Բյուրոկրատական բացահայտումներ․ թե ինչպես է կորոնավիրուսը Բելառուսի պաշտոնյաներին ստիպել խոսել
Բելառուսը Եվրոպայի միակ երկիրն է, որը սահմանները չի փակել և մինչև հիմա պաշտոնական մակարդակով կարանտինային սահմանափակումներ չի մտցրել կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ։ Փողոցներում և խանութներում մարդկանց թիվը կրճատվել է, սակայն բժշկական դիմակով է հինգից առավելագույնը մեկը։ Աշխատում է հանրային տրանսպորտը։ Ֆուտբոլային տրիբունաները լի են երկրպագուներով։
Բժիշկներն այստեղ, ինչպես և ողջ աշխարհում, կոչ են անում մարդկանց տանը մնալ։ Սակայն այդ կոչերը չեզոքացվում են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թերահավատ հայտարարություններով, օրինակ․ «Այստեղ ոչ մի վարակ էլ չկա։ Դու չնկատեցիր, չէ՞, որ դրանք թռչում են։ Ես էլ ոչինչ չեմ տեսնում»։
- Կորոնավիրուսն Իրանում․ աշխարհի խոշորագույն բռնկումներից մեկը և իշխանությունների խաբեությունը
- Բելառուսական ֆլեշմոբ․ «Ի՞նչ կասեր քո մահվան մասին նախագահը»
- Կարծիք․ ռուսները յուրայիններին լքեցին
Կորոնավիրուսի պանդեմիան բազմամյա խորը քնից արթնացրել է Բելառուսի առողջապահության նախարարությանը։ Դանդալոշ և մեկնաբանությունների հարցում գծուծ (հատկապես՝ ոչ պետական լրատվամիջոցների համար) գերատեսչությունը տելեգրամ–ալիք է բացել, սկսել է պարբերաբար ճեպազրույցներ կազմակերպել լրագրողների համար և իր մամուլի ասուլիսները հեռարձակել youtube–ով։
Օնկոլոգ Վլադիմիր Կարանիկը, որը կես տարի առաջ նախարար է նշանակվել, անընդհատ հեռուստացույցի և youtube–ի էկրանին է՝ մյուս բժիշկների և պաշտոնյաների հետ միասին հանգստացնելով մարդկանց։
Երկրում վարակի առաջին դեպքի՝ վարակն Ադրբեջանից փետրվարի 28–ին Բելառուս բերելու մասին հաղորդել է ոչ թե ինչ–որ խոշոր անկախ տելեգրամ–ալիք, այլ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Այնուհետև այն սկսել է ջանասիրաբար պարզաբանել, թե ինչ են ձեռնարկում իշխանությունները։
Ավելի ուշ գերատեսչությունը սեփական տելեգրամ–ալիքն էր բացել, որին այս պահի դրությամբ բաժանորդագրվել է ավելի քան 30 հազար մարդ։
Եվ դա այն գերատեսչությունն է, որը նախկինում լրագրողների հարցումներին ամիսներով չէր պատասխանում։
Սակայն շուտով առողջապահության նախարարությունը վերադարձավ շփման ավանդական ռեժիմին։ Ժամանակային առումով դա համընկավ կորոնավիրուսի մասին Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջին արտահայտությունների հետ։ Մարտի 12–ին, շփվելով առողջապահության նախարարի հետ, Լուկաշենկոն սկսեց հանգստացնել բելառուսներին․ պետք չէ իրարանցում ստեղծել բժշկական դիմակների շուրջ, բոլորին կհերիքի․ «խուճապի համար մենք ոչ մի հիմք չունենք»; «մեր բժիշկները բարձունքում են»։
Այդ պահի դրությամբ Բելառուսում կորոնավիրուսի 21–րդ դեպքն էր հաստատվել։
Ճակատագրի հեգնանքով՝ այդ նույն օրը պաշտպանիչ արտահագուստով բուժաշխատողները եկել էին Մինսկի թենիսի երկու կենտրոններ և Բելառուսի պետական համալսարանի ֆակուլտետներից մեկը։ Լրագրողներն այդ մասին իմացել էին արդեն ոչ թե պետական մարմիններից, այլ ոչ պաշտոնական աղբյուրներից։
Իսկ երեկոյան առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը պատմել էր բելառուս գործարարի մասին որը թաքցրել էր, որ Հյուսիսային Իտալիայում է եղել և այնտեղ շփվել ինը տասնյակ մարդկանց հետ։ Պատմել է և հանգստյան օրերին լռություն պահպանել։ Կորոնավիրուսի վերաբերյալ հաջորդ վիճակագրությանը Բելառուսում սպասում էին գրեթե երկու օր։
Շուտով պարզվեց, որ առողջապահության նախարարությունը սկզբունքորեն որոշել է բելառուսներին «ուրախացնել» կորոնավիրուսի տարածման մասին վիճակագրությամբ ոչ թե իրական ժամանակի ռեժիմում և ոչ էլ ամեն օր, այլ երկու օրը մեկ, որովհետև «երկրում արտասովոր ոչինչ տեղի չի ունենում»։ Ռեկորդը եռօրյա սպասումն էր։
Մարտի կեսին Եվրոռադիոյին հայտնի էր դարձել, որ կորոնավիրուս է ախտորոշվել Մինսկի թաղամասերից մեկի մի դպրոցի վեցերորդ դասարանցու մոտ։ Սակայն առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը հրաժարվել էր հաստատել այդ տեղեկությունը՝ հղում անելով «երեխայի անձնական գաղտնիքին» և «բժշկական գաղտնիքին»։
«Ինչո՞ւ են որոշ բելառուս լրագրողներ և բլոգերներ սպասում վարակներից մարդկանց մահվան», – այսպես էր Բելառուսի առողջապահության նախարարությունն արձագանքել «Наша ніва» անկախ պարբերականի այն հաղորդագրությանը, որ Վիտեբսկում կորոնավիրուսից մի կին է մահացել։ Գերատեսչությունը լրատվամիջոցին մեղադրել էր, թե այն խուճապ է ստեղծում, և հայտարարել, որ հենց դա է «խանգարում բժիշկներին աշխատել»։
Այսպիսով՝ «բաց լինելու» հետ կապված փորձարկումը, որը սկսել էին Բելառուսի իշխանություններն, անհաջողության մատնվեց։
«Նման կարճաժամկետ «ձնհալը» բավարար չէ վստահություն վերադարձնելու համար։ Հատկապես, որ պաշտոնական վիճակագրության վերաբերյալ միշտ հարցեր կան։ Թեկուզ գոնե այն պատճառով, որ այն մեծապես տարբերվում է այլ երկրների տվյալներից», – գրում է Եվրոռադիոյի գլխավոր խմբագիր Պավել Սվերդլովը։