Ի՞նչ է թաքնված Ռուսաստանի արտգործնախարարի այցի հետևում։ Մեկնաբանություն Բաքվից և Երևանից
Ինչո՞ւ է Լավրովը Երևան և Բաքու գալու
Մայիսի առաջին կեսերին պլանավորված է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան (մայիսի 5-6-ը) և Բաքու (մայիսի 10-11-ը)։ Նախատեսվում են բարձր մակարդակով հանդիպումներ երկու երկրներում։ Ի՞նչ է տարածաշրջանին բերելու ռուսական դիվանագիտական գերատեսչության ղեկավարի այս այցը։ JAMnews-ը հարցրել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական տեսաբաններին։
- Նոր հին սահման․ ինչո՞ւ են հայկական գուղերն Ադրբեջանական տարածքում հայտնվել
- Տեղեկատվական զենքն արցախյան երկրորդ պատերազմում։ Գնահատական Ադրբեջանից
- Տեղեկատվական զենքն արցախյան երկրորդ պատերազմում։ Գնահատական Հայաստանից
Մեկնաբանություն Բաքվից
Քաղաքական մեկնաբան Ռաուֆ Նասիրովի կարծիքով՝ Լավրովի այցը կարող է մի քանի նպատակ հետապնդել։
Ռուսական «Իսկանդեր» հրթիռները, որոնք հայկական կողմը կիրառել է Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ
«Ռուսական ԱԳՆ ղեկավարն, ըստ ամենայնի, ուզում է տեղում ծանոթանալ հայկական կողմից Ղարաբաղյան երկրորդ պատերազմում ռուսական «Իսկանդեր» հրթիռների կիրառման առնչությամբ Մոսկվայի նկատմամբ Բաքվի ոչ հստակ հնչեցրած բողոքներին։
Բաքուն Մոսկվային ուղղված հարցեր ունի նաև Ղարաբաղում խաղաղապահների գործունեության վերաբերյալ։
Իսկ Երևան կատարած այցի արդյունքում Լավրովը եզրակացություններ է անելու, թե որքան ամուր է Փաշինյանի իշխանությունը»։
Մեծամորի ատոմակայանը Հայաստանում
«Մոսկվան, կարծես, ուզում է Ադրբեջանին հանգստացնել Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հարցում (Բաքուն պահանջում է փակել այն)՝ միաժամանակ դրա փոխարեն որևէ բան առաջարկելով։ Սակայն Լավրովի այցի համար այս հավանականությունը փոքր է․ «չափազանց մանր բան» է նրա համար։
Ադրբեջանին համոզել անդամակցել ԵԱՏՄ-ին
«Հնարավոր է, որ Ադրբեջանին հերթական անգամ առաջարկվի անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը [ԵԱՏՄ-ն ստեղծվել է Ռուսաստանի հովանու ներքո, դրան անդամակցում է հետխորհրդային մի քանի երկիր — JAMnews]։ Այս հարցը չէր կարող չբարձրացվել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Բաքու կատարած այցի ժամանակ։
Հնարավոր է, սա սակարկություն է․ Մոսկվան ուզում է Բաքվին ինչ-որ բան առաջարկել այդ կազմակերպությունում Ադրբեջանի անդամակցությանը լիարժեք համաձայնելու դիմաց։ Չի բացառվում, որ կարող է փորձ կատարվի ճշտելու ԵԱՏՄ-ին Թուրքիայի միանալու ցանկությունը՝ հաշվի առնելով այսպես կոչված Հայոց ցեղասպանության հարցում Բայդենի վերջերս կատարած անհաջող քայլը»։
Մոսկվան ուզում է ավելացնե՞լ իր խաղաղապահ կոնտինգենտն Արցախում
Ադրբեջանում ակտիվորեն քննարկվում են այն ենթադրությունները, որ Ռուսաստանի արտգործնախարարի այցը կապված է Արցախում ռուս խաղաղապահների կոնտինգենտն ավելացնելու ցանկության հետ, որի համար էլ հարկ կլինի Ադրբեջանի հետ «սակարկության» մեջ մտնել «Զանգեզուրի միջանցքի» հարցով։
Այդ ճանապարհը պետք է կապի Նախիջևանի ինքնավարությունն Ադրբեջանի մնացած հատվածի հետ և պետք է մասնակիորեն անցնի Հայաստանի տարածքով։ Սա հանգեցրել է տևական ցույցերի Հայաստանի սահմանամերձ Սյունիքի մարզում։
Ռաուֆ Նասիրովը, սակայն, այս վարկածը չկայացած է համարում․
«Ռուսաստանը չի քննարկելու Լեռնային Ղարաբաղում իր կոնտինգենտի ավելացման հարցն ինչ-որ բանի դիմաց։ Նրա ինչի՞ն է դա պետք։ Կրեմլը միշտ հաղթաթուղթ ունի թաքցրած։
Օրինակ՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետի ավարտին [լրանում է 2025 թ-ի նոյեմբերին — JAMnews] Մոսկվան միշտ կարող է որևէ սադրանք հրահրել Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի միջև։ Դա կարվի այդ նույն խաղաղապահների մասնակցությամբ, և նրանցից մի քանիսը նույնիսկ կարող են զոհվել։ Իսկ հետո Մոսկվան կհայտարարի, որ զորքերը դուրս բերելը դեռ վաղ է»։
Ադրբեջանում պահվող հայ զինվորականները
«Եվս մեկ վարկած, թե ինչի մասին է Լավրովը մտադիր խոսել երկու երկրների առաջնորդների հետ, Ադրբեջանում պահվող հայ «ռազմագերիների» հարցն է [պաշտոնական Բաքուն նրանց «ահաբեկիչներ» է անվանում, քանի որ նրանք գերեվարվել են Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից և հակամարտության գոտի ռուս խաղաղապահներ մտցնելուց հետո — JAMnews]։
Հարցն, իհարկե, բարձրացվելու է Լավրովի կողմից։ Դրա հաջող լուծումը կբարձրացնի Մոսկվայի վարկանիշը հայկական կողմի մոտ և նրան իսկական խաղաղապահ կներկայացնի։ Եվ Ռուսաստանը կարող է պարծենալ դրանով ողջ Արևմուտքի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտ [միջազգային խումբ, որը 1990-ականներից զբաղվում է Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացով — JAMnews]։
Սակայն, Լավրովը հազիվ թե ուշադրությունն այս հարցի վրա պահի։ Դա բարդ խնդիր է, քանի որ պաշտոնական Բաքուն իր խոսքն այս հարցում արդեն ասել է՝ հայտարարելով, որ ահաբեկիչներին չի պատրաստվում վերադարձնել»։
Ռուս խաղաղապահների ռազմական շքերթն Արցախում մայիսի 9-ին
Ռուսական ԱԳՆ ղեկավարի այցը կապված է նաև Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակին նվիրված՝ Արցախում կայանալիք ռազմական շքերթին ռուս խաղաղապահների մասնակցության հետ։ Ադրբեջանական հասարակությունը բացասական վերաբերմունք է դրսևորում այս կապակցությամբ, թեև Բաքվի պաշտոնական արձագանքը դեռ չի հնչել։
Լավրովը Երևանում է լինելու այդ շքերթից առաջ՝ մայիսի 5-6-ին, և Բաքու է ժամանելու արդեն դրանից հետո՝ մայիսի 10-11-ին։
«Ադրբեջանը Մոսկվային է հայտնել իր դիրքորոշումը։ Խանքենդիում [Ստեփանակերտում — JAMnews] հաղթանակի շքերթ անցկացնելը/չանցկացնելը Կրեմլն է որոշում։ Այդպիսով այն հերթական անգամ ցույց է տալիս, որ չի պատրաստվում Ղարաբաղում գործել կողմերից որևէ մեկի ցանկությամբ և կամքով և մտադիր է ամեն ինչ ինքնուրույն լուծել։ Որոշ առումով դա ուժի մեղմ ցուցադրում է», — կարծում է Ռաուֆ Նասիրովը։
Մեկնաբանություններ Երևանից
Ռուսաստանն ուզում է թուլացնել լարվածությունը Կովկասում
Քաղաքական տեսաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ «Լավրովը փորձում է իրացնել Արցախի շուրջ 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը և զարգացնել համակեցության գաղափարը»։
«Ռուսաստանին անհրաժեշտ է թուլացնել լարվածությունը Կովկասում, որովհետև մյուս ուղղություններով նա չափազանց սուր և լուրջ ռիսկեր ունի։ Այդ ռիսկերից մեկը Ղրղզստանի և Տաջիկստանի միջև հակամարտությունն է։
- Ի՞նչ ստացան Հայաստանն ու Ադրբեջանը հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո
- Ինչպե՞ս են առաջացել տրանսպորտային փակուղիները Հարավային Կովկասում, և ինչպե՞ս դրանք կարող են բացվել
- Պատերազմ ջրի համար։ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին զոհվել է նվազագույնը 13 մարդ
Կարևոր համատեքստ է Պուտինի վերջերս տեղի ունեցած հեռախոսազրույցը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ։ Նրանք պայմանավորվել են սիստեմատիկ կերպով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում և մոտ օրերս Ղարաբաղյան հարցով նախաձեռնությամբ հանդես գալ։
Եվ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումից անմիջապես հետո»։
Ռուսաստանին անհանգստացնում է Իրանի ակտիվությունն ու Հայաստանի նկատմամբ ԱՄՆ հետաքրքրությո՞ւնը
«Լավրովի պլաններում հարցեր կան, որոնք կապված են Հայաստանի Սյունիքի մարզի (Ադրբեջանի հետ սահմանին) ռազմական ենթակառուցվածքների հետ։
Այնտեղ որոշվում են ոչ միայն հայկական և ադրբեջանական դիրքերի, նոր սահմանների և անվտանգության նոր սպառնալիքների խնդիրներ։ Սյունիքը միշտ ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն է ունեցել, հատկապես՝ Իրանի առաջարկած «Պարսից ծոց – Սև ծով» տարանցիկ միջանցքի համատեքստում։
Իրականում, դա Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունների հարցն է։ Եվ կարելի է պատկերացնել, թե ինչ մեծ կարևորություն է տալիս դրան Ռուսաստանը։
Հայաստանի համար սա երկակի իրավիճակ է։ Երկիրն անվտանգության առումով Ռուսաստանից ծայրահեղ կախվածության մեջ է, և դժվար է պատկերացնել, որ Հայաստանը նրան դիմադրելու լուրջ ռեսուրսներ ունի։
Սակայն մենք նաև լուրջ ազդակներ ունենք ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության, Արցախի կարգավիճակի, տեղահանվածների հարցերում։ Եվ սա կարող է Հայաստանին օգնել ավելի ինքնավստահ լինել և իր շահերը պաշտպանել Ռուսաստանի հետ հարաբերություններում»։
Մոսկվան ուզում է Արցախում իր ներկայության վերաբերյալ երաշխիքներ ստանալ Բաքվից
«Ռուսաստանն ուզում է ամրապնդել իր ռազմական ներկայությունն Արցախում և փորձում է դրա համար Բաքվից առավելագույն երաշխիքներ ստանալ։
Բացի այդ, Ռուսաստանը ձգտում է Ադրբեջանում մրցակցել Թուրքիայի և Իրանի հետ»։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը
«Ռազմագերիների թեման, իհարե, քննարկվելու է, քանի որ Երևանը բարձրացնում է այդ հարցը։ Եվ Ռուսաստանը հետաքրքրված է դրա լուծմամբ։ Սակայն հարցն այն է, թե որքանով է այն պատրաստ իր ներուժը դրա համար օգտագործել։
Մոսկվան, մի կողմից, չի ուզում լուրջ քայլերի գնալ, որոնք կարող են փչացնել կամ լարել հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Մյուս կողմից, Ռուսաստանը կարող է այդ հարցն օգտագործել՝ որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու լծակ», — կարծում է Հակոբ Բադալյանը։
Երկու երկրների տարածքով ճանապարհների բացումն ու ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը
Հենց այս հարցերն են առաջնահերթ լինելու երկու երկրների առաջնորդների հետ քննարկումներում Ռուսաստանի արտգործնախարարի այցի ժամանակ, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը․
«Այնպիսի տպավորություն ունեմ, որ Ադրբեջանն Արցախյան երկրորդ պատերազմից առաջ՝ 2020 թ-ի աշնանը, Ռուսաստանին խոստացել է անդամակցել ԵԱՏՄ-ին։ Իսկ հիմա և՛ Թուրքիան նրան թույլ չի տալիս անել դա, և՛ Ադրբեջանն է գիտացկում, որ դա իրեն ձեռնտու չէ։
Այս իրավիճակում Բաքվին ձեռնտու է Հայաստանի՝ վետոյի իր իրավունքից օգտվելը ԵԱՏՄ-ում Ադրբեջանի անդամակցության վերաբերյալ՝ գերիների վերադարձի նախապայմանն առաջ քաշելով։ Գուցե Ադրբեջանը գերիներին չի վերադարձնում հենց այս պատճառով»։
Նախիջևան-Իրան՝ որպես Սուեզի նոր ջրանցքի անալոգ
«Ռուսաստանի համար շատ կարևոր է տարածաշրջանում ճանապարհների բացման հարցը։
Ե՛վ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար կարևոր է Նախիջևան-Իրան կապը։ Այդ ճանապարհը լուրջ աշխարհաքաղաքական նշանակություն ունի ոչ միայն այդ երկու երկրների, այլև Իրանի և, հնարավոր է, Հնդկաստանի և Չինաստանի համար։
Այդ երկաթուղին կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին, հնարավոր է, շրջանցելով Վրաստանը, Աբխազիայի տարածքով [Ռուսաստանի կողմից ճանաչվել է որպես անկախ պետություն, սակայն Վրաստանը, ողջ արևմտյան հանրությունն ու ՄԱԿ-ն Աբխազիան Վրաստանի մաս են համարում — JAMnews]։
Դա Սուեզի նոր ջրանցքի անալոգ է, որը Ռուսաստանը լոբբինգի է ենթարկելու։ Սակայն Թուրքիան ու Ադրբեջանը հետաքրքրված են մյուս ճանապարհով՝ հայկական Մեղրի քաղաքով [ճանապարհ, որն Ադրբեջանում անվանում են Զանգեզուրի միջանցք — JAMnews]։
Ոչ շահեկան նախագծերին դիմադրել Հայաստանի համար հիմա դժվար կլինի։ Միայն անգործունակ իշխանության փոփոխման դեպքում իրավիճակը կարող է աստիճանաբար փոխվել», — կարծում է Ստեփան Դանիելյանը։