Ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն․ տեղեկություններ Հայաստանի ԱԽ քարտուղարից
ՀՀ-Ադրբեջան բանակցությունների արդյունքները
«Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր կկնքեն մինչև տարեվերջ։ Նույն ժամկետում կավարտվի նաև դելիմիտացիայի գործընթացը»,- նման հայտարարություն է արել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հանրային հեռուստաընկերության եթերում նա անդրադարձել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանն ու ձեռքբերված պայմանավորվածություններին, խոսել նաև Ստեփանակերտ-Բաքու ուղիղ երկխոսության կարևորության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։
«Հիմնախնդրի մասով հիմնական օրակարգային հարցը եղել է, թե ինչպես ենք մենք կարողանում ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի ԼՂ-ը և Ադրբեջանը քննարկեն ԼՂ-ում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները»,- ընդգծել է Գրիգորյանը։
JAMnews-ն առանձնացրել է Արմեն Գրիգորյանի հարցազրույցի կարևորագույն դրվագները։
Անվտանգության խորհրդի քարտուղարը տեղեկացրել է, որ Վաշինգտոնում կայացած հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևի հետ քննարկել են «Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող» մի շարք հարցեր։ Դրանք են՝
- խաղաղության պայմանագրի ժամանակացույցը,
- սահմանի դելիմիտացիան,
- տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը,
- հայ ռազմագերիների վերադարձը հայրենիք։
Գրիգորյանն ու Հաջիևը պայմանավորվել էին, որ Բաքուն մինչև սեպտեմբեր ամսվա ավարտը կվերադարձնի վերջին ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված 17 հայ զինծառայողների։ Պայմանավորվածությունը նշված ժամկետում չէր կատարվել։ Գերիները հայրենիք վերադարձվեցին հոկտեմբերի 4-ին Միացյալ Նահանգների միջնորդությամբ։
«Խաղաղության պայմանագիր կկնքվի մինչև տարեվերջ»
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը, խոսելով մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու մասին, շեշտել է, որ նույն ժամկետում տեղի է ունենալու նաև սահմանի դելիմիտացիան, քանի որ այդ հարցերը «փոխկապակցված են»։ Հայաստանի իշխանությունները բավարար երաշխիք չեն համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը անվտանգության ապահովման տեսակետից։
«Հայաստանի մտահոգությունը շարունակում է մնալ այն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Ադրբեջանը կարող է օգտագործել, այսպես կոչված, չդելիմիտացված սահմանի պատրվակը Հայաստանի վրա հարձակվելու համար։ Դրա համար հստակեցրել ենք նաև այդ հարցը»,- նշել է Արմեն Գրիգորյանը։
«Բաքվի նոր առաջարկները նախորդի տրամաբանության մեջ են»
Գրիգորյանը տեղեկացրել է, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամանակ հայկական կողմը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի նոր առաջարկները, որոնք նախկինում ներկայացված «հինգ կետերի տրամաբանության մեջ են»։
«Այս պահին աշխատում ենք այդ առաջարկի վրա։ Հույս ունեմ, որ շուտով կպատասխանենք և հնարավորություն կլինի հանդիպելու, քննարկելու այդ առաջարկները»,- հայտնել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներում Արցախի վերաբերյալ «հստակ որևէ բան նշված չէ»․
«Բանակցությունների մոտեցումն այն է, որ խաղաղության պայմանագրով մենք կարգավորում ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, իսկ ԼՂ-ի մասով շարունակում ենք բանակցել ինչպես մեր գործընկերների, այնպես էլ բոլոր խաղացողների հետ, որպեսզի ստեղծենք ԼՂ-ի և Ադրբեջանի միջև իրավունքների և անվտանգության հարցերը քննարկելու միջազգային մեխանիզմ»։
«Միջազգային մեխանիզմների հարցում հստակություն չկա»
Գրիգորյանը կեղծ պնդում է որակել ընդդիմության հայտարարությունները, թե «Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսությունը նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից»։
Ըստ նրա՝ հայկական կողմի ընկալմամբ՝ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորումը, միջազգային մեխանիզմների ստեղծումը խաղաղության պայմանագրից անջատ և մեկ այլ գործընթաց է։
«Հավելյալ անվտանգության երաշխիքներ են, որպեսզի համոզված լինենք, որ միջազգային հանրությունը ևս ներգրավված է, իր բաժին պատասխանատվությունն ունի ԼՂ-ի անվտանգության և իրավունքների ապահովման հարցում»,- ասել է նա։
Գրիգորյանի կարծիքով՝ միջազգային հանրության մասնակցությունը կապահովի, որ քննարկումները լինեն թափանցիկ, չլինեն անվտանգային սպառնալիքներ։ Նա տեղեկացրել է, որ այդ մեխանիզմների հարցում հստակություն դեռևս չկա․
«Միջազգային հանրությունը, մեր գործընկերները մեզ ասել են, որ իրենք հասկանում են, որ Հայաստանը կարող է առաջ շարժվել բոլոր բանակցություններում, եթե նման երաշխիքներ ունենա, համոզված լինի, որ ԼՂ-ում ապրող հայերի համար ստեղծված են անվտանգության և իրավունքների պաշտպանության երաշխիքներ»։
«Դելիմիտացիայի գործընթացն ավարտված է»
Գրիգորյանը կարծիք է հայտնել, թե հայ-ադրբեջանական սահմանը «մեծ հաշվով դելիմիտացված է»՝ նշելով, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը «դելիմիտացիայի են ենթարկվել» 1929 թվականին․
«Կարելի է ասել՝ Հայաստան-Ադրբեջան դելիմիտացիայի գործընթացն ավարտված է, մնում է՝ փոխադարձ համաձայնության գանք, որ դա ընդունում ենք որպես հիմք, որպես երկու երկրների միջև սահման, ապահովագրենք Հայաստանի 29.8 հազար քառակուսի կմ տարածքն ու առաջ շարժվենք»։
«Հայաստանը երբեք չի քննարկել միջանցքի հարց»
Գրիգորյանը վստահեցրել է՝ Հայաստանը բոլոր բանակցությունները վարել է միևնույն սկզբունքով՝ բացառելով «միջանցքային տրամաբանությունը»։
«Մայիսին Բրյուսելում առաջնորդների հանդիպումից հետո Ալիևը վերադարձավ Բաքու և հայտարարեց, թե միջանցք ենք քննարկել, ԵՄ նախագահի խոսնակը ստիպված եղավ հրապարակային հայտարարել, որ նման բան չի եղել, երբեք միջանցք չենք քննարկել»,- նշել է նա։
Նրա փոխանցմամբ՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն է՝ ապաշրջափակման գործընթացը պետք է տեղի ունենա առանց սուվերենության կորստի տրամադրվող ճանապարհների վրա։
«Ադրբեջանի ագրեսիան արձանագրած երկրները փորձում են օգտակար լինել»
Գրիգորյանը հիշեցրել է, որ նախորդ տարվա մայիսից սկսած՝ Ադրբեջանն առնվազն երեք լայնավածավալ հարձակում է իրականացրել։ Նրա խոսքով՝ երբեմն հնչում էր «ո՞վ է առաջինը հարձակվում» հարցը, սակայն սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ այդպես չեղավ․
«Վերջին հարձակումից հետո ողջ միջազգային հանրությունն արձանագրել է, որ Ադրբեջանն է հարձակվել, ագրեսիա, ինչպես նաև օկուպացիա իրականացրել Հայաստանում»։
Լրագրողն արձագանքել է՝ ասելով՝ բացի Ռուսաստանից։ Ի պատասխան Անվտանգության խորհրդի քարտուղարն ասել է, թե «նրանք, ովքեր դա արձանագրել են, փորձում են օգտակար լինել, որպեսզի շարունակենք աշխատել, կայունության մեխանիզմներ ստեղծել, Ադրբեջանի զորքերն էլ դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից»։
Ասում է՝ Հայաստանը շարունակում է աշխատանք տանել այս ուղղությամբ և պատրաստ է աշխատել այն բոլոր երկրների հետ, որոնք «կփորձեն օգտակար լինել գործընթացին»։
Նրա դիտարկմամբ՝ Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Հայաստան է գալիս «կայունության և անվտանգության ապահովման համար»։
«ՀԱՊԿ-ից նորություններ չկան»
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանը ստացել է ՀԱՊԿ-ի առաջարկները՝ ԱԽ քարտուղարն ասել է՝ որևէ նորություն չունեմ այդպիսի առաջարկների մասին։
«Ինչպես դուք, այնպես էլ ես որևէ նորություն չունեմ, որ ՀԱՊԿ-ը պատրաստվում է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանին ստիպի դուրս գալ ՀՀ սուվերեն տարածքից»,- շեշտել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ներկայացրել է իր «բոլոր առաջարկներն ու մոտեցումները»՝ ակնկալելով, որ քայլեր կձեռնարկեն, սակայն մինչ օրս «առարկայական արձագանք» չկա։
ՀՀ-Ադրբեջան բանակցությունների արդյունքները