Ի՞նչ կապ ունի Ֆինլանդիան։ Գաղտնի և բացահայտ դիվանագիտություն Ուկրաինայի շուրջ
Կոնֆլիկտ Ուկրաինայում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 7-8-ն այցելել է Մոսկվա և Կիև, հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ՝ փորձելով կանխել կոնֆլիկտի սրացումը։ Արդյունքում՝ պատրաստի պայմանավորվածություններ կամ «խաղաղության պլան» չի ստացվել, սակայն Մակրոնի որոշ ուղերձները վեճեր և տագնապ են առաջացրել Ուկրաինայում և դրա կողմնակիցների շրջանում։ Արևմտյան լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին առաջարկներ է արել, որոնք համաձայնեցված չեն գործընկերների հետ։
Դեռևս այցից առաջ Էմանուել Մակրոնը մի քանի հայտարարություն էր արել, որոնք արևմտյան լրատվամիջոցներն ու վերլուծողները գնահատել են որպես վիճելի։ Մասնավորապես, նա հայտարարել է, որ «հասկանում է այս մեծ (ռուս) ժողովրդի և մեծ ազգի տրավմաներն» այնպես, ինչպես հասկանում է Ռուսաստանի հարևանների տրավմաները։
Բացի այդ, Le Figaro թերթի տեղեկություններով՝ Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում Ֆրանսիայի նախագահը մի քանի լրագրողների ասել է, որ քննարկման ենթակա գաղափարների թվում կա Ուկրաինայի այսպես կոչված «ֆինլանդացման» հնարավորությունը, ինչը նշանակում է նաև «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չմիանալը»։
«Ֆինլանդացումը» քաղաքական և պատմական եզր է, որը նշանակում է մի երկրի ենթարկումը մյուս երկրի ազդեցությանը։ Այն հիմնականում բացասական նշանակություն ունի, արևմտյան քաղաքական գիտության մեջ դրա միջոցով նկարագրում էին Ֆինլանդիայի և Խորհրդային Միության հարաբերությունները Երկրորդ աշխարհամարտից հետո։
Ֆինլանդիան 1939-1940 թթ-ի Ձմեռային պատերազմում կարողացել է պաշտպանել իր անկախությունը, սակայն, ԽՍՀՄ հետ համաձայնագրով, պարտավորվել է չեզոքություն պահպանել, իսկ իր ներքին քաղաքականությունում հաշվի առնել Մոսկվայի շահերը։
- «Ոչ մի ՆԱՏՕ»։ Ինչպե՞ս անցան Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջին բանակցություններն անվտանգության հարցերով
- «Ռուսաստանն անկանխատեսելի է և հենց այնպես չի հեռանա»․ Ղազախստանի ցույցերի մասին
- Քաղաքական ճգնաժամը Վրաստանում՝ ուկրաինացի լրագրողների աչքերով
Արևմտյան երկրների առաջնորդները և Ուկրաինայի իշխանությունը հայտարարում են, որ Ռուսաստանն Ուկրաինայի սահմանների մոտ կուտակել է ավելի քան 100 հազարանոց զորքեր, և որ Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա հնարավոր է մոտ ժամանակներս։
Ռուսաստանը հերքում է Ուկրաինա ներխուժելու մտադրությունը, սակայն ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի երկրներից «անվտանգության պաշտոնական երաշխիքներ» է պահանջում, այդ թվում, որ Ուկրաինան ու Վրաստանը երբեք չեն անդամակցելու ՆԱՏՕ-ին։
Վաշինգտոնում և Բրյուսելում Ռուսաստանի պահանջները հրաժարվել են կատարել՝ այնուամենայնիվ, առաջարկելով շարունակել երկխոսությունը։
Բանակցությունների և գրավոր ուղերձներով փոխանակվելու հետևանքով Ռուսաստանը և ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն մինչ օրս փոխըմբռնման չեն եկել։
«Հաջորդ օրերը վճռորոշ են լինելու»
Մակրոնի և Պուտինի բանակցությունները Մոսկվայում տևել են մի քանի ժամ։ Ինչպես ակնկալվում էր, ոչ մի բեկում հանդիպման արդյունքում տեղի չի ունեցել։
Գլխավորն, ինչով այն հիշվել է, երկու նախագահների լուսանկարն է, որտեղ նրանք նստած են անսովոր երկար սեղանի մոտ՝ միմյանցից հեռու։ Այս թեմայով սոցցանցերում և անգամ հեղինակավոր պարբերականներում միանգամից բազմաթիվ մեմեր և կատակներ են հայտնվել։
Պուտինի գլխավոր ուղերձը հանդիպմանը հետևած ասուլիսին այն էր, որ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին նշանակում է միջուկային պատերազմի սպառնալիք, քանի որ դաշինքին անդամակցելուց հետո Ուկրաինան ցանկանալու է «ռազմական ճանապարհով» վերադարձնել Ղրիմը։
«Դուք ուզում եք, որ Ֆրանսիան կռվի Ռուսաստանի դե՞մ», — հարցրել է Ռուսաստանի նախագահը՝ դիմելով ֆրանսիացի լրագրողներին և հիշեցնելով, որ Ռուսաստանը խոշորագույն միջուկային գերտերություններից է։
Ե՛վ Պուտինը, և՛ Մակրոնը մի քանի անգամ ընդգծել են հրադադարի մասին Մինսկի համաձայնագրերի կատարման կարևորությունը, որոնք կնքվել են 2014 և 2015 թթ-ին։ Կողմերը մինչ օրս դրանք տարբեր կերպ են մեկնաբանում, Արևմուտքը դրանց չիրագործման համար պատասխանատվությունը գցում է Ռուսաստանի վրա, որի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են գործում։
Վլադիմիր Պուտինն ասուլիսին գեղարվեստական ոճով Ուկրաինայից պահանջել է կատարել պայմանավորվածությունները․
«Ուզես, թե չուզես, հարմարվիր, գեղեցկուհի՛ս։ ․․․Պետք է կատարել։ Այլ կերպ չի լինի»։
Իր հերթին՝ Մակրոնը նշել է, որ «պետք է աշխատել շատ արագ՝ ցանկացած սրացումից խուսափելու համար»։
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ նա Պուտինի հետ քննարկել է սրացման նվազեցման միջոցները, և «դրանք պետք է հաստատվեն մոտակա օրերին և շաբաթներին․․․ Հաջորդ մի քանի օրերը վճռորոշ են լինելու»։
Հանդիպումից հետո Ելիսեյան պալատը՝ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը, հայտարարություն է տարածել, որում ընդգծել է կետերը, որոնց շուրջ կողմերը համաձայնության են եկել բանակցությունների արդյունքում։ Այդ թվում՝
- նոր ռազմական գործողություններ չձեռնարկելու պարտավորություն, որը դեէսկալացիայի հնարավորություն է տալիս,
- զորքերի դուրսբերում Բելառուսում «Արևմուտք» զորավարժությունների ավարտից հետո,
- խորհրդականների հետագա հանդիպումներ «նորմանդական ձևաչափով»,
- հավաքական անվտանգության վերաբերյալ ստրուկտուրավորված երկխոսության մասին համաձայնագիր։
Սակայն Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Պուտինը Մակրոնի հետ պայմանավորվածություններ է ձեռք բերել Ուկրաինայի շուրջ ռազմական լարվածության նվազեցման մասին։
«Ֆրանսիան միաժամանակ ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ է, որտեղ առաջնորդությունը պատկանում է ոչ թե Ֆրանսիային, այլ ուրիշ երկրի», — ընդգծել է Պեսկովը։
«Խաղաղության միակ ուղին»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Մակրոնի հանդիպումն այնքան երկար չէր, որքան Պուտինի հետ, ընդամենը մեկ ժամ։
Դրա ավարտից հետո ասուլիսին Զելենսկին հայտարարել է, որ բանակցություններին խոսքը գնում էր խաղաղության գործընթացի մասին։ Նա ակնկալում է, որ մոտ ապագայում կայանալու է «նորմանդական քառյակի» առաջնորդների հաջորդ հանդիպումը․ սա հակամարտության կարգավորման ձևաչափ է Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի մասնակցությամբ։ Վերջին անգամ նրանք հանդիպել են 2019 թ-ի դեկտեմբերին։
Իր հերթին, Մակրոնը հայտարարել է, որ իրավիճակի դեէսկալացիայի համար անհրաժեշտ է շարունակել Մինսկի համաձայնագրերի իրականացումը, ինչը հաստատել են և՛ Պուտինը, և՛ Զելենսկին։
«Սա միակ ուղին է, որը թույլ է տալիս գնալ դեպի կայուն խաղաղություն», — ասել է Ֆրանսիայի նախագահը։
Կիևում ելույթ ունենալիս Մակրոնը հերքել է իրեն վերագրվող «ֆինլանդացման» բանաձևն Ուկրաինայի նկատմամբ․
«Ընդհակառակը, ես ասել եմ, որ մենք չենք կարող դադարեցնել բաց դռների քաղաքականությունը։ Օգտվեք տեղեկությունների ստուգված աղբյուրներից, խնդրում եմ։ Մեր նպատակը Եվրոպայում անվտանգությունն ու միմյանց նկատմամբ վստահությունը վերականգնելն է»։
Սակայն հաջորդ օրը բրիտանական Daily Mail պարբերականում հրապարակում է հայտնվել այն մասին, որ Պուտինի հետ հանդիպման ընթացքում Մակրոնն, այնուամենայնիվ, նրան մի քանի առաջարկ է արել, որոնք համաձայնեցված չեն եղել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ հետ։
Մասնավորապես, նա առաջարկել է Ուկրաինային չեզոք կարգավիճակ շնորհել՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորությունը բացառելով։
«Չեզոքության մասին պարոն Մակրոնի առաջարկը չի սատարում ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ Ուկրաինայի կառավարությունը», — պարբերականին հայտարարել է աղբյուրը բրիտանական կառավարությունում։
Մինսկի պայմանավորվածություններ․ ի՞նչն այն չէ
Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության կարգավորման վերաբերյալ երկրորդ փաստաթուղթը համաձայնեցվել է 2015 թ-ի փետրվարի 11-12-ը Մինսկում Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի առաջնորդների կողմից այսպես կոչված «նորմանդական քառյակի» ձևաչափով լարված բանակցություններից հետո։ Այն ստորագրել են Ուկրաինայի, Ռուսաստանի, ԵԱՀԿ և չճանաչված «ժողովրդական հանրապետությունների» ներկայացուցիչները։
Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է․
- հրադադարի հաստատում, շփման գծից ծանր սպառազինության հետ քաշում և բոլոր գերիների ու պատանդների փոխանակում,
- Դոնեցկի և Լուգանսկի շրջանների առանձին հատվածների առանձնահատուկ կարգավիճակի մասին օրենքի ստորագրում Ուկրաինայի կողմից,
- հակամարտության մասնակիցների համաներում,
- տեղական ընտրությունների անցկացում՝ ուկրաինական օրենսդրության համաձայն և ԵԱՀԿ վերահսկողությամբ,
- բոլոր օտարերկրյա զորքերի և վարձկանների դուրսբերում, ապօրինի զինված կազմավորումների զինաթափում,
- Ռուսաստանի հետ սահմանի վերահսկողության փոխանցում Ուկրաինայի պաշտոնական կառույցներին,
- տեղի իշխանական մարմինների մասնակցություն դատավորների նշանակման հարցում, տեղի «ժողովրդական միլիցիայի» ստեղծում,
- փոփոխությունների իրականացում Ուկրաինայի սահմանադրությունում՝ դրա ապակենտրոնացման նպատակով։
Այս կետերի մեծ մասը մինչ օրս կյանքի չի կոչվել։ Կողմերը միմյանց են մեղադրում։ Մոսկվան Կիևին մեղադրում է, որ Ուկրաինան այդպես էլ վերջնականապես չի ընդունել օրենք Դոնբասի՝ իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների առանձնահատուկ կարգավիճակի մասին, ինչպես նաև չի շտապում փոխել սահմանադրությունը։
Իսկ Կիևը Մոսկվային մեղադրում է, որ իր զորքերը դուրս չի բերում ուկրաինական տարածքներից։
Ուկրաինայում շատերը մտավախություն ունեն, որ համաձայնագրի բոլոր պայմանների միակողմանի իրագործումը Կիևի կողմից Ուկրաինան կվերածի մասնատված երկրի, որի ներսում կլինի Ռուսաստանի կողմից վերահսկվող անկլավ, այդպիսով Մոսկվան ազդեցության լծակ կստանա՝ Ուկրաինայի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու։
«Ամենասկզբից Մինսկի համաձայնագրերը տարբեր կերպ էին ընկալվում Կիևում, Մոսկվայում և Արևմուտքում։ Ուկրաինայի նախագահների համար՝ և նախորդ, և ներկայիս, այդ պայմանավորվածությունները միշտ մարտավարական հնարքներ են եղել։ Պորոշենկոյի օրոք համաձայնագրերը ստորագրվել են ռազմական պարտություններից հետո, սակայն երբեք չեն կատարվել մարտավարական չափանիշներով», — նշում է ուկրաինական «Հրոմադսկոյե» պարբերականը։
Դրանք չեն իրագործվում նաև Զելենսկու օրոք, որը, սակայն, փորձում է ինչպես «Մինսկը», այնպես էլ «Նորմանդիան» իր օգտին դարձնել՝ մշտապես ուշադրությունը սևեռելով հրադադարի, զորքերի դուրսբերման և գերիների ազատ արձակման նախաձեռնությունների վրա։
«Բարեբախտաբար, այդ հարցում Ուկրաինային աջակցում է Եվրոպայում ԱՄՆ նոր քաղաքականությունը, իշխանափոխությունը Գերմանիայում և, ընդհանուր առմամբ, Արևմուտքի անսպասելի միավորումը՝ Պուտինին դիվանագիտական դիմակայման հարցում։ Երևում է՝ ռուս ցեղապետը «ՆԱՏՕ-ն վերադարձնել 1997 թ-ի սահմաններ» տիպի պահանջներով ավելի մեծ կտոր է կծել, քան կարող է կուլ տալ, և Կիևի կողմից դրանից չօգտվելը մեղք կլինի», — նշում է «Հրոմադսկոյեն»։
Պարբերականը ներկայացնում է հարցման արդյունքները, որի համաձայն՝ ուկրաինացիների 54%-ը կողմ է Մինսկի համաձայնագրերի վերանայմանը, իսկ 21%-ը՝ դրանցից լիակատար հրաժարմանը։ Ուկրաինայի կողմից համաձայնագրերի իրականացմանը բացարձակապես կողմ է միայն 12%-ը։