Ի՞նչ է սպասում ադրբեջանական մանաթին
Ադրբեջանի տնտեսական ցուցանիշները 2015թ. տվյալներով վատագույնն էին վերջին մի քանի տարում, և նույնիսկ 2008-2009թթ. համեմատ, երբ խնդիրներ ունեին աշխարհի պետությունների մեծ մասը:
Փետրվարին Ադրբեջանի կենտրոնական բանկը (ԱԿԲ) շոկային որոշում է ընդունել: Մի գիշերվա մեջ ազգային արժույթը՝ մանաթը, ԱՄՆ դոլարի հանդեպ իջել է ավելի քան 30 ցենտով. նախկին 1 դոլար/0,78 մանաթի փոխարեն դարձել է 1 դոլար/1,05 մանաթ: Կենտրոնական բանկը դա բացատրեց Ադրբեջանի տնտեսության ոչ նավթային սեկտորի արտահանման խթանման անհրաժեշտությամբ: Փաստարկը չոգևորեց շուկայի մասնակիցներին, քանի որ Ադրբեջանի եկամտի 90%-ը ձևավորվում է նավթի ու գազի վաճառքից: «Չաղ» տարիներին աչ նավթային սեկտորը չհաջողվեց ձևավորել ու հասցնել հարկ եղած մակարդակին, երբ վատ տարիներին համաշխարհային տնտեսությունը բախվեց նավթի գների կտրուկ անկմանը:
Մանաթի փոխարժեքի վրա ազդող երկու հիմնական գործոններն են՝ ածխաջրածնի ցածր գներն ու հանրապետության փոխարժեքային ռեզերվների ծավալների կրճատումը: Տարվա միջանկյալ արդյունքները լավատեսության տեղ չեն թողնում: Նավթի գինը շարունակում է մնալ 50 դոլար մեկ բարելի դիմաց, ազգային արժութային ռեզերվները կրճատվել են գրեթե մեկ երրորդով: Այս ցուցանիշները փորձագետներին, այդ թվում նաև միջազգային, առիթ են տալիս մանաթի արժեզրկման երկրորդ ալիքի անխուսափելիության մասին կանխատեսումներ անել: Կարծիքները տարբերվում են միայն հետևյալ հարցում. արդյո՞ք ԿԲ կդիմի ազգային արժույթի կտրուկ արժեզրկման, թե՞ կնախընտրի մեղմ վերահսկվող արժեզրկում:
Ադրբեջանի բյուջեի կատարումը 2015թ. զգալի խնդիրներ է ունեցել: 2016թ. բյուջեն այս տարվա համեմատ արդեն մեկ քառորդով պակաս է հաստատվել: Բազային թիվը՝ նավթի գինը, մոտ 50 դոլար է լինելու: Սակայն շուկան ոչ մի կերպ չի հասնի այդ նշաձողին: Հաշվի առնելով Նավթ արտահանող երկրների կազմակերպության քվոտաների բարձրացումն ու Իրանի հանդեպ պատժամիջոցների չեղարկումը՝ մանաթին հետագա անկում է սպառնում:
Երկրի շուկան ողջ տարվա ընթացքում ցնցվել է: ԿԲ փետրվարյան որոշումը բնակչության մոտ խուճապ է
առաջացրել, մարդիկ շտապել են իրենց ավանդները հանել բանկերից ու վերածել արտարժույթի: Օրինակ, դոլարային ավանդների ծավալը կրկնակի աճել է: Բացի այդ, աճել են բոլոր ապրանքների ու ծառայությունների գները, որոնք չի համակարգում Սակագնային խորհուրդը (այն համակարգում է էներգակիրների, տրանսպորտային ծառայությունների, հացի, ռազմավարական նշանակության ապրանքների ու ծառայությունների գները, որոնց ցուցակը սահմանափակ է):Եվ եթե ներկրողները ինչ-որ կերպ կարողանում էին բացատրել գների աճն այն հանգամանքով, որ ապրանքի ներկրման համար արտարժույթ են գնում, ապա տեղական արտադրողները (նրանք հիմնականում սննդի ու ծառայությունների ոլորտն են ներկայացնում) որևէ ընդունելի փաստարկ չնշեցին: Արդյունքում իշխանությունները չարաշահումների դեմ պայքար սկսեցին, որը փոքր ալիքներով լոկալ ու միանգամյա արդյունք էր տալիս, սակայն համատարած գների աճից չփրկեց:
Իշխանությունները նույնպես հայտնեցին կաշառակերության ու մենաշնորհների դեմ պայքարի նոր ու ավելի խիստ փուլի մասին: Սա նույնպես կարճ ժամանակում դա հաջողության չէր կարող բերել, քանի որ նշված երկու խնդիրներն անթաքույց կերպով կապված են այն մարդկանց հետ, ովքեր հենց կոչված են պայքարելու նման երևույթների դեմ: Տնտեսության ազատականացումը օլիգարխների կայուն դիրքերի պայմաններում բավականին բարդ գործընթաց է նույնիսկ քաղաքական կամքի առկայության դեպքում: Հատկապես, որ նավթային տնտեսությունը թույլ է զարգացած: Օրինակ, երկիրը 45%-ով պաշտոնապես կախված է մթերքի ներկրումից, 100%-ով՝ դեղագործության, հագուստի, կենցաղային տեխնիկայի ներկրումից: Գյուղատնտեսական ոչ մի անուն ապրանքի առումով Ադրբեջանը չկարողացավ 100% տեղական արտադրություն ապահովել:
Առաջացած խնդիրները հանգեցրին ծախսերի վերանայմանը, ռեզերվների վերստուգմանն ու եկամտի այլընտրանքային աղբյուրների փնտրտուքի: Եվ այդ ֆոնին տեղի ունեցավ Ադրբեջանի միջազգային բանկի հետ կապված միջազգային արձագանք ստացած սկանդալը: ԱՄԲ շուկայի առաջատարն է, որի մասնաբաժինը կազմում է 40%. տվյալ ֆինանսական կառույցը համակարգային նշանակության բանկ է համարվում: Սկանդալի բռնկման պահին այդ բանկին էր բաժին ընկնում հանրապետության վարկավորման 1/3-ն ու ավանդային ներդրումների ¼-ը:
Պարզվեց, որ բանկի ղեկավարությունը տասնյակ գործարարների միլիարդավոր դոլար է տրամադրել, որոնց մեծ մասը նպատակին չի ծառայել: Բանկի ղեկավարը ազատվել է պաշտոնից և տարվա վերջում արդեն՝ ձերբակալվել: Ձերբակալվել են նաև «վարկային օլիգարխները», որոնց մի մասը ստացած ֆինանսների համեմատ վճարել է փոքր տոկոսագումարներ և բաց է թողնվել մնացած գումարը վճարելու նպատակով: Մնացածները մինչ այժմ ձերբակալված են:
2015թ. երկրորդ սկանդալը երկու նախարարների պաշտոնանկության հետ էր կապված՝ ազգային անվտանգության, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների, որոնց շրջապատի ազդեցիկ դեմքերը նույպես ձերբակալվել են: Բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվեցին Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներով, տնտեսական առումով դրանցից գլխավորը պաշտոնեական լիազորությունների չարաշահումն էր: Ադրբեջանի հատուկ ծառայությունների որոշ գեներալներ, համաձայն մեղադրանքների, երկար տարիներ զբաղվել են գործարարներից գումարներ շորթելով ու բիզնես-կայսրություններ կառուցելով: Ինչ-որ տեղ են «անհետացել» նաև պետական ֆինանսական միջոցները:
Երկու սկանդալների արդյունքում փլվեց երկրի՝ տվյալ անձանց կողմից վերահսկվող տնտեսության հատվածը: Բազմաթիվ աշխատանքային տեղեր են փակվել: Դեռևս երկրում գործազրկության ցուցանիշի աճի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, սակայն լուրջ ճգնաժամը ընկատելի է անզեն աչքով: Բաքվի գրեթե բոլոր փողոցներում կարելի է հանդիպել խանութների փակման, վարձակալության տրվող տարածքների մասին հայտարարություններ, մինչդեռ բոլորովին վերջերս աշխույժ առևտուր էր գնում, իսկ Հարավային Կովկասի խոշորագույն առևտրի կենտրոնները՝ «Բինան» ու «Սադարակը», ուր առևտուր անելու էին գալիս նույնիսկ արտերկրից, հազիվ են շնչում:
Մանաթի արժեզրկումը, դրա երկրորդ ալիքի սպասումը, գների աճը, աշխատատեղերի կրճատումը և, որ ամենակարևորն է, նավթի ցածր գները, առաջիկա տարիների հանդեպ լավատեսություն չեն ներշնչում: Մեկ քառորդով ծախսերը հաջորդ տարի կրճատած երկիրը, գոտին ձգում է: Մի շարք փորձագետների կարծիքով, սա կտևի մինչև 2020-ականների սկիզբը, երբ կսկսվի ադրբեջանական գազի խոշոր ծավալների արտահանումը եվրոպական երկրներ: Եթե իհարկե համաշխարհային շուկայի կոնյունկտուրան չփոխվի և ադրբեջանական նավթի մեկ բարելը չբարձրանա մինչև օպտիմալ 80 դոլարը:
P.S. Տվյալ հոդվածի հրապարակման պահին Ադրբեջանի տնտեսությունը մանաթի արժեզրկման երկրորդ ալիքն ունեցավ, որը հարվածեց և բանկային համակարգին, և մասնավոր բիզնեսին, և բնակչության ընդհանուր բարեկեցությանը: Երկիրն անցնող տարին փակում է նոր տհաճ անակնկալների սպասումով: