Ալիևը TRIPP-ը «միջանցք» է անվանում․ ինչպե՞ս են Երևանում մեկնաբանում այս խոսույթը
«Թրամփի ուղի՞» թե՞ «միջանցք»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից հիշեցրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին և հայտարարել՝ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հատատված է, բայց այն պահանջում է «ամենօրյա խնամք»։ Փաշինյանը խաղաղության նկատմամբ խնամքի, հոգատարության համատեքստում կարևորել է «խաղաղամետ, լեգիտիմ և համաձայնեցված» խոսույթի կիրառումը։
Վարչապետն անդրադարձել է, մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Զանգեզուրի միջանցք» արտահայտության գործածմանը։ Շեշտել է՝ ոչ Վաշինգտոնում ստորագրած փաստաթղթերում, ոչ էլ որևէ այլ փաստաթղթում նման արտահայտություն չեն համաձայնեցրել։
«Կարծում եմ` իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
Չնայած այս արձանագրումներին՝ վարչապետը վերահաստատել է ՀՀ-ի նվիրվածությունը խաղաղության օրակարգին։
Հույս է հայտնել, որ հաջորդ տարի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81–րդ նստաշրջանում զեկուցած կլինի
- Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի «առնվազն ստորագրված» լինելու,
- հայ-թուրքական սահմանի բացման և
- TRIPP նախագծի ներդրումային ծրագրի մի մեծ հատվածի իրականացված լինելու մասին։
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի խոսքով՝ հնարավոր չէ Ալիևին ստիպել, որ չօգտագործի «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։ Այն, ըստ նրա, Ադրբեջանի նախագահին անհրաժեշտ է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառման համար։ Կարծում է՝ ՀՀ-ի համար առավել կարևոր պետք է լինեն ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածությունների բովանդակությունն ու դրանց կյանքի կոչումը։
«Խոսույթի վրա կենտրոնանալու փոխարեն ավելի լավ է աշխատել բովանդակության ուղղությամբ, փորձել թույլ չտալ, որպեսզի Ալիևը կարողանա խախտել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված համաձայնությունները, օրինակ՝ ՀՀ-ին փոխադարձ առավելություններ չտրամադրելու ձևով»,- JAMnews-ի հետ զրույցում ընդգծել է Ղևոնդյանը։
- «ԱՄՆ-ն խաղադրույք կատարեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի վրա»․ կարծիք Երևանից
- «Երրորդ կողմի վերահսկողություն չի լինելու»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղի» ծրագրի մասին
- «TRIPP-ը կդառնա Հայաստանի անվտանգության նոր բաղադրիչ». Փաշինյան
Ի՞նչ է հայտարարել Ալիևը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, թե խաղաղության մասին Բաքվի պատկերացումների հիմքում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն» է։
«Տարածաշրջանային հաղորդակցությունը մեր տեսլականի հիմքն է երկարատև խաղաղության համար։ Վաշինգտոնյան գագաթնաժողովի հիմնական արդյունքներից մեկը Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին է (TRIPP), որը կապահովի անարգել անցում «Զանգեզուրի միջանցքով» և կամրապնդի տարածաշրջանային կապերը»,- ընդգծել է նա։
Ալիևի ելույթի հիմնական ուղերձը հետևյալն էր՝ Ադրբեջանը հաղթել է, հասել իր առջև դրված նպատակներին ու նոր դարաշրջան բացել պատմության մեջ։ Նրա բնորոշմամբ՝ «2020 թ․-ի նոյեմբերի 10-ը պատմության մեջ մտավ որպես Հայաստանի կապիտուլյացիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման օր՝ գրեթե 30 տարվա օկուպացիայից հետո»։
«Խաղաղությունը բավարար բերկրանք չի՞ պատճառում»․ Փաշինյանի արձագանքը
ՀՀ վարչապետը հիշեցրել է՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հռչակված «Թրամփի ուղի» (TRIPP) նախագիծը գործելու է «Հայաստանի տարածքով` Միացյալ Նահանգներ–Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով»։ Նախագծի համաձայն՝ ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացումը տեղի է ունենալու պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա։
«Մենք հստակ բովանդակություն և խոսույթ ենք համաձայնեցրել, և այդ համաձայնություններին հավատարմությունը որևէ կերպ կասկածի տակ դնելն իմ նշած և կամ այս ամբիոնից հնչեցված այլ խոսույթներով հասկանալի չէ»,- նկատել է նա և հավելել, որ այդ խոսույթները չեն մեծացնում խաղաղության նկատմամբ մարդկանց հավատը, չեն բխում խաղաղության մթնոլորտից։
Փաշինյանը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» և այդօրինակ այլ խոսույթները ձեռքբերված պայմանավորվածություններից չեն բխում։
Վարչապետն ասել է նաև, որ դրանք կապ չունեն համաձայնությունների հետ, ունեն «գրգռող և նեգատիվ» ազդեցություն և ընկալվում են որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ։
Միևնույն ժամանակ ընդգծել է, որ դա հայկական կողմին «ոչ մի միլիմետր» չի շեղի ձեռքբերված խաղաղության նշանավորման և հռչակված պայմանավորվածությունների իրականացման գործելակերպից․
«Ադրբեջանցի գործընկերոջս առաջարկում եմ կենտրոնանալ ձեռքբերված պայմանավորվածությունները շուտափույթ և ճշգրիտ կյանքի կոչելու վրա, ինչի համար էական է լեգիտիմ խոսույթների կիրառումը»։
Արձագանքելով Հայաստանի «կապիտուլյացիայի» մասին Ալիևի պնդումներին՝ Փաշինյանը հարցրել է՝ միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք չի պատճառում Ադրբեջանի նախագահին։
«Չեմ հասկանում՝ որ՞ն է ահռելի պոզիտիվ բովանդակության առկայության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Միթե՞ խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է»,- նկատել է նա։
«Անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ»․ ԱԺ նախագահ
«Յուրաքանչյուր մարդ, ով կասի TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» կամ «միջանցք»՝ Հայաստանում կամ աշխարհում, դա անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում Ալիևի հայտարարություններին այսպես է արձագանքել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Խորհրդարանի խոսնակի կարծիքով՝ «Թրամփի ուղին» միջանցք անվանելը խնդրահարույց է նաև նրանով, որ այդ կերպ արտահայտվող մարդն «իր լեզվամտածելակերպի մեջ չի խոսում խաղաղության մասին, խոսում է պատերազմական իրավիճակում ինչ-որ միջանկյալ լուծման մասին»։
«Վատ է, որ Ալիևն է ասում [միջանցք]։ Ես կարծում եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում այդ խոսույթն, այնուամենայնիվ, կփոխվի»,- ասել է Սիմոնյանը։
Փորձագիտական կարծիք
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը կարծում է՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործմամբ Ալիևը փորձում է շոշափել միջազգային հանրության կարմիր գծերը, տեսնել՝ մինչև որտեղ իրեն թույլ կտան ավելի կոշտ լինել Հայաստանի հետ հարաբերություններում։
Մյուս կողմից նկատում է՝ այսպես, թե այնպես Բաքուն ապաշրջափակվող ճանապարհը «միջանցք» է կոչելու․ դա Ադրբեջանին ձեռնտու է ինչպես ներքաղաքական գործընթացների, այնպես էլ արտաքին հարաբերությունների տեսանկյունից։
«Դա կարող է լինել այն անուղղակի ճնշումը, որն Ալիևը փորձում է իրագործել, առաջին հերթին, Հայաստանի, բայց նաև ԱՄՆ հետ հարաբերություններում՝ կապված «Թրամփի ուղու» գործարկման հետ»,- նկատել է նա։
Ղևոնդյանն առաջարկում է ՀՀ իշխանություններին խոսույթի վրա կենտրոնանալու փոխարեն աշխատել վաշինգտոնյան համաձայնությունների իրականացման ուղղությամբ․
«Մինչև վերջին պահը Ադրբեջանը փորձելու է ավելին ստանալ, քան կտա Հայաստանին։ Օրինակ՝ անցման ժամանակ ադրբեջանցիները չհանդիպեն հայ սահմանապահների, բայց հայերին պարտադրեն Նախիջևանով անցնելիս հանդիպել ադրբեջանցի սահմանապահների։ ՀՀ աշխատանքից է կախված այն, թե որքանով կկարողանանք իրացնել այն, ինչ գրված է օգոստոսի 8-ի համաձայնություններում»։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Բաքուն փորձում է այնպես անել, որ իր շահերն առավելապես իրացվեն, նույնիսկ TRIPP-ի շուրջ Հայաստանի և Նահանգների համաձայնությունների շրջանակում։
Այդ նպատակով, ըստ նրա, օգտագործվում են տարբեր միջոցներ՝ լոբբինգից մինչև դիվանագիտություն։
Ըստ Ղևոնդյանի՝ Հայաստանը պետք է այնպես անի, որ ստանա այն նույն հնարավորությունները, փոխադարձ առավելությունները, ինչ ստանալու է Ադրբեջանը հաղորդակցությունների բացման արդյունքում։ Չնայած ԱՄՆ-ում ձեռքբերված պայմանավորվածություններին և ամրագրված սկզբունքներին՝ քաղաքագետը դեռևս տեսնում է արտատարածքային տրամաբանության առաջմղման վտանգ․
«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կաշխատի Հայաստանը, ինչպես կաշխատի Ադրբեջանը։ Խոշոր հաշվով ԱՄՆ համար շատ ավելի կարևոր է հարցը [հաղորդակցության ուղիների բացման] լուծելն ու գլխացավանքներ չունենալը, քան այն, թե ինչ-որ մի հարցում մի փոքր առավելություն Հայաստա՞նը կունենա, թե՞ Ադրբեջանը։ ՀՀ-ն պետք է աշխատի, որ ինքը ստանա այդ առավելությունը»։
Փորձագետը շեշտում է՝ խոսքն ինչպես փոխադարձ առավելությունների, այնպես էլ անցման ռեժիմների, ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիների միմյանց հետ հարաբերվելու, մաքսային անցումների, սահմանապահների տեղաբաշխման և այլնի մասին է։
«Այս առումով և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը շարունակում են հավաքել որոշակի դիվիդենտներ, որոնք հետագայում կօգտագործեն։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, որ «միջանցքը» տարածքային պահանջ է, ինչը կարող է որոշակի ճնշման միջոց դառնալ Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության կողմից։ Ադրբեջանը հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք է», դա էլ կարող է որոշակի ճնշման միջոց կամ սակարկման առարկա դառնալ ՀՀ-ի հետ հարաբերություններում»,- նկատում է նա։
Քաղաքագետի համոզմամբ՝ իրենց շահերն իրացնելու համար Երևանն ու Բաքուն ստեղծում են հիմքեր, որոնք հետագայում կկարողանան օգտագործել մեկը մյուսի հետ սակարկելու, միմյանց վրա ազդելու, ճնշում գործադրելու, միջազգային հանրությանը ինչ-որ բան ցույց տալու և բազմաթիվ այլ նպատակներով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
«Թրամփի ուղի՞» թե՞ «միջանցք»