հայ փորձագետները լավատես են
Սեպտեմբերի 27-ին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի տարելիցի օրը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն (ԵԽԽՎ) ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքները» վերնագրով բանաձևը։
Հայաստան և Ադրբեջան կատարած այցերի ընթացքում հավաքագրած տեղեկությունների հիման վրա համանուն զեկույցը պատրաստել էր իռլանդացի խորհրդարանական Պոլ Գավանը։
Զեկույցն ու բանաձևն անդրադառնում են զոհերի ու վիրավորների, ռազմագերիների ու անհետ կորածների, տեղահանված անձանց հարցերին, ինչպես նաև պատերազմական հանցագործություններին։
Թեև Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակությունները դեմ են քվեարկել, սակայն 47 կողմ ձայների արդյունքում բանաձևն ընդունվել է։
JAMnews-ը ներկայացնում է բանաձևի կարևոր արձանագրումները, ինչպես նաև ակնկալվող արդյունքի մասին փորձագիտական կարծիք։
Բանաձևի կարևոր արձանագրումները
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ընդգծել է, որ թեև Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղ անվանումը դուրս թողնել միջազգային փաստաթղթերից և նույնիսկ հանդես է գալիս նման կոչերով, այդ թվում՝ ՄԱԿ-ի ամբիոնից, հայկական կողմին հաջողվել է բանաձևի վերնագրում և տեքստում փոփոխություն մտցնել՝ ներառելով «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառակապակցությունը։
Ըստ Ռուբինյանի՝ բանաձևը Հայաստանի համար մի շարք կարևոր արձանագրումներ է պարունակում, որոնք նա ներկայացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում․
Վեհաժողովը․
- նշում է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը 2001 թվականի հունվարին Եվրոպայի խորհրդին անդամակցելով պարտավորվել են հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով: Հետևաբար, 2020 թվականի վեցշաբաթյա պատերազմը հանդիսանում է այդ պարտավորությունների խախտում և պետք է պատշաճ արձագանք ստանա Եվրոպայի խորհրդի կողմից,
- գտնում է, որ Եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածի հստակ նպատակը բոլոր կալանավորված անձանց փոխանակումն է՝ անկախ կողմերից մեկի կամ մյուսի կողմից վերագրվող կարգավիճակի տարբերության, և կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել բոլոր գերիներին և առանց հետաձգման վերադարձնել նրանց Հայաստան,
- խրախուսում է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեին (ECRI, ԽԿԿ) կատարել արտահերթ այց՝ չնայած այն բանի, որ ԿԽՄԿ-ն ն ունի կանոնավոր մուտքի իրավունք,
- վկայակոչում է մտահոգիչ ապացույցներն այն մասին, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ օգտագործել է սիրիացի վարձկաններին,
- համարում է, որ Բաքվի «Ռազմավարի պուրակը» լուրջ անհանգստություն է հարուցում․ ծաղրանկարված և կարծրատիպային մանեկենների օգտագործումը սաստկացնում է անհանդուրժողականության մակարդակը և տեղ չպետք է ունենա հասարակությունում կամ թանգարանում,
- շարունակում է մնալ անհանգստացած և ազդված միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղ այցելելու շարունակական խափանմամբ և կոչ է անում երկու կողմերին նպաստել նրանց մուտք գործելուն։
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ բանաձևի ամենակարևոր դրույթը 3-րդն է։ Ըստ այդ դրույթի՝ Եվրոպայի խորհուրդն անդրադառնալու է պատերազմի սանձազերծման համար պատասխանատվության հարցին։
«Հայաստանը չի սկսել այս պատերազմը, ուստի դժվար չէ կանխատեսել, որ Ադրբեջանի համար անխուսափելի է ագրեսոր ճանաչվելը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Ադրբեջանը պետք է զրկվի ամեն ինչից, ինչին հասավ ռազմական ճանապարհով։ Ագրեսիայի հետևանքով ձեռքբերումները մերժվում են միջազգային հանրության կողմից, դա ագրեսիայի սահմանման կետերից մեկն է»,- JAMnews-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։
Հարցին՝ արդյո՞ք սա ենթադրում է, որ Շուշիի, Հադրութի, պատերազմի արդյունքում կորսված մյուս տարածքների վերադարձման հնարավորություն կա, Ղուկասյանը դրական արձագանքեց․
«Այո։ Եվ դա քաղաքական պլատֆորմ է ստեղծում, որպեսզի միջազգային հանրությունը իր խաղարարար ուժերը կարողանա տարածաշրջանում տեղակայել, և հայերին ու ադրբեջանցիներին այդպիսով երաշխավորել կայուն անվտանգություն»։
Վերջերս ՄԱԿ-ի ամբիոնից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանին մեղադրեց սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի վրա հարձակվելու և պատերազմ հրահրելու մեջ։ Անդրիաս Ղուկասյանի գնահատմամբ՝ ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևում այլ արձանագրումներ են արվում, այդ թվում՝ Թուրքիայի դերակատարության վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նույն ամբիոնից ունեցած ելույթում Ալիևն ասել էր, թե՝ պատերազմի ընթացքում Թուրքիան միայն քաղաքական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին։
Ըստ քաղաքագետի՝ «Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ» ԵԽԽՎ ընդունած բանաձևի պահանջներն Ալիևի համար անհաղթահարելի են։ Քաղաքագետը կասկածի տակ է դնում նաև ԵԽ-ին Ադրբեջանի հետագա անդամակցության հարցը․
«Դժվար չէ կանխատեսել, որ Ադրբեջանի անդամությունը ԵԽ-ում ապագայում լինելու է, մեղմ ասած, բավականին խնդրահարույց, իսկ իրականում կարելի է ասել, որ կասեցվելու է Ադրբեջանի մասնակցությունը այդ միջազգային կազմակերպությանը»։
Անդրիաս Ղուկասյանի կանխատեսմամբ՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի սանձազերծման քաղաքական գնահատականը երկար սպասեցնել չի տա։
«Այս ամենը հիմք է տալիս ենթադրելու, որ 2022 թ․-ին Ադրբեջանը կճանաչվի ագրեսոր, և Իլհամ Ալիևի անձնական պատասխանատվության հարցը վարույթ կմտնի Միջազգային քրեական դատարան։ Մինչև տարեվերջ էլ ի հայտ կգա միջազգային ուժերի տեղակայման անհրաժեշտությունը տարածաշրջանում»,- ամփոփեց քաղաքագետը։