Թուրքիան՝ ժողովրդավարության և ավտորիտարիզմի արանքում
Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվե կայացավ, որը բոլորը միաձայն պատմական են անվանում: Թուրքիան էլ նախկինը չի լինելու:
Որոշումը կայացնում էին 55 մլն թուրք ընտրողներ: Նրանք դա անում էին արտակարգ դրության պայմաններում, որը երկրում մտցվել է 2016թ-ի հունիսին պետական հեղաշրջման անհաջող փորձից հետո:
Ապրիլի 16-ի երեկոյի դրությամբ հանրաքվեի հանված հարցին դրական է պատասխանել քվեարկողների 51%-ը: Բացասական՝ 48%-ը:
Ինչ էր որոշվում
Որոշվում էր թուրքական սահմանադրության ընդհանուր առմամբ 18 հոդվածի ճակատագիր: Եթե ընտրողներն ասում են «հա» նախագահ Էրդողանին, որը նախաձեռնել էր այս հանրաքվեն, ապա.
- Թուրքիան խորհրդարանական հանրապետությունից վերածվում է նախագահականի;
- Վարչապետի պաշտոնը լուծարվում է, ողջ գործադիր իշխանությունը կենտրոնանում է նախագահի ձեռքում;
- Խորհրդարանականները չեն կարող նույնիսկ իրենց մոտ կանչել նախարարներին, այլ միայն գրավոր հարցումներ ուղարկել;
- Դատավորների և դատախազների գերագույն խորհուրդը կղեկավարի արդարադատության նախարարը, որին նախագահն է նշանակում առանց որևէ համաձայնեցման;
- Նախագահը չի կարող ընտրվել երկուսից ավել անգամ, սակայն եթե խորհրդարանը վաղաժամ ընտրությունների մասին որոշում կայացնի, ապա խորհրդարանն ու նախագահը կվերընտրվեն, սակայն նախագահի երկրորդ ժամկետը երկրորդ չի համարվի, և այդպես մինչև անվերջություն:
Պատը՝ պատի վրա՞
Հանրաքվեի նախօրին Թուրքիայում հասարակական կարծիքի բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ առաջարկված բարեփոխումների կողմկաիցների ու դեմ արտահայտվողների թիվը գրեթե հավասար է: Կանխատեսումների մեծ մասը հիմնականում հակված էր, որ ընտրողները կասեն «ոչ», սակայն դա միանշանակ պնդել ոչ ոք հանձն չէր առնում:
Ստամբուլը լի էր դեմ և ի աջակցություն սահմանադրական փոփոխությունների պաստառներով: Փողոցային ագիտացիայում զգացվում են «Evet»-ի («Այո») կողմնակիցների ջանքերը:
Նրանց գլխավոր խաղաքարտը նախագահ Էրդողանի դիմանկարն է: Սոցցանցերում ակտիվ էին նրանց ընդդիմադիրները՝ «Hayir!»-ին: Վերջին օրերին Ֆեյսբուքի թուրքական հատվածում հայտնի կատակ. «Թուրքերենով սեքսուալ մի բան ասա՝ ոչ»:
Երկու ճամբարների միջև դաժան վեճեր էին ընթանում:
Ոմանք համարում էին, որ առանց նոր լիազորությունների Էրդողանը չի կարող Թուրքիան մեծ երկիր դարձնել:
Նա հիշեցնում է նախագահ Թրամփին ոչ միայն իր կարգախոսով, այլ նաև իր կողմնակիցներին դիմելու ձևով՝ կարճ արտահայտություններով և ոռնացող դրամատիկ ինտոնացիայով:
Մյուսները նրանց պատասխանում էին, որ Թուրքիան նոր Միջնադարի և դաժան ավտորիտարիզմի շեմին է: Էրդողանի ընդդիմադիրների շրջանում առանձնապես ակտիվ էին կանայք:
Օրինակ, «Կադեր» կանանց իրավունքների շարժման ակտիվիստ Ժասմին Բեքթաշը հստակ վստահ է, որ Էրդողանի հաջողությունը, որն անընդհատ վկայակոչում էր «ավանդական իսլամական արժեքները», կնշանակի վաղաժամ ամուսնությունների խնդրին հանդուրժողական վերաբերմունք, բռնաբարության և տնային բռնության օրինականացման դեպքերի ավելացում:
Ընդ որում, Ստամբուլի փողոցներում աչքի է ընկնում քաղաքացիական խաղաղության և համաձայնության իրավիճակը, ագրեսիայի բացակայությունը:
Կանացի մուսուլմանական գլխաշորերը և ամբողջապես փակ դեմքերը զգալիորեն շատացել են: Ընդ որում, այնպես ազատ հագնված աղջիկների թիվը, որոնց կնախանձի Նիցայի առափնյա հատվածը, ավելի չի քչացել:
Ամենազարմանալին այն է, որ ամենուրեք հանդիպում են խմբեր, որտեղ միմյանց հետ ուրախ շփվում են և առաջինները, և մյուսները: Նրանց ձեռքում նույն «Mango”, “Marx&Spencer”, “MaxMara” փաթեթներն են:
Կամ, օրինակ, Իսթիքլալ կենտրոնական փողոցում միմյանցից 50 մ հեռավորության վրա ցույց են անում «Այո»-ի և «Ոչ»-ի կողմնակցիները: Քարոզի մեթդները նման են՝ ռիթմիկ երգեր ու պարեր:
Սակայն տարբերություններ էլ կան: Ոմանք ստացիոնար բեմ ունեն. ինչ-որ շենքի առաջին հարկի բաց հարթակ: Մյուսներինը բաց փողոցն է:
Եվ առաջիններն առանց կասկածի երկրորդներին թույլ են տալիս իրենց զուգարան մտնել:
Չկողմնորոշվածները
Հնարավոր է, որ քվեարկության ելքը կանխորոշեցին նրանք, ովքեր իրենց ընտրութունը վերջին օրվան թողեցին: Այդպիսիք քիչ չէին:
Որովհետև «այո»-ի և «ոչ»-ի միջև տարանջատման գիծը ուղիղ չի անցնում: Խոսքը գնում է ոչ միայն հարուստների և աղքատների տարբեր հայացքների մասին: Երիտասարդների և տարեցների: Լավ եվրոպական կրթություն ուեցող մարդկանց և թուրքական արվարձաններից վերջերս դուրս եկած և մայրաքաղաքում իրենց շանսերը փնտրողների: Թուրքական հասարակությունն ավելի բարդ կառուցվածք ունի:
Ինչպե՞ս, օրինակ, պետք է քվեարկի այդ հանրաքվեին Իլմազ Օզլյուկի ճակատագրի պես ճակատագիր ունեցողը:
Նա աղքատ քրդական գյուղից է: Առաջինն ընտանիքում, որը կրթություն է ստացել (օրական երեք ժամ ոտքով մինչև դպրոց և ետ): Շուրջբոլորը մարդիկ են, ովքեր գիտեն, թե ինչպես է հավաքվում և քանդվում Կալաշնիկովի ավտոմատը, սակայն երբեք ջրատար չեն տեսել: Նա ընտանիքի հետ Ստամբուլ է տեղափոխվել, փողոցում պլաստիկե փաթեթներ է վաճառել, հազվադեպ է կուշտ եղել:
Կարողացել է զարգանալ, սեփական զբոսաշրջային բիզնեսն է նախաձեռնել, և շատ հաջող, խոսում է մի քանի լեզվով: Օգնել է ոտքի կանգնել բազմաթիվ եղբայրների և քույրերի, այժմ պատրաստ է բարձրագույն կրթություն տալ իր երկու երեխաներին:
Եվ նրա հաջողակ կյանքի զգալի մասը բաժին է ընկել Էրդողանի նախագահության ժամանակահատվածին: Ինչպե՞ս քվեարկել:
Իլմազը, որն իրեն Թուրքիայի և Ստամբուլի հայրենասեր է անվանում, որոշել է վերջնական որոշուման ընդունումը հետաձգել մինչև այն պահը, երբ ընտրատեղամասում ձեռքը կառնի քվեաթերթիկը:
Ընտրության առումով կողմնորոշվածների վերաբերմունքը թերևս ամենաբազմակողմանի կերպով ձևակերպել է Ստամբուլի ասիական և եվրոպական մասը միացնող Բոսֆորի կամրջի ձկնորսներից մեկը: Նրանք այնտեղ ոչ թե հոբբիով են զբաղված, այլ աշխատանքով: Բռնած ձուկն անմիջապես ցամաք է ուղարկվում, այնուհետ՝ թավայի վրա և բազմաթիվ սրճարաններից մեկի սեղանին:
«Ինձ մեկ է, — ասաց նա: Նախագահը ձկան պետը չէ»:
Ի՞նչ սպասեն հարևանները
Թուրքական հանրաքվեի ցանկացած ելքի դեպքում, այդ երկիրը Հարավային Կովկասի համար ամենակարևոր գործոն կմնա՝ տնտեսական, քաղաքական, ռազմական: Ի՞նչ սպասեն նրանք:
Հայաստան
«Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ JAMnews—ի հետ զրույցում.
«Այսօր Թուրքիայում անհատականացման ռեժիմի հաստատում է տեղի ունենում: Թուրքիայում սպասվող փոփոխությունները ոչ մի լավ բան, ինչպես նա սարսափելի բան Հայաստանի համար չեն բերի: Հազիվ թե Թուրքիան այնքան ագրեսիվ երկիր դառնա, որ սկսի պատերազմել բոլոր հարևանների հետ: Էներգիան, որով Էրդողանը ձգտում է նոր կարգեր սահմանել, ուղղված է ներքաղաքական խնդիրների լուծմանը:
Պարադոքսն այն է, որ Հայաստանը Թուրքիայի համար Արևմուտք է: Քաղաքական տեսանկյունից հայկական հարցը Թուրքիայի համար միշտ Արևմուտքի հետ նրա հարաբերույթունների մի մասն է եղել:
Թուրքիան ի զորու չեղավ լուծելու եվրոպական աշխարհի մաս դառնալու խնդիրը: Թուրքիայում փոփոխություններ էին տեղի ունենում, քանի որ Եվրամիությանն անդամակցելու հույսեր կային:
Այժմ հույսեր չկան: Ինչո՞ւ ուրեմն Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունն ու կարգավորի Հայաստանի հետ հարաբերությունները, որը նրա համար հետաքրքրություն չի ներկայացնում, իսկ եվրոպական հեռանկար չկա: Խոսք այն մասին, որ մոտական տարիներին հարաբերությունները կկարգավորվեն, չկա»:
Ադրբեջան
Քաղաքագետ Էլհան Շահինօղլուն JAMnews-ի հետ զրույցում ասաց, որ որոշել են Թուրքիայում հանրաքվե անցկացնել այն բանից հետո, երբ կոալիցիոն կառավարությունները երկրում չեն կարողացել պայմանավորվել միմյանց հետ.
«Էրդողանի և նրա կողմնակիցների գլխավոր փաստարկն այն է, որ Թուրքիան չի կարող զարգանալ խորհրդարանական հանրապետության ձևաչափով: Շատ սկանդալներ են եղել, տնտեսական քաոս է տեղի ունեցել:
Իսկ երբ իրավասություններն անցնեն կառավարության ձեռքը, կառավարության անդամներին կարելի կլինի նշանակել նաև կողքից: Այսինքն, փաստարկն այն է, որ լայն լիազորություններ ունեցող նախագահը կվերահսկի կառավարությունը, ինչպես նաև բարոփոխումներ կկարողանա իրականցնել»:
Պատմաբան Ալթայ Գեյուշևը JAMnews-ին ասել է, որ հանրաքվեն Թուրքիայի ժողովրդավարությանը մեծ հարված է.
«Էրդողանի բնավորության մեջ ուժեղ ավտորիտար հակումներ կան: Այդ փոփոխությունները կարող են հզոր հարված հասցնել Թուրքիայի ժողովրդավարությանը: Այդ պատճառով էլ ես սկզբունքորեն դեմ եմ դրան:
Հարկ է խոստովանել, որ 1990-ականներից սկսած 20-25 տարվա ընթացքում Թուրքիան մեծ տեմպերով է զարգացել: Նա գտել է իր տեղը նաև համաշխարհային քաղաքականությունում: Եվ այդ ամենը տեղի է ունեցել, երբ Թուրքիան խորհրդարանական հանրապետություն էր: Հիմա փաստացի այդ հաջողությունների վրա խաչ են քաշում:
Վրաստան
Վրացի փորձագետները կարծում են, որ ինչ արդյունքով էլ ավարտվի հանրաքվեն, երկու երկրների միջև փոխհարաբերությունների վրա դա չի ազդի:
Միջազգային հարաբերությունների մասնագետ Գեորգի Ռուխաձեն ՝JAMnews-ի հետ զրույցում.
«Ինչպես էլ ավարտվի հանրաքվեն, դա չի փոխի այն փաստը, որ Թուրքիան տարածաշրջանում գլխավոր խաղացողներից մեկն է և Վրաստանի ռազմավարական գործընկերը: Թուրքիան կպահպանի այդ դերը Վարստանի համար այնպես, ինչպես Վրաստանը՝ Թուրքիայի համար»:
Միջազգային հարաբերությունների մասնագետ Նոդար Խարշիլաձեն ՝JAMnews-ի հետ զրույցում.
«Ինչ ելք էլ ունենա հանրաքվեն, դա նշանակություն չի ունենա Վրաստանի համար: Մենք լավ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ, և Էրդողանի վերաբերմունքը Վրաստանին շատ դրական է ինչպես երկկողմանի հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության տեսանկյունից:
Այնպես որ, Էրդողանի դիրքերի ուժեղացումից մեզ համար ոչ մի կերպ վատ չի լինի: Գլխավորը, որ Թուրքիայում ներքին գործընթացները ժողովրդավարական լինեն և անկարգություններ չլինեն»: