«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սցենարը չի քննարկվում»․ Թոմաս դը Վաալ
Թոմաս դը Վաալի հարցազրույցը
«Կան լուրջ մտավախություններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը և «Զանգեզուրի միջանցքի» հարցը ավելի շուտ որոշվելու են գետնի վրա և ոչ թե բանակցություններով»,- անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակին ասել է «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը:
«Ազատության» հետ զրույցում նա հայտնել է, որ կան լուրջ փորձեր՝ հունվարին Բրյուսելում վերականգնելու հայ-ադրբեջանական բանակցությունները, բայց «առայժմ իրավիճակը շատ լուրջ է»։
Վերլուծաբանն անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանը, ռուս խաղաղապահների գործունեությանը, նոր պատերազմի հավանականությանը, Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը և ոչ միայն։
JAMnews-ն առանձնացրել է զրույցի առավել կարևոր դրվագները
«Այս ճնշումը միայն Լաչինի միջանցքի համար չէ»
Թոմաս դը Վաալի խոսքով՝ Ադրբեջանը հավակնություններ ունի, և կարելի է դա հասկանալ։ Ասում է՝ Ադրբեջանի մտավախությունները թափանցիկության վերաբերյալ, թե ի՞նչ է անցկացվել Լաչինի միջանցքով, արդյո՞ք եղել են ականներ, զենք, ի՞նչ քաղաքացիության մարդիկ են անցել այդտեղով, «պրագմատիկ են»։
«Թափանցիկ ռեժիմ չի եղել և այդ իմաստով կարելի է հասկանալ։ Իհարկե, դա պատճառ չէ Լաչինի միջանցքն ամբողջությամբ փակելու, Ղարաբաղը շրջափակելու համար, բայց, կարծում եմ՝ եթե հիմա բանակցություններ ընթանում են, իսկ դա ճիշտ է, ապա օրակարգում այդ հարցն է, որ լինի ավելի թափանցիկ ռեժիմ, թե ով և ինչ կարող է անցնել Լաչինի միջանցքով»,- նշել է նա։
Մյուս կողմից հիշեցրել է՝ Ալիևի հավակնությունները բարձր են, «այս շրջափակումն ու ճնշումը միայն Լաչինի միջանցքի համար չէ»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ կա հավանականություն, որ միջանցքի բացումից հետո շատ հայեր կհեռանան ԼՂ-ից «անտանելի պայմանների» պատճառով։
«Միգուցե հենց դա է Ադրբեջանի մարտավարությունը, որ որքան հնարավոր է շատ հայեր ուղղակի հեռանան առանց հակամարտության»,- շեշտել է Թոմաս դը Վաալը։
«Ռուսները չեն ցանկանում բարկացնել Ադրբեջանին»
Նրա կարծիքով՝ եթե ոչ հիմա, ապա մեկ շաբաթ անց «ականատես կլինենք Մոսկվայյի ակտիվացմանը»։ Դժվարանում է պատասխանել հարցին, թե ինչո՞ւ Մոսկվան չի միջամտում ԼՂ-ում՝ իր պատասխանատվության գոտում կատարվողին, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Ասում է՝ «ընդհանրական պատճառ» կարող է լինել այն, որ ՌԴ բոլոր՝ ռազմական, տնտեսական և քաղաքական ռեսուրսներն ուղղվել են Ուկրաինային․
«Իհարկե, Ղարաբաղում մնացել է խաղաղապահ առաքելությունը, բայց այն այլևս այնքան ուժեղ ու պրոֆեսիոնալ չէ, ինչպես, ասենք, մեկ տարի առաջ»։
Ասում է՝ Մոսկվան երկար տարիներ փորձում է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ, ուստի գործոն կարող է հանդիսանալ նաև այն, որ «ռուսները չեն ցանկանում բարկացնել Ադրբեջանին»․
«Այն, ինչ տեղի է ունենում հիմա, խարխլում է 2020 թ․-ի նոյեմբերյան համաձայնություններն ու Մոսկվայի հեղինակությունը, որովհետև Ռուսաստանի պատասխանատվությունն է, որ Լաչինի միջանցքը բաց մնա»։
«Պատժամիջոցները վերջին զենքն են»
Խոսելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորության մասին՝ Թոմաս դը Վաալը շեշտել է՝ դրանք վերջին զենքն են ու հավելել՝ նման սցենար չի քննարկվում։ Պատճառն, ըստ նրա, այն է, որ Արևմուտքն ուզում է համագործակցել նաև Ադրբեջանի հետ․
«Այս պահին Արևմուտքի համակրանքն ավելի շուտ Հայաստանի կողմն է, բայց 30 տարվա հակամարտությունը, ինչպես Արևմուտքում են համոզված, հրեշտակներ չուներ, ագրեսիա եղել է երկու կողմից էլ»։
«Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ»
Վերլուծաբանի խոսքով՝ 2023 թվականը լարված, ծանր տարի է լինելու։ Հույս ունի, որ նոր հակամարտություն չի լինի։ Մյուս կողմից նկատում է՝ «դրա նշաններն արդեն տեղում են»․ լուրջ բանակցություններ չեն ընթանում, 2020 թ․-ի նոյեմբերի պայմանավորվածությունները չեն գործում։
Անդրադառնալով պատերազմի անխուսափելիության մասին հարցին՝ նա նշել է, որ եթե նույնիսկ հակամարտություն լինի, մասշտաբները 44-օրյա պատերազմի համեմատ փոքր կլինեն։ Ասում է՝ պատճառը նաև այն է, որ «հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են»։
«Իմ կարծիքով՝ նախագահ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Ավելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթե այն, ինչ չստացվի բանակցություններով, փորձի այսպես ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կստացվի»,- ընդգծել է վերլուծաբանը։
«Մոսկվան դեմ չէ, որ հայերի նկատմամբ ճնշում լինի»
Թոմաս դը Վաալի համոզմամբ՝ Ադրբեջանում և Ռուսաստանում ակնկալում էին, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2022 թ․-ին, բացի այդ՝ «տպավորություն ունեն, թե Հայաստանը ձգձգում է բանակցությունները»։
«Ինչպես մինչև 2020 թ․-ի պատերազմն էր, Մոսկվան դեմ չէ, որ հայերի նկատմամբ ճնշում լինի»,- շեշտել է նա։
Սակայն չի կարծում, թե Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ճնշում է գործադրում, քանի որ իրեն էլ է պետք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»։ Ասում է՝ Մոսկվայի հետաքրքրությունները տարբեր են՝ ռազմական, քաղաքական, տնտեսական և այլն։
«Արդեն 30 տարի է, ինչ Ռուսաստանը մանևրում է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Այո, կա Մոսկվայի հետաքրքրվածությունը, որ բացվի դեպի Նախիջևան ճանապարհը և որ դրա անվտանգությունն ապահովեն ռուսական դաշնային անվտանգության ուժերը։ Բայց կա նաև ՌԴ մեկ այլ հետաքրքրություն, որ իր առաքելությունը մնա Ղարաբաղում ավելի երկար ժամանակով, հատկապես 2025 թ․-ից հետո»։
«Վարդանյանի գործոնը բարդացրեց Բաքու-Ստեփանակերտ բանակցային գործընթացը»
Վերլուծաբանի կարծիքով՝ ԼՂ-ի և Ադրբեջանի միջև բանակցություններ ընթացել և ընթանում են, բայց «գաղտնի ձևաչափով»։ Նրա համոզմամբ՝ գործընթացը բարդացրել է Ռուբեն Վարդանյանի [Արցախի պետնախարար] գործոնը։
«Նա ավելի ուժեղ, հեղինակություն ունեցող ֆիգուր է, իսկ Բաքվում կարծում էին, որ կկարողանան պայմանավորվել տեղի հայերի հետ»։
Թոմաս դը Վաալը, սակայն, չի կարծում, թե Վարդանյանը Կրեմլի նախագիծն է կամ Պուտինի դրածոն։
«Ղարաբաղի հայերի ճակատագիրը հակամարտության արմատն է»
Շեշտել է Թոմաս դը Վաալն ու հավելել, որ «հարցը բռնությամբ լուծելու փորձը կնշանակի նոր հակամարտություն», ինչն, իր հերթին, անաղմուկ տեղի չի ունենա․
«Բաքվում մաքսիմալիստական դիրքորոշում ունեն, կարծում են, թե շատ դրական գործոններ ունեն, միաժամանակ գիտակցում են՝ պետք է զգույշ գործել։ Եթե նոր՝ անգամ փոքր հակամարտություն լինի, ապա այնպիսի հարցեր, ինչպես օրինակ՝ «Նախիջևանի միջանցքը» [նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»] և այլն, ուղղակի կփակվեն»։
Վերլուծաբանի գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բուն բանակցությունները փակուղում չեն։ Ասում է՝ դրանք երբեք փակուղի չեն մտնում, «քանի դեռ կամ համաձայնություն ձեռք չի բերվել, կամ էլ պատերազմ չի սկսվել»։ Կարծում է՝ եթե Ադրբեջանը գնա սրացումների, դրան կհետևի Ռուսաստանի և Արևմուտքի արձագանքը։
«Եվրամիությունն ավելի չեզոք, հեղինակավոր միջնորդ է»
Նրա խոսքով՝ ԵՄ-ն անհամեմատ ավելի մեծ վստահություն է վայելում Բաքվում և Երևանում, բայց ավելի քիչ՝ Ստեփանակերտում։ Շեշտում է՝ որքան շատ ներգրավվի գործընթացում, այնքան լավ, բայց նաև հավելում՝ գլխավոր խաղացողները կողմերն են․
«Կա նաև հույս, որ այս տարի կմեկնարկի Ալիևի ու Փաշինյանի բանակցությունների նոր ռաունդ՝ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Այլ տարբերակ չեմ տեսնում։ Կարծում եմ՝ Երևանում ու Բաքվում կա ըմբռնում, որ խաղաղ ճանապարհով կարելի է շատ բանի հասնել»։
«Պետք է այլընտրանք գտնել․ ի՞նչ է լինելու 2025 թ․-ից հետո»
Թոմաս դը Վաալի դիտարկմամբ՝ Արևմուտքի ռազմական աջակցության տրամադրումը Հայաստանին այնքան էլ իրատեսական չէ։ Ըստ նրա՝ փորձում են տարածաշրջանի գործերին խառնվել ավելի փափուկ ձևով՝ դիտորդներով, տնտեսական ու տեխնիկական աջակցությամբ։
«Անվտանգության գլխավոր գործոնը մնում է Ռուսաստանի առաքելությունը Ղարաբաղում։ Բայց արդեն ժամանակն է քննարկելու՝ ի՞նչ է լինելու Ղարաբաղում 2025 թվականին։ Ի՞նչ առաքելություն է գործելու, ռուսակա՞ն թե՞ միջազգային, գուցե՞ միջազգային դիտորդական ինչ-որ առաքելություն»,- նկատել է նա։
Վերլուծաբանն ասում ՝ պետք է գտնել այլընտրանքը «հայերի էթնիկ զտումների, որը ոչ միայն ինքնին ողբերգություն է, այլև ճանապարհ դեպի նոր բախումներ, նոր հակամարտություն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Թոմաս դը Վաալի հարցազրույցը