Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Բաքու. էներգետիկա, խաղաղություն և տարածաշրջանային անվտանգություն
Թուրքիայի արտգործնախարարի այցը Բաքու
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի՝ Բաքվում կայացած հանդիպումների ժամանակ ադրբեջանա-թուրքական հարաբերություններից, պաշտպանական համագործակցությունից, էներգետիկ և տրանսպորտային նախագծերից բացի քննարկվել են նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Մասնագետները այցը գնահատում են որպես տարածաշրջանային անվտանգության արագ փոփոխվող իրավիճակում Բաքվի և Անկարայի դիրքորոշումները համաձայնեցնելու փորձ։
Սեպտեմբերի 15-ին Հաքան Ֆիդանին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թուրք նախարարը փոխանցել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ողջույնները: Ալիևն, իր հերթին, Ֆիդանին խնդրել է իր ողջույնները փոխանցել Թուրքիայի նախագահին։
Նախագահի պաշտոնական կայքում տեղադրված կարճ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման կապակցությամբ, որը հիմնված է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա։
Հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների ետևում: Ամբողջական տեքստն ու կողմերի առանձին հայտարարությունները չեն հրապարակվել:
Էներգետիկա և արտահանման նոր ուղիներ
Պաշտոնական հայտարարության մեջ հատուկ ընդգծված թեմաներից մեկը էներգետիկ ոլորտում համագործակցությունն էր և միջազգային շուկաներ այլընտրանքային էներգիայի մատակարարման համար նոր ուղիների ստեղծումը։
Մանրամասները հայտարարվեցին ավելի ուշ՝ Ֆիդանի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հանդիպման և նրանց համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Բայրամովի խոսքով՝ քննարկված նախագծերի թվում էին Ադրբեջանում արտադրված այլընտրանքային էներգիայի մատակարարումը Սև ծովի միջոցով Եվրոպա, ինչպես նաև Նախիջևանը Թուրքիայի հետ կապող նոր էներգետիկ մալուխի կառուցումը։ Ադրբեջանական կողմը նշում է, որ այս նախագծերը զգալի ներուժ ունեն ոչ միայն երկու երկրների, այլև եվրոպական էներգետիկ շուկայի համար։
2026 թվականի առաջին ութ ամիսներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը գերազանցել է 3.2 միլիարդ դոլարը։ Սակայն այս թիվը զգալիորեն պակաս է երկու երկրների նախագահների կողմից նախկինում սահմանված 15 միլիարդ դոլարի թիրախային նպատակից։
Միջին միջանցքն ու Կարս-Դիլուջու երկաթուղին
Բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի դերը՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև լոգիստիկ կամուրջ։
Համատեղ ճեպազրույցի ժամանակ Հաքան Ֆիդանն ընդգծել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու լիարժեք շահագործման կարևորությունը։ Նա նաև հայտարարել է, որ Կարս-Դիլուջու երկաթուղու շինարարությունը, որի միջոցով Թուրքիան կհասնի մինչև Նախիջևանի հետ սահման, նախատեսվում է ավարտել մինչև 2029 թվականի ավարտը։
Այս գիծը համարվում է թուրքական հատվածը ապագա տրանսպորտային երթուղու, որը Նախիջևանով կանցնի Ադրբեջան, ապա՝ Կենտրոնական Ասիա։ Ֆիդանի խոսքով՝ Միջին միջանցքի զարգացումը բխում է ինչպես Ադրբեջանի ու Թուրքիայի, այնպես էլ Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ մյուս երկրների շահերից։
Հայաստանի հետ խաղաղության գործընթացը
Ալիևի հետ հանդիպումից հետո Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և աջակցում է Բաքվին այդ հարցում։
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների ընդլայնված կազմով հանդիպումից հետո արված եզրափակիչ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են վերջին մեկ տարվա ընթացքում խաղաղության գործընթացում գրանցված առաջընթացն ու տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ուղղված գործնական քայլերը։
Քննարկվել են նաև անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, Շուշայի հռչակագրի շրջանակներում դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Իսլամական համագործակցության կազմակերպության և Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համակարգված աշխատանքը։
Նախարարները նաև վերահաստատել են իրենց ընդհանուր դիրքորոշումը Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում շարունակվող հակամարտությունները քաղաքական և դիվանագիտական, այլ ոչ թե ռազմական միջոցներով լուծելու անհրաժեշտության վերաբերյալ։
Ինչպե՞ս են փորձագետները գնահատում այցը
Թուրքագետ Մեհմեթ Էմին Իկբալ Դյուրեն նշել է, որ չնայած այցը նախապես պլանավորված էր, այն առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերել Սիրիայի և Իրանի շուրջ լարվածության, ինչպես նաև Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ֆոնին։
Նա կարծում է, որ տարածաշրջանում արագ փոփոխվող իրավիճակի ֆոնին Բաքվի և Անկարայի համար անհրաժեշտություն է իրենց մոտեցումների համակարգումը։ Նա Կարս-Դիլուջու երկաթուղին, էներգետիկ նախագծերը և Թյուրքական պետությունների կազմակերպության հաջորդ գագաթնաժողովի նախապատրաստությունները համարում է ապագա տարածաշրջանային ինտեգրման հիմնական տարրեր։
Քաղաքական մեկնաբան Չինգիզ Շահբազին առաջ է քաշում մեկ այլ վարկած։ Նա կարծում է, որ փակ դռների հետևում ընթացող բանակցությունների թեմաներից մեկը կարող էր լինել Թուրքիայի և Իսրայելի միջև աճող լարվածությունը, մասնավորապես՝ Գազայի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Շահբազին կարծում է, որ Ադրբեջանը, որը դաշնակցային հարաբերություններ ունի Թուրքիայի հետ և ռազմավարական հարաբերություններ Իսրայելի հետ, կարող է դառնալ երկու երկրների միջև երկխոսության հարթակ։ Սակայն Ալիևի և Ֆիդանի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններում թուրք-իսրայելական հարաբերությունների քննարկման մասին չի հիշատակվում։ Հետևաբար, այս վարկածը առայժմ մնում է փորձագետի ենթադրություն։
Հետևեք մեզ — Facebook | Youtube
Թուրքիայի արտգործնախարարի այցը Բաքու