Թբիլիսիում հազարավոր ակտիվիստներ արգելափակում են խորհրդարանը և պահանջում կառավարության հրաժարականն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Ավելի քան 20 ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են Թբիլիսիում խորհրդանի շենքի դիմաց տեղի ունեցող մարդաշատ բողոքի ակցիային մասնակցելու մասին:
Նրանց կարգախոսն է. «Բոլորը մինուս մեկ՝ Բիձինան պետք է հեռանա»:
Խոսքը օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի մասին է, որը իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավարն է և որին անվանում են Վրաստանի ստվերային կառավարիչ։
Համախմբված քաղաքական ուժերն առաջ են քաշել միասնական պահանջների ցանկ, որոնցից ամենագլխավորն է՝ ընդունել ընտրությունների համամասնական (կուսակցական) համակարգ և նշանակել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
• Ինչո՞ւ է կարևոր Վրաստանի համամասնական ընտրական համակարգի համար պայքարը
Ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մի քանի այլ քաղաքներում սկսվել են նոյեմբերի 14-ին, երբ խորհրդարանը չընդունեց ընտրական օրենսդրության սահմանադրական բարեփոխումների նախագիծը:
Բացի այդ, 2019թ. հունիսին ցույցերը դադարեցրին մեծ հաշվով հենց այն պատճառով, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին ընդառաջեց ցուցարարների պահանջներին և անձամբ խոստացավ հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և ընդունել համամանական (կուսակցական) ընտրակարգ՝ զրոյական ընտրական շեմով:
Հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսվում են 2020թ.:
Ընտրական բարեփոխումների նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր 150 պատգամավորներից 113-ի ձայնը: Սակայն նոյեմբերի 14-ին տեղի ունեցած քվեարկության ընթացում փոփոխությանը կողմ քվեարկեց միայն 101 պատգամավոր: Հիմնականում քվեարկությունից զերծ մնացին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները:
Նույն օրը ընդդիմությունը և քաղաքացիական ակտիվիսները հայտարարեցին անժամկետ բողոքի ակցիաներ սկսելու մասին, վրանային ճամբար խփեցին Ռութավելի պողոտայում և հրաժարվեցին հեռանալ, մինչև իրենց պահանջները չբավարարեն:
Նոյեմբերի 17-ին միավորված ընդդիմությունը հայտարարեց անհնազանդության նոր ակցիա և կոչ արեց շրջափակել խորհրդարանը:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդները կողպեքներ են կախել Վրաստանի խորհրդարանի դարպասների վրա:
Մի քանի հազար ակտիվիստներ հավաքվել են շենքի դիմաց և դրա շրջակայքում՝ փորձելով խորհրդարանի շենք չթողնել պատգամավորներին այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:
«Այս շենքը մեռած է», — ասել է Թբիլիսիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան՝ դիմելով Վրաստանի ՆԳՆ աշխատակիցներին:
«Մենք չենք հեռանա և կշարունակենք խորհրդարանի շրջափակումը, քանի որ այս մարմինը սպառել է իր գործառույթը: Այս գիշերը ցույց կտա՝ ինչի ենք մենք ընդունակ», — ցույցի ժամանակ հայտարարել է նախկին իշխող «Միասնական ազգային շարժման» առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, որը 2018թ. աշնանը տեղի ունեցած ընտրություններում Վրաստանի գործող նախագահի հիմնական մրցակիցն էր:
Նա կոչ է արել ակցիայի մասնակիցներին օգտագործել «սահմանադրությամբ և օրենսդրությամբ չարգելված ծայրահեղական ամբողջ գործիքակազմը՝ Վրաստանը քաղաքացիներին վերադարձնելու համար»:
«Չփորձեք ամեն ինչում մեղադրել միայն [իշխող կուսակցության առաջնորդ] Բիձինա Իվանիշվիլիին. դուք բոլորդ՝ պատգամավորները և կառավարությունը, իշխող կուսակցության անդամները, պատասխանատվություն եք կրում կատարվածի համար, առնվազն բարոյական պատասխանատվություն», — հայտարարել է Վաշաձեն:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը նոյեմբերի 17-ին հանդես է եկել հատուկ հայտարարությամբ: ՆԳՆ-ն հայտնել է, որ «կապահովի քաղաքացիների խոսքի ազատությունը և անվտանգությունը ցույցերի և հավաքների ժամանակ», բայց զգուշացրել է օրենքին հետևելու անհրաժեշտության մասին:
«Ցանկացած խախտումներ, այդ թվում շենքի վրա գրոհ կամ ոստիկանության աշխատանքների խոչընդոտում, անմիջապես կկանխվի»,- հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն:
«Փիրվելի» հեռուստաալիքի ուղիղ ռեպորտաժը դեպքի վայրից
Ցույցի ժամանակ հանդես եկող ընդդիմության առաջնորդներն ընդգծում են, որ սա խաղաղ ակցիա է, և կոչ են անում ոստիկանությանը թույլ չտալ 2019թ. ամռան իրադարձությունների կրկնությունը:
Հունիսին խորհրդարանի դիմաց ընթանում էին բազմահազարանոց ցույցեր, որոնք ցրելու համար օգտագործվեց գազ և ռետինե փամփուշտներ, բազմաթիվ մարդիկ վիրավորվեցին, մի քանիսը զրկվեցին աչքից:
Ցույցի մասնակիցների բոլոր պահանջները
Նախկին իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն միավորված 20 քաղաքական ուժերի պահանջները ձևակերպել է հետևյալ կետերով.
• «քրեական կառավարության» հրաժարական,
• համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրությունների անցկացում,
• հունիսի 20-21-ը «Գավրիլովի գիշերից» հետո ձերբակալված քաղբանտարկյալների ազատ արձակում,
• կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման նոր կանոններ
• բժիշկ Վաժա Գապրինդաշվիլիի ազատ արձակում Ցխինվալի բանտից:
• Ինչպես թբիլիսցի բժիշկը գնաց հիվանդին փրկելու հակամարտության գոտի և դարձավ բանտարկյալ