Թե ինչպես է ռադիոակտիվ փայտանյութը Բելառուսից շուկա հասնում
Հրապարակման օրիգինալը՝ Euroradio—ի կայքում
«Վե՛րջ, Կոլյա, արդեն հինգ տարվա համար խոսել ես», ― կատակում են անտառահատների բրիգադի տղաները, մինչ մենք զրուցում ենք նրանց պետ Նիկոլայի հետ:
Կոլյան Խիլչանսկի անտառապետության անտառապետի օգնականն է, նա աշխատում է Պոլեսկի պետական ճառագայթային-բնապահպանական արգելոցում արդեն 21 տարի: Նորովլյանսկի չափանիշներով, լավ է դասավերվել. աշխատավարձը՝ վնասակարության համար հավելավճարներով, 510 ռուբլի (222 եվրո) է, մթերաբաժիններով ևս 120 ռուբլի (52 եվրո) է լինում, հագուստ և կոշիկ էլ են տրամադրում: Եթե Նիկոլայի ցանկությամբ լիներ, նա իր կյանքում ոչինչ չէր փոխի և 10 տարուց հանգիստ կենսաթոշակի կանցներ: Ճիշտ է, անտառապահի օգնականը քիչ է հավատում այն բանին, որ ամեն ինչ կմնա, ինչպես կա: Մոտ ապագայում պլանավորվում է արգելոցի տարածքի զգալի մասը կտրել և տնտեսական շրջանառության մեջ ներգրավել: Թե ինչ է դա նշանակելու աշխատակիցների համար, ոչ ոք դեռ չգիտի: Նիկոլայը ոչ մի լավ բան այդ նորությունից չի սպասում. «Եթե մենք այս գոտուց դուրս գանք, զուտ աշխատավարձն առանց հավելավճարների 300 ռուբլի կլինի, ո՞վ այդ գումարով այստեղ ճառագայթման տակ կաշխատի»:
«Ծառահատումներից առաջ տարածքը ստուգում են: Ընտրովի երեք ծառ են վերցնում մեկ հեկտարից և ցեզիումի անալիզ են անցկացնում լաբորատորիայում: Եթե ինչ-որ աղտոտվածություն են գտնում, ամեն ինչ ուտիլիզացնում են: Ինչի թույլտվություն ինձ տալիս են, դա էլ անում եմ: Ես հո կեղտոտ փայտանյութ չե՞մ գողանալու, որ բանտ նստեմ: Դեպքեր են եղել, երբ փայտը հասնում էր սահմանին, այնտեղ այն ստուգում էին և հետ վերադարձնում ողջ խմբաքանակը: Սակայն դա վաղուց էր և արգելոցում չէր: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մի ծառը կարող է ճառագայթում կուտակել, իսկ հարևան ծառը՝ ոչ: Վտանգ միշտ կա, բայց դրա համար էլ այստեղ ամեն ինչ ստուգում են», — ասում է Նիկոլայը՝ անտառապահի օգնականը:
Փայտանյութի բոլոր նմուշները ստուգվում են արգելոցի գիտական բաժնի սպեկտրաչափական և ռադիոքիմիայի լաբորատորիայում:
«Որոշակի սխալ միշտ լինում է: Իմ կարծիքով՝ ես կսահմանափակվեի այս փայտանյութը միայն արգելոցում օգտագործելով, և ոչ մի տեղ այն չէի արտահանի: Հավանականություն, որ աղտոտված փայտանյութը պարզապես անալիզի ընտրանքի մեջ չի հայտնվի, միշտ կա: Մեզ մոտ՝ Բելառուսում, ավելի մաքուր անտառներ էլ կան», — ասում է գիտնական Վյաչեսլավ Զաբրոդսկին:
Նա «Բնական ռեսուրսներ» ամսագրում հոդված է հրապարակել այդ թեմայով: Պարզվել է, որ արգելոցից տնտեսական-էքսպերիմենտալ գոտուց վերցված փայտանյութի 2000 նմուշի 50%-ը, որտեղ անտառահատումներ են իրականացվում, աղտոտված է եղել ցեզիումով:
Բացի այդ, գիտնականի հետազոտության արդյունքում պարզվել է, որ ցեզիումից զուրկ փայտանյութի 40-70%-ը ստրոնցիում է պարունակում, որը գերազանցում է անգամ բավականին մեղմ ռուսական նորմերը: Այդ էլեմենտը բետա-ճառագայթիչ է և մեծ վտանգ է ներկայացնում մարդու համար, այն ցեզիումից ավելի մոբիլ է և ավելի լավ է ներթափանցում բույսերի մեջ:
Զաբրոդսկու հետազոտության արդյունքում, արգելոցի ծառերի մոխրի մոտ 80%-ը ռադիոակտիվ թափոն է, որը պետք է թաղել հատուկ գերեզմանոցներում:
Իր հետազոտությունում նա եզրակացություն է անում, որ Բելառուսում ստրոնցիումի բնապահպանական նորմավորման բացակայությունը նպաստում է աղտոտված շրջաններից ռադիոակտիվ ստրոնցիումի տեղափոխմանը մաքուր շրջաններ և կարող է հանգեցնել բնակչության չվերահսկվող ճառագայթման:
Խոյնիկիում արգելոցի մոտ սեփական սղոցամեքենա կա, ուր ուղարկվում է արգելոցի ողջ փայտանյութը: Տարածքի մուտքի մոտ գեղեցիկ զրուցարաններում ապրանքի նմուշներ են տեղադրված: Գները գրված են, գնել կարող է յուրաքանչյուր ցանկացող:
Արգելոցի էքսպերիմենտալ-տնտեսական գործունեության հատվածի պետ Նիկոլայ Վորոնեցկին հպարտությամբ ցույց է տալիս փայտամշակման հաստոցները, պատուհանի մոտ ապագա աթոռի ոտքերն են, կողքը չորանում է կաղնուց թուջահալը:
Նիկոլայը ոգևորությամբ պատմում է արտադրանքի ընդլայնման և ավելի հզոր հաստոցների գնման պլանների մասին. «Այժմ վերսկսել են մեր արտադրանքի արտահանումը, արդեն փայտանյութ ենք բեռնում, որը Մոլդովա է տարվելու, Գերմանիայի, Լիտվայի հետ պայմանագրեր կան… Մեր լիտվաի գործընկերները՝ «Պրասլասը», ցիլինդրավորված փայտանյութն ուղարկում են աշխարհի տարբեր ծայրեր»:
Ստացվում է, որ արգելոցի փայտը կարող է հասնել Բելառուսի ցանկացած կետ և անգամ դուրս գալ երկրից: Մենք փորձեցինք իրավիճակը պարզել գյուղատնտեսության նախարարության ճյուղային օպերատորից, որը զբաղվում է բելառուսական անտառային ռեսուրսների արտահանմամբ: Մեզ ասացին, որ, օրինակ, Եվրամիությունը չի պահանջում ոչ մի ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, ի տարբերություն Ռուսաստանի, Ուկրաինայի և Չինաստանի: Ինքը՝ գնորդը, կարող է պահանջել ծագման, ճառագայթային և ֆիտոսանիտարական սերտիֆիկատ, սակայն, որպես կանոն, պահանջներ չեն լինում: «Եվրոպայի համար մենք փայտանյութ ենք արտահանում՝ չներկայացնելով ոչ մի սերտիֆիկատ», — նշեցին գերատեսչությունում:
Վերջնականապես պարզելու համար, թե արդյոք ռադիոակտիվ փայտաննյութը կարող է հասնել Եվրոպայի այլ երկրներ, Եվրոռադիոն կապվեց Լիտվայի Ճառագայթային պաշտպանության կենտրոնի հետ: Դրա տնօրեն Ալբինաս Մաստաուսկասը չզարմացավ մեր հարցերից. «Մենք դա շատ լուրջ քննարկել ենք, երբ մեր կաթսայատներից մեկի մոխրում այնքան ցեզիում գտանք, որ այն կարելի էր հավասարեցնել ռադիակտիվ թափոնի: Ստրոնցիումի մասին մենք չենք խոսում»:
Պարզվում է, որ վերջին տարիներին, երբ Լիտվայում փայտանյութը պոպուլյար է դարձել որպես վառելանյութ, այդ ռեսուրսի 10-15%-ը ներմուծվում է Բելառուսից: ամբողջ կազմեր են գալիս, քանի որ դա էժան է: Մաստաուսկասի խոսքով՝ ԵՄ-ում վառելափայտի ցեզիումի նորման 30 Բկ/կգ է (բկ՝ բեկերել, ռադիոակտիվ աղբյուրի ակտիվության չափման միավոր – խմբ.), շինարարական փայտանյութի համար Եվրամիությունում ընդհանրապես նորմեր չկան:
Նրա խոսքով՝ Լիտվայի մաքսատնից ետ են ուղարկվել Բելառուսից բազմաթիվ մեքենաներ: Սակայն, այնուամենայնիվ, երաշխավորել, թե աղտոտված հատվածից փայտը Լիտվա և այլ երկրներ չի հասնի, այսօր հնարավոր չէ:
Հրապարակման օրիգինալը՝ Euroradio—ի կայքում