Թուրքիան մեղադրել է Հունաստանին ահաբեկչության դեմ պայքարելու ցանկության բացակայության համար
Կիսվել
Կիսվել
Թուրքիայի իշխանությունները Հունաստանին մեղադրում են ահաբեկչության դեմ պայքարելու ցանկության բացակայության համար այն բանից հետո, երբ հունական դատարանը որոշում է կայացրել չարտահանձնել նախորդ տարվա հուլիսին զինված հեղաշրջման փորձից հետո փախած 8 թուրք զինվորականներին: Թուրքիան այդ որոշումը քաղաքականապես մոտիվացված է անվանել:
«Հերթական անգամ Հունաստանը՝ մեր դաշնակիցն ու հարևանը, չի հետևում ահաբեկչության դեմ պայքարի հիմքերին», — ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: Անկարան Աթենքին մեղադրում է նաև Թուրքիայում հարձակումներ գործած ուլտրաձախ և քրդական խմբավորումների անդամներին թաքցնելու համար:
ԱԳՆ-ն հայտարերել է, որ Թուրքիան շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի խռովարարները հանձնվեն Թուրքիային և դատարանի առջև կանգնեն:
Թուրքական իշխանությունները զինվորականներին մեղադրում են հեղաշրջման փորձին մասնակցության համար և պահանջում են նրանց արտահանձնել հետագա հետաքննության և դատի համար: Հունաստան ուղղաթիռով փախած 8 զինվորականները հերքում են իրենց մեղքն ու պնդում, որ Թուրքիա վերադառնալու դեպքում իրենց կյանքին վտանգ է սպառնալու:
Ինչպես հաղորդում է Բի-Բի-Սի-ն, մեջբերելով դատարանի որոշումը, դատավոր Գիորգոս Սակկասը հայտարարել է, որ Թուրքիայում նրանց հանդեպ անարդար դատի հավանականություն գոյություն ունի:
Թուրքիայում զինված հեղաշրջման փորձը տեղի է ունեցել նախորդ տարվա հուլիսի 15-ից: Խռովարար զինվորականները մի քանի ժամով կարողացել են վերահսկողություն սահմանել Անկարայի և Ստամբուլի գլխավոր փողոցների, կամուրջների և մի քանի ռազմավարական կարևորության շենքերի հանդեպ, սակայն շուտով խռովությունը ճնշվել է, իսկ դրա մասնակիցները՝ ձերբակալվել:
Պուտչի արդյունքում մի քանի հարյուր մարդ է զոհվել:
Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման կազմակերպման համար մեղադրեցին ԱՄՆ-ում ապրող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա արտահանձնումը պահանջեցին:
Հետաքննության ընթացքում Թուրքիայում հազարավոր մարդիկ են ձերբակալվել: Կալանավորվածները բողոքում էին, որ իրենց իրավունքները ոտնահարվում են, և իրենց խոշտանգումների են ենթարկում: