«Ժողովրդի ուժը». հակաարևմտյան շարժում, որը ծառայում է Վրաստանի իշխող թիմին
«Ժողովրդի ուժը» և հակաարևմտյան քաղաքականությունը Վրաստանում
Պատմում ենք Վրաստանում հիմնված հասարակական նոր շարժման մասին, որը իշխող կուսակցության պատվերով հնչեցնում է ամենաօդիոզ հակաարևմտյան հայտարարությունները։
Նախապատմություն
Այն բանից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և այնտեղ լայնածավալ արյունալի պատերազմ մեկնարկեց, Վրաստանում սկսեցին ավելի ու ավելի հաճախ քննադատություններ հնչել իշխանությունների հասցեին՝ դեռ վերջերս բարեկամ և գործընկեր հայտարարվող Ուկրաինային բավարար աջակցություն չցուցաբերելու համար:
Վրացական ընդդիմությունը պահանջում էր միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Ուկրաինային համերաշխություն հայտնող ակցիաներին միանում էին տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց մեջ քիչ չէին նրանք, ովքեր դեռ երեկ միանգամայն հավատարիմ էին իշխանություններին։
Կառավարության գործողություններից (ավելի ճիշտ՝ անգործությունից) դժգոհության աճը ուղիղ համեմատական էր այն մարդկանց թվին, ովքեր շտապում էին Թբիլիսիի կենտրոնական հրապարակներ՝ իրենց համերաշխությունը հայտնելու Ուկրաինային։
Վրաստանի իշխանությունները դրան զուսպ էին արձագանքում՝ թերևս գիտակցելով, որ իրավիճակը դժվար թե վերածվի լիարժեք քաղաքական ճգնաժամի․ երկրի ընդդիմությունը թուլացած ու պառակտված է, հակառակորդների գաղափարական առաջնորդն էլ ապահով կերպով բանտում է։
Սակայն Արևմուտքի քննադատությունը շատ նյարդայնացրեց. այն առաջացրեց դժգոհությունը հանրության, որին երկար ժամանակ տանջում էին մռայլ կասկածներն այն մասին, որ եվրաինտեգրումը Վրաստանի իշխանությունների առաջնահերթությունների մեջ չի մտնում:
Եվ այդ ժամանակ քաղաքական ասպարեզում հայտնվեց մի նոր ուժ, որը որպես իր առաքելություն էր հռչակում «Վրաստանն արևմտյան ճնշումներից պաշտպանելը»։ Այս շարժումը իշխող կուսակցության նախագիծն է և գտնվում է նրա լիակատար վերահսկողության ներքո։
- Վրաստանում առաջարկում են ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի անալոգը
- «Օտարերկրյա գործակալների մասին օրենքը կվտանգի մեր գործունեությունը Վրաստանում»․ ՄԱԿ
- Սաակաշվիլի. առողջական վիճակը, բանտային պայմանները, ի՞նչ է նրան սպասվում
Չեզոքացնել երրորդ սեկտորն ու լրատվամիջոցները
«Ժողովրդի ուժի» (այդպես է կոչվում հասարակական շարժումը) առաջնորդները արևմտյան գործընկերներին մեղադրում են Վրաստանին Ռուսաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու մեջ, կասկածի տակ են դնում երկրի եվրաատլանտյան կուրսը, ինչպես նաև առաջ են մղում դասական կրեմլյան նախաձեռնություններ։
Օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագիծն արդեն Վրաստանի խորհրդարանում է։ Ընդ որում, նման օրենքի անհրաժեշտությունը բացատրվում է ճիշտ նույն փաստարկներով, ինչ ժամանակին Ռուսաստանում։
«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հեղինակներն առաջարկում են «օտարերկրյա ազդեցության թափանցիկության ապահովման նպատակով» ստեղծել «օտարերկրյա ազդեցության գործակալների ռեեստր»։ Բոլոր հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, որոնք իրենց եկամուտների 20 և ավելի տոկոսը ստանում են արտերկրից, պետք է գրանցվեն ռեեստրում։
Միաժամանակ, հեղինակները, բնականաբար, հղում են անում «ժողովրդավարական երկրների առաջադեմ փորձին», մասնավորապես՝ ամերիկյան օրենսդրությանը։ Օտարերկրյա գործակալների մասին ռուսական օրենքն առհասարակ չի հիշատակվում։
Սակայն Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական սեկտորն ահազանգում են։ Նրանք համոզված են, որ օրինագծի իրական նպատակը հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքը սահմանափակելն է։ Կառավարության կողմից չվերահսկվող գրեթե բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները, ինչպես նաև Վրաստանի ողջ հսկայական ոչ պետական հատվածը գործում են արևմտյան ֆոնդերի ֆինանսական միջոցների հաշվին։
«Ժողովրդի ուժը» վրացական ՀԿ-ներին անվանում է ոչ այլ ինչ, քան «ԱՄՆ գործակալներ»՝ հավելելով, որ ԱՄՆ-ը ֆինանսավորում է միայն «վնասակար նախագծեր» Վրաստանում և երրորդ սեկտորին պատրաստում հեղափոխության իրականացման։
«ԱՄՆ-ից ստացվող գումարների մեծ մասը գնում է ոչ կառավարական կազմակերպություններին, և ավելի լավ կլիներ, եթե նրանք դադարեին այդ գումարները ստանալ», — նոյեմբերի 17-ին խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է «Ժողովրդի ուժ» շարժման հիմնադիր և առաջնորդ Սոզար Սուբարին:
Ի դեպ, երկրի գլխավոր հակաարևմտյան շարժման առաջնորդի համար այս մարդն ունի շատ հակասական կենսագրություն: Նախկինում Սոզար Սուբարին ղեկավարել է «Ազատության ինստիտուտ» հեղինակավոր հասարակական կազմակերպությունը, աշխատել է որպես «Ազատություն» ռադիոկայանի լրագրող, եղել է «Վարդերի հեղափոխության» ակտիվ մասնակից, իսկ հեղափոխությունից հետո աշխատել է որպես օմբուդսմեն։
Նախընտրական նախագիծ
Տասնմեկ տարի է, ինչ Վրաստանը ղեկավարում է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանք» քաղաքական կուսակցությունը, որը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթեց Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային շարժում»-ին:
Այսօր Իվանիշվիլին որևէ պաշտոն չի զբաղեցնում, սակայն նա ամենահզոր ոչ ֆորմալ կառավարիչն է, որը վերահսկում է կյանքի բոլոր ոլորտները երկրում։
2024 թվականին «Երազանքը» կփորձի չորրորդ անգամ հաղթել խորհրդարանական ընտրություններում ու ևս չորս տարի պահպանել իշխանությունը։
Սա հավակնոտ ծրագիր է, և չնայած այն հանգամանքին, որ վրացական ընդդիմությունն այսօր շատ թույլ ու պառակտված է, ընտրություններում հաղթելը, ամենայն հավանականությամբ, հեշտ չի լինի։
Դատելով սոցհարցումներից՝ իշխանությունները տարբեր պատճառներով կորցնում են իրենց համակիրներին։ IRI-ի տվյալներով՝ վերջին վեց ամսվա ընթացքում աջակցությունը «Վրացական երազանքին» նվազել է վեց տոկոսով։
Այդ իսկ պատճառով մինչև իրենց համար էքզիստենցիալ կարևորություն ունեցող ընտրությունները «Երազանքը» սկսեց հոգ տանել արբանյակ-խաղացողի մասին, որը կարող էր գրավել պահպանողական ընտրազանգվածին։ Նման կարծիք են հայտնում փորձագետները։
Փորձագետը համոզված է, որ հարկ եղած դեպքում «Ժողովրդի ուժը» կոալիցիա կկազմի սեփական «ծնողի» հետ։
«Նրանց ստեղծել են ոչ միայն հակաարևմտյան հայտարարություններ անելու, այլև ժողովրդավարացում խաղալու համար։ «Երազանքն» իր համար նոր խամաճիկ է մտածել, որի հետ ընտրությունների ժամանակ հնարավոր կլինի կոալիցիա կազմել։ Դա նրանց հնարավորություն կտա ասելու՝ դե, բոլորը մեզ մեղադրում են միակուսակցական լինելու մեջ, բայց իրականում դա այդպես չէ, տեսնում եք՝ մենք ունենք կոալիցիա, համագործակցում ենք ընդդիմության հետ»։
Медиасеть-ի աջակցությամբ