«Ձայնդ կտրի՛ր»․ Թրամփի և Բայդենի առաջին հեռուստադեբատները։ Տեսանյութ
Կիսվել
Կիսվել
«Ձայնդ կտրի՛ր»․ այս արտահայտությունը մի քանի անգամ հնչել է սեպտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահի առաջատար թեկնածուներ Թրամփի և Բայդենի առաջին դեբատների ընթացքում։ Թրամփը կրկին ու կրկին ագրեսիվ կերպով ընդհատում էր զրուցակցին, երկուսն էլ բղավում էին և միմյանց ստախոս անվանում։
Դեբատները կայացել են Օհայոյի նահանգի Քլիվլենդ քաղաքում, տևել 90 րոպե և նվիրված են եղել վեց թեմաների՝ 15-րոպեանոց սեգմենտներով․ թեկնածուների դիրքերը հարցումներում, Գերագույն դատարան, համավարակ, ռասայական ցույցեր և բռնություն քաղաքներում, ընտրությունների արդար բնույթ ու տնտեսություն։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կայանալու են 2020 թ-ի նոյեմբերի 3-ին, դրանից առաջ Թրամփի և Բայդենի դեբատների ևս երկու փուլ է նախատեսվում։
Քննարկման գլխավոր թեզերը
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփ, Հանրապետական կուսակցություն
Կասկած է հայտնել կայանալիք քվեարկության արդարության վերաբերյալ։
Խոստացել է հրապարակել իր հարկային հայտարարագիրը, որի հրապարակումը New York Times-ում սեպտեմբերի 27-ին հսկայական սկանդալ է առաջացրել․ պարզվել է, որ Թրամփն օգտագործում է օրենսդրության բացերը և ավելի քիչ հարկ է մուծում, քան շարքային ուսուցիչը։
Խոսել է բանակի և ոստիկանության աջակցության մասին։
Չինաստանին մեղադրել է կորոնավիրուսի համավարակի համար։
Քննադատել է «Անտիֆա» (հակաֆաշիստական միջազգային շարժում՝ ծայրահեղական հայացքներով) և չի ուրացել սպիտակ ռասայի առավելությունների կողմնակիցներին։
Ջո Բայդեն, Դեմոկրատական կուսակցություն․
Խոստացել է 7 մլն աշխատատեղ ստեղծել և տնտեսությունը բերել 1 տրլն դոլար աճի։
Քննադատել է Թրամփի բուժոլորտի բարեփոխումների պլանը։
Խոստացել է իրեն նախագահ չհայտարարել նախքան պաշտոնական արդյունքները։
Քննարկման ամենագարշելի պահերը
Ամենակոշտ բախումները տեղի են ունեցել, երբ թեկնածուները սկսել են խոսել միմյանց ընտանիքների մասին։
Մասնավորապես, Թրամփն ուղղակիորեն վիրավորական խոսքեր է ասել Բայդենի որդի Հանթերի հասցեին։
Նա ասել է, որ Հանթերին վռնդել են բանակից կոկայինի օգտագործման համար, իսկ երբ Բայդենը փոխնախագահ է դարձել Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին, նրա որդին «հարստացել է Ուկրաինայի, Չինաստանի, Մոսվայի և այլ վայրերի հաշվին»։
Ձայնը բարձրացնելով՝ Բայդենը պատասխանել է, որ իր որդին հաղթահարել է կախվածությունն՝ «ի տարբերություն նրանց, ովքեր հենց Թրամփի տանն են ապրում»։