Թրամփը հրաժարվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պաղեստինա-իսրայելական հակամարտության մեջ Վաշինգտոնի դիրքորոշումից, որով նախատեսվում էր ստեղծել «երկու պետություն երկու ժողովուրդների համար»: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո:
«Երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքը դրվել էրմերձավորարևելյան կարգավորման գործընթացի հիմքում, որի շուրջ բանակցությունները շարունակվում են երկար տարիներ: Այդ սկզբունքին կողմ էին Իսրայելը (որոշակի պայմաններով), Պաղեստինը, ԱՄՆ-ը, ինչպես նաև ՄԱԿ-ը, Արաբական պետությունների լիգան, Եվրամիությունը և Ռուսաստանը:
Այդ մոտեցման էությունը նրանում է, որ խաղաղության գործընթացի ավարտին պետք է հիմնվի անկախ պաղեստինյան պետություն՝ 1967թ. կրակի դադարեցման սահմաններով, որը կներառի Արևմտյան ափը, Գազայի հատվածը և Արևելյան Երուսաղեմը, և խաղաղ կգոյատևի Իսրայելի հետ:
Սակայն երկար տարիներ խաղաղության բանակցությունները կամ տապալվել են ահաբեկչությունների ու հարձակումների պատճառով, որոնցում Իսրայելը մեղադրում էր պաղեստինյան վարչակազմին, կամ էլ Իսրայելի կողմից նախկին պաղեստինյան տարածքներում նոր կացարանների շինարարության պատճառով:
Նեթանյահուի հետ հանդիպմանը Թրամփը հայտարարել է, որ իրեն ավելի դուր է գալիս, մեկ, քան երկու պետության գաղափարը, հաղորդում է Բի-Բի-Սի-ն:
«Ես անգամ ինչ-որ ժամանակ մտածում էի, որ երկու պետությունն ամենահեշտ ելքն է: Բայց, անկեղծ ասած, եթե Բիբին [Բենյամին Նեթանյահուն] և պաղեստինցիները, եթե Իսրայելը և պաղեստինցիները գոհ լինեն, ապա ես գոհ կլինեմ այն պետությունից, որը նրանց ավելի շատ է դուր գալիս»,- ասել է Թրամփը՝ նշելով, որ վերջին հաշվով խաղաղության համաձայնագիրը երկու հակամարտող կողմերի գործն է:
Թրամփը խոստացել է, որ կհասնի «մեծ» խաղաղության համաձայնագրի, բայց ընդգծել է, որ դրա համար հակամարտության երկու կողմերն էլ պետք է փոխզիջումների գնան: ԱՄՆ նախագահը նաև Նեթանյահուին խնդրել է «մի փոքր արգելակել» նոր կացարանների շինարարությունը:
Օբամայի վարչակազմը շատ քննադատաբար էր մոտենում Իսրայելի կողմից նոր կացարանների շինարարությանը: Թրամփի երդմնակալությունից հետո Իսրայելը հավանություն տվեց Արևմտյան ափին մի քանի 1000 միավոր կացարանների շինարարության ծրագրին:
«Երկու պետությունների» սկզբունքի մասին հարցին ի պատասխան՝ Բենյամին Նեթանյահուն ասել է, որ կցանկանար կենտրոնանալ էության վրա, ոչ թե անվանման: «Խաղաղության համար պետք է լինեն երկու նախադրյալներ,- ընդգծել է Իսրայելի վարչապետը:- Առաջին, պաղեստինցիները պետք է ճանաչեն Իսրայել պետությունը: Երկրորդ, ցանկացած խաղաղության համաձայնագրի դեպքում Իսրայելը պետք է պահպանի անվտանգության վերահսկողությունը Հորդանան գետից արևմուտք ընկած տարածքների վրա»:
Սա ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի առաջին անձնական հանդիպումն էր 2016թ. ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո:
Դոնալդ Թրամփի նահանջը Սպիտակ տան բազմամյա քաղաքականությունից, որին հետևում էին և՛ հանրապետականները, և՛ դեմոկրատները, սուր անհանգստություն է առաջացրել պաղեստինցիների շրջանում, որոնք կոչ են արել նոր վարչակզմին չհրաժարվել անկախ պաղեստինյան պետություն ստեղծելու խնդրից:
«Եթե Թրամփի վարչակազմը հրաժարվի այդ քաղաքականությունից, դա կկործանի խաղաղության բոլոր հնարավորությունները և կխարխլի ամերիկյան շահերը, դիրքերը և նրա նկատմամբ արտասահմանում եղած վստահությունը: Իսրայելում և Սպիտակ տանը ամենածայրահեղ և անպատասխանատու տարրերի հրահրումը անհամատեղելի է պատասխանատու արտաքին քաղաքականությանը հետ»,- հայտարարել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության ներկայացուցիչ Հանան Աշրաուին: