Ժամկետայիններն արձակուրդ կգնան․ առողջապահության նախարարության նոր որոշումը
Հայաստանի Զինված ուժերում ու քրեակատարողական հիմնարկներում տեսակցությունները կվերականգնվեն։ Զինծառայողները կկարողանան օգտվել նաև իրենց արձակուրդի իրավունքից։ Առողջապահության նախարարության նոր որոշումը կտարածվի այն անձանց վրա, որոնք կներկայացնեն թեստավորման կամ պատվաստման մասին հավաստող փաստաթուղթ։
Հունվարի 20-ի նիստում գործադիրը հավանության է արժանացրել գերատեսչության ներկայացրած որոշման նախագիծը։
Համաճարակային իրավիճակը Հայաստանում
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակման ևս 621 դեպք է գրանցվել: Մահացել է 1 մարդ։ Համավարակի մեկնարկից մինչ օրս հիվանդությունը խլել է 8026 մարդու կյանք։
Հիվանդության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքը կանխելու դեռևս մեկ միջոց կա՝ պատվաստումը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ երկրի չափահաս բնակչության 35.7%-ն ամբողջությամբ պատվաստվել է՝ ստանալով երկու դեղաչափ։
«Այս պահին ունենք երկու դեղաչափ ստացած 805 550 քաղաքացի, որը կազմում է մեծահասակ բնակչության 35.7%-ը, և առաջին դեղաչափը ստացած 987 084 քաղաքացի, որը կազմում է չափահաս բնակչության 43.7%-ը», — նշել է նախարարն ու հավելել, որ ակտիվ ընթանում է նաև խթանիչ դեղաչափով պատվաստվելու գործընթացը։
Գործադիրի նոր որոշումը
Պատվաստման վկայական կամ ՊՇՌ թեստի արդյունք ներկայացնելու դեպքում ՀՀ Զինված ուժերում ու ՔԿՀ-ներում տեսակցությունները կթույլատրվեն։ Զինծառայողները կկարողանան օգտվել նաև իրենց արձակուրդի իրավունքից։ Գործադիրի նիստի ընթացքում այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ժամկետային զինծառայողների արձակումների ու արձակուրդների սահմանափակումները մեկ ամիս ժամկետով ուժի մեջ էին մտել հոկտեմբերի 14-ին։ Պատճառը համաճարակային իրավիճակի կտրուկ վատթարացումն էր, ինչպես նաև հիվանդացության «երիտասարդացումը»։ Սահմանափակումները երկարացվել էին մինչև 2022 թ. հունվարի 16-ը:
«Հնարավորություն ենք տալիս, որ այդ ինստիտուտները գործարկվեն՝ պահպանելով համաճարակային ռեժիմի սահմանափակումները: Դրանք են՝ թեստավորման հնարավորությունը, պատվաստումների ամբողջությամբ անցնելու հանգամանքը: Այս պայմանների պահպանման արդյունքում մեր զինծառայողները կարող են գնալ արձակուրդ և ունենալ տեսակցություններ: Նույն տրամաբանությամբ՝ ՔԿՀ-ներում կվերականգնվեն այցելությունները», — ասել է նախարարը։
«Կորոնավիրուսի հերթական ալիքն է մոտենում»
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանին է մոտենում COVID-19-ի հերթական ալիքը:
«Մենք 4-5-րդ օրն անընդմեջ ամենօրյա վարակվածության էական աճ ենք ունենում: Երեկվա համեմատ դեպքերի թիվը համարյա կրկնապատկվել է: Սա նշանակում է, որ «Օմիկրոն» շտամը, որը հայտնի է իր տարածելիության մեծ արագությամբ, արդեն կամաց-կամաց մտնում է գործողության մեջ, և այդ պատճառով մենք պետք է դարձյալ վերադառնանք կորոնավիրուսի հետ կապված տագնապային վիճակի», — կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով երկու օրից հանրային սննդի և մշակութային վայրերում ուժի մեջ մտնող սահմանափակումներին՝ Հայաստանի վարչապետն ասել է, որ հնչող քննադատություններն անհիմն են՝ ընդգծելով, որ տնտեսվարողները շատ ավելի բարդ իրավիճակում կհայտնվեն, եթե օրինակ՝ նոր «լոքդաուն» հայտարարվի երկրում․
«Երբ մեր հիվանդանոցներն ամբողջությամբ լցվեն ու հնարավորություն չունենանք մարդկանց բուժօգնություն ցույց տալ, մենք ստիպված կլինենք գնալ «լոքդաունի», բոլոր ռեստորանները, խանութները կարող են մեկ ամսով փակվել»։
Կառավարության որոշմամբ՝ 2022 թ․ հունվարի 22-ից կսահմանափակվի չպատվաստված քաղաքացիների մուտքը հանրային վայրեր։
Սննդի օբյեկտներ, հյուրանոցներ, մարզադահլիճներ, գրադարաններ, ինչպես նաև մշակութային այլ կառույցներ մուտքը կթույլատրվի միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով (առավելագույնը 72 ժամ վաղեմության):
Նոր սահմանափակումները չեն տարածվի մինչև 18 տարեկան անձանց, հղիների, բացարձակ հակացուցում ունեցողների, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսով հիվանդացածների վրա (ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում)` համապատասխան փաստաթուղթ ներկայացնելու պարագայում։