Թբիլիսիում ընդդիմությունը մասշտաբային ակցիա է անցկացնում։ Ցուցարարները շրջափակում են խորհրդարանի շենքը։ Ֆոտոռեպորտաժ
Թբիլիսիում շարունակվում են ցույցերը, որոնք սկսվել են նոյեմբերի 14-ին այն բանից հետո, երբ իշխող կուսակցությունը տապալեց ընտրական համակարգի բարեփոխումը Վրաստանի խորհրդարանում։
Նոյեմբերի 25-ին ժամը 19:00-ին մի քանի հազար մարդ էր հավաքվել խորհրդարանի մոտ և պահանջում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք պետք է անցկացվեն նոր, ամբողջությամբ համամասնական ընտրական համակարգով։
Ցուցարարների գլխավոր կարգախոսն է «Միասին՝ ընդդեմ մեկի»։ «Մեկը» Բիձինա Իվանիշվիլին է՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդն ու երկրի ոչ ֆորմալ ղեկավարը։
Ցուցարարներն արգելափակել են խորհրդարանի շենքն՝ այն կենդանի շղթայով շրջափակելով։
Խորհրդարանի տապալած բարեփոխումների համաձայն՝ երկիրը պետք է անցներ խորհրդարանական ընտրությունների ամբողջությամբ համամասնական համակարգի և հրաժարվեր մեծամասնական համակարգից։ Դա էր ցուցարարների գլխավոր պահանջը 2019 թ-ի ամռանն անցկացվող ցույցերի առաջին ալիքի ժամանակ։ Այն ժամանակ իրավիճակը լիցքաթափելու համար «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին անձամբ էր խոստացել ցուցարարներին, որ մեծամասնական համակարգը, որը մեծ առավելություն է տալիս իշխող կուսակցությանն ընտրությունների ժամանակ, չեղարկվելու է։ Սակայն խոստումը խախտվել էր, և խորհրդարանում քվեարկության ժամանակ Իվանշվիլիին հավատարիմ պատգամավորները տապալել էին բարեփոխումը։
Քաղաքացիական ակտիվիստները մեղադրեցին Իվանիշվիլիին ստի և ընտրությունները գողանալու համար և փողոց դուրս եկան։ Նրանց գլխավոր պահանջը համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակումն էր։ Նրանց է միացել ողջ վրացական ընդդիմությունը, որը միավորվել է այդ պահանջի շուրջ։ Ցուցարարները երեք օր շարունակ շրջափակել էին խորհրդարանը, մինչև որ հատուկջոկատայինները չցրեցին նրանց՝ ջրցաններ և մահակներ կիրառելով։
Սակայն մինչև հիմա հուզումները Թբիլիսիում և վրացական մյուս քաղաքներում չեն դադարում։ Մի քանի օր տևած ակցիան ցրելուց հետո ընդդիմադիրները «պարտիզանական» մարտավարություն որդեգրեցին․ նրանք կողպեքներով հսկայական շղթաներ էին կախում պետական հաստատությունների շենքերի դարպասներին, սուլում նախարարների և պատգամավորների հասցեին, որոնք աշխատանքի էին գալիս։
Ցուցարարների գլխավոր պահանջն ուժի մեջ է մնում․ արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ ամբողջապես համամասնական համակարգով։
Այս տեսանյութը հակիրճ պատմում է նոյեմբերյան ցույցերի պատմությունը․
Նոյեմբերի 25-ի հանրահավաքը նախապես էր հայտարարվել։ Արդեն նոյեմբերի 26-ի առավոտյան ընդդիմությունն ու քաղակտիվիստները պատրաստվում են փակել Վրաստանի խորհրդարանի շենքի բոլոր մուտքերն ու արգելափակել դրա աշխատանքը։
«Եվ այսպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջը չի կատարվել։ Իշխող կուսակցությունը հանգիստ կյանք չի ունենալու, սա արդեն նրանց վերջն է», — ասում է քաղաքացիական շարժման առաջնորդներից մեկը՝ Շոթա Դիգմելաշվիլին։
Երեկոյան յոթին ընդդիմադիր կուսակցություններն ու նրանց համախոհները երթով քայլեցին ողջ կենտրոնով և սկսեցին մոտենալ խորհրդարանին։
«Բիձինա՛, հեռացի՜ր»
«Բիձինա՛, հեռացի՜ր»
«Բիձինա՛, ամո՛թ է»
«Բիձինա, գցող», — գրված էր պաստառների վրա։
Բարձրախոսի մոտ միմյանց փոխարինում էին ամենատարբեր քաղաքական հայացքների ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Սա վերջին մի քանի տարում առաջին անգամ է, երբ գրեթե ողջ ընդդիմությունը կարողացել է միավորվել։
Առաջնորդներն ընդգծում են, որ ցույցը բացառապես խաղաղ է։ Պլանի համաձայն, ցուցարարների մի մասը գիշերելու է խորհրդարանի մոտ։
«Լավ կլինի, որ Իվանիշվիլին ուշքի գա։ Նա վիրավորել է Վրաստանի ողջ հանրությանը, և պատասխանը նրա համար շատ դրամատիկ է լինելու։ Մենք արդար ընտրություններ ենք ուզում, սակայն նա այլ ելք չի թողել, քան գործընթացների ծայրահեղացումը», — հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդներից մեկը՝ Գիգա Բոկերիան։
«Սա երկար գործընթաց է լինելու, մենք շրջափակելու ենք խորհրդարանը, ակցիաներ ենք անցկացնելու Վրաստանի բոլոր քաղաքներում, մեզ ցրելու են, սակայն մենք նորից ենք հավաքվելու, քանի դեռ մեր պահաջը չի կատարվել», — ասում է «Ազգային-ժողովրդավարական կուսակցության» առաջնորդ Բաչուկի Կարդավան։
Խորհրդարանին հարող տարածքում մոբիլիզացվել են ոստիկանության աշխատակիցներն, ու շտապօգնության մեքենաներ են կանգնած։
«Վրացական երազանքի» պատասխանը․ թեման փակ է
Նոյեբերի 25-ի առաջին կեսին իշխող կուսակցության գրասենյակում անցկացվել է խորհրդարանական մեծամասնության խորհրդակցություն։ Սպասվում էր, որ հանրահավաքից առաջ իշխանությունները, հնարավոր է, ցուցարարներին փոխզիջումային առաջարկներ անեն քննարկելու համար։ Սակայն հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ իշխող կուսակցությունը չի պատրաստվում զիջումների գնալ։
«Վրացական երազանք» իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն նիստի ավարտից հետո հայտարարեց, որ իշխող թիմը չի կարող դիտարկել 2020 թ-ի խորհդարանական ընտրությունների համար ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ ոչ մի նոր նախաձեռնություն, քանի որ, «հաշվի առնելով խորհրդարանական մեծամասնության տրամադրություններն, այսօրվա դրությամբ 113 ձայնի մոբիլիզացիայի ռեսուրս չկա որևէ նոր սահմանադրական փոփոխությունների շուրջ»։
«Թեման փակ է», — հայտարարել է Կալաձեն։
Նա վճռականորեն հերքել է նաև խորհրդարանական ընտրություններն այսպես կոչված «գերմանական մոդելով» անցկացնելու հնարավորությունը․ դա ընդդիմության և քաղակտիվիստների առաջարկած ընտրական համակարգի փոխզիջումային տարբերակն է։
Այդ մոդելի համաձայն՝ 2020թ-ի խորհրդարանական ընտրությունները կրկին անցկացվելու են խառը համակարգով (73 մեծամասնական պատգամավոր և 77 պատգամավոր՝ ըստ կուսակցական ցուցակների)։ Սակայն, ի տարբերություն գործող մոդելի, չեղարկվելու է հավաքական սկզբունքը, երբ գումարվում են կուսակցության արդյունքներն՝ ըստ մեծամասնական և համամասնական համակարգերի։ Դրա փոխարեն կուսակցությունը խորհրդարանում ստանում է այնքան տեղ, որը համապատասխանում է համամասնական ընտրակարգով նրան ցուցաբերած աջակցությանը։
Այս նախաձեռնությունը սահմանադրական բարեփոխումներ չի պահանջում և, հետևաբար, դրա ընդունման համար խորհրդարանական մեծամասնություն անհրաժեշտ չէ (113 պատգամավորի քվե)։ Փոփոխության ընդունման համար բավական է 76 պատգամավորի քվե։