Ժամանակակից Չինաստանը՝ Թբիլիսիում:Ազգային թանգարանն ընդունում է չինացի արտիստների ցուցահանդեսը
«Համաստեղություններ». այսպես է կոչվում ցուցադրությունը, որում միավորված են ժամանակակից չինացի նկարիչների աշխատանքները և որը բացվել է Թբիլիսիում՝ Վրաստանի ազգային թանգարանում: Ցուցահանդեսը պաշտոնապես կբացվի հունիսի 23-ին և կշարունակվի մինչև սեպտեմբերի 11-ը:
Դմիտրի Շևարդնաձեի անվան ազգային պատկերասրահում ներկայացված է մինչև 40 ավանգարդ աշխատանք: Չինաստանով և ժամանակակից արվեստով հետաքրքրվողների համար սա հիանալի հնարավորություն է ծանոթանալու այդ երկրի նոր միտումներին:
Կներկայացվեն մոտ 20 չինացի արտիստների աշխատանքներ:
Նրանցից յուրաքանչյուրն իր արվեստով արտացոլում է այսօրվա Չինաստանի քաղաքական, սոցիալակա և մշակութային իրողությունները և, որ ամենակարևորն է, ինքն է ազդում դրանց վրա: Նրանց աշխատանքները խնդիրների լուծման տարբեր ուղիների որոնում են:
Ամենամեծ ճանաչումն ունի Այ Վեյվեյը (Ai Weiwei)՝ չինացի նկարիչը և քաղաքական ակտիվիստը, որն այսօր ապրում է Եվրոպայում հանյերնիքում իր հանդեպ հետապնդումների պատճառով:
2011թ-ին, երբ չինական իշխանությունները կալանավորեցին Վեյվեյին օդանավակայանում, ի պաշտպանություն նրա մասշտաբային միջոցառումներ սկսվեցին. The Times ամսագիրն այդ օրերին հրապարակեց հայտնի մարդկանց հոդվածներն ի պաշտպանություն նկարչի: Չինական իշխանություններին դիմելով՝ նրանք պահանջում էին դադարեցնել նկարչի հետապնդումները: Այդ արշավում առաջիններն էին համաշխարհային մակարդակի վարպետներ նկարիչ Դեմիեն Հերսթն ու քանդակագործ Անիշ Կապուրը:
Բուքերի մրցանակի դափնեկիր, գրող Սալման Ռուշդին The New York Times-ում երկար հոդված էր հրապարակել: Ի պաշտպանություն Վեյվեյի ակցիան միավորում էր Նյու Յորքը, Ստոկհոլմը, Լոնդոնը, Փարիզը, Բոստոնը, Բեռլինը, Աթենքն ու այլ քաղաքները: Չինաստանի իշխանությունները չդիմացան նման «գրոհին» և մի քանի ամսից ազատ արձակեցին Վեյվեյին:
Այ Վեյվեյի գործերով այսօր հետաքրքրվում են աշխարհի առաջատար թանգարանները: Իսկ մինչև սեպտեմբերի 11-ը դրանք կարող են տեսնել թբիլիսցիներն ու վրացական մայրաքաղաքի հյուրերը:
Ազգային պատկերասրահում ներկայացված է Այ Վեյվեյի «Հավի բաժակ» աշխատանքը, որը նա ստեղծել է 2015թ-ին: Այդ նախագծում նա ծաղրում է ճենապակու հանդեպ հարուստ չինացիների սրտացունց վերաբերմունքը, երբ ինչ-որ ճենապակե բաժակի համար նրանք միլիոններ են ծախսում:
Լիու Վեյի աշատանքներն ուղիղ գծերով մաթեմատիկորեն պատմում են ուրբանիստական շրջապատի մասին: Ազգային պատկերասրահում կարելի է տեսնել նրա «G մանուշակագույն օդը» աշխատանքը:
«Համաստեղություններ» ցուցահանդեսը Վրաստանի ազգային թանգարանի հետ մեկտեղ ներկայացնում է նաև երիտասարդ ֆրանսիացի կոլեկցիոներ Ջոն Դոդելանդը, որը 7 տարի առաջ Վրաստանի քաղաքացիություն է ստացել:
Ցուցահանդեսի գործընկերն է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարությունը, իսկ մեդիագործընկերն է BIO International ընկերությունն ու նրա տնօրեն Օլգա Բաբլուանին:
«Այս բացառիկ ցուցահանդեսն առաջինն է կովկասյան տարածաշրջանում: Թբիլիսիում այս օրրերին կարելի է տեսնել այն, ինչ տեսնում են առաջատար երկրների բնակիչներն, — ասում է ֆրանսիացի կոլեկցիոներ Ջոն Դոդելանդը: — Վրաստանը հեռանկարային երկիր է: Մետաքսի ճանապարհն իրական կամուրջ է Չինաստանի և Վրաստանի միջև: Ցուցահանդեսը ներկայացնում է չինացի վարպետների ազատ խոսքը»:
Օլգա Բաբլուանիի խոսքով՝ ցուցահանդեսը նաև քաղաքական տարր է պարունակում. «Դոդելանդը շատ լավ է հասկանում վրաց-չինական հարաբերությունների անհրաժեշտությունը: Հայտնի է, որ Մետաքսի ճանապարհի ամրապնդումը Չինաստանի իշխանությունների առաջնահերթություններից մեկն է».
Վան Գուանգլի (Wang Guangle), 090820, 2009. Ջոն Դոդելանդի հավաքածուն
Այ Վեյվեյ (Ai Weiwei), «Հավի բաժակ», 2015. Ջոն Դոդելանդի հավաքածուն
Լիու Վեյ (Liu Wei), «G մանուշակագույն օդ», 2008. Ջոն Դոդելանդի հավաքածուն
Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 11-ը