Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի պատվաստանյութերի մասին, արդյո՞ք դրանք կհաղթեն համավարակն ու ե՞րբ
Արդեն ավելի քան 85 մլն մարդ է աշխարհում վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 1 մլն 800 հազար մարդ է մահացել։ Նոր վարակի մասին հայտնի դառնալուց մեկ տարի անց աշխարհում մի քանի պատվաստանյութ է մշակվել, պատվաստվել են արդեն հարյուր հազարավոր մարդիկ։
Արդեն 2021 թ-ի գարնանը Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ իշխանությունները հույս ունեն վերադառնալ համավարակից առաջ եղած կյանքին։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, սակայն, այդքան լավատես չէ։ Այն նախազգուշացնում է, որ դեռ պարզ չէ, թե մարդու օրգանիզմում պատվաստումից հետո որքան երկար կպահպանվի իմունիտետը։
ԱՀԿ-ն ասում է, որ 2021 թ-ին կորոնավիրուսի տարածումն ու համավարակի հաղթահարումը հնարավոր է միայն երկու ճանապարհով՝ պատվաստում և սահմանափակումներ։
Ի՞նչ պատվաստանյութեր են հայտնի, դրանցից որոնք են ընտրում տարբեր երկրները
- Հայաստանի բուժաշխատողները կորոնավիրուսի երրորդ ալիք են կանխատեսում
- Թե ինչպես Թուրքիայում փրկեցին զբոսաշրջությունը, բայց սաստկացրին համաճարակը
Ամենահաջողվածն արևմտյան աշխարհում Pfizer-ն է՝ BionTech-ի հետ համագործակցությամբ, և Moderna-ն
Երկու պատվաստանյութ այս փուլում ամենահաջողվածն են անվանում․ մեկն ամերիկյան Pfizer ընկերության պատվաստանյութն է՝ գերմանական գործընկեր BionTech-ի հետ համատեղ աշխատանքով, ինչպես նաև ամերիկյան Moderna-ն։
Երկու պատվաստանյութերում էլ հենց կորոնավիրուսի գենոմ կա։ Այն, մարդու օրգանիզմ ներթափանցելով, առաջացնում է վիրուսային սպիտակուցի սինթեզ, ինչը հանգեցնում է օրգանիզմում COVID-19 դեմ իմունիտետի ձևավորման։
Երկու պատվաստանյութերն էլ անցել են տասնյակ հազարավոր կամավորների թեստավորման լիարժեք փուլ։ Pfizer-ի արդյունավետությունը 95 տոկոս է, Moderna-ինը՝ 94,1 տոկոս նախնական անալիզի դեպքում և 100 տոկոս՝ հիվանդության ծանր դեպքերում։
Այս պատվաստանյութն է պատվիրել արևմտյան երկրների մեծ մասը։
Պատվաստանյութի պահպանման առանձնահատուկ պահանջների (շատ ցածր ջերմաստիճաններ) և պատվաստման համար հսկայական հերթերի պատճառով գործընթացը խիստ կանոնակարգված է։
- Հիվանդը մտնում է պատվաստախուց և հանում հագուստը՝ չորս րոպե։
- Երկու րոպեի ընթացքում բուժաշխատողը պետք է հասցնի ախտահանել ներարկման տեղն ու ներարկում անել։
- Այնուհետև 30 րոպե պատվաստվածը բժիշկների վերահսկողության տակ է գտնվում։
- Ընթացակարգը պետք է կրկնել 21 օրից։ Միայն երկրորդ անգամից է մարդու մոտ կորոնավիրուսի դեմ իմունիտետ ձևավորվում։
- Շատ կարևոր է կորոնավիրուսով չվարակվել առաջին և երկրորդ ներարկումների միջև ընկած ժամանակահատվածում։
Երկրորդ տեղ՝ AstraZeneca
AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի մշակած պատվաստանյութը շատ երկրներ են պատվիրել։ Դրա արդյունավետությունը կազմում է 62-90 տոկոս՝ կախված չափաբաժնից։
Գործելու մեխանիզմով այն նման է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութին։ Երկուսն էլ մարդուն «վարակում են» թուլացած վարակով, որի հետևանքով կորոնավիրուսի դեմ իմունիտետ է ձևավորվում։
Սակայն ռուսական պատվաստանյութն աշխարհում շատ ավելի քիչ վստահություն է առաջացնում, քանի որ այն գրանցվել է դեռևս կլինիկական փորձարկումների երրորդ՝ ամենակարևոր փուլից առաջ, ինչը հակասում է միջազգային նորմերին։
Ռուսական «Սպուտնիկ V»
«Սպուտնիկ V»-ն մշակվել է Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից և ներկա պահին կլինիկական փորձարկումների երրորդ փուլն է անցնում։
Սակայն Ռուսաստանում արդեն զանգվածաբար պատվաստում են քաղաքացիներին։ Դեկտեմբերի կեսերի տվյալներով՝ պատվաստվել է արդեն ավելի քան 200 հազար մարդ։
Դրա արդյունավետությունը կազմում է 91,4 տոկոս պատվաստումից 21 օր անց և 95 տոկոս՝ 42-րդ օրը։
Ըստ Ռուսաստանի պաշտոնական տեղեկությունների՝ իր պատվաստանյութով հետաքրքրվել է ավելի քան 50 երկիր, մատակարարումներ են սկսվում Ուզբեկստանին, Հնդկաստանին, Բրազիլիային, Մեքսիկային, Նեպալին և Եգիպտոսին։
Եվրոպայում, ԱՄՆ-ում և Կանադայում չեն հետաքրքրվել ռուսական պատվաստանյութով։
Թուրքիան բանակցություններ էր վարում Ռուսաստանի հետ, սակայն հրաժարվեց գնել «Սպուտնիկ V»-ը պատվաստանյութի անվտագության վերաբերյալ կասկածների պատճառով։ Փոխարենը՝ Թուրքիան կգնի չինական Sinopharm ընկերության պատվաստանյութը։